ՄԵՐԸ ՈԳՈՒ ԿՌԻՎ Է
Հարցազրույց բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ հետ
-Պարոն Դավոյան, ես չգիտեմ՝ ուրիշ ազգերի ներկայացուցիչների՞ն էլ է հատուկ իրենց արմատը որոնելու մղումը, բայց մենք պիտի իմանանք, թե որտեղ են թաղված մեր ապուպապերը։ Ինչ երեւելի դեմքեր են եղել մեր տոհմում, ինչպիսի քաջագործություններ են արել… առանց անցյալի մեզ մի տեսակ կիսատ ենք զգում։
-Կարծում եմ՝ բնական մղում է, երբ մարդը ցանկանում է ճանաչել իր ժառանգական նկարագիրը, հասկանալ, թե որտեղից են գոյացել իր ներքին խտացումները, հուզաշխարհի գույները, հակումներն ու նախասիրությունները, ձգտումներն ու երազանքները։ Մենք բոլորս, ուզենք թե չուզենք, գալիս ենք անցյալից եւ շարունակում ենք անցյալում ապրած մի պատմություն։ Եթե հետաքրքիր է, ես կպատմեմ իմ պատմությունը, որը մեր տոհմում ավանդվում է սերնդեսերունդ։ Ինձ մայրիկս է պատմել։ Մխիթարը, Արամը, Դավիթը՝ երեք եղբայր, չեն հանդուրժում շեյխի ոտնձգությունը իրենց հարսիկի դեմ, կոտորում են շեյխի ընտանիքը եւ Խնուսից փախչում Արեւելահայաստան։ Մխիթարը հաստատվում է Սեւանի ավազանում, Արամը՝ Էջմիածնում, իսկ Դավիթը՝ Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում։ Դավիթն իմ նախապապն է, նրա անունով մենք Դավոյան ենք, եւ իմ ծննդավայրը Մեծ Պարնին է։ Ես չեմ կարող չհպարտանալ այս փոքրիկ ասքով ու չեմ կարող չսիրել իմ ազգանունը։
-Անցյալի փառքը ոգեկոչելուց բացի, յուրաքանչյուր սերունդ պիտի թեկուզ մի փոքրիկ դրվագ հավելի իր տոհմի հպարտությանը։
-Իմ հայրը մասնակցել է երեք թե չորս պատերազմի։ Կռվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ, 18-ին մարտնչել է թուրքերի դեմ, մասնակցել է ֆիննական կռվին, հետո՝ Հայրենական պատերազմին։ Նա մահացավ 44-ին, երբ ես ընդամենը չորս տարեկան էի։ Երկու եղբայրներս՝ Հմայակն ու Խաչատուրը նույնպես ճակատում էին։ Հմայակը անհետ կորավ։ Խաչատուրի որդին՝ Կարապետ Դավոյանը, կռվեց Ղարաբաղում՝ հակատանկային վաշտի հրամանատար էր։
-Ես քիչ թե շատ ծանոթ եմ Ձեր կենսագրությանը, գիտեմ, որ Դուք ընտանիքի 13-րդ երեխան եք։ Երբ ծնվել եք, Ձեր մայրը եղել է 50 տարեկան, հայրը՝ 64։
-Մայրս կալում աշխատելիս է եղել, երբ զգացել է, որ պիտի ծնվեմ, եկել է տուն, լույս աշխարհ է բերել ինձ, բարուրել է, դրել օրորոցի մեջ եւ վերադարձել է կալ, որ չթողնի եզները ցորենը ուտեն։ Մայրս պատմում էր, որ ինձ բոլորովին անցավ է ծնել։ Բնության մեջ հազվադեպ է նման բան պատահում։ Մայրս այնքան արդար էր, այնքան մոտ էր բնությանը, մարդկային ցեղի նախաստեղծ կերպարին… Ես չեմ ուզում պատմել իմ կենսագրությունը, չեմ ուզում մտաբերել անկարեւոր ու վաղուց մոռացված իրողությունները։ Ես զանազան պատառիկներ եմ հիշելու, որոնք դաջվել են հոգուս մեջ ու միշտ ինձ հետ են։
…Մենք սպասում էինք փոստատարին, որը գալու էր ու լուր էր բերելու իմ երկու ճակատային եղբայրներից։ Դա մանկությունից մնացած ամենավառ պատկերն է, ամենատպավորիչը, ամենահուզականը։ Մայրս հյուրասիրում էր փոստատարին, եւ նա գալիս էր նաեւ այն ժամանակ, երբ պիտի ասեր, որ լուր չունի։ Լուր չունենալը նույնպես լուր էր։ Պատերազմ ասելիս՝ ես պատկերացնում եմ փոստատարին սպասող ընտանիք՝ հուսավառ ու տագնապած, այդ բառերի ամբողջ տարողությամբ։
…Ես ընտանիքի կրտսերն էի, ու մեծերն ինձ կարդալ էին սովորեցրել։ Երեք տարեկանում կարդում էի Հովհաննես Թումանյանի մշակած Սասունցի Դավիթը։ Երբ հյուրեր էինք ունենում, մայրս ցուցադրում էր իմ ունակությունները։ Մի օր էլ ելույթ ունեցա փոստատարի համար։ Նա մարգարեացավ. «Այս երեխան կա՛մ կգժվի, կա՛մ մեծ մարդ կդառնա»։
…Ես գիշերները մնացել եմ կարտոֆիլի դաշտում, քնել եմ նորաբաց ակոսների մեջ, գառներին ու հորթերին տարել եմ Վանքաձոր՝ արածեցնելու։ Մեր գյուղը՝ երկու վանքերի արանքում, երկու սրբերի (Սուրբ Հովհաննես եւ Սուրբ Սարգիս) գրկի մեջ ինչ-որ անմեկնելի վեհություն ուներ։ Պուշկինը իր «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» նոթագրության մեջ հիշում է, որ ինքն ու իր ձին կորել էին ցորենի բարձր հասկերի մեջ։ Ուրիշ ոչ մի տեղ ցորենի հասկերը այդպես չեն փարթամանում, ձգվում երկինք՝ օդի՞ց էր, ջրի՞ց, արեւի՞ց…
-Փորձե՞լ եք որեւէ ավարտուն սահմանում գտնել, բանաձեւ. ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ բաղադրություն ունի։
-Հայրենիքն իմ ներսում է։ Հայրենիքն այնքան է տարողունակ, որքան դու ես զգում։ Ամեն մեկն ունի իր բաժին հայրենիքը։ Հայրենիքն իմ սրտի մեջ է, իմ աչքի լույսի, իմ շնչառության մեջ։ Իմ արյան շրջանառությունը միայն ֆիզիկական մարմնովս չի պարփակվում, նրա պտույտը շատ ավելի մեծ է ժամանակի ու տարածության տիրույթում։ Հայրենիքը իմ գենի մեջ է։
-Իսկ եթե մարդը հեռո՞ւ է հայրենիքից՝ ուղղակի եւ անուղղակի իմաստով։
-Նշանակում է մարդը հեռու է ինքն իրենից, իր խորքերից, իր էությունից ու բովանդակությունից։ Ես չեմ կարող հայրենիքն ընկալել իբրեւ ինձնից դուրս էություն, հայրենիքի մասին խոսելիս ես իմ ապրումների, զգացումների, այսինքն՝ ինքս իմ մասին պիտի խոսեմ։
-Ե՞րբ եւ ինչպե՞ս գրեցիք առաջին բանաստեղծությունը։
-Շատ զվարճալի պատմություն պիտի հիշեմ։ Ընկերս՝ Համլետը, մի օր ցույց տվեց իր գրած բանաստեղծությունները։ Ես կարդացի եւ ասացի, որ ինքս ավելի լավ կարող եմ գրել։ Եվ գրեցի մի ամբողջ տետր։ Տարիներ անց կրկին կարդացի այդ բանաստեղծությունները, բայց արդեն տպագրված. դրանք Իսահակյանի բանաստեղծություններն էին։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք գրում, հետո մշակում են բանաստեղծությունը։ Բանաստեղծությունը ջրի կարկաչի պես է, արեւի լույսի պես, ինքնաբուխ, սքանչելի, ավարտուն։ Ես երբեք չեմ ճգնել թղթի առաջ, ամեն ինչ եղել է ինքնաբերաբար, հեշտ։
-Մանավանդ՝ Ձեզ հովանավորել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Սեւակը, Մահարին, կանաչ լույս են վառել Ձեր ճանապարհին։ Պարոն Դավոյան, իսկ Դուք վերջին տասնամյակի ընթացքում քանի՞ սկսնակ պոետի եք խրախուսել, քանիսի՞ն եք ասել, որ գրականությունը նրա տարածքը չէ, եւ լավ կլինի ուրիշ գործով զբաղվի։
-Պարույր Սեւակը Վիգեն Խեչումյանի սեղանին տեսել էր իմ բանաստեղծություններն ու ասել էր. «Ուզում եմ տեսնել այս տղային, ես եմ խմբագրելու նրա գիրքը»։ Իմ երկրորդ գիրքը խմբագրելու ցանկություն էր հայտնել Գուրգեն Մահարին։ Ինքս շատ շատերին եմ նկատել ու խրախուսել. Արմեն Շեկոյան, Հրաչյա Սարուխան, Խաչիկ Մանուկյան։ Հիշում եմ իմ առաջին հանդիպումը Աշոտ Ավդալյանի հետ։ Նա մի փոքրիկ գրություն էր բերել Մինասից. «Իմ համագյուղացին է, շնորհքով տղա է, օգնի՛ր, որ գտնի իր ճանապարհը»։ Վերջին տարիներին մի երիտասարդ բանաստեղծի եմ խրախուսել՝ Անատոլի Հովհաննիսյանին։ Անկեղծ կասեմ, այսօր վերն ու վարը խառնվել են իրար, այնպիսի շփոթ է ու աղմուկ, որ հազիվ թե որեւէ մեկի ձայնը լսելի լինի։ Բոլոր չափանիշները ոտնահարված են, ամեն ոք կարող է գրողների միության անդամ դառնալ, տպագրվել «Գրական թերթում»։ Գրողների միության անդամին, «Գրական թերթում» տպագրվողին ո՞վ պիտի քննադատի, ո՞ր ամբիոնից…
-Ժողովրդի սերն ու հարգանքը վայելող արվեստագետը, որը լռելու իրավունք չունի եւ ամբիոն կգտնի, եթե ցանկանա…
-Բայրոնն ասում էր՝ լուսնի տակ նոր բան չկա, բայց շարունակում էր գրել։ Բանաստեղծությունը կենսական էներգիայի հուզական խտացում է, այդ էներգիան կողքինին՝ շատերին փոխանցելու միջոց։ Կան մեծ լուսատուներ, փոքրիկ լուսատուներ էլ կան, տիեզերական ալեբախություններ կան, եւ կան փոքրիկ վետվետումներ։ Ամեն մեկը իր չափով լույս է սփռում շուրջը։ Սա է արվեստագետի առաքելությունը՝ լույս վառել հոգիներում։
-Ձեր ասելիքը փոխվե՞լ է ժամանակի ընթացքում։
-Չի փոխվել։ Ես ասում եմ՝ Աստված ինձ մարդկային հոգին բժշկելու շնորհք է տվել, որ օգնեմ քեզ։ Իմ հոգին մերձ է քո հոգուն, քո հոգու ընկերն է։ Ես քո ցավակիցն եմ, հաղորդակից եմ քո սիրուն, քո բողոքին, քո հույսին, քո երազանքներին։ Միասին գտնենք լույսի ճանապարհը։
-Իմ վերջին հարցը ավանդական է. ի՞նչ ասելիք ունեք սահման պահող զինվորին։
-Երբ խոսքը վերաբերում է բանակին, բոլոր մտահոգությունները, թերությունները, բացթողումները դառնում են երկրորդական։ Սահմանին զինվորը դրոշի պես բարձր պահել է մեր ազգի հավաքական արժանապատվությունը, յուրաքանչյուրիս պատիվը։ Մենք պիտի այնպես անենք, որ զինվորն իրեն չեմպիոն զգա, աշխարհին հաղթած չեմպիոն։ Պիտի այնպես անենք, որ զենքը մեր զինվորի ձեռքում բազմապատիկ հզոր լինի, թե չէ հակառակորդն էլ զենք ունի, բոլորն էլ զենք ունեն, մեր կռիվը զենքի կռիվ չէ, ոգու կռիվ է։
Գիտեք՝ ե՞րբ է երկիրն ամուր. երբ երկրի ներսում շատ սեր կա, համերաշխություն, միասնություն, ոգի, հավատ, արդարություն։ Զինվորի թիկունքն ամուր պիտի պահենք։ Հզոր, շեն, հպարտ երկիրն ավելի հեշտ է պաշտպանել։
-Պարոն Դավոյան, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ։ Հուսամ՝ տարիների փորձությունն ու իմաստությունը նոր ներշնչանքի աղբյուր կդառնան, ու ընթերցողի սեղանին կհայտնվեն բազմաթիվ նոր հրաշալի բանաստեղծություններ։ Եղեք առողջ, եռանդուն եւ երջանիկ։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր