Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐԸ…



Մայիսի 9-ին լրացավ ամուսնուս` ազատամարտիկ Ավետիս Ալբերտի Օհանյանի ծննդյան 50-ամյակը, իսկ մայիսի 26-ին՝ զոհվելու 20-րդ տարելիցը: 1995թ. նա հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և 2012թ.՝ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

… Երբ փորձում եմ թաքցնել աչքերիս արցունքը, ուզում եմ հաշտվել այն մտքի հետ, որ կորցրածն անգին է, մի «քարե թանկարժեք ադամանդ», որն այդպես էլ չկարողացա կրել մինչև վերջ:

Էլ ուժ չունեմ: Պատահածն այնպես է խոցել հոգիս, սիրտս նման է փոթորկված մի ծովի, եւ շունչս, ուր որ է, կփչի, ու սիրտս քարացած հրաբուխի պես կժայթքի: Հոգիս տակնուվրա է լինում: Այս ու այն կողմ են զարնվում բազմաթիվ անկատար երազանքներս և հօդս ցնդում մշուշի պես:

Նրա ժպիտը հիշելիս ասես մի սեպ է խրվում սրտիս մեջ, եւ ինձ անօգնական եմ զգում, անգամ որդիներիս գուրգուրելիս` կարծես ինչ-որ բան կիսատ է մնում, իսկ երբ մենակ եմ լինում՝ «խեղդվում եմ հիշողությունների հեղեղից»: 20 տարիների ընթացքում ոչինչ չկարողացավ փոխարինել կորցրածը, չստացվեց…

Ճիշտ է՝ նա մեզ հետ չէ, բայց ինձ հետ են այն բոլոր քաղցր հուշերը՝ նրա մեղմ ու բարի ժպիտը, ջերմ քնքշանքներն ու չիրականացած երազները…

…Բայց ոչինչ, իրականացավ ամենագլխավորն ու ամենաբյուրեղյան՝ նրա, զավակներիս, մեր բոլորի նվիրական երազանքը: Ազատագրվեց Արցախը, ապրեց Մարտակերտը, վեր հառնեց Շուշին, իսկ գիշերային մթության մեջ «Լուսե հարս» դարձավ չքնաղ Ստեփանակերտը:

ԳԱՅԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ենթասպա

Խորագիր՝ #22 (989) 6.06.2013 – 12.06.2013, Բանակ և հասարակություն


06/06/2013