ՎԵՐԱԴԱՐՁ
Նիգերիացի ընկերս, որը ճանաչված պոետ է իր երկրում, իմ ֆեյսբուքյան էջին տեսահոլովակ էր տեղադրել՝ անգլերեն մակագրությամբ. «Ո՞վ է այս երգիչը… ինչի՞ մասին է այս երգը… Որքա՜ն հուզիչ է այն, որքան խոր ապրումներ է պարփակում։ Եվ որքա՜ն ներդաշնակ է երգչի փոքր-ինչ խռպոտ, թրթռուն տեմբրը այս հոգի թափանցող մեղեդուն։ Շնորհակալություն, Գարո Տաղտեվիրենյան։ Շնորհակալություն, Հայաստան»։
Ես պատասխանեցի նիգերիացի ընկերոջս. «Երգը կոչվում է «Հայի աչեր»։ Այն հայի աչքերում անթեղված տառապանքի ու հույսի, սիրո ու կարոտի, հավատի ու կենսունակության մասին է։ Երգչին չեմ ճանաչում։ Նա հայ է, բայց հայաստանցի չէ։ Հավանաբար Եղեռնից հրաշքով փրկված մեր հազարավոր աշխարհասփյուռ հայրենակիցներից մեկի զավակն է։ Խոստանում եմ գտնել երգչին ու հաղորդել քո ջերմ խոսքերը և մանրամասներ իմանալ նրա կենսագրությունից։ Շնորհակալություն քեզ, Փրինս, որ քո նրբակերտ հոգին այդքան խորապես զգում է մեր հայկական հույզերը։ Շնորհակալություն մեր երգն ու երկիրը սիրելու համար»։
Գարո Տաղտեվիրենյանին երկար փնտրելու կարիք չեղավ։ Ես նախ «youtube»-ում գտա նրա տեսահոլովակները, ապա՝ երգչին։ Պարզվեց՝ Գարո Տաղտեվիրենյանը Հայաստանում է։
-Ձեր Տաղտեվիրենյան ազգանունը շատ եզակի է, առաջին անգամ եմ լսում։ Որտեղի՞ց է ծագել այն, ի՞նչ է նշանակում։
-Նշանակում է լեռ փլող, թուրքերեն է։ Այս պատմությունը հորիցս եմ լսել։ Մեծ հայրս հսկա մարմնով երիտասարդ է եղել։ Շատ ընկերներ է ունեցել, սիրել է կերուխում, զվարճանք։ Այնթապում, որտեղ ապրել են ապուպապերս, գետին կպած մի ժայռ է եղել։ Ու ջահել տղաները միշտ ցանկացել են շարժել այն ու նետել ձորը։ Մրցել են միմյանց հետ, փորձել են իրենց ուժը, բայց ժայռը տեղից չի շարժվել, որովհետև ամուր մխրճված է եղել հողի մեջ։ Մի օր էլ մեծ հայրս է որոշել իր ուժը չափել ժայռի հետ։ Պառկել է գետնին, մեջքը հենել հողին և ոտքերով հրել է ժայռն ու նետել ձորը։ Հայրս ասում էր. «Հողից ուժ է առել։ Մեջքը հողին չտար, ուժը չէր պատի»։… Այդ օրվանից ընկերները մեծ հորս կնքել են Տաղտեվիր (ժայռ փլող) մականունով։
-Ձեր հայրը տեսե՞լ է Այնթապը։
-Հայրս Այնթապում է ծնվել… «Վեց-յոթ տարեկան էի, երբ հորս տարան թուրքական բանակ։ Մայրս մահացավ գաղթի ճանապարհին։ Քույրերս ու եղբայրներս կորան… Ես մնացի մենակ»,- պատմում էր հայրս։
…Մի արաբ գյուղացի խղճում է սարերում թափառող որբ ու անտեր փոքրիկին ու տանում է իր տուն, հովիվ է կարգում։ Որոշ ժամանակ անց Հարություն Բեդիրյան անունով հալեպցին այդ գյուղով անցնելիս տեսնում է ոչխարների հոտը արածացնող մանչուկին։ Խոսում է հետը։ Ու երբ պարզում է, որ երեխան հայ է, գաղտնի փախցնում է նրան ու տանում իր տուն։ Հայրս ասում էր. «Հարությունն ինձ իր երեխաներից չի տարբերել, նրանց հավասար սիրել ու խնամել է, մեծացրել-ամուսնացրել, դարձել է իմ կնքահայրը»։ Մենք մինչ օրս պահում ենք կնքահայրության ավանդույթը Տաղտեվիրենյանների և Հարություն Բեդիրյանի ժառանգների միջև, մտերիմ ենք իրար, հարազատ ենք։
Սարգիս մեծ հորս բազմանդամ ընտանիքից փրկված միակ ժառանգը՝ Տրդատ հայրս, Երանուհի մորս հետ չորս երեխա ունեցան։ Ես ամենակրտսերն եմ։
-Դուք շատ գեղեցիկ արևմտահայերեն եք խոսում։ Այնքան ախորժելի է լսելը։ Որտե՞ղ եք սովորել այն։ Ի՞նչ միջավայրում եք մեծացել…
-Տանը ծնողներս, բնականաբար, հայերեն էին խոսում։ Հալեպահայ համայնքն իմ մանկության տարիներին ամուր կառչած էր իր հայկական արմատներին և ամեն ինչ անում էր, որ օտար երկրում ծնված հայ սերունդը ազգային կրթություն ու դաստիարակություն ստանա։ Մեր հայկական դպրոցները շեշտված ազգային նկարագիր ունեին, դրանք հայապահպանության օջախներ էին։
-Այսօր մենք ազգային դպրոց ստեղծելու խնդիր ունենք սեփական հայրենիքը, մեր ազգային մշակույթը, ավանդույթները, հոգեկերտվածքը օտար ազդեցություններից ու ձևախեղումներից պաշտպանելու պարտավորություն…
-Պարզապես պիտի հավատաս ու հավատացնես բարձրացող սերնդին, որ քո ազգայինը (մշակույթը, սովորույթները, կենցաղը, միտքը, քո տեսակը) ավելի բարձր է, ավելի առաջադեմ։ Այդ դեպքում երբեք տուրք չես տա օտար բարքերին ու չես ընդօրինակի։ Մենք մեր մշակույթը շատ բարձր էինք դասում, օտար երկրում հպարտանում էինք մեր հայկական արմատներով, մեր պատմությամբ, մշակույթով։ Ե՛վ տանը, և՛ դպրոցում մենք կրթվում էինք ազգային արժեքներով ու գաղափարներով։
-Պատահական չէ, որ Ձեր երգացանկում բազմաթիվ հայկական երգեր կան, ու դրանք հնչել են աշխարհի տարբեր երկրներում։
-Ես մանկուց եմ երգել։ Վստահ էի, որ շատ լավ եմ երգում, բայց ինձ ուշադրություն դարձնող չկար։ Դպրոցական հանդեսների ժամանակ ուսուցիչներս մշտապես երգելու հանձնարարություն էին տալիս իմ երկու դասընկերներին, որոնք, իմ կարծիքով, լավ չէին երգում։ Բայց մի օր բախտը ինձ էլ ժպտաց։ Երբեք չեմ մոռանում իմ առաջին ելույթը դպրոցական բեմում։ Առաջին ծափերը, խրախուսական խոսքերը։ Հետո ես երաժշտության մասնավոր դասեր առա ու սկսեցի համագործակցել տարբեր երաժշտական խմբերի հետ, համերգներ ունենալ։ Այո՛, ես երգել եմ տարբեր լեզուներով, բայց իմ երգացանկում հայկական երգերը իրենց պատվավոր տեղն են ունեցել, և ես հպարտությամբ եմ կատարել դրանք։ Որովհետև մեր ազգային երգը շատ նուրբ է, բարձրաճաշակ, հոգեպարար, ընկալելի։ Օտարերկրացի ունկնդիրը միշտ էլ զմայլվել է մեր ազգային երգարվեստով, բարձր է գնահատել այն։
-Ձեր ինքնակենսագրության մեջ գրված էր, որ 1966թ. պետական հրավերով համերգներ եք ունեցել Հայաստանում։
-Հինգ շաբաթ մնացի հայրենիքում։ Ու այսօր, երբ պատկառելի տարիք ունեմ, պիտի ասեմ, որ Հայաստանում անցկացրած հինգ շաբաթը կյանքիս լավագույն օրերն էին։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2 համերգ պիտի ունենայինք և պիտի հայրենիքում մնայինք 2 շաբաթ։ Բայց մնացինք 5 շաբաթ և ունեցանք 10 համերգ, որովհետև հանդիսատեսը մեզ բացառիկ ընդունելության արժանացրեց։
…Երբ առաջին անգամ տեսա Երևանը, անպատմելի հուզում ապրեցի։ Անըմբռնելի է հողի ու արյան կապը։ Ամեն ինչ այնքան հարազատ էր, այնքան իմն էր… օդը, փողոցները, մարդիկ, շենքերը… Ես հիացած էի իմ հայրենիքով։
-Որովհետև ձե՞րն էր…
-Ոչ միայն։ Երևանն, իրոք, շատ գեղեցիկ էր։ Լուսավոր, մաքուր, գույնզգույն, ուրախ… Երազանքի քաղաք էր։ Երևանյան ունկնդիրը՝ բարձրաճաշակ, նրբազգաց, արվեստասեր, ամբողջանում էր պատկերը։
-Իսկ հիմա՞… Ինչպիսի՞ն գտաք Երևանը երկար տարիների ընդմիջումից հետո։
-Երևանն ավելի է գեղեցկացել։ Երևանը տաք քաղաք է, կանչող, խնամված, հյուրընկալ…
Բայց կա մի բան, որ ինձ ցավ է պատճառում… արտագաղթը։ Ես սփյուռքահայ եմ, այնթապցի հայ, որ ապրել է տարբեր երկրներում, դեգերել է աշխարհով մեկ։ Օրվա հաց վաստակելու համար երգելու հետ միասին ոսկերչությամբ եմ զբաղվել։ Ծանոթ եմ տարբեր երկրների հայ գաղթօջախներին։ Արցունքոտվելու չափ տխուր են հայ մնալու նրանց գերմարդկային ճիգերը, նոր սերնդին հայրենիքին կապելու անդուլ ջանքերը։ Օտար երկիրն իր վարք ու բարքով, մշակույթով, մտածելակերպով իրենն է պարտադրում, կուլ է տալիս քեզ։
-Բայց Ձեզ, անձամբ Ձեզ, կուլ չի տվել… Ուրեմն՝ հույս կա…
-Մերն ուրիշ էր։ Մենք՝ Եղեռն վերապրած, իրենց ծննդավայրի կարոտով ապրող մարդկանց զավակներս, չէինք կարող չժառանգել նրանց ցավն ու սերը կորուսյալ հայրենիքի հանդեպ։ Մեր Տունը Հայաստանն էր ու Հայաստանն էր։ Ուր էլ գնայինք, որտեղ էլ բախտ որոնեինք, մեր հայացքն ուղղված էր Հայաստանին, մեր վերջին հույսը Հայաստանն էր… մեր բույնը, մեր հենման կետը… Ու գիտեինք, որ մի օր կարող ենք վերադառնալ «անառակ որդու պես», և Մայր-հայրենիքը մեզ իր գիրկը կառնի, կջերմացնի…
…Ես չեմ կարող Այնթապի մասին այնպիսի հուզումով ու ներշնչանքով պատմել իմ աղջկան, որքան իմ հայրն էր ինձ պատմում։ Որովհետև ես չեմ տեսել Այնթապը։ Որովհետև իմ ծննդավայրը Հալեպն է։ Սերնդեսերունդ արմատի հետ կապը թուլանում է։ Որքան էլ ես ու կինս տանը միայն հայերեն էինք խոսում աղջկաս հետ, նա հակվում էր դեպի անգլերենը, դժվարությամբ էր մտաբերում հայերեն բառերը։ Ես չէի պատասխանում աղջկաս անգլերեն հարցերին, ստիպում էի, որ միտքը հայերեն ձևակերպի։ Աղջիկս կստիպի՞ իր զավակներին… Իսկ հաջո՞րդ սերունդը…
Նույն ճակատագիրն է սպասվում այսօր Հայաստանից արտագաղթող հայերի՝ արտերկրում ծնված զավակներին։ Մեր արյունը հոսում է դուրս… Երկիրն արնաքամ անելով…
-Երկա՞ր եք մնալու հայրենիքում։
-Անկեղծ ասած, եկել ենք մշտական բնակվելու։ Ես ու կինս հայրենիքում հաստատվելու մեծ երազանք ունենք։ Միակ զավակիս՝ աղջկաս ամուսինը Ավստրալիայում է աշխատում։ Բնականաբար, ընտանիքը պիտի կողքին լինի։ Մեզնից հեռու։ Չգիտեմ՝ կդիմանա՞նք կարոտին։ Սա դաժան ճակատագիր է, որ վիճակված է օտար ափերում ծնված հային։ Տունդարձի ճանապարհը փակող հազար ու մի խոչընդոտ կա։ Մենք հիմա վերադարձել ենք, վերջապես վերադարձել ենք ֆիզիկապես։ Բայց մեր հոգևոր վերադարձը տևել է տարիներ, տասնամյակներ… ամեն օր, ամեն ժամ… Ու այս վերադարձը շարունակվելու է հարյուրամյակներ, հազարամյակներ, քանի դեռ հայի վերջին տարագիր զավակը արմատ չի ձգել իր բնօրրանում…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #16 (983) 25.04.2013 – 1.05.2013, Բանակ և հասարակություն