ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
Ազգային գաղափարախոսությունն ազգի առաջընթացն ու բարգավաճումը երաշխավորող, ազգի ավանդական նկարագրից բխող, նրա վարքը, գործունեությունը, իդեալներն ու նպատակները սահմանող գաղափարների ամբողջությունն է։ Որո՞նք են ազգային գաղափարները, ազգային գաղափարախոսության առանցքային արժեքներն ու առաջնահերթությունները՝ հայ զինվորի բնութագրմամբ։
ԱՆՀԱՏԸ ԱԶԳԻ ՄԱՍՆԻԿՆ Է
Ես կարծում եմ, որ մեր ազգի համար ամենակարեւոր գաղափարը ազգային միասնության գաղափարն է, այսինքն՝ ազգային ինքնագիտակցությունը, իրեն ամբողջի մասնիկը զգալու գիտակցությունը։ Ազգի մասին խոսելուց, ազգային գաղափարները եւ ազգային արժեքները տարբերակելուց առաջ պիտի հասկանանք, թե ինչով է դրսեւորվում անհատ-ազգ հարաբերությունը։ Մենք գիտենք, թե ինչ ասել է ընտանիք, ինչ հարաբերություն պիտի լինի ընտանիքի անդամների միջեւ։ Օրինակ. եթե ընտանիքը հարուստ է, ապա ապահովված են ընտանիքի բոլոր անդամները, չի կարող ընտանիքում մեկը շատ հարուստ լինել, մյուսը՝ շատ աղքատ։ Չի կարող ընտանիքի անդամներից մեկը մյուսի շահերը ոտնահարելով իր համար բարեկեցություն ապահովել։ Մենք չենք կարող մեզ երջանիկ զգալ, եթե մեր ընտանիքի անդամը դժբախտ է, մենք չենք կարող մեր ընտանիքի անդամների խնդիրների հանդեպ անտարբեր լինել։ Այսինքն՝ ընտանիքի անդամների շահերը միասնական են, չեն կարող հակասել իրար։ Ընտանիքը ամբողջությունն է։ Փոխհարաբերությունների այս մոդելը պետք է գործի նաեւ ազգի ծավալով։ Եթե մենք միայն մեր անձի, մեր ընտանիքի ու մեր ազգականների մասին ենք մտածում, եւ եթե մեզ համար ոչինչ չի նշանակում ազգակից-հայրենակից հասկացությունը, ապա ազգ գաղափարը ինքնաբերաբար ոչնչանում է։ Ամեն ինչ շատ պարզ է. ազգի յուրաքանչյուր անդամ պիտի մտածի նաեւ ազգի մասին, պիտի չանի այնպիսի արարքներ, որոնք կվնասեն, կխոչընդոտեն ազգի առաջընթացն ու զարգացումը։ Ազգային գաղափարախոսության ամենագլխավոր գաղափարը, առանցքը ազգի շահը կարեւորելու, հանուն ազգի գործելու գիտակցությունն ու պատրաստակամությունն է։ Ցավոք, այսօր ամեն քայլափոխի նկատում ես, որ մարդիկ անտեսում են ազգային շահը, մտածում են միայն սեփական գրպանի ու ընտանիքի մասին։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ նշել. մենք տներ, խանութներ, զանազան շինություններ ենք կառուցում որտեղ պատահի, դիմազրկում, աղավաղում ենք մեր մայրաքաղաքը։ Մենք աղբը նետում ենք փողոց, աղտոտում ենք մեր շրջապատը։ Մենք ծառ ենք կտրում, աղավաղում ենք բնությունը, մենք չենք վճարում հարկերը, զրկում ենք անապահով, ընչազուրկ խավին, մենք չգիտենք ինչ է իսկական քրիստոնեական բարեգործությունը, որը պիտի անենք որպես հոգու պարտք, այնպես, որ «ձախ ձեռքը չիմանա, թե աջն ինչ է անում»։ Քանի դեռ մենք չենք փոխել վերաբերմունքը մեր ազգակցի հանդեպ, չենք գիտակցել մեր պատասխանատվությունն ազգի հանդեպ, քանի դեռ մեր սիրտը չի ցավում մեր ազգակցի համար ու չենք հասկանում, որ մենք ազգ կոչվող ամբողջության մի մասնիկն ենք, անիմաստ է խոսել ազգային գաղափարների մասին։
Արթուր Հովսեփյան
ավ. սերժանտ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐԱԿԱ ԳԱՂԱՓԱՐ
Ազգային գաղափարախոսության ամենամեծ ու նվիրական գաղափարը հայրենիքի պաշտպանության գաղափարն է։ Այն գաղափար է, որ միացնում է մեզ, դարձնում մի ամբողջություն։ Երբ հայրենիքին վտանգ է սպառնում, մենք հասկանում ենք, որ վտանգ է սպառնում յուրաքանչյուրիս, որ մենք կապված ենք իրար նույն ազգի զավակը լինելու իրողությամբ։ Մենք այդ ժամանակ մոռանում ենք բոլոր տարաձայնությունները, նեղ անձնական շահերը եւ, դառնալով մի բռունցք, մեր ամբողջ ուժը, կարողությունը միավորում ենք թշնամու ճանապարհը փակելու համար։ Մեր ազգի հավաքական նկարագրում մերժելի երեւույթներ կան, կան գծեր, որոնք խանգարում են մեզ, թույլ չեն տալիս ավելի հզորանալ, բարգավաճել, առաջադիմել, սակայն մենք ունենք մի շատ կարեւոր առավելություն՝ հայրենիքի սահմաններն անպաշտպան չենք թողնում։ Մենք մի կտոր հացի հետ կարող ենք փոխել շատ բան, միայն ոչ հայրենիքը։ Մենք կարող ենք հանուն մի կտոր հացի հեռանալ հայրենիքից, բնակվել օտարության մեջ, բայց երբ հայրենիքին վտանգ սպառնա, կթողնենք մեր ապահով, բարեկեցիկ կյանքը, կվերադառնանք մեր վտանգված երկիրը ու մեր կյանքը կտանք հայրենիքի համար։ Մեր այս հատկության շնորհիվ է, որ հաղթահարելով դարերի փորձություններն ու արհավիրքը, դիմացել ենք, հասել ենք 21-րդ դար։ Ու թեպետ մեծ կորուստներ ենք ունեցել, բայց կարողացել ենք այս փոքրիկ հողակտորի վրա ստեղծել ազատ, անկախ Հայաստան՝ իր պետական օրհներգով, դրոշով, զինանշանով ու մյուս պետական խորհրդանիշներով։ Մեր այս հատկության շնորհիվ է, որ ազգովի «այո» ասացինք անկախությանը եւ տեր կանգնեցինք արցախահայության ազատագրական պայքարին։ Ոչ ոք մեզ բարեկեցություն չէր խոստացել։ Բոլորը գիտեին, որ Արցախի ազատագրության համար մղվող պատերազմը կյանքեր է խլելու, մարդկանց դատապարտելու թշվառության ու զրկանքի։ Բայց մեր սահմանները օտարից պաշտպանելու, մեր հողի համար կռիվ տալու գաղափարը այնքան ամուր էր նստած մեր մեջ, որ ոչ մի ուժի առաջ չընկրկեցինք, մեզ չսարսափեցրեց թշնամու նյութական ու մարդկային ռեսուրսների առավելությունը։ Մենք նետվեցինք կենաց-մահու կռվի, որ մեր Արցախը չտանք թուրքին, որ մեր երկրի սահմաններն անառիկ պահենք։ Նույնն է եւ բանակում։ Հնարավոր է, որ ծառայելիս ինչ-որ բանում թերանանք, որեւէ հրաման այնպես չկատարենք, բայց սահմանին յուրաքանչյուրս ենք պատրաստ ինքնազոհության ու սխրանքի։ Ես մտածում եմ, որ այդ հատկությունը մեր արյան մեջ է։ Ադրբեջանցիները որքան էլ հայրենասիրության կոչեր են անում, փորձելով ոգեւորել իրենց զինվորներին, վերջիններիս միշտ պարտված են դուրս գալիս իրենց հրահրած բախումներից։ Երբ խախտելով զինադադարի պահանջները, ադրբեջանցիները փորձում են խախտել սահմանը, մեր առաջին հարվածից խուճապահար փախչում են, ինչպես իրենց հայրերն ու պապերը փախան Արցախից՝ տանուլ տալով իրենց իսկ սանձազերծած պատերազմը։
Գեւորգ Ղուշչյան
շարքային
ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱԶԳՆ Է, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ
Ազգային գաղափարախոսության կենտրոնում ազգ-հայրենիք գաղափարն է։ Հայրենիք ասելով՝ ես նկատի չունեմ այն տարածքը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն կամ մեր պատմական հայրենիքը։ Հայրենիք ասելով՝ ես հասկանում եմ այն ամենը, որ հայինն է՝ մեր պատմությունը, մեր լեզուն ու գրականությունը, մեր Առաքելական եկեղեցին, մշակույթը, մեր ազգային յուրահատկությունները՝ մեր երգը, մեր պարը, մեր ծեսերը, մեր ավանդական կերպարը՝ հայի՛ կերպարը՝ իր բնորոշ գծերով, մեր սովորույթները։ Իմ կարծիքով, ազգային գաղափարախոսության նպատակը ազգայինը պահպանելն է եւ սեփական եսը այս մեծ աշխարհի թոհուբոհում հաստատելը։ Մենք պիտի ամուր պահենք մենք-ի ու մեր-ի գաղափարը։ Մենք հայ ենք, որովհետեւ մերն ենք համարում մեր պատմությունը, հպարտանում ենք մեր մեծերով, պատրաստ ենք պայքարել մեր երկրի ու մեր ազգի առաջընթացի համար։ Տարիներ առաջ, երբ ես արտասահմանում էի, շատ լավ հասկացա, թե ինչ է նշանակում ազգային հպարտություն։ Չեք պատկերացնի՝ ոնց էի ուրախանում, երբ արտասահմանցի ընկերներս ճանաչում էին իմ հռչակավոր հայրենակիցներին՝ Վիլյամ Սարոյանին, Արամ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրին, Արմեն Ջիգարխանյանին… Մի տեսակ ինձ հզոր էի զգում, մեծ։ Հայրենիքը իմ կենսագրությունն է, իմ արմատը, իմ պատմությունը։ Հայրենիքը իմ էությունն է, իմ մտածելակերպը, իմ ներաշխարհը։ Հայրենիքը այն մեծ ուժն է, այն հաստատուն հիմքը, որ միացնում է ինձ ու հեռավոր որեւէ երկրում ապրող, նույնիսկ հայի անուն-ազգանուն չունեցող, բայց իրեն հայ համարող հայրենակցիս։ Մենք ասում ենք՝ Տիգրան Մեծ, Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի ու դառնում են հարազատներ, մենք հասկանում ենք, որ նույն արմատն ունենք, նույն ակունքից ենք գալիս, նույն ծառի ճյուղերն ենք։ Հայ ենք։ Առանց արմատի, առանց անցյալի ոչինչ ենք։
Մհեր Սանոյան
շարքային
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ
Մեր նախնիները՝ պապերն ու տատերը, գրքեր չեն կարդացել, չեն իմացել, թե ինչ է նշանակում ազգային գաղափարախոսություն, սակայն այդ գաղափարախոսությունը կրել են իրենց հոգում, ապրել են այդ գաղափարախոսության արժեքներով. ամուր, բարոյական, համերաշխ ընտանիք են կազմել, հարգել, սիրել ու պաշտպանել են ընտանիքի ու գերդաստանի ծերերին, շատ երեխաներ են ունեցել, անձնական օրինակով երեխաներին սովորեցրել են բարություն, գթասրտություն, առատաձեռնություն, ազնվություն, արդարամտություն, տոկունություն, օգնել են կարիքավորին, պաշտպանել են իրենց տան ու հայրենիքի պատիվը։ Մենք դարեր շարունակ պետություն չենք ունեցել, բայց պահպանել ենք ազգային ինքնությունը։ Մենք ապրել ենք պարսիկի, թուրքի, ռուսի տիրապետության տակ, բայց մեր լեզուն չենք մոռացել, մեր սովորույթները չենք անտեսել, մեր մշակույթը պահել ենք անաղարտ։ Հարսանիք ու թաղում ենք արել հայավարի, ուրախացել, վշտացել ենք՝ ինչպես հարիր է մեր ազգին, մերժել ենք օտարի բարքերը, օտարի կենցաղավարությունը։ Մեր երեխաներին հայեցի կրթություն ենք տվել, մեր գիրն ու գրականությունը դարձրել ենք պաշտամունք, կառչել ենք մեր եկեղեցուն՝ մեր պապերի հավատքին ու հայ ենք մնացել։ Ազգային գաղափարախոսությունը հայ մնալու գաղափարախոսությունն է։ Իսկ ի՞նչ է նշանակում հայ մնալ՝ մտածել, ապրել, գործել այնպես, ինչպես բնորոշ է հային։ Վերջերս Երեւանում հարսանիքի մասնակցեցի՝ հարսը մինի յուբկայով էր, մեկ քավորին էր պարի հրավիրում, մեկ՝ իր սկեսրայրին, վազվզում էր, քրքջում, անվերջ պարում։ Ես մե՛ր հարսանիքներն եմ սիրում՝ մե՛ր գյուղերի։ Երբ հարսը երկար շորով է, քողով, խոնարհ։ Երբ հարսի պարը հարսանիքի գլխավոր իրադարձությունն է, ու հարսը պարում է հանդարտ, նազանքով, մի քիչ ամաչելով։ Երբ պահպանվում են հայի ավանդական հարսանիքի բոլոր մանրուքները, որոնք այնքան գեղեցիկ են։ Ես սիրում եմ մեր գյուղերի բարքերը, որոնք պահպանել են ավանդականությունը. իմ եղբայրն ամուսնացած է, ապրում է հորս, մորս, պապիկիս ու տատիկիս հետ։ Եղբորս որդին մեծ տատի ձեռքերի վրա է մեծանում, եւ դա այնքան գեղեցիկ է։ Ես դեմ եմ եվրոպականացմանը, օտարամոլությանը։ Եթե մենք չպահպանենք մեր ազգայինը, էլ ինչ ազգային գաղափարախոսություն։
Նարեկ Փիրումյան
շարքային
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՐՈՂ
Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ փոխարինել է պետությանը ու հզոր ազգապահպան առաքելություն է իրականացրել։ Պատմությունը վկայում է, որ եթե չլիներ հայ Առաքելական եկեղեցին, մենք չէինք կարողանա պահպանել մեր ագզային ինքնությունը, կձուլվեինք տիրապետող ազգերին ու կվերանայինք աշխարհի երեսից։ Այսօր չէինք ունենա պետություն ու պետականություն։ Այսինքն՝ կյանքը ցույց է տվել, որ հայ Առաքելական եկեղեցին եղել է հայ ազգային գաղափարախոսության կրողն ու տարածողը։ Հայ Առաքելական եկեղեցին եղել է հայ զորականի, ռազմիկի կողքին եւ օրհնել է հայրենիքի պաշտպանության գաղափարը՝ որպես վսեմագույն գաղափար։ Մեր եկեղեցին սրբացրել է հայրենիքի համար նահատակվածներին։ Ես կարծում եմ՝ հայ ազգային գաղափարախոսությունը նույնանում է հայ Առաքելական եկեղեցու գաղափարախոսության հետ։ Մենք պիտի ավելի մոտ լինենք մեր եկեղեցուն, մեր հոգեւորականները պետք է ավելի մոտ լինեն ժողովրդին։ Նախկինում հայոց գյուղերը ունեցել են ծխական քահանաներ, որոնք անուն առ անուն ճանաչել են իրենց ծխի անդամներին։ Այսինքն՝ հոգեւոր հովիվը եղել է իր հոտի գլխին, պաշտպանել է իր հոտը թշնամուց։ Քահանան եղել է ժողովրդի կողքին ե՛ւ վշտի, ե՛ւ ուրախության, ե՛ւ բոլոր դժվարությունների ժամանակ՝ իր աղոթքով, օրհնանքով, խորհուրդներով։ Ես կարծում եմ, որ հայ Առաքելական եկեղեցին պիտի վերականգնի այդ ավանդույթը։ Այսօր զանազան կրոնական աղանդներ զբաղվում են հոգեորսությամբ։ Հովիվը պետք է պաշտպանի իր հոտը, որպեսզի գայլը չզարկի հոտը։ Հովիվը պետք է փնտրի ու հետ բերի իր մոլորված զավակներին։ Այսօր ամեն կողմից մեր ազգին վտանգ է սպառնում՝ ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեւոր։ Այս պայմաններում մեր եկեղեցին պետք է ավելի ակտիվ լինի, մենք էլ պիտի ավելի մոտենանք մեր եկեղեցուն ու մեր հոգին անսասան պահենք։
Անդրանիկ Ալավերդյան
սերժանտ
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԵՆՍԱԿԵՐՊ
Ազգային գաղափարախոսությունը կդառնա գեղեցիկ ցանկություն, թղթի վրա տպագրված խոսք, եթե ազգը չապրի այդ գաղափարախոսությամբ, եթե ազգի մեջ իշխող գաղափարները, ձգտումներն ու արժեքները հակասեն ազգային գաղափարախոսության տրամաբանությանն ու բարոյական չափանիշներին։ Ազգային գաղափարախոսությունը պիտի քարոզվի, ես այդպես եմ կարծում։ Այսինքն՝ պետք է շատ հստակ լինի, թե ինչպիսին պիտի լինի հայ երիտասարդը, հայ մարդը, ինչպիսին պիտի լինի նրա բարոյական նկարագիրը, ինչպիսին պետք է լինեն նրա արժեքները, գլխավոր նպատակները, ձգտումները։ Ազգային դաստիարակությունը ազգային գաղափարախոսության արմատավորման ձեւերից մեկն է։ Եթե մարդուն մանկապարտեզում, դպրոցում, բուհում, աշխատավայրում, հասարակական միջավայրում դաստիարակեն ազգային գաղափարախոսության արժեքներով, նա կդառնա ազգային գաղափարախոսության կրող։ Բանակում, բնական է, շեշտը դրվում է հայրենիքի պաշտպանության գաղափարի վրա եւ, ըստ այդմ, կարեւորվում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ուժը, խիզախությունը, ինքնազոհությունը։ Սակայն ուժեղ, ինքնազոհ, խիզախ լինելու համար մարդը պետք է ունենա ազգային ինքնագիտակցություն, ճանաչի իր ազգի պատմությունը, իր ազգի մեծերին եւ իմանա, թե ինչ է պահանջվում իրենից ե՛ւ բանակում, ե՛ւ քաղաքացիական կյանքում։ Որովհետեւ հայրենասիրությունը միայն հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությունը չէ։ Հայրենասիրությունը, իմ կարծիքով, հայրենիքին, ազգին նվիրվելու բարոյականություն է։ Մարդը պետք է հայրենասեր լինի իր ամենօրյա վարքով, ապրելակերպով։ Հայրենասիրությունը ազնվություն է, արդարամտություն, աշխատասիրություն, հայրենակցիդ հարգելու, աջակցելու պատրաստակամություն։ Հայրենասիրությունը հայրենիքը կառուցել-շենացնելու, գալիք սերնդի կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու, քո ապրած ժամանակը արդյունավետ գործերով իմաստավորելու գիտակցությունն է, նախնիների հիշատակին եւ ապագայի սերունդներին քո բաժին պարտքը տալու քաղաքացիական դիրքորոշումը։
Արկադի Իսրայելյան
սերժանտ
Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ
մայոր