Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ



Էդիկ Եդիգարյանը եւ Խորեն Ղազարյանը բանակում

Այս լուսանկարներից առաջինը մեզ տանում է անցյալ դարի 1952-54 թվականները, երբ ես՝ Խորեն Ղազարյանս (աջից), եւ իմ զինվորական ծառայության ընկեր Էդիկ Եդիգարյանը (ձախից) մեր պարտադիր ծառայությունն էինք անցկացնում ԳԴՀ-ում տեղակայված խորհրդային երկրորդ տանկային բանակի 12-րդ դիվիզիայի 66-րդ գնդում։ Հպարտանում էինք, որ մեր 2-րդ բանակի հրամանատարն էր հայազգի գեներալ-մայոր Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը։

…Պատվով էինք ծառայում ես եւ Էդիկը։ Ես ավագ ավտոմեխանիկ էի, կրտսեր սերժանտ, ղեկավարում էի ավտոնորոգման արհեստանոցների աշխատանքը՝ որպես դասակի հրամանատարի պաշտոնակատար։ Նորոգում էինք ամերիկյան «Ստուդեբեկեր», «Շեւրոլե», «Վիլիս» մակնիշի ավտոմեքենաներ։ Շուտով ստացանք նաեւ խորհրդային թողարկման «ԳԱԶ-51», «ԳԱԶ-69», «ԳԱԶ-67բ» ավտոմեքենաներ։ Պարտավոր էինք ավտոտեխնիկան միշտ պահել մարտական պատրաստության վիճակում։ Իմ ընկեր Էդիկը կապավոր էր՝ տեխնիկան հմտորեն յուրացրած, գնդում ճանաչված մասնագետ։ Այն ժամանակ խորհրդային բանակի ցամաքային զորքերում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երեք տարի էր։ Մինչդեռ ովքեր զորակոչվում էին գարնանը, նրանք զորացրվում էին աշնանը՝ հավելյալ ծառայելով 7-8 ամիս, ընդամենը՝ 3 տարի 7-8 ամիս։ Այդքան ծառայեցի նաեւ ես, քանի որ զորակոչվել էի 1951թ. ապրիլին։ Այդպիսի՝ համեմատաբար երկարաժամկետ ծառայության ընթացքում զինվորականը՝ զինվոր թե սերժանտ, հմտանում էր իր մասնագիտությանը։ Ավելորդ չեմ համարում նշել, որ այդ տարիներին Վարշավյան պայմանագրի երկրներ ծառայության էին ուղարկում միայն ազնիվ, կարգապահ, պատվախնդիր զինվորականներին։ Ես 1951թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին սովորել եւ գերազանցության վկայականով ավարտել էի Վիննիցայի մարզի Խմելնիցկ քաղաքի N 21 ուսումնական ավտոտեխնիկների հատուկ դպրոցը։ Ի թիվս յոթ գերազանց շրջանավարտների, ինձ կրտսեր սերժանտի կոչումով եւս գործուղեցին ԳԴՀ եւ մեզ պարտավորեցրին պատվով ծառայել։ Ես եւ Էդիկը, յուրաքանչյուրս իր մասնագիտությամբ, փայլել ենք ծառայության ընթացքում, արժանացել տասնյակ խրախուսանքների, բազմաթիվ շնորհակալագրերի, գնդի հրամանատարությունից մեր ծնողներին ուղղված շնորհակալական նամակների։

Ինչպես նշեցի, մեր բանակային հրամանատարն էր Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանը։ Իմ զորամասի սպաները, որոնք հիմնականում նախկին ճակատայիններ էին, նրան համեմատում էին 1812թ. Հայրենական պատերազմում փառաբանված գեներալ Բագրատիոնի հետ՝ ասելով. «Бабаджанян – это Багратион нашего времени»։ Հենց դա էլ մեզ ավելի էր պարտավորեցնում, որ լավ ծառայենք։

Գնդի անձնակազմում միջնակարգ կրթությամբ շատ քիչ զինվորներ կային, մեծ մասն ուներ տարրական եւ յոթամյա կրթություն։

Քաղինֆորմացիայի պարապմունքներին փայլում էինք մեր գրագիտությամբ՝ ես, Էդիկը, թբիլիսցի Ժորան եւ բաքվեցի Ալիկը։ Երբեմն ինձ էին վստահում անցկացնել քաղպարապմունքը. բուհական կրթությամբ (երկամյա ուսուցչական ինստիտուտի շրջանավարտ) պատմաբան էի, դիվիզիայի կուսակցական դպրոցի ուսանող (հեռակա)։ Ես էի մեր տեխնիկական ապահովման վաշտի կոմերիտական կոմիտեի քարտուղարը, պատի թերթի խմբագրական խորհրդի նախագահը, ինձ էր վստահված կազմել վաշտի շաբաթական պարապմունքների դասացուցակը։

1949թ. ավարտել էի Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, աշխատում էի դպրոցում իմ մասնագիտությամբ։ 1950-ին ընդունվել էի Բաքվի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրս, 1951-ին զորակոչվել խորհրդային բանակ եւ ավարտելով ավտոտեխնիկի ուսումնարան-դպրոցը՝ գործուղվել ԳԴՀ՝ ծառայության։ Բաքվի ինստիտուտից 1952-ին ծանուցում ստացա, որ ներկայանամ կիսամյակային պարապմունքներին։ Դիմեցի գնդի հրամանատարի քաղաքական գծով տեղակալին՝ արձակուրդ գնալու խնդրանքով, մերժում ստացա։ Գնդի սպաները, որոնք ինձ լավ էին ճանաչում, խորհուրդ տվեցին դիմել գեներալ Բաբաջանյանին։ Դիմեցի։ Դիմումիս վերեւի ձախ անկյունում գեներալը մակագրեց. «Согласно приказу министра обороны СССР военнослужащих учиться в гражданских вузах воспрещается»։ Հասկանալի է, գեներալը չէր կարող շրջանցել մինիստրի հրամանը։ Փառապանծ գեներալի մակագրությամբ դիմումը մինչ օրս պահում եմ իմ հուշերում՝ որպես թանկագին մասունք։ Այս դեպքից մի քանի ամիս անց, երբ գնդի տարածքի ծառուղով գնում էի հարեւան 49-րդ գունդը՝ ծանոթ հայ ընկերոջս մոտ, հանկարծ նկատեցի, որ գեներալ Բաբաջանյանը, գնդի պատվո տախտակի մոտ կանգնած, նայում է լուսանկարները։ Լուսանկարների շարքում փակցված էր նաեւ իմը։ Մի պահ դանդաղեցրի քայլերս, դժվար էր կողմնորոշվել, առա՞ջ գնամ, թե՞ հետ։ Ես առաջին անգամ էի դեմ հանդիման գեներալին հանդիպում։ Բաբաջանյանը նկատեց ինձ։ Նա շարժվեց դեպի ծառուղու վերջը ու կանգ առավ։ «Ինչպե՞ս անցնեմ»,- մտածեցի խառնված, ապա համարձակություն հավաքեցի եւ խրոխտ քայլերով մոտեցա եւ մի քանի քայլի վրա դիմեցի նրան. «Разрешите пройти, товорищ генерал»։

– Фамилия, имя,- հարցրեց գեներալը։

Պատասխանեցի համարձակ։

– Это Ваше фото на доске почета?

– Так точно,- պատասխանեցի։

– Проходите,- թույլ տվեց գեներալը։

Նույն պահին իմ անցած ճանապարհով գեներալին ընդառաջ եկավ 49-րդ գնդի ավագ լեյտենանտ Սկվորցովը։ Նա պատվի առավ Բաբաջանյանին եւ ուզում էր ճանապարհը շարունակելով առաջ անցնել, գեներալը կանգնեցրեց Սկվորցովին եւ հարցրեց. «Այստեղ կանգնած է գեներալը, դուք՝ ավագ լեյտենանտ, ինչպե՞ս պիտի անցնեք նրա մոտով»։ «Պատվի առնեմ ու անցնեմ»,- պատասխանեց Սկվորցովը։

-Ինչպես երեւում է, սերժանտն ավելի լավ գիտի ծառայության կանոնագիրքը, քան դուք։

Նույն օրը Բաբաջանյանը 49-րդ գնդի ակումբում հրավիրված սպաների ժողովի ժամանակ պատմեց տեղի ունեցածը։ Եվ ես ինձ շոյված ու խրախուսված զգացի։

Երկրորդ անգամ իմ սիրելի գեներալին հանդիպեցի բանակի կոմերիտական համագումարում։ Նա ուշադիր լսեց իմ ելույթը։ Երեւի ինքն էլ էր հպարտանում հայազգի սերժանտի ելույթով։ Ընդմիջմանը նա մեր գնդի շտաբի պետ, գնդապետ Լազարենկոյի հետ միջանցքում ծխելով քայլում էր եւ, նկատելով ինձ, անսպասելի հարցրեց. «Որտեղի՞ց եք»։ «Կովկասից, Լեռնային Ղարաբաղից»,- պատասխանեցի հպարտ։

-Մեր տղաներից է,- հաստատեց Լազարենկոն, որը ծագումով Կիրովաբադից էր։ Նրա «ԹՌսՌր»-ը հաճախակի էինք նորոգում մեր արհեստանոցում։

Երրորդ հանդիպումը գեներալ Բաբաջանյանի հետ տեղի ունեցավ , երբ ավարտել էի դիվիզիայի կուսակցական դպրոցը եւ դիվիզիայի քաղբաժնի պետ, գնդապետ Պոտյոմկինից ստանում էի առաջին կարգի դիպլոմ՝ արժանանալով նրանց երկուսի շնորհավորական խոսքերին։

1953-ի ապրիլին արձակուրդ ստացա, ներկայացա Բաքվի հեռակա մանկավարժական ինստիտուտ։ Ինձ հեռացրել էին ինստիտուտից կիսամյակային նստաշրջանի պարապմունքներին չներկայանալու համար։ Եվ դեռ ինստիտուտի հայկական բաժինն էլ փակել էին։ Հաջորդ տարի՝ զորացրվելուց հետո, ինձ վերականգնեցին պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ռուսական բաժնում, որն ավարտեցի 1957-ին։

1953-ի հունիսի 17-ի կեսօրին մեր գնդում հնչեց մարտական տագնապի շեփորաձայնը։ Իմ անմիջական հրամանատար, գնդի ավտոծառայության պետ մայոր Ռիբնիկովը ներկայացավ զորանոց եւ հրամայեց ինձ ավտոնորոգման անձնակազմը շարժել գնդի տեխնիկայի հետեւից ու շտապ ապահովել անսարք ավտոմեքենաների նորոգումը։ Մեր գունդը Նոյ Ռուպինից շարժվեց առաջ, իսկ թե ուր՝ չգիտեինք։ Գեներալ-մայոր Հ. Բաբաջանյանը, նստած առաջին տանկում, իր տեխնիկայով կտրեց-անցավ դեմարկացիոն գծի ֆրանսիական սահմանը։ Այն ժամանակ Բեռլինի պատը դեռ կառուցված չէր։ Բեռլինում խռովություն էր։ Արեւմտյան Գերմանիայից պետական հեղաշրջման փորձ էին կազմակերպել, որը պիտի իրականանար հունիսի 17-ին, բայց մեր գունդը, հասնելով Բեռլին, վերջ տվեց խռովությանը։ Մարտական առաջադրանքը կատարվեց գերազանց, գեներալ-մայոր Բաբաջանյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում։ Պարգեւատրվեց նաեւ մեր՝ 66-րդ գնդի հրամանատար գնդապետ, մարտերում կոփված Գրոմակովը (ըՈՑÿ)։ Սերժանտ-շարքայիններից 10 հոգի արժանացավ հրամանատարի շնորհակալությանը, այդ թվում նաեւ ես ու Էդիկը։

Բեռլինում մեր գունդը մնաց երեք ամիս։ Մեր վաշտը վրաններ խփեց Կառլ Մարքս շտատի Դմիտրով փողոցում։ Հաջորդ օրը մեզ մոտ եկավ գեներալ-լեյտենանտ Բաբաջանյանը եւ պահանջեց, որ, որպես համերաշխության նշան, պարենք գերմանացի երիտասարդների հետ, եւ առաջինը ինքը մտավ պարահարթակ։ Նկատելով մեզ՝ նա ինձ եւ Էդիկին հրավիրեց ասպարեզ։ Ասացինք, որ մենք վալս պարել չգիտենք, սովոր ենք կովկասյան ազգային պարերի։ Մթնոլորտը գնալով աշխուժանում էր։ ԳԴՀ-ի ղեկավարները գոհ էին մեր աջակցությունից։

***

1954թ. վերջին ես զորացրվեցի եւ վերադարձա Լեռնային Ղարաբաղ՝ Հադրութի շրջանի Տումի գյուղ, իմ ծննդավայր, իսկ Էդիկը՝ Էջմիածնի շրջանի Մրգաստան գյուղ։ Ես անցա մանկավարժական աշխատանքի, Էդիկը՝ արտադրական։ Մի քանի տարի շարունակ այցելում էինք իրար, հետո, ինչպես հաճախ է կյանքում պատահում, կապը կտրվեց… Սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ես Էդիկին երկար ժամանակ չտեսա։ Մեր երկուսի երկրորդ լուսանկարը տարեց կյանքի ժամանակից է։ Եվ գուցե մի օր իսկապես էլ ամեն ինչ մոռացվի, բայց մեզ համար՝ երբեք… 56 տարի։

…Վերջերս այցի էի գնացել Եդիգարյանների ընտանիքին… Իմ սիրելի ընկեր Էդիկը չկար…

ԽՈՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի 2005թ.
դափնեկիր, ԼՂ հանրապետության
վաստակավոր մանկավարժ։
ԼՂՀ Հադրութի շրջան, գյուղ Տումի

Էդիկ Եդիգարյանը եւ Խորեն Ղազարյանը բանակում

Խորագիր՝ Ճակատագրեր


30/04/2013