ՀԱՅՈՑ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻՆ
Մեր Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմամշակութային բազում հուշարձաններով, այժմ էլ շրջանի տարբեր բնակավայրերում նորակերտ հուշակոթողներ են տեղադրվում՝ հիմնականում խաչքարի տեսքով, որոնք բոլորն էլ նվիրված են հայ ազատամարտիկներին: Նման մի խաչքար էլ տեղադրվեց Դրախտաձոր գյուղում:
Քաշաթաղի ծայրամասային բնակավայրերից է Դրախտաձորը, որը գտնվում է Հոչանց գետի ձախափնյա լանջերին, դեպի ուր էլ ուղևորվում ենք «ՈՒԱԶ» մեքենայով՝ տանելով տուֆե խաչքարը, որը կերտել են հայր ու որդի Մկրտչյանները՝ Հովհաննեսն ու Սերյոժան: Անցնում ենք խոր-խոր ձորերի պռունկներով, անտառապատ ճանապարհներով, կիրճերով:
Գյուղում արդեն որոշված էր խաչքարի տեղը, պատրաստ էր պատվանդանը: Այստեղ են համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը, համագյուղացիներ, երեխաներ: Բոլորն էլ եկել են օգնելու, որ տեղադրվի ցանկալի հուշարձանը, որի վրա գրված է. «Հայոց քաջորդիներին»: Խաչքարի տեղադրումն իրականություն դարձավ «Առաջ Արցախ» հասարակական կազմակերպության միջնորդությամբ, որի անդամ է Դրախտաձորի դպրոցի պատմության ուսուցիչ Արշակ Ղազարյանը: Աշխատանքներին աջակցել է ԱԱՄ «Հայրենյաց պաշտպան» ՀԿ Քաշաթաղի շրջանային կազմակերպության ղեկավար Գևորգ Իսախանյանը, որի Սամվել և Սմբատ որդիները նույնպես մեզ հետ էին: Վահրամը սիրով է համաձայնել իր մեքենայով անվարձահատույց խաչքարը տեղափոխելու խնդրանիքին: Ասում է, որ իր եղբայրն էլ է զոհվել Արցախյան գոյամարտում: Ֆինանսական աջակցությունը ցուցաբերել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունը: Խաչքարի օծումն ու բացումը տեղի ունեցավ մի քանի օրից:
Զ.Ը.
Խորագիր՝ #19 (986) 16.05.2013 – 22.05.2013, Բանակ և հասարակություն