ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ՝ ԳԱՐՈՒՆ…
Միջանցքի հյուսիսն արդեն անվտանգ էր, բայց հարավում դեռեւս թեժ մարտեր էին: Թշնամին, իհարկե, չէր հաշտվում Լաչինի, հիմա էլ նաեւ Քելբաջարի (Քարվաճառի) կորստի հետ: Այդ օրերին սարերի լանջին փռված Լաչինը մեռած էր…
Նայում ենք մեռած քաղաքին, այն քաղաքին, որ 70 տարի ամուր փակել էր Արցախի դռները:
Շարժվում ենք հյուսիս՝ դեպի Ղոչազ, որի ստորոտին է նույնանուն հայոց պատմական գյուղը: Այստեղ օրեր առաջ թշնամին էր ամրացած եւ սպառնում էր Արցախ-Հայաստան ճանապարհը վերստին գոցել: Այդ օրերին Ղոչազի դիմաց՝ Մոլալար կոչվող գյուղում, մենք էինք՝ Մասիսի զորամասի զինվորները՝ Գնել Մանուկյանի (Գագո) հրամանատարությամբ, իսկ ավելի վերեւում ոստիկանության տղաներն էին:
Լույսը նոր-նոր էր բացվում: Տղաները, ցրտից, քամուց ու արեւից սևացած, ճաքճքած դեմքերով, հսկում էին դիրքերում: Թշնամին սկսեց գնդակոծել մեզ:
-Ըհը՛, կարդաշները «բարի լույս» են մաղթում, -ծիծաղում է ճակատային հրամանատար Անդրանիկ Բարությանը (քաջորդին հետագայում զոհվեց),- պետք է «բարեւն առնենք»:
«Զրույցը» կարճ տեւեց: Թշնամին զգաց, որ այստեղ աչալուրջ ենք:
Քարքարոտ, ոլոր-մոլոր ու անբարեկարգ է ճանապարհը, որի եզրին հակատանկային ականներ են շարված. մեր զինվորներն են ականապատել: Ադրբեջանցիներն այդ ճանապարհները երբեք չեն բարեկարգել, երեւի այն պատճառով, որ այստեղ հիմնականում թուրքացած քրդեր էին բնակություն հաստատել: Ճանապարհի երկու կողմում վառված զրահատեխնիկա Է, վթարված զինվորական մեքենաներ:
-Ղոչազը մեզ վեց ամիս գամեց այստեղ: Շատ ուժեր էր թշնամին կենտրոնացրել: Միշտ գնդակոծում ու հրետակոծում էին մեր դիրքերը: Քանի-քանիսը վիրավորվեցին, քանիսը նահատակվեցին…,- պատմում է դասակի հրամանատար Հրանտը:
Այժմ ազատագրված է խեղճ ու տառապած Ղոչազը: Թշնամին խուճապահար փախել է՝ առանց մի գնդակ անգամ արձակելու: Գյուղի մեջ երեւում է հայոց եկեղեցին:
Գյուղն ազատագրելիս գտել էին 7 հայերի խոշտանգված դիակները: Չորսին ադրբեջանցիները խաչել էին, իսկ երեքին ողջ-ողջ թաղել՝ գլուխները դուրս թողնելով…
Հաջորդը Ս ո ն ա ս ա ր գյուղն էր:
Պաշտպանունակ ամուր դիրքեր ունի գյուղը, սակայն հակառակորդը հայոց հուժկու թափից տեղի տվեց, և դիրքերի հաջող դասավորությունն էլ չօգնեց: Գյուղ մտնելիս՝ ոլորանի վրա, մեր «Ուրալ» ամենագնացը թաղվեց ցեխի մեջ: Օգնության եկած զրահամեքենան էլ չկարողացավ դուրս քաշել մեզ ցեխից եւ գլորվեց անդունդը, բարեբախտաբար, վարորդը հասցրեց դուրս թռչել:
Հետախուզության տվյալներով՝ դիմացի մի քանի գյուղերն էլ էին արդեն դատարկվել: Բայց պետք է ստուգել, ականազերծել ճանապարհները, տնամերձները: Աոավոտյան շարժվեցինք դեպի Միշնի (այժմ՝ Մշենի): Առջևից հետախույզներն են՝ Վարդանի գլխավորությամբ: Մտնում ենք գյուղ, սպասում ազդանշանի: Մի քանի տների ծխնելույզներից ծուխ է բարձրանում, որը կասկած է առաջացնում: Բայց ահա եւ հետախույզների ազդանշանը՝ վտանգ չկա:
Գյուղի ծայրին վառելանյութի մի քանի մեծ բաքեր կային, որոնց ծորակները բաց էին, ու դյուրավառ հեղուկը հոսում էր, ինչը նշանակում էր, որ թշնամին նոր է հեռացել այստեղից: Գյուղը թալանված է, քարուքանդ, շատ տներ հրո ճարակ են դարձել: Մեկ տասնյակից ավելի զինվորական մեքենաներ են կանգնած՝ թուրքական կիսալուսնով:
Գտնում ենք թշնամու զինապահեստները: Այս անգամ էլ թշնամին մեզ համար մեծ քանակությամբ զինամթերք է «նվեր թողել»: Չեն հասցրել ոչնչացնել. սեփական կաշին ավելի թանկ է: Բացի զինամթերքից, այստեղ նաեւ մի քանի արկղեր կային, որոնք, ինչպես երեւում էր հասցեներից, Բաքվի դպրոցներից էին ուղարկվել իրենց վայ-զինվորներին: Հիմնականում ծխախոտ էր եւ երգիծական հանդեսներ, որոնցում ծաղրանկարներ էին, իբր, հայ զինվորները կուզեկուզ փախչում են, իսկ իրենց զինվորները սվիններով հետապնդում: Բայց հակառակը եղավ, եւ մենք էինք ծիծաղում: Գյուղի փողոցներում նաև մեծ քանակությամբ տանկի և այլ արկեր կային:
Պարզապես ապշում ես. որտեղից է թշնամին այդքան զենք ու զինամթերք ստանում:
Զորանոցներում վառարանները դեռ տաք էին: Սեղանները «զարդարված» էին թեյի կիսատ բաժակներով:
Հաջորդ գյուղում՝ Ալխասլիում (պատմական Արվական) դարձյալ նույն պատկերն է: Ավելին, այստեղ թշնամին արդեն թողել էր իր ազգային դրոշը, որը փռվեց մեր ոտքերի տակ: Ազատագրված գյուղերում 1992 թ. մայիսից ոչ մի խաղաղ բնակիչ չի ապրել: Դա երեւում է թեկուզեւ նրանից, որ հավաքված չի անցած տարվա կարտոֆիլը: Բացի մի քանի տներից, որոնք ծառայել են որպես զորանոցներ, մնացածները քարուքանդ են, թալանված, իսկ բակերում թափված են աղբ ու այլ անպետքություններ: Թշնամու բանակը, հեռանալով մեր պատմական տարածքներից, որոնք բռնակցվել էին Ադրբեջան կոչվող հանրապետությանը, թալանել է այստեղ ժամանակավոր բնակություն հաստատած ու արդեն մեկ տարի առաջ հեռացած իր հայրենակիցների տները:
Հետո իմանում ենք, որ հակառակորդը փախել է նաեւ Քարվաճառից: Վերադառնում ենք. շուրջբոլորը պատերազմի շունչն է, սակայն նաեւ գարուն է. մեղուն ծաղկից նեկտար է հավաքում, լսվում է թռչունների ուրախ դայլայլը: Իսկ մեր գլխավերեւում՝ ամպերի մեջ, ճախրում էր բազեն՝ կարծես ողջունելով հայրենի երկիրն ազատագրած ազատամարտիկներին:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Պատմության էջերից