Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱՄԲԻՏԸ



ԹՈՒՐՔԵՐԸ «ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ» ԵՆ ԹԱՓՈՒՄ

Մայիսի 30-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որի օրակարգում արդեն այսօր նշմարվում է գլխավոր հարցը. ոչ միայն ճանաչում, այլ նաև` հատուցում: Եվ 2015 թվականին ընդառաջ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ նկատելի փոփոխություններին զուգընթաց զարգացումներ են ընթանում նաև Թուրքիայում:

Սույն թվականի ապրիլի 24-ին Թուրքիայում, ինչպես վերջին տարիներին, կրկին ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հիմնական միջոցառումները տեղի ունեցան Ստամբուլում, Իզմիրում, Ադանայում, Դերսիմում ու Դիարբեքիրում: Այս տարվա առանձնահատկությունն այն էր, որ իրենց հակառասիստական անվանող «Դուռ դե» («Կա՛նգ առ») իրավապաշտպան կազմակերպությունը ոգեկոչմանը մասնակցելու նպատակով արտասահմանից, Սփյուռքից և Հայաստանից հրավիրեց մի քանի համայնքային ղեկավարների և գիտնականների, իսկ ապրիլի 24-ի նախօրեին կազմակերպվեցին նաև կոնֆերանսներ: Ոգեկոչման և հիշատակի հավաք կազմակերպեց նաև Ստամբուլի «Մարդու իրավունքների գրասենյակը»: Միջոցառման մի քանի հարյուր մասնակիցներ հիշատակեցին 1915թ. ապրիլի 24-ին Պոլսում հայ մտավորականների ձերբակալությունը, աքսորը և սպանությունները` իրենց ձեռքերում պահելով աքսորյալ հայ մտավորականների նկարները, ապա և նստացույց իրականացրին Թաքսիմ հրապարակում:

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Անկարան պատրաստվում է վերանայել Հայոց ցեղասպանության նկատմամբ իր ժխտողական քաղաքականությունը, սակայն թուրքական քաղաքական էլիտայի գործելաոճը հուշում է, որ զուտ մի քանի հասարակական կազմակերպությունների մակարդակով անցկացված միջոցառումները կարող են ծառայեցվել այլ նպատակի:

Եվրաինտեգրման ճանապարհին լրջագույն խոչընդոտների հանդիպած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության համար ներկայումս շատ կարևոր է աշխարհին ցույց տալ, թե մարդու իրավունքների ոլորտում Թուրքիայում արմատական բարեփոխումներ են իրականացվում: Առաջին հերթին Անկարայի համար այդ հրամայականը կապված է Քրդական հարցի վերաբացման հետ: Տապալելով «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը` իշխող վերնախավը գիտակցում է, որ Քրդական հարցը դարձել է իր դեմ լուրջ խաղաքարտ ոչ միայն տարածաշրջանային մրցակիցների, այլ նաև «ոխերիմ բարեկամի»` Իսրայելի համար: Ուստի և դրան զուգահեռ սկսում է ծավալվել Օսմանյան կայսրության տարածքում ասորիների ցեղասպանության հատուցման հարցը, որի շրջանակներում ակտիվացել է Թեհրանը` աջակցելով Իրանի և Իրաքի տարածքում ասորական համայնքների, Հյուսիսային Իրաքում կամ նույն Իրաքյան Քրդստանում ասորական ինքնավարության կայացմանը: Եթե Անկարան երբեք չի հանդուրժի իր տարածքներում քրդական որևէ պետականության ստեղծումը, ապա Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության կամ նույնիսկ պետության ստեղծումը այնքան էլ տհաճ չի լինելու նրա համար, մանավանդ որ նորաստեղծ և, հնարավոր է, բարեկամ պետության կազմում կարող են հայտնվել Մոսուլի և Քիրքուկի նավթահանքերը: Անկարայում նույնպես անհանգստացած են, որ իրանա- ադրբեջանական հարաբերությունների շարունակական սառեցման ֆոնին Թեհրանն ավելի շատ է սկսել խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Պետք չէ մոռանալ, որ դեռ չեն հրապարակվել Մեծ Եղեռնի վերաբերյալ Իրանի պետական արխիվում պահվող նյութերը, այն դեպքում, երբ Առաջին աշխարհամարտի տարիներին պարսկական դիվանագիտական առաքելությունը շարունակում էր գործել թե՛ Պոլսում և թե՛ Արևմտյան Հայաստանում:

«Արդարություն և զարգացում» կուսակցությանն այս պարագայում ոչինչ չի մնում անել, քան հայերին և այլ քրիստոնյա ժողովուրդներին վերաբերող հարցերում հանդես գալ սեփական նախաձեռնություններով` աշխարհին ներկայանալով իբրև «ժողովրդավարական արժեքների պաշտպան» և «բարեփոխումներ իրականացնող»: Եվ պատահական չէ, որ արդեն հինգ տարի ոչ միայն չեն խոչընդոտվում հայերի տեղահանումների, ոչնչացման և ցեղասպանության թեմաներով տարբեր համաժողովները և միջոցառումները, այլև որոշակի ազատականացում է նկատվում տեղական մամուլում:

Թեև Անկարան տապալեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, բայց Աղթամարի Սուրբ Խաչի, Դիարբեքիրի եկեղեցիների վերաօծումը, ինչպես նաև` Վան-Երևան թռիչքի կազմակերպման, սփյուռքահայերի Անատոլիա վերադարձի հնարավորության մասին հայտարարությունները քիչ թե շատ պատրանք են ստեղծում, թե Թուրքիան է պատրաստվում Հայաստանին հաշտեցման ձեռք մեկնել: Նման «պատրաստակամությունը» դառնում է զավեշտալի այն պարագայում, երբ Անկարան շարունակում է Հայաստանի շրջափակումը և հայությանը վերաբերող գրեթե բոլոր հարցերում տեղի է տալիս Բաքվի ճնշմանը: Բացի այդ, Անկարան ակտիվորեն աջակցում է Սիրիայի ապստամբ իսլամիստներին, որոնց թիրախն է նաև սիրիահայությունը: «Հանդուրժողականության» բարձր մակարդակի մասին է խոսում նաև մայիսի 5-ին տեղի ունեցած հարձակումը Ստամբուլի հայկական եկեղեցու վրա:

Քաղաքական վերնախավի նմանօրինակ երկդիմի քաղաքականության և կրկնակի չափանիշների առկայության պարագայում կասկածի տեղիք է տալիս նաև Թուրքիայի որոշ հասարակական շրջանակների «ազնվությունը», մանավանդ որ առ այսօր ուժի մեջ է մնում քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը: Վերջինս նախատեսում է քրեական պատասխանատվություն Ցեղասպանության մասին բարձրաձայնող քաղաքացիների համար: Փաստ է, որ պարբերաբար Ծիծեռնակաբերդ այցելող և ներողություն հայցող առանձին թուրք հասարակական գործիչներ իրականում այնքան ճանաչված չեն Թուրքիայում կամ բնակվում են արտասահմանում:

Այս տեսանկյունից հասկանալի է դառնում ապրիլի 25-ից 27-ը Երևանում գտնվող «Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնականությանը» ՀԿ ներկայացուցիչ Հըլդըզ Օնենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Նա շտապեց միանալ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների` ապրիլի 24-ին արված կոչ- հայտարարությանը, որով պահանջվում էր հայապատկան բոլոր եկեղեցիների վերադարձը: Բայց այդ քայլին նա գնաց միայն հայաստանցի լրագրողների հուշումից հետո` մինչ այդ թույլ տալով հայտարարություն, թե` «պետք է մատնանշել և ապացուցել որևէ սեփականության` հայապատկան լինելը»: Ի դեպ, նույն ժամանակ ռասիզմի և խտրականության դեմ «պայքարող» թուրք հասարակական գործիչը նախընտրեց զերծ մնալ Ադրբեջանի հայատյաց հայտարարություններին որևէ գնահատական տալուց:

Երևի թե առավել ազնիվ է մեկ այլ թուրք հասարակական գործիչ, հրապարակախոս Ալիսայիդ Չէթինօղլուն, որը Երևանում եղած ժամանակ խորհուրդ տվեց չհավատալ իր հայրենակիցներին: «Պետք չէ նրանց հավատալ, նրանք կոկորդիլոսի արցունքներ են թափում», -ասաց նա:

Պարզ է դառնում՝ որքան մոտենում է 2015 թվականը, այնքան շատանում են և լրջանում մարտահրավերները Հայաստանի և Սփյուռքի համար: Մնում է միայն զգոն լինել և առանց ավելորդ զգայականության պատրաստվել թուրքական ցանկացած գամբիտի:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (988) 30.05.2013 – 5.06.2013, Ռազմաքաղաքական


30/05/2013