ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՏԱՔ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐ
ԶՐՈՒՅՑ
Իծաքարցի Մուսայել պապս 104 տարի ապրեց, Վառինկա տատս՝ 97։ Ամեն անգամ նրանց հիշելիս մի սիրելի ու հարազատ պատկեր է արթնանում… Ընտանիքով գյուղ էինք գնացել։ Պապս ու տատս արդեն ծանրականջ էին ու չլսեցին տան դարպասին մոտեցող մեքենայի աղմուկը։ Նստած էին շեմքի սալաքարին, պապս՝ ձեռքը տատիս ձեռքին, ու խոսում էին։ Երբ ընդհուպ մոտեցանք, ակամա լսեցինք նրանց զրույցը։ Պապս խոսում էր եղանակից, վարուցանքից, սպասվող բերքից… Տատս «պատասխանում էր», թե ինչ ճաշ է եփելու քիչ հետո… Իրար չէին լսում, ավելի ճիշտ՝ չէին լսում միմյանց ձայները, բայց դա ամենագեղեցիկ, մտերմիկ, ներդաշնակ ու սիրով լի զրույցն է. որ ես լսել եմ երբևէ։
…Մի զվարճալի դեպք հիշեցի։ Տատս 97 տարեկան էր այդ ժամանակ։ Հիվանդ էր։ Հորաքույրս տատիս տարել էր իր տուն, որ խնամի (տատս արդեն չէր քայլում, կյանքի վերջին օրերն էին)։ 100-ն անց պապս ամեն օր ոտքով 7 կիլոմետր ճանապարհ էր կտրում, որ հասնի կողքի գյուղ՝ աղջկա տուն ու տեսնի հիվանդ կնոջը։ Մի օր էլ հերթական այցելության ժամանակ պապս ասում է տատիս. «Քեզ՝ երեք օր ժամանակ, երեք օրից տուն չեկար, գնում եմ հարևան Վարդանուշին բերեմ (տատս գիտեր, որ պապս ժամանակին անտարբեր չի եղել Վարդանուշի նկատմամբ)։ Հորաքույրս պատմում է. «Երեք օր անց առավոտ շուտ արթնանամ, տեսնեմ ամայը (մաման) անկողնում չէ։ Մտածեցի՝ մահճակալից ցած է ընկել։ Էս կողմ-էն կողմ նայեցի՝ չկար, սրտապատառ վազեցի միջանցք, տեսնեմ՝ շորերն է հագնում։
-Էս ո՞ւր ես գնում, ամա՛յ…
-Մեր տուն։
-Ախր, լավ չես, բա որ ընկնեիր…
-Չլսեցի՞ր, հերդ ասեց՝ երեք օրից տուն չեկար, գնալու եմ Վարդանուշին բերեմ։
Հորաքույրս ոչ մի կերպ չի կարողանում համոզել տատիս. տատս գնում է իր տուն… Մի քանի օր անց մահանում է։
ԿԱՐՈՏ
Փոքր ժամանակ ես նկարում էի Իծաքարը, մեր երևանյան բակը (Նարիմանովի 122), մորս ծննդավայր Սպիտակը։ Սրանք իմ մանկության (թերևս իմ ողջ կյանքի) երեք ամենալուսավոր ու տաք հանգրվաններն են։
Պապս 8 երեխա ուներ, մեծը 1908 թվի ծնունդ էր (հորաքույրս), կրտսերը՝ 1934 (հայրս)։ Երբ պապիս թոռները հավաքվում էին գյուղում, տունը լցվում էր աղմուկով, ծիծաղով, ուրախությամբ։ Ես Իծաքարի անտառներում եմ մեծացել, վազվզել եմ բացատներում, թավալ եմ տվել խոտերի մեջ, «որս» եմ արել իմ սիրելի պարսատիկով… Կոխ եմ բռնել, ղայիշոցի եմ խաղացել… Հետո ինձ տարել են Սպիտակ՝ մորս ծննդավայրը, որ տեսնեմ իր սիրելի գետակն ու լսեմ հայրենական կռվով անցած պապիս անվերջանալի պատմությունները…
Ես գյուղում եմ սովորել Ավագության օրենքը։ Պապիս երեխաներն ու թոռները շատ տարբեր էին միմյանցից՝ կրթությամբ, հասարակական դիրքով, ֆինանսական դրությամբ, բայց ոչ ոք չէր կարող շրջանցել Ավագության օրենքը։ Կրտսերը խոնարհ էր ավագի առաջ։ Ավագի խոսքը հարգված էր։ Ու նահապետը պապս էր՝ խաղաղ, իր գինն իմացող, ծանր ու մեծ… Ես գյուղում եմ յուրացրել Գերդաստանի օրենքը։ Հիմա երբեմն չեմ էլ մտաբերում՝ զարմիկներիցս որ մեկը որի երեխան է, չեմ էլ փորձում հիշել՝ հեռավոր ազգական է, թե մոտ… Մերոնցից է՝ ուրեմն նրա ցավը իմ ցավն է, նրա հոգսը իմ հոգսն է…
…Մեր բակի տները գրեթե կպած էին իրար, ու ամբողջ բակը ասես մի մեծ ընտանիք լիներ։ Երբ դպրոցից տուն էի գալիս ու տեսնում էի, որ տատս տանը չէ (մորս ծնողները մեզ հետ էին ապրում), վազում էի հարևանների տները, որ գտնեմ տատիս։ Ու որտեղ տատիս գտա, այդտեղ էլ ճաշում էի։ Այդ ամենը այնքան բնական էր, տեղին ու ճիշտ… Ու երբ որևէ մեկի՝ դպրոցից վերադարձած երեխան չէր գտնում տանը իր ծնողին, հարևանները բռնում-տանում էին իրենց տուն, անպայման մի բաժին տաք ճաշ էին տալիս։
…Հիշում եմ՝ կանայք վերմակների բուրդը լվանում ու փռում էին աղբյուրի մոտ, արևի տակ։ Մի բաժակ սուրճից հետո սկսում էին չփխել։ Ով հասնում՝ էդ բուրդը չփխում էր (իմ ու քո չկար), ով հասնում՝ մի-երկու կար էր դնում էդ վերմակների վրա։ Գիտեք, մի քիչ անհարմարություն եմ զգում այս ամենը պատմելիս։ Հիմա հաստատ մտածում եք, թե այս ատոմային դարում, այս կատաղի ռիթմի մեջ՝ ինչե՜ր է հիշել, ինչե՜ր է պատմում։ Գրելու համար չեմ պատմում, ուղղակի խոսելու ցանկություն արթնացավ, մի տեսակ… այդ ամենն այնքան հարազատ էր ինձ… Ես ակորդեոն էի նվագում։ Մասնավոր մեկ-երկու դասեր էի առել։ Հիմա էլ երբեմն նվագում եմ՝ ակորդեոն կամ դաշնամուր։ Գիտեք, նույնիսկ մի երգ եմ գրել Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծության բառերով… Հանցագործությունների, բացահայտումների, քրեական գործերի «արանքում» կկորցնես ինքդ քեզ, եթե անցյալդ չգա ու չջերմացնի հոգիդ, չդառնա սեր, կարոտ, երգ…
ՅՈՒԼԻԱ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎՆԱՆ
Իմ առաջին սերը մաթեմատիկայի ուսուցչուհիս էր՝ Յուլիա Ալեքսանդրովնան։ Չքնաղ աղջիկ էր (նույնիսկ չգիտեմ՝ ամուսնացած էր այն ժամանակ, թե ոչ)։ Ես չորրորդ դասարանում էի սովորում։ Հիշում եմ սրտիս թպրտոցը, երբ Յուլիա Ալեքսանդրովնան դասը պատմելիս մոտենում էր ու հենվում իմ նստարանին։ Մտածում էի՝ ուրեմն ինքն էլ ինձ է սիրում… Մանր ու մեծ հրապուրանքների արանքում ես երկու անգամ եմ խորապես սիրել՝ Յուլիա Ալեքսանդրովնային և կնոջս։
Վերջերս դպրոցական ընկերներով հավաքվել էինք, մի քանի բաժակից հետո լրիվ մանկացանք, սկսեցինք կատակներ անել, հրմշտել իրար… հետո անկեղծացանք, հիշեցինք 40-43 տարվա վաղեմություն ունեցող դեպքերը… Պարզվեց, որ դասարանի տղաների մեծ մասն է սիրահարված եղել Յուլիա Ալեքսանդրովնային։
ՖԱՆԳԻ ԲԱՆՎՈՐԸ
Երբ դպրոցն ավարտեցի, ցանկանում էի ընդունվել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, որովհետև ես ձեռքի գնդակ էի պարապում (սպորտի վարպետի թեկնածու էի, ընդգրկված էի Հայաստանի հավաքականի կազմում), իսկ ավիացիոն ինստիտուտի թիմը շատ ուժեղ էր, այնտեղ դեմքեր կային, որ իմ կուռքն էին… բայց մի դիպված ճակատագրական եղավ, հիվանդացա դեղնախտով ու չկարողացա մեկնել Հայաստանից։ Եվ քանի որ մայրս իրավաբան էր, նրա խորհրդով ընդունվեցի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ես դպրոցում հինգերով եմ սովորել, բայց ընդունվեցի հեռակա բաժին և սկսեցի աշխատել «Անահիտ» տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես ֆանգի գործող բանվոր։ Սկզբում կադրերի բաժնի տեսուչ էի, բայց աշխատավարձը քիչ էր, ու ես սեփական ցանկությամբ գործող բանվոր դարձա, որ ավելի շատ վաստակեմ։ Չմտածեք, թե կարիքի ու զրկանքի մեջ եմ ապրել, և այդ գումարն ինձ պետք էր գոյատևելու համար։ Մայրս դատախազի օգնական էր, հայրս նույնպես բարձրագույն կրթություն ուներ, երկու տեղ աշխատում և լավ էր վաստակում, բայց սեփական քրտինքով աշխատած փողի հաճույքը ոչ մի բանի հետ չես համեմատի։ Սիրով եմ հիշում այդ տարիները, բանվոր ընկերներիս, որոնք մինչ օրս կողքիս են։ Կյանքը ամենամեծ ու իմաստուն ուսուցիչն է։ Եթե ուզում ես ճիշտ գնահատել ընկերներիդ ու սիրելի մարդկանց, մի պահ պատկերացրու՝ եթե մի օր լինես աղքատ, պաշտոն չունենաս, ո՞վ կկանգնի կողքիդ… Քանի՞ մարդ… Ուրեմն՝ նրանց էլ ամուր բռնիր։
Ամեն անգամ երջանկություն բառը լսելիս հիշում եմ, թե ինչպես էին հայրս ու մայրս հատիկ-հատիկ հավաքում իրենց տունը, յուրաքանչյուր իրը… որքան էին ուրախանում նոր իր գնելիս՝ սկահակ, թեյնիկ, բաժակ… Ջերմություն էին տալիս այդ իրերին, հոգի էին տալիս։ Ու տունը, տան պատերը, կահ-կարասին սեր էին շնչում։ (Ես, իհարկե, սկզբից չգնացի այդ բնակարանը, մնացի մեր հին տանը՝ Նարիմանովի 122-ում, տատ ու պապիս հետ)։
…Շնորհակալ եմ Աստծուց ու բախտից։ Իմ տաք-տաք մանկության համար, իմ գունավոր, պայծառ պատանեկության համար, ինձ իբրև ամենամեծ պարգև տրված սիրելի մարդկանց` ծնողներիս, քրոջս ու նրա դստեր, կնոջս ու երեք զավակներիս, քեռիներիս ու մնացածների համար։ Այն ճանապարհի համար, որ անցել եմ։ Ամեն օր քնելուց առաջ «Հայր մերն» ասելուց հետո սրտի խորքից շնորհակալություն եմ ասում Աստծուն… որ օրն անկորուստ անցավ… որ սահմանից վատ լուր չլսեցինք… Ամեն առավոտ փառք եմ տալիս Աստծուն, որ օրը բարի բացվեց, դժբախտ դեպք չունեցանք։
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Այսքանը։ Առանց նախաբանի ու վերջաբանի։ Այս յուրօրինակ, այս անկեղծ-սրտառուչ ինքնակենսագրությունը ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի ծննդյան 50-ամյակին նվիրված տոնական զրույցի փոխարեն։ Մնացա՞ծը։ Թերևս թվեր-փաստերի լեզվով։
1989-1990թթ.`«Երևան» հեռուստատեսային ֆիլմերի ստուդիայի իրավախորհրդատու: 1990-97թթ. աշխատանքի է անցել ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ հասնելով նույն վարչության պետի պաշտոնին։ 1997-ից մինչև 2007 թվականը զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազության մեղադրանքի պաշտպանության բաժնի պետ-ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը։ 2007-ից մինչ օրս ղեկավարում է ՊՆ քննչական ծառայությունը։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #17 (984) 2.05.2013 – 8.05.2013, Ազգային բանակ, Ճակատագրեր