ԵՎ ԽԱՂԱՂ ԵՆ ԲԱՑՎՈՒՄ ԱՌԱՎՈՏՆԵՐԸ
Արցախի Մարտունու շրջանի խոշոր բնակավայրերից է Խնուշինակը։ Սրբախութ լեռան կատարից նայելիս սքանչելի տեսարաններ են բացվում։ Տարեց մարդիկ պատմում են, որ դարեր առաջ գյուղում բնակություն է հաստատել Սպահանից ու Ջուղայից գաղթած յոթ հայ ընտանիք։ Գյուղն անվանել են Իսպահանջըղ, հետո վերանվանել Խնուշինակ, այսինքն՝ խանի շեն։
Հանրահայտ զինվորներ է տվել Խնուշինակը. գեներալ-լեյտենանտ Ռուբեն Գաբրիելյանց, գեներալ-մայոր Գուրգեն Ղազարյան, երկուսն էլ Հայրենական պատերազմի մասնակիցներ։ Մեծ հայրենականի եւ ազատագրական պայքարի զոհերի հուշարձանները գյուղում կողք կողքի են։
Արցախյան պատերազմում 29 զոհ է տվել Խնուշինակը… Ամենակրտսերը Գագիկ Ասրիբաբայանն էր. 17 տարեկան էր, երբ ընդգրկվեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատում։ Իր զոհված որդիների համար գյուղը նաեւ մարտական փառքի այգի է հիմնել։
Մավրիկ Մարտիրոսյանի տանը խնամքով պահվող նրա ռազմաճակատային լուսանկարներն եմ նայում։ Ահա ինքը՝ ջոկատի մարտիկների հետ, գրոհից առաջ։ Մեկ այլ լուսանկարում Մոնթեի հետ է, մարտական դիրքերում։ Լուսանկարների ալբոմում թշնամու ռմբահարումից սպանված խնուշինակցի կանանց ու ծերերի լուսանկարներ կան…
-Այդ օրերին գյուղի յուրաքանչյուր բնակիչ դիրքապահ էր, նույնիսկ՝ 13-14 տարեկան երեխաները,- ասում է Մավրիկը։
…Կոտայքի մարզի Քասախ գյուղում էր ապրում ընտանիքով, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Ամեն ինչ թողեց ու մեկնեց Արցախ՝ հայրենի գյուղը պաշտպանելու։ Ծանր օրեր էին։ Ռազմական հենակետերի վերածված ադրբեջանաբնակ Ղարադաղլու, Ամիրանլար, Վեյսալու գյուղերից օրուգիշեր գնդակոծության էին ենթարկվում Խնուշինակն ու շրջակա բնակավայրերը՝ Մարտունին, Ճարտարը, Գիշին…
Մավրիկը Խնուշինակում ստեղծեց ինքնապաշտպանական ուժերի շտաբ։ Գյուղի կամավորականները ձեռք բերեցին զենք-զինամթերք, ստեղծեցին նյութատեխնիկական պաշար։ Այդ առումով մեծ օգնություն էին ցույց տալիս նաեւ հայաստանաբնակ խնուշինակցիները։
1990-ին ջոկատում արդեն ընդգրկված էր 50 ազատամարտիկ։ 39-ամյա Մավրիկը նշանակվեց հրամանատար։ Հաղթանակի նկատմամբ մարդկանց հավատն ամուր պահելու համար նա առաջինը նորոգեց գյուղի եկեղեցին։ Գյուղացիների հոսքը չէր դադարում դեպի Աստծո տաճար, գալիս էին, մոմ վառում, աղոթում Արցախի փրկության համար։ Երկրորդ գործը՝ 1989-ի փետրվարի 25-ի տոնական միջոցառումն էր՝ նվիրված զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձին։ Զորավարի հրեղեն ոգին էր թեւածում եկեղեցու ընդարձակ բակում։ Եկել էին նաեւ շրջակա բնակավայրերից՝ արհամարհելով վտանգը։ Իսկ ամիսներ անց Մավրիկի նախաձեռնությամբ գյուղում հանդիպում կազմակերպվեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ։ Սրբազանի այցը է՛լ ավելի ոգեւորեց ազատագրական պայքարի ելած խնուշինակցիներին։
1990-ի վերջին իրադրությունը սրվեց. հաճախակի դարձան ադրբեջանցիների սադրանքները։ Իսկ 1991-ի հունվարին Խնուշինակում տեղի ունեցած դեպքն իր դաժանությամբ ցնցեց ողջ արցախահայությանը։ Ադրբեջանցի հրոսակները գիշերը մտել էին գյուղի ծայրամասում գտնվող Միշա Հովսեփյանի տուն, սպանել կնոջն ու նորածին երեխային, իսկ Միշային ու նրա երկու որդիներին պատանդ վերցրել։ Երեք ամիս գերության մեջ մնալուց հետո միայն հաջողվեց նրանց ազատել գերությունից։
Գյուղի ինքնապաշտպանական ջոկատի շարքերում կռվում էր նաեւ Մավրիկի եղբայրը՝ Վալերիկը։ Տանկիստ էր, հետո նշանակվեց տանկային վաշտի հրամանատար։ Հորադիզի համար մղված մարտերում ծանր վիրավորվել է։ Երկրորդ կարգի հաշմանդամ է 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ։ 1992-ին հայրական տունն ավերվեց ռումբից։ Վալերիկը Մավրիկի հետ տունը նորից կառուցեց ու շենացրեց։
♦♦♦
…Մարտական փառավոր ուղի անցած ջոկատի տղաները մասնակցել են Վեյսալուի, Ղարադաղլուի, Խոջավենդի, Ֆիզուլու համար մղված մարտերին։ Մավրիկն այսօր էլ լավ է հիշում «Կլազին ձոր» տեղամասում գտնվող բարձունքի համար մղված մարտի մանրամասները. «Ադրբեջանցիները թարմ ուժեր էին կենտրոնացրել Ճարտարի մոտ, այդ թվում՝ զրահատեխնիկա. փորձում էին ամեն գնով գրավել Ճարտարը, դրանով իսկ կտրել բնակավայրերը շրջկենտրոնին կապող միակ մայրուղին։ Հակառակորդի մարտավարական պլանի իրագործումը ձախողելու համար անհրաժեշտ էր տիրել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքին։ Մարտական առաջադրանք ստանալով՝ ջոկատը նետվեց առաջ։ Երեք ժամ տեւած ծանր մարտերից հետո բարձունքը գրավվեց։ Այդ օրը ջոկատն իր առաջին զոհը տվեց՝ դասակի հրամանատար Արարատ Մոսյանը»։
♦♦♦
1992-ին Խնուշինակի կամավորական ջոկատն ընդգրկվեց շրջանի ինքնապաշտպանական ուժերի կազմում, որի հրամանատարն էր Մոնթե Մելքոնյանը։
-Մոնթեի՝ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար նշանակվելուց հետո կտրուկ փոխվեց իրավիճակը։ Մոնթեն կարճ ժամանակում անջատ ջոկատներից ստեղծեց բանակային կուռ ստորաբաժանումներ ու բեկում մտցրեց ռազմաճակատում,-պատմում է Մավրիկ Մարտիրոսյանը։
1992-ի օգոստոսն էր։ Մարտից հետո՝ դադարի պահին Մավրիկը մոտեցել է Մոնթեին, խնդրել՝ իրեն մի քանի օրով տուն թողնի… 9 ամիս է՝ չէր եղել տանը։ «Դու զինվոր ես, դու պիտի կռվես»,- ասել է Մոնթեն։ Բայցեւայնպես, տուն էր թողել։ Մի քանի օրից Մավրիկը 11-ամյա որդու՝ Բագրատի հետ վերադարձել է Մարտունի, որդուն ներկայացրել հրամանատարին. «Հետս զինվոր եմ բերել»։ Մոնթեն գորովանքով նայել էր փոքրիկ Բագրատին ու հիացել. «Նա դեռ փոքր է կռվելու համար»։
♦♦♦
Խնուշինակ գյուղի դպրոցի տնօրեն, ազատամարտիկ Սերժ Հակոբյանը հպարտությամբ է պատմում այն մասին, որ պատերազմի դժվարին տարիներին դպրոցը միշտ էլ գործել է։ Այդ տարիներին նույն դպրոցում Մավրիկի ավագ դուստրը՝ Լուսինեն, հայ ժողովրդի պատմություն էր դասավանդում. Մավրիկն արդեն իր ընտանիքը տեղափոխել էր գյուղ։ Դեռ շարունակվում էին ծանր մարտերը։ Հրամանատարն իր ջոկատի տղաներով առաջին գծում էր։ Այդ օրը համատեղ ուժերով Մարզիլուն ազատագրել, սպասում էին նոր հրամանի, երբ կատարվեց անսպասելին. Մոնթեի զոհվելու մասին բոթը շանթահարեց բոլորին… Մեքենայի մեջ, սիրելի զորավարի գլուխը գրկած, երեխայի նման լալիս էր Մավրիկը։ «Ինչպես միշտ, մարդկային մեծ սիրո ու բարության լույսով էր ողողված զորավարի դեմքը»,- վերհիշում է հրամանատարը։
♦♦♦
1994-ի ապրիլի 25-ն էր, մարտակերտցիներին օգնության հասած՝ Մավրիկի հրամանատարությամբ գործող ջոկատը մարտի է բռնվում հակառակորդի անհավասար ուժերի դեմ։ Կարմիրավան գյուղի մոտ էր, ուր որ է պիտի ազատագրեին գյուղը, երբ շատ մոտիկ, որտեղ Մավրիկն էր դիրքավորված, պայթում է թշնամու տանկի արկը։ Ծանր վիրավորվում է Մավրիկը։ Ուշակորույս վիճակում նրան հասցնում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Այդ օրը շատ էին վիրավորները։ Բուժաշխատողներին թվացել է, թե վիրավորը մահացել է ու տարել են դիահերձարան։ Երջանիկ պատահականությամբ հոսպիտալի վարսավիրը՝ Հունանը, մոմի լույսի տակ նկատել է, որ վիրավորը ողջ է, եւ բժիշկները փրկել են նրա կյանքը։ Շուրջ երկու ամիս պառկել է հոսպիտալում, հետո բուժումը շարունակել Երեւանի հանրապետական հիվանդանոցում։
♦♦♦
Երեք երեխաների հայր է Մավրիկը, 5 թոռների պապ։ Որդին՝ Բագրատը, պատերազմից հետո ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Այժմ մայոր է, հրետանավոր, ուսումնական զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ է։
Երբ զրուցում էինք, Մավրիկն ասաց.
-Հիմա իմ կյանքը բանակով է իմաստավորվում, որն ինձ համար սրբություն է, իմ ամենամեծ հպարտությունը։ Բանակի շնորհիվ է, որ խաղաղ են բացվում իմ ծննդավայր Խնուշինակի ու մեր երկրի առավոտները։
ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Խորագիր՝ Ճակատագրեր