ԱՌԱՋՆՈՐԴԸ ԵՎ ՖՅՈՒՐԵՐԸ
XX դարի փոթորկուն պատմության մեջ ուրույն տեղ են գրավում երկու խոշորագույն քաղաքական դեմքեր` Ստալինը եւ Հիտլերը: Նրանց գործունեությունն ահռելի ազդեցություն է թողել եվրոպական եւ համաշխարհային պատմական գործընթացների վրա: Նրանց անվան հետ են կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքն ու արդյունքները: Նրանք այն ժամանակվա ողբերգական իրադարձությունների գլխավոր դերակատարներն էին:
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
Այս երկու բռնապետների ֆենոմենը հետաքրքրել է բազմաթիվ հետազոտողների: Միլիոնավոր մարդիկ հավատում էին եւ պատրաստ էին կուրորեն հետեւել նրանց: Նրանք երկուսն էլ անսահմանափակ իշխանության էին հասել: Այն նպատակները, որ նրանցից յուրաքանչյուրը դրել էր իր առջեւ, գաղափարախոսական եւ քաղաքական տեսակետից տրամագծորեն հակադիր էին միմյանց: Մինչդեռ առաջնորդի եւ ֆյուրերի համեմատական բնութագիրը շատ ընդհանրություններ է բացահայտում նրանց բռնապետության մեխանիզմում, նրանց ստեղծած պետական համակարգերի բնույթի հարցում:Թե՛ Հիտլերի եւ թե՛ Ստալինի համար բռնապետության հաստատման ճանապարհն անցնում էր ամբոխահաճ կարգախոսների, մարդկային հսկայական զանգվածների գիտակցության մանիպուլյացիայի միջով: Նրանք համոզված էին, որ իրենք կոչված են համաշխարհային-պատմական առաքելության, ուստի եւ ազատված են մարդկային վարքագծի կանոնները պահպանելու անհրաժեշտությունից, ինչը պարտադիր է մյուսների համար: Հենց սա էր ընկած նրանց ընդհանրության հիմքում:
Երկուսն էլ իրենց հաշիվ էին տալիս, որ չեն կարող հասնել իրենց նպատակին` առանց հսկայական նյութական եւ մարդկային կորուստների: Սակայն գինը նրանց համար էական չէր. նպատակն արդարացնում էր միջոցները: Պատմությունն ինքը, մտածում էին նրանք, կարդարացնի իրենց արարքները եւ ներում կշնորհի` որպես հաղթողների:
Այս երկու մարդիկ էլ իրենց ուղին սկսել են ամենացածից: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը ժառանգական որեւէ առավելություն չուներ: Նպատակին հասնելու կամքն ու վճռականությունը նրանց մեջ զուգորդվում էին գործնականում դրսեւորվող ճկունությամբ: Նրանք օժտված էին հարված հասցնելու ճիշտ ժամանակն ու տեղն ընտրելու բնազդով, հակառակորդի թուլությունները հօգուտ իրենց ծառայեցնելու բնազդական ունակությամբ: Նրանք աչքի էին ընկնում բացառիկ նպատակասլացությամբ եւ կամքի ուժով:
Ավտորիտար իշխանություն ձեւավորելու եւ այն պահպանելու համար առաջնորդը եւ ֆյուրերը հատուկ քաղաքական գործիքի` կուսակցական ապարատի կարիք ունեին: Սակայն իրենց ծրագրերն իրագործելու համար կուսակցությունը բավարար չէր, հարկավոր էր առավել սուր գործիք: Առաջինն ուներ ՆԳԺԿ, երկրորդը` CC: Սեփական ժողովրդի նկատմամբ բռնությունները նրանց չէին հուզում, կարեւորն իրենց իշխանության ամրապնդումն էր:
Տարբերություններով հանդերձ, կոմունիստական եւ նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունների միջեւ հստակ երեւում են զուգահեռները. առաջինում «դասակարգեր» են, երկրորդում` «ռասաներ», առաջինում` «բուրժուազիա», երկրորդում` «հրեաներ»:1939 թ. երկուսն էլ` Ստալինը եւ Հիտլերը, այնպիսի դիրք էին ստեղծել իրենց համար, որ նրանց ոչ մի որոշում առարկության չէր հանդիպում: Դրանով իսկ բացառվում էր մրցակիցների կամ որեւէ ընդդիմության առկայությունը: Երկու վարչակարգերն էլ տանել չէին կարողանում ցանկացած քաղաքական այլակարծություն:
Գերմանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ չհարձակվելու համաձայնագրի կնքումը պարզորոշ ցույց տվեց երկու վարչակարգերի ինքնակալական բնույթը: Նման քաղաքական շրջադարձ, երբ Հիտլերը դադարեցնում էր իր հակաբոլշեւիկյան արշավը, իսկ Ստալինը հրաժարվում էր ֆաշիզմի դեմ պայքարից, կարող էին իրականացնել միայն այնպիսի ղեկավարներ, որոնք պարտավոր չէին հաշվետու լինել ոչ մեկի առջեւ:
ԴԻԼԵՏԱՆՏ-ԶՈՐԱՎԱՐՆԵՐ
Երկու առաջնորդներն էլ ռազմական գործում դիլետանտներ էին: Նրանցից ոչ մեկը հատուկ կրթություն չէր ստացել: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հիտլերը բանակում եֆրեյտորի կոչում ուներ: Ստալինը քաղաքացիական պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաքաղաքական պաշտոններ:
Ֆրից Վիդեմանը, որ երկար տարիներ եղել էր Հիտլերի անձնական համհարզը, իր հուշերում գրում է, թե ֆյուրերն իրեն համարում էր «ճակատագրի գործիք», Աստծու ստեղծագործություն, որը կոչված է ամրապնդելու «Երրորդ ռայխի» հզորությունը: Գեներալիտետի հետ խորհրդակցությունների ընթացքում նա չէր հանդուրժում որեւէ հակաճառություն, խոսում էր միայն ինքը, իսկ ներկաները պարտավոր էին սոսկ խոնարհաբար լսել: Նա չէր հանդուրժում ինքնուրույն գործիչների, այդ թվում` ռազմական շրջանակներում, դրանք իրեն հարկավոր չէին: Գեբելսի կողմից հռչակվելով «բոլոր ժամանակների մեծագույն զորավար»` Հիտլերն ընդունակ չէր անգամ պլանավորել հեռավոր ռազմական գործողությունների ընթացքը: Պատերազմի առաջին փուլում, երբ իրադրությունը բարենպաստ էր վերմախտի համար, նա բավական ակտիվորեն մասնակցում էր գործողությունների ծրագրմանը: Սակայն 1943-1944 թթ. խոշոր պարտություններից հետո Հիտլերն ի վիճակի չէր ազդել ռազմական գործողությունների ընթացքի վրա, նա վատ էր կողմնորոշվում ստեղծված իրադրության մեջ: Այնուամենայնիվ, նա չափազանց բարձր կարծիքի էր սեփական զորավարական ընդունակությունների վերաբերյալ:
Ստալինի անձի պաշտամունքը մեծ թվով առասպելներ է ծնել նրա մասին, այդ թվում` հանճարեղ զորավար լինելու վերաբերյալ: Պատերազմի նախօրեին առաջնորդի գործողություններն աչքի էին ընկնում մոլագարի ինքնավստահությամբ եւ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման անթույլատրելի վրիպումներով: Նրա սխալ տեսակետները անհնար դարձրին թշնամական հարձակումը ճիշտ ժամանակին դիմագրավելու գործնական նախապատրաստությունները: Երկրի պաշտպանունակությանը հսկայական վնաս հասցրին նրա թույլ տված սխալները հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը որոշելու հարցում: Որպես գերագույն գլխավոր հրամանատար` Ստալինը ողջ պատերազմի ընթացքում Կարմիր բանակի հիմնական խնդիրն էր համարում ռազմավարական գործողությունների անցկացումը, որոնց մշակմամբ զբաղվում էին գլխավոր շտաբը եւ ռազմաճակատների շտաբները: Ստալինն անձամբ դրանց չէր մասնակցում, սակայն ինչպես հաջող, այնպես էլ անհաջող խոշոր ռազմական գործողությունների պլանները վերջնական տեսքով ներկայացվում էին նրա հաստատմանը: Ընդ որում, երբ հերթական գործողությունը հաջող էր ավարտվում, նա հստակ հասկացնում էր, որ դա անձամբ իր շնորհիվ է եղել, իսկ անհաջողության դեպքում մեղքը բարդում էր ուրիշների վրա:
Ստալինը երբեք զորավար չի եղել: Պատերազմի չորս տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չի այցելել ռազմաճակատ, չի եղել ոչ մի մարտական զորամասում: Ինչպես նշել է մարշալ Ժուկովը` «պատերազմի ավարտին, ավելի ստույգ` Կուրսկի աղեղի ճակատամարտից հետո, Ստալինն ընդհանուր առմամբ այնքան էլ վատ չէր գլուխ հանում ռազմական հարցերից»: Մինչդեռ 1947 թ. լույս տեսած «Համառոտ կենսագրականում» նշված էր. «Հանճարեղ խորաթափանցությամբ ընկեր Ստալինը բացահայտում էր թշնամու պլանները եւ ձախողում դրանք…»: «Առաջնորդի խորաթափանցությունը», սակայն, շատ թանկ նստեց խորհրդային ժողովրդի վրա: Պատերազմի ընթացքում Ստալինը կոպտագույն սխալներ էր թույլ տալիս ռազմաճակատներում իրավիճակը գնահատելիս եւ չհիմնավորված առաջադրանքներ էր հանձնարարում զորքերին:ՓՈԽԱԴԱՐՁ ՇԱՀ
Ստալինի քաղաքականությունը ոչ միայն հետաքրքրություն էր առաջացնում Հիտլերի մեջ, այլեւ արժանանում էր նրա խրախուսանքին: Իր կենտրոնակայանում խնջույքների ժամանակ ֆյուրերը հաճախ էր անդրադառնում խորհրդային պատմությանը: Նա խրախուսում էր «ուժեղ ձեռքի քաղաքականությունը», հիանում էր Ստալինով` որպես Չինգիզ խանի հետնորդ, հաջող էր համարում տնտեսության զարգացման խորհրդային ծրագրերը:
Իր հերթին ֆյուրերի կերպարն էլ Ստալինին էր հետաքրքրում: Խորհրդա-գերմանական դաշինքի շրջանում նա պատրաստ էր լայն համագործակցության ֆյուրերի հետ եւ հարգանքով էր խոսում նրա մասին: Կրեմլում Ռիբենտրոպի հետ բանակցությունների ժամանակ նա ասել էր. «Մենք գիտենք, թե գերմանացի ժողովուրդը որքան է սիրում իր ֆյուրերին»:
Համարվում է, թե երկու բռնապետները երբեք անձամբ չեն հանդիպել միմյանց, թեեւ աղմկալի լուրեր էին տարածվում նրանց միջեւ իբր տեղի ունեցած հանդիպումների մասին: Այսպես, 1939 թ. սեպտեմբերին խորհրդա-գերմանական բանակցությունների ավարտից հետո իբր Լվովում պետք է տեղի ունենար Ստալինի եւ Հիտլերի հանդիպումը: Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան միջոցով նրանց միջեւ աշխույժ նամակագրություն էր ծավալվել այդ հարցի շուրջ: Սեպտեմբերի 3-ին Ստալինը Գերմանիայի դեսպանին հաղորդել էր, որ համաձայն է հանդիպել պարոն Ադոլֆ Հիտլերի հետ եւ հանդիպման կազմակերպումը հանձնարարել է ներքին գործերի ժողկոմ Բերիային: Բեռլինից պատասխան էր ստացվել, որ նոյեմբերի 17-19-ի միջակայքում Հիտլերը պատրաստ է հանդիպել Լվովում` ֆյուրերի հատուկ գնացքի վագոնում: Նամակագրությունը շարունակվել էր, եւ հանդիպման օրը տեղափոխվել էր հոկտեմբերի 17: Ստալինի գնացքը պետք է Լվով հասներ ժամը 15-ն անց 30 րոպեին: Այստեղ տեղեկատվությունն ընդհատվում է: Արդյո՞ք այդ հանդիպումը կայացել է` այդպես էլ մինչ օրս հայտնի չէ, թեեւ Մոսկվայի եւ Բեռլինի միջեւ հարաբերությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ երկու կողմերն էլ պատրաստ էին բանակցել:
Արդեն պատերազմից հետո մի առիթով առաջնորդը ափսոսանք էր հայտնել. «Ինչ հիմարն էր Հիտլերը. մեր բանակով եւ նրա տեխնիկայով ամբողջ աշխարհը մերը կլիներ»:
Հիտլերին ամբողջ կյանքի ընթացքում ճնշել է պաթոլոգիկ հրեատյացությունը: Նա աշխարհի բոլոր դժբախտությունների համար մեղավոր էր համարում հրեաներին եւ նրանց դիտում էր որպես իր անձնական թշնամիների: Հիտլերը Եվրոպայում վեց միլիոն հրեաների զանգվածային ոչնչացման կազմակերպիչն էր:
«Հրեական հարցի» նկատմամբ իր վերաբերմունքը Ստալինը երբեք բացահայտ չի արտահայտել: Սակայն 1950-ական թթ. սկզբին նա արշավանք կազմակերպեց ընդդեմ «կոսմոպոլիտիզմի», թխվեց «բժիշկների գործը», որը հստակ հակահրեական ուղղվածություն ուներ: 1953 թ. մարտի վերջին նախապատրաստվում էր հրեական անուններով վնասարար-բժիշկների դատավարությունը: Դրանից մի քանի ամիս առաջ ՊԱՆ մարմիններից հապշտապ ազատեցին հրեա աշխատակիցներին: Բազմաթիվ վկայությունների համաձայն` Ստալինը նախապատրաստում էր հրեա քաղաքացիների զանգվածային վերաբնակեցում հեռավոր վայրերում:
Գերմանական նացիզմի խոր արմատներից մեկը միստիցիզմն էր: Հիտլերն ինքն էլ միստիկ էր: Օրինակ` Խորհրդային Միության վրա հարձակվելու ամսաթիվն ընտրվել էր սկանդինավյան հին սեպագրական` ռունային շրջանի համաձայն: Հունիսի 22-ը արեւադարձի հին գերմանական տոնակատարության օրն է: Հիտլերը պարբերաբար հանդիպում էր տիբեթյան կախարդների հետ, խորհուրդներ հարցնում աստղագուշակներից, առաջնորդվում հորոսկոպներով:
Ստալինին միստիցիզմը խորթ էր: Թեեւ իր պատանեկան ոտանավորներում 16-ամյա Սոսո Ջուղաշվիլին չափազանց մռայլ հայացքներ էր արտահայտում կյանքի նկատմամբ: Նրա ոտանավորներից մեկի հերոսը հանդես էր գալիս մահվան կերպարանքով եւ «հնձում էր աջուձախ»: Միստիկ երանգներ ունեին խոհերը «ոմն մարգարեի գալստյան» մասին, որին «մարդիկ չեն հասկանում եւ վանում են` իբրեւ դժոխքի հրեշտակի»: (Ի դեպ, իր բանաստեղծական հակումների մասին Ստալինը հետագայում երբեք չի հիշատակել):
Երկու բռնապետների նկատմամբ էլ բազմիցս մահափորձեր են կատարվել: Այդ հարցում առաջատարը, ըստ երեւույթին, Հիտլերն էր: Ստալինի դեմ հայտնի մահափորձերի թիվը զգալիորեն պակաս է: ՆԳԺԿ մարմինների կողմից հարուցվող մեղադրանքները` «ընկեր Ստալինի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու վերաբերյալ», մեծ մասամբ շինծու եւ հիմնազուրկ էին:
ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Այս ոլորտը միշտ էլ հույժ գաղտնի է պահվել: Երկու բռնակալներն էլ իրենց համար գլխավորը համարում էին քաղաքականությունը, որը ճանապարհ էր բացում դեպի իշխանություն: Կանայք նրանց կյանքում երկրորդական տեղ էին զբաղեցնում:
Բազմաթիվ փաստեր վկայում են Ադոլֆ Հիտլերի սեռական այլասերվածության մասին: Մինչեւ 36 տարեկանը նա խուսափել է կանանց հետ ֆիզիկական շփումներից` եռանդը պահելով քաղաքականության համար: Նրա առաջին ընտրյալը 16-ամյա Մարիա Ռայթերն էր, այնուհետեւ` Հելենա Հանֆշտանգելը, որն ասում էր, թե Հիտլերն իմպոտենտ է: Հիտլերի ինտիմ կյանքում հատուկ տեղ է զբաղեցրել նրա զարմուհին` Հելի Ռաուբալը, որը կյանքն ավարտեց ինքնասպանությամբ: Այնուհանդերձ, Հիտլերի ճակատագրում գլխավոր կինը դարձավ Եվա Բրաունը, որը նրանից 23 տարով փոքր էր: Նրանք ամուսնացան 1945 թ. ապրիլին` միասին ինքնասպանություն գործելուց առաջ: Եվա Բրաունը «ֆրաու Հիտլեր» եղավ ընդամենը 30 ժամ: Հիտլերն այդպես էլ երեխաներ չի ունեցել:
Ստալինի ընտանիքում երջանկությունը տեղ չուներ, չար ճակատագիրը կարծես հետապնդում էր նրա բոլոր անդամներին: Երիտասարդ Իոսիֆ Ջուղաշվիլին 1906 թ. հունիսին ամուսնացավ գեղեցկուհի վրացուհու` Եկատերինա (Կատո) Սվանիձեի հետ: Գուցե նա միակ մարդն էր, որին Ստալինն իսկապես սիրել է իր կյանքում: Նրանք միասին ապրեցին ընդամենը երկու տարի. 1908 թ. Եկատերինան մահացավ տիֆից: Այդ ամուսնությունից Ստալինը որդի ուներ` Յակովը:1914 թ. Տուրուխանյան երկրամասում իր վերջին աքսորի ժամանակ Ստալինը կապված է եղել տեղացի մի կնոջ հետ, որից նույնպես որդի է ունեցել: Հետագայում վերջինս թերեւս որոշել էր հետեւել հոր օրինակին: Համենայն դեպս, 1940-1950-ական թթ. նա կուսակցական աշխատանքի էր Մոսկվայում, սակայն հոր հետ կապեր չուներ:
1917 թ. մարտին վերադառնալով Պետրոգրադ` Ստալինը ծանոթանում է ապագա կնոջ` հեղափոխական գործիչ Սերգեյ Ալիլուեւի դստեր` Նադեժդայի հետ, որն իրենից փոքր էր 22 տարով: 1921 թ. ծնվում է որդին` Վասիլին, իսկ չորս տարի անց` դուստրը` Սվետլանան:
Նադեժդա Ալիլուեւան երկար ժամանակ չէր կարողանում ընտելանալ ամուսնու կոպտությանը: 1932 թ. նոյեմբերի 8-ին Վորոշիլովի տանը կազմակերպված տոնական երեկույթի ժամանակ Ստալինը հերթական անգամ վիրավորում է նրան: Նադեժդան գնում է տուն եւ ինքնասպան լինում:
Ստալինի հետագա անձնական կյանքի մասին փաստերը չափազանց ժլատ են: Մեծ թատրոնի հայտնի երգչուհիներից մեկն իր հուշերում խոստովանել է, որ եղել է առաջնորդի սիրուհին: Վերջին տարիներին Ստալինը մենակ էր ապրում: Ավագ որդին` Յակով Ջուղաշվիլին, պատերազմի սկզբնական շրջանում գերի ընկավ եւ զոհվեց 1943 թ. ֆաշիստական համակենտրոնացման ճամբարում: Մյուս որդին` Վասիլին, ռազմական օդաչու էր եւ Ստալին ազգանունն էր կրում: Նրա պաշտոնեական առաջխաղացումն ապշեցուցիչ էր. հինգ տարվա մեջ նա դարձավ գեներալ-լեյտենանտ եւ Մոսկովյան ռազմական օկրուգի ՌՕՈՒ հրամանատար: Ստալինի շրջապատը նրան ողողում էր զանազան շքանշաններով ու պարգեւներով, ինչը շփացրեց նրան, ու նա տրվեց խմիչքին: Հոր մահից հետո ընդամենը 32 տարեկան հասակում Վասիլին հեռացվեց բանակից` առանց թոշակի: Հետագայում նրա դեմ դատ հարուցեցին ծառայության ընթացքում թույլ տված չարաշահումների մեղադրանքով, իսկ բանտից ազատվելուց հետո աքսորեցին Կազան, որտեղ էլ նա կնքեց իր մահկանացուն:
Դստերը Ստալինն ավելի շատ էր սիրում, քան որդիներին եւ մանուկ ժամանակ լավ երես էր տալիս: Սակայն ժամանակի ընթացքում նրանք հեռացան իրարից: Սվետլանան երեք անգամ ամուսնացավ, երեքն էլ` անհաջող: 1966 թվականից նա ապրում էր արտասահմանում, սկզբում` ԱՄՆ-ում, ապա` Անգլիայում: Նա գրել էր, թե ուզում է ապրել այնտեղ, որտեղ իրեն ազատ է զգում: Նա այդպես էլ չընդունեց ստալինիզմը:Ստալինի կյանքի ավարտը խորհրդանշական էր: Աներեւակայելի տիտղոսների արժանացած «կենդանի աստվածը» վերածվել էր հոգնած ու հիվանդոտ ծերունու: Նա ավելի նյարդային ու անհամբեր էր դարձել: Նրա հիվանդագին ուղեղում նորանոր արյունալի հալածանքների, «ժողովրդի թշնամիների դեմ» նորանոր դատավարությունների ծրագրեր էին հասունանում: Սակայն մահը ձախողեց նրա դիվային պլանները:
Հիտլերը պատանության շրջանում ուզում էր նկարիչ դառնալ: Ստալինը պատրաստվում էր ծառայել վրացական ուղղափառ եկեղեցուն: Մեկը կարող էր միջակ նկարիչ դառնալ, մյուսը` իր համայնքի համեստ հովվապետ: Սակայն պատմության չար անիվը նրանց հասցրեց իրենց երկրների իշխանության գագաթը:
Այն միտքը, որ իշխանությունը, հատկապես` անսահմանափակ իշխանությունը, մարդուն դարձնում է սեփական ժողովրդի բռնապետը, իր լիակատար դրսեւորումն է ստացել ի դեմս այս երկու անձանց` Ստալինի եւ Հիտլերի: Պատահական չէ, որ Վատիկանը այս երկու բռնապետին էլ «դիվահարներ» որակումն է տվել:
«Սեկրետնիե մատերիալի»
Թարգմ.` ՍԵԴԱ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ