1. «ՆՈՐ ՕՍՄԱՆՆԵՐԻ» ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ
ԹՈՒՐՔ-ՔՐԴԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԲԱՑԱՏՐՈՂ ՎԱՐԿԱԾ
Այս տարվա մարտի 21-ին` մահմեդական Նովրուզ տոնի օրը, Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում հարյուր հազարավոր քրդերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքում ընթերցվեց Իմրալի բանտում ցմահ ազատազրկված Աբդուլլա Օջալանի (քրդական բանվորական կուսակցության առաջնորդի) նամակը: Օջալանը ՔԲԿ-ի զինյալներին կոչ էր անում դադարեցնել Թուրքիայում քրդական խնդիրը լուծելու համար զինված պայքարը, վայր դնել զենքը եւ հեռանալ Թուրքիայի տարածքից: «Եկել է քրդական խնդիրը ոչ թե զենքի, այլ քաղաքական ճանապարհով լուծելու ժամանակը»,- նամակում գրել է Օջալանը:
Որոշ փորձագետներ քուրդ զինյալների` Թուրքիայից հեռանալու երևույթը համարում են անսպասելի և «սենսացիոն», իսկ թուրքերը ուրախությունից ձեռքերն են շփում` համարելով, որ իրենց հաջողվել է 35 տարվա արյունոտ դիմակայությունից և երկուստեք 40 հազար զոհ տալուց հետո թշնամուն դարձնել դաշնակից:
Որոշ փորձագետներ փորձում են բացատրություն գտնել այս երևույթին: Բացատրություններից մեկը հետևյալն է:
Ինչպես հայտնի է, 2006թ. ամերիկացի փոխգնդապետ Ռալֆ Պետերսի առաջարկած` «Մեծ Մերձավոր Արևելքի» քարտեզի վրա Թուրքիան տարածաշրջանի այն պետություններից է, որոնք վերաձևման արդյունքում տարածք են կորցնում: Մասնավորապես` Պետերսի առաջարկած տարբերակում Քրդստան պետությունը ստեղծվում է Թուրքիայից անջատված տարածքի վրա: Որոշ փորձագետների կարծիքով, Թուրքիան ձգտում է ամեն ինչ անել` կանխելու համար իրադարձությունների նման զարգացումը և, եթե հնարավոր է, նույնիսկ իր օգտին ծառայեցնել ամերիկացիների ծրագիրը:
Վերջերս թուրքական «Միլիեթ» թերթում տպագրվեց տարածաշրջանի քարտեզի թուրքական տարբերակը, ըստ որի` Թուրքիայի կազմում էին ներառված Հյուսիսային (քրդական) Իրաքը, Սիրիայի հյուսիսը, ամբողջ Կիպրոսը և Հունաստանի մի շարք շրջաններ, ինչպես նաև Նախիջևանը և Աջարիան: Փաստորեն, Թուրքիան հավակնում է ընդլայնել իր տարածքները` նոր օսմանականության ոգուն լիովին համապատասխան: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ քրդերը թուրքերի դաշնակիցը դառնան: Չի բացառվում, որ Թուրքիան կարողացել է համոզել քուրդ առաջնորդներին, թե քրդերի համար ավելի իրատեսական է թուրքական նոր կայսրության կազմում ինքնավարություն ունենալը, քան ամերիկացիների սցենարի համաձայն` անկախ պետություն, հետևաբար` երկուստեք ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում քուրդ զինյալները պետք է դուրս բերվեն Թուրքիայի տարածքից:
Այն, որ Թուրքիան փորձում է իր «սեփական խաղի» կանոնները թելադրել, վկայում է նաև վերջերս Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի խնդրանքը Վաշինգտոնին` չմիջամտել Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի հարաբերություններին: Բանն այն է, որ Թուրքիան իրաքյան նավթը գնելու վերաբերյալ գործարքներ է կնքում Քրդստանի հետ, իսկ ԱՄՆ-ը դեմ էն, որովհետև կարծում է` Քրդստանի տնտեսական ինքնուրույնությունը նրան կմղի Իրաքից անջատվելու և սերտացնելու հարաբերությունները Իրանի հետ: (Հարց է ծագում. եթե ամերիկյան սցենարով նախատեսվում է անկախ Քրդստանի ստեղծում, ապա ինչո՞ւ է ԱՄՆ-ը դեմ Իրաքի քրդերի ինքնուրույն տնտեսական քաղաքականությանը, չէ՞ որ դա էլ մի քայլ է ամերիկյան սցենարի իրականացման ուղղությամբ: Արդյոք Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև այս հարցում գաղտնի պայմանավորվածություն չկա՞. միգուցե ԱՄՆ-ը այս պահին չի ցանկանում բացահայտորեն աջակցել քրդերին, ինչը անում է Թուրքիան):
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ
Այս բացատրությունից բխում է, որ քրդերի հետ հարաբերությունների նորմալացման նախաձեռնությունն ինչ-որ իմաստով իրավիճակային որոշում է, որն էլ հարկադրված ընդունել են թուրքական իշխանությունները: Մինչդեռ փաստերը վկայում են, որ քրդական հարցի հիմնովին լուծման ջանքերն ունեն նախապատմություն:
Այսպես, թուրք ազգայնականների «Ենիչաղ» թերթը այս տարվա ապրիլի 23-ի համարում գրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը քրդական հարցը լուծելու նպատակով ցանկանում է Թուրքիայի Հանրապետությունը վերանվանել «Անատոլիական հանրապետություն»: Այս գաղափարն առաջինը բարձրաձայնել է Թուրքիայի ութերորդ նախագահ (1989-1993) Թուրղութ Օզալը (1927-1993), որը գործածում էր նաև «Օսմանյան հանրապետություն» եզրույթը: Նրա համար պետության անվանափոխությունը քրդական խնդրի լուծման բանալի էր, քանի որ Թուրքիան դադարելու էր միայն «թուրքերի պետություն» լինելուց և վերածվելու էր «աշխարհագրական տարածքի» (Անատոլիական հանրապետության), որտեղ թուրքերի հետ հավասար իրավունքներ էին ստանալու նաև մյուս ժողովուրդները, նախևառաջ` քանակով թուրքերին հաջորդող քրդերը: Այսինքն` Թ.Օզալն առաջարկում էր Թուրքիան դարձնել դաշնային հանրապետություն: (Այս մասին պատմել է Թուրղութ Օզալի եղբայրը` Քորքութ Օզալը):
«Ենիչաղը» գրում է, որ Թուրքիայի իշխող` Արդարություն և զարգացում կուսակցությունը ծրագրում է իրականություն դարձնել Թ.Օզալի գաղափարը, փոխել Թուրքիայի սահմանադրությունը, դրանից հանել «թուրք» եզրույթը և ներառել «քուրդ ժողովուրդ» եզրույթը:
ՆՈՐ ՕՍՄԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ
Փաստորեն, Թուրքիայի իշխանությունները փորձում են քրդական հարցին համակարգային լուծում տալ` որպես նոր կայսրության ստեղծման ածանցյալ: Փորձագիտական շրջանակներում Թուրքիայի նոր կայսերապաշտական քաղաքականությունն սկսեց «նոր օսմանականություն» անվանվել 2008 թ.-ից: 2009թ. մայիսի 1-ին Թուրքիայի արտգործնախարար նշանակվեց Ահմեդ Դավութօղլուն, որը համարվում է Անկարայի նոր արտաքին քաղաքականության «ճարտարապետը»: Ոմանք էլ նոր օսմանականության ինքնուրույն քաղաքականության դրսևորման սկիզբ են համարում 2003 թ. մարտի 1-ը, երբ Թուրքիայի խորհրդարանը մերժեց երկրի տարածքից Իրաքի դեմ պատերազմի երկրորդ ճակատ բացելու` ամերիկացիների պահանջը:
Նոր օսմանականության էությունը ավելի լավ հասկանալու համար ավելորդ չէ անդրադառնալը, թե ինչ է օսմանականությունը` 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության պաշտոնական գաղափարախոսությունը, ըստ որի` օրենքի առաջ հավասար էին հայտարարվում (թղթի վրա) բոլոր դավանանքներն ու ազգությունները, որոնք պետք է համախմբվեին (ձուլվեին) միասնական «օսման ժողովրդի» մեջ:
1923 թ. ծնունդ առած Թուրքիայի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսությունը քեմալիզմն էր, որը հիմնված է երկու սկզբունքի` աշխարհիկության (ոչ կրոնականության) և ազգայնականության (թրքականության) վրա: Այս սկզբունքներն առաջին անգամ լրջորեն վերանայվեցին 1988թ., երբ ֆրանսերեն, իսկ 1991թ. անգլերեն լույս տեսավ Թուրղութ Օզալի պատմափիլիսոփայական երկը` «Թուրքիան Եվրոպայում» (անգլերեն տարբերակի վերնագիրը` «Թուրքիան Եվրոպայում և Եվրոպան Թուրքիայում»): Հետաքրքիր է, որ այն թուրքերեն է թարգմանվում միայն 2010թ.` «Պատմություն և ժառանգություն. Անատոլիան անտիկ ժամանակներից մինչև Հանրապետություն, թուրքական և իսլամական քաղաքակրթություն» վերտառությամբ: (Ըստ երևույթին, սա նշանակում էր, որ Թ.Օզալի գաղափարներն արդեն անհրաժեշտ էին երկրի ներսում` Արդարություն և զարգացում կուսակցության ծրագրած փոփոխություններին թուրք հասարակությանը նախապատրաստելու համար):
«ՀՈՂԻ» ԵՎ «ԱՐՅԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչ գաղափարներ է արտահայտում Թ.Օզալը: Նա առաջ է քաշում մի տեսություն, ըստ որի` Թուրքիան պատկանում է «անատոլիական քաղաքակրթությանը», և որը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է: Ավելին, մեծապես պայմանավորել է Եվրոպայի զարգացումը: Օզալը «անատոլիական քաղաքակրթության» ներկայացուցիչ է համարում նույնիսկ հույն բանաստեղծ Հոմերոսին (մ.թ.ա. 8-րդ դար) և այն անտիկ փիլիսոփաներին, որոնք ապրել և ստեղծագործել են փոքրասիական («անատոլիական») քաղաքներում: «Քանի որ հին հունական մեծ մտածողները ապրել են Անատոլիա-Թուրքիայի տարածքում, ուստի նրանք Թուրքիայի մշակութային և պատմական ժառանգության մասն են կազմում»,- հայտարարում է Օզալը: Գրչի մի հարվածով նա թուրքական ժառանգություն է հայտարարում հին հունական պոլիսները, հռոմեական գավառները, Բյուզանդական կայսրությունը: Որոշ հետազոտողներ նկատում են, որ դրանով իսկ Թ.Օզալը առաջին պլան է մղում «հողի», այսինքն` աշխարհագրական սկզբունքը` ի տարբերություն պանթյուրքիստների «արյան ու լեզվի» սկզբունքի, ինչը հակասում է թուրքական ազգայնականությանը, այսինքն` քեմալականության գաղափարախոսությանը:
Հետաքրքիր է նաև, որ Թ.Օզալն այն բարձրաստիճան պաշտոնյան էր Թուրքիայում, որն առաջինը հանդես եկավ քուրդ բնակչության մշակութային իրավունքների պաշտպանության օգտին: Օզալի օրոք դադարեցին քրդերին անվանել «լեռնային թուրքեր», երկրում պաշտոնապես ճանաչեցին քրդերենի գոյությունը: Օզալը աշխատանքային հարաբերություններ հաստատեց Իրաքի քրդերի առաջնորդների հետ և նույնիսկ թույլ տվեց նրանց ճանապարհորդել թուրքական դիվանագիտական անձնագրերով:
Թուրք ազգայնականները նման վարվելակերպը բացատրում էին Օզալի` քուրդ լինելով: Ընդսմին, իրավացի են թերևս նրանք, ովքեր Թուրքիայի վերնախավի գաղափարախոսության մեջ կատարված փոփոխությունը փորձում են բացատրել ավելի խորքային պատճառներով: Հայտնի է, որ Թ.Օզալը սուֆիական Նաքշբանդիյա կրոնական եղբայրության անդամ էր, ինչպես և Թուրքիայի վարչապետ (1996-97թթ.), այդ երկրի ներկայիս իշխող` Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրներից մեկը` Նեջմեթին Էրբաքանը (1926-2011), ինչպես և նրա քաղաքական հետևորդ, Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեբ Էրդողանը (ինչպես և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն): Հասկանալու համար, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի քաղաքականության համար, անհրաժեշտ է որոշ տեղեկություններ բերել սուֆիզմի մասին: Մինչ այդ արձանագրենք այն փոփոխությունները, որոնք կատարվեցին Թուրքիայի քաղաքականության մեջ:
«ԱՅՈ՛, ՄԵՆՔ ՆՈՐ ՕՍՄԱՆՆԵՐ ԵՆՔ»
Ռեջեփ Էրդողանն ու Աբդուլլա Գյուլը 2001թ. հիմնեցին Արդարության և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), որի գաղափարախոսությունն անվանեցին «պահպանողական ժողովրդավարություն»: ԱԶԿ-ի իշխանության օրոք Թուրքիայում աճեց հետաքրքրությունը Օսմանյան կայսրության պատմության նկատմամբ. վերադարձ կատարվեց օսմաներենին, օսմանյան թեմատիկայով նկարահանվեցին բազմաթիվ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, գիտահանրամատչելի հեռուստահաղորդումներ:
2001թ. լույս տեսավ Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքորոշումը» գիրքը, որը հետագայում սկսեց ընկալվել որպես նոր օսմանականության քաղաքականության տեսական դրույթների շարադրանք: Դավութօղլուի առաջ քաշած հիմնական դրույթն այն է, որ Հանրապետության հիմնադրման օրվանից Թուրքիան շատ քիչ ուշադրություն է դարձրել այն երկրներին, որոնք մի ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էին, և կողմնորոշված է եղել գլխավորապես դեպի Արևմուտք` ԱՄՆ և Եվրոպա: Դավութօղլուն համոզմունք էր արտահայտում, որ եկել է Թուրքիայի քաղաքականությունը հավասարակշռելու ժամանակը. նա պետք է տարածաշրջանում ավելի կարևոր դերակատարում ունենա: 2009թ. Դավութօղլուն ԱԶԿ կուսակցության անդամներին բացահայտ ասաց, որ Թուրքիան վարում է նոր օսմանականության քաղաքականություն. «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նոր օսմաններ»: Այո՛, մենք «նոր օսմաններ» ենք: Մենք ստիպված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա»: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա այստեղ ԱԶԿ-ն աստիճանաբար և հետևողականորեն ամրապնդում է մահմեդական կրոնի դիրքերը:
ԱԶԿ-ն ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` քրդերի նկատմամբ ավելի հանդուրժող քաղաքականություն է վարում. 2011թ. Թուրքիայի կառավարությունն առաջին անգամ դրամաշնորհներ հատկացրեց ազգային փոքրամասնությունների թերթերի ու ամսագրերի հրատարակման համար: Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանը, մի քանի տարի առաջ մասնակցելով ալիևների կրոնական տոնակատարությանը, հայտարարեց. «Չկա և չի կարող լինել մարդու` իր նմանի նկատմամբ գերազանցություն` սուննի մահմեդականինը շիա մահմեդականի նկատմամբ, ջաֆարականինը` սուննիի, թուրքինը` քրդի, լազինը` չերքեզի, պարսիկինը` արաբի: Այս երկրի վրա մենք բոլորս միասնական ենք, մենք եղբայրներ ենք»:
Էրդողանն իր աշխատասենյակում հպարտությամբ ցույց է տալիս սուլթան Մեհմեդ Երկրորդի` Օսմանյան կայսրությունում կրոնական փոքրամասնություններին ինքնավարություն շնորհելու մասին հրամանագրի բնօրինակը: «Ժամանակները, երբ մեր քաղաքացիներին ճնշում էին դավանանքի, էթնիկ ծագման կամ կենսակերպի համար, մնացել են անցյալում»,- հայտարարել է Ռ.Էրդողանը 2011թ. օգոստոսի 28-ին: Զավեշտալի է, բայց Թուրքիայի այժմյան իշխանությունները համարում են, որ թուրքերը միշտ էլ հանդուրժող են եղել. Թուրքիայի` Եվրամիության գործերով նախարար Է.Բաղըշը մի առիթով հայտարարել է. «Օսմանյան կայսրությունը նվաճել է աշխարհի երկու երրորդը, բայց ոչ մեկին չի ստիպել հրաժարվելու իր լեզվից կամ կրոնից այն դեպքում, երբ ամենուրեք փոքրամասնությունները հալածանքի էին ենթարկվում: Թուրքերը կարող են հպարտանալ այդ ժառանգությամբ»:
(Ի դեպ, նոր օսմանականության քաղաքականությանը Ադրբեջանում վերաբերվում են զգուշությամբ: Ադրբեջանում պաշտոնական գաղափարախոսությունը հիմնվում է «հողի սկզբունքի» վրա, քանի որ պնդում է, թե, իբր, պետականությունն ու քաղաքակրթությունն Ադրբեջանը ժառանգել է վաղ միջնադարյան Կովկասյան Ալբանիայից: Այս տեսությունը նման է Թ.Օզալի` վերը բերված տեսությանը: Այնինչ, նման մոտեցմամբ հնարավոր չէ հետևողականորեն առաջ տանել Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ «մեկ ժողովուրդ, երկու պետություն» պանթյուրքական գաղափարախոսության կառույցը, որը հիմնված է «արյան սկզբունքի» վրա):
Թեմայի շարունակությունը` մեր հաջորդ` «Սուֆիզմը և Թուրքիայի քաղաքականությունը» հոդվածում:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական