ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՍՏՎԱԾ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՉԱՐԻՔԸ
Ո՛չ սատանան, ո՛չ էլ որեւէ մարդ մի ուրիշ մարդու չի կարող ոչ մի վնաս հասցնել առանց Աստծո թույլտվության, ուստի փորձենք հասկանալ, թե Աստված ինչն է թույլ տալիս, ինչ կերպ եւ ինչ պատճառով:
Անհրաժեշտ է տարբերել թույլատրվող չարիքների երկու տեսակ:
Առաջին տեսակը, որը կազմում են զանազան վշտերը, նեղությունները, հիվանդությունները, վիրավորանքները կամ անարգանքը (սնանկացումը, բանտարկությունը, արտաքսումը, աքսորը) եւ մահը` այս ամենը նեղ իմաստով չի էլ կարող չարիք կոչվել, այլ միայն դառը դեղ, որն ուղարկվում է Աստծուց` մեր հոգու բժշկության համար: Չարիքի երկրորդ տեսակը, որ բուն իմաստով հենց չարիք է, մեր մեղքերն են` Աստծո պատվիրանների խախտումները: Չարիքի առաջին տեսակն Աստված թույլ է տալիս Իր ցանկությամբ` կա՛մ որպես ամբարիշտների համար պատիժ, կա՛մ Իր որդիներին եւ դուստրերին ուղղության բերելու միջոց: Երկրորդ տեսակի չարիքի, այսինքն` մեղքերի մասին չի կարելի ասել, որ Աստված կամենում է դրանց կատարումը, կարելի է ասել, որ միայն թույլ է տալիս: Այն ամենն, ինչ իսկապես կա աշխարհում, նրանում գոյություն ունի Տիրոջ ցանկությամբ ու խոսքով, եւ Նրա կամքով է, որ «Ամեն ինչ գոյություն ունի եւ ստեղծվել է, եւ առանց Նրա ոչինչ իրական գոյություն չի ստացել» (Հովհ. 1; 3):
Սակայն մեղքն իրական գոյություն չէ, այլ միայն իրական գոյության ուրվականային հակադրությունը: Մեղքը գոյություն ունի Աստծուն չհնազանդվող, Նրա ստեղծած բանական ու ազատ էակների անկատարության, ստի եւ կեղծավորության պատճառով: Ուստիեւ մեղքը սկիզբ է առել եւ այժմ էլ գործվում է Աստծո կամքին հակառակ, այն Նրանից չէ, սակայն գործվում է Նրա թույլտվությամբ: Մեղքը թույլատրելու պատճառը ժամանակավորապես ծածկված է Աստծո կատարյալ ու անսխալ աշխարհակառավարման կամ Նրա նախախնամության գաղտնիքի մեջ: Աստված կատարելապես գիտի ամբողջ ապագան եւ կարող է հեշտությամբ թույլ չտալ Իր համար ատելի մեղքը, սակայն թույլ է տալիս` կամենալով չարիքից բարիք ստեղծել, անարդարությունից` արդարություն` մարդկանց խրատելու եւ ուղղության բերելու համար, որպեսզի նրանք տեսնեն, թե մեղքն ինչ հետեւանքներ է ծնում թե՛ մեղանչողի եւ թե՛ նրա մերձավորների ու հասարակության համար: Սրանում է Աստծո թույլտվության տարբերությունը մարդկային թույլտվությունից, որը չի կարող մարդկային միջոցներով սկզբից եւեթ կանխել ու կասեցնել չարիքը, որքան էլ որ թույլ տրվածի կատարումն անցանկալի լինի: Մինչդեռ Աստված ունի թե՛ չար մտադրությունը թույլ չտալու, դրա կատարումը կասեցնելու կարողություն, թե՛ այն կամքը, որը թույլ է տալիս այս կամ այն չարիքի կատարումը: Ուստի հարց է ծագում. ինչո՞ւ է Աստված հաճում թույլ տալ մեղքի կատարումը, կամ ո՞րն է այն դրդապատճառը, որով Աստված թույլ է տալիս, որ մարդիկ մեղանչեն:
Աստծո անբավ բարությունը երբեք թույլ չէր տա, որ երկրի վրա անօրինություններ գործվեին, եթե դրանցից նա չարդյունավորեր մեծագույն բարիքներ եւ չարությամբ կատարվածը փրկությանը նպաստող չդարձներ: Աստված թույլ տվեց, որ անմեղ Հովսեփի հանդեպ նրա եղբայրների նախանձն աճեր, սակայն սա ի՞նչ բարի գործի համար արեց. ո՞չ արդյոք սովամահությունից փրկելու համար ոչ միայն նրա ծնողներին, եղբայրներին ու հարազատներին, այլեւ ամբողջ Եգիպտոսը: Աստված թույլ տվեց անօրեն Սավուղին ամեն կերպ վնասել հեզ ու անչար Դավթին, բայց ո՞չ արդյոք հենց Դավթի եւ հրեական ամբողջ թագավորության օգտի համար: Այո՛, եւ ո՛չ միայն նրանց օգտի համար, այլեւ մարդկային ամբողջ ցեղի` Դավթի սերնդից մեր Քրիստոս Փրկչի միջոցով: Աստված թույլ տվեց զրպարտված անմեղ Դանիել մարգարեին կատաղած առյուծների գուբը գցել, սակայն ի՞նչ նպատակով. նրան եւ նրա ընկերներին մեծության ու փառքի բարձրագույն աստիճանին հանելու համար:
Սակայն ինչո՞ւ պատմեմ հինկտակարանյան բազմաթիվ փաստերի մասին, երբ Աստծո թույլտվությամբ նախանձոտ քահանայապետերը, փարիսեցիներն ու հրեական ծերակույտը, նախանձից դրդված, խաչելության մատնեցին Աստծո միածին Որդի Հիսուս Քրիստոսին, եւ այս թույլտվությունը դարձավ մարդկային ամբողջ ցեղի փրկությունը: Այսպիսով` ամեն թույլտվությունից ծնվում ու բացահայտվում են մեզ համար Աստծո փառքի, ինչպես նաեւ ամեն մարդու եւ մարդկային ամբողջ ցեղի հանդեպ Նրա բարերարությունների մեծ հարստությունները: Բացահայտվում են մեզ համար Աստծո բարությունն ու ողորմածությունը, առատաձեռնությունը, ամենազորությունն ու մեծությունը, կանխագիտությունն ու նախախնամությունը: Սրանով Նրա բարձրագույն իմաստությունն ու արդարությունը անհայտ ճանապարհներով լուսավորում են մեզ, ինչով շատ ու շատ զգոն մարդկանց մղում են առաքինությունն աճեցնելու եւ դժվարին, բայց փառավոր սխրանքները շատացնելու:
Որքա՜ն զարմանալի եւ փառավոր կերպով է դրսեւորվում աստվածային նախախնամությունն իր ամենօրյա թույլտվություններում: Դժվար չէ բարուց բարին ստեղծել, սակայն մեծ զարմանքի արժանի գործ է չարը բարիք դարձնելը: Կա մի առած. «Հանդարտ ծովում ամեն ոք էլ կարող է նավավար լինել»: Մեծ չէ այն իմաստությունը, որով նավաստիները գիտեն իրենց գործը, երբ քամին համընթաց է, նավը` ամուր, ծովն ալեկոծ չէ, նավահանգիստը երեւում է, եւ նավն ուղղում են դեպի այն: Սակայն ուրիշ է, երբ ծովում մրրիկ է, նավը` վնասված, ալիքներն աղմուկով լցվում են տախտակամածն ու նավի ներսը, կամ երբ մութ գիշեր է, ոչինչ չի երեւում, ծովահենները շրջապատել են նավը, որի անձնակազմը սակավամարդ է եւ վատ զինված, եւ չնայած այս ամենին` նավապետն այնքան հմտորեն է ղեկավարում, որ նավն առանց որեւէ վնաս կրելու խուսափում է վտանգից. ահա սա՛ է զարմանալի գործ. նավապետը գործով ապացուցում է իր իմաստությունն ու նավավարության մեջ իր փորձվածությունը:
Նույնը նկատում ենք նաեւ Աստծո աշխարհակառավարման մեջ. այն, ինչ Աստծո կամքով թույլատրվում է եւ մեզ թվում իբրեւ դեպի բարին չտանող բան, Աստված հասցնում է լավագույն ավարտին` ըստ Իր անպատմելի իմաստության ու արդարության: Անօրեն գործերի եւ վշտալի պատահարների թույլտվությամբ Աստված երբեմն անօրեններին դարձնում է Իր ազնվագույն բարեկամները: Ըստ Աստծո նախախնամության, որն ամեն ինչ ուղղում է դեպի լավագույն ավարտը` մեկի հանդեպ չարանենգ մտադրությունները հաճախ արդյունքում նրան օգուտ ու պատիվ են բերում, իսկ նրա հանդեպ եղած հարձակումներն ու վիրավորանքները` հաճախ բազմապատկում նրա ուժերը: Ամբարիշտների մեծագույն անօրինությունները շատերին հաստատում են բարեպաշտության ու առաքինության մեջ եւ նախապաշտպանում կործանումից: Շատ մարդիկ, թվում է, արդեն կատարելապես ընկղմված են կործանման խորխորատը, սակայն իրականում պարզվում է, որ հենց դրանով են նրանք փրկվելու:
Տեր ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քհն. ԴԱՆԻԵԼՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր