ՀԱՅՀՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՈՒՄ
Վերջերս բանակում տեղի ունեցած մահվան ելքով ողբերգական դեպքերի հիմնական պատճառներից մեկը զինծառայողների հայհոյախոսությունն էր: Ինչո՞ւ են երիտասարդները հայհոյում, հայհոյանքը ստորացման միջո՞ց է, թե լարվածությունն ու բացասական զգացմունքները արտահայտելու միջոց, ո՞րն է դրա բառային «անատոմիան», արդյո՞ք հայհոյանքի «ակտիվ» բառապաշարը անհրաժեշտություն է բանակում. այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ մեր զրուցակիցներից:
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
հրապարակախոս
«Հայհոյանքը դիտվում է որպես մարդու արժանապատվությանը հասցված վնաս, այդ պարագայում արդեն նշանակություն չունի` մարդը իր արժանապատվությունը ոտնահարված է զգում բանակում, սրճարանում, թե տանը: Նա ինչ-որ կերպ պետք է դրան հակադարձի, եւ հարց է, թե ինչ տարբերակ, մեթոդ կընտրի: Մի դեպքում կարող է հայհոյանքին հայհոյանքով պատասխանել, մյուս դեպքում, ինչպես եղավ, ինքնաձիգի օգնությանը դիմել եւ ծառայակցին զրկել կյանքից: Աստվածաշնչյան պատվիրանների մեջ կարելի է ներառել նաեւ «Մի՛ հայհոյիր»-ը:
Ընդունված կարծիք կա` դաստիարակված մարդիկ չեն հայհոյում: Հայհոյանքը փաստի սով է, երբ մարդու մեջ իր ճշմարտացիությունը հիմնավորելու փաստարկներն սպառվում են, նա դիմում է հուսահատ միջոցի` դիմացինին վիրավորելուն: Հայհոյելն ինձ համար առաջին հերթին դաստիարակության խնդիր է. ես ընտանիքներ գիտեմ, որտեղ երկու-երեք տարեկան երեխաներին սովորեցնում են հայհոյել եւ հիանում, ուրախանում են այդ արտահայտություններով, չմտածելով, թե ինչ են անում, և դա վաղը ինչ դրսեւորումներ կարող է ունենալ: Այդ սերմերը մենք անփութորեն գցում ենք, չհասկանալով, թե ինչ պտուղներ ենք քաղելու: Հիշում եմ` երեխա տարիներին կային տղաներ, որ չէին հայհոյում եւ մյուսների կողմից մերժված էին. «Ո՞նց թե, տղա ես ու չե՞ս հայհոյում»:
Երկու տղաներս պատվով են ծառայել, արժանացել են խրախուսանքի, ես նրանց ճանապարհելիս խորհուրդներ չեմ տվել, քանի որ վերջին պահին տված խորհուրդով չէ, որ երեխան լավ կամ վատ պիտի ծառայի: Եթե դու դաստիարակել ես երեխայիդ, ապա վստահ ես, որ իրեն կդրսեւորի որպես բարոյական մարդ, իսկ վերջին պահին ավտոբուսի պատուհանից խորհուրդներ շպրտելը ընդամենը ինքնամխիթարանքի ձեւ է: Իմ տղաներն էլ կպատասխանեին հայհոյանքին, բայց իրենք առաջինը չէին հայհոյի: Երիտասարդը տեղ կհասնի եւ իրեն կդրսեւորի այնպես, ինչպես տանը, փողոցում: Ի վերջո, այնքան կրակոցներ, որքան բանակում են հնչում, նույնքան էլ Երեւանի փողոցներում ենք լսում: Ընդամենը միջավայրի փոփոխություն է, երիտասարդները իրենց կարող են նույն կերպ դրսեւորել ինչպես փողոցում, այնպես էլ բանակում, ուստի նետերը ուղղել եւ ասել, որ գնում են բանակ ու դառնում հանցագործ, սխալ մտայնություն է: Ուղղակի բանակում կա զենք, եւ այն ցանկացած պահի կարող է կրակել: Այսինքն՝ վերահսկողությունը պետք է խիստ լինի: Ես հիշում եմ` իմ ծառայության ժամանակ, երբ պահակակետում էինք, մեկի հետ խոսելու, հարց քննարկելու իրավունք չունեինք, իսկ այսօր տեսնում ենք, որ պահակակետում կանգնած զինվորը ծխարանում հավաքվածների հետ բանավեճի մեջ է մտնում:
Ուզում եմ մի դրվագ պատմել իմ ծառայությունից. ծառայել եմ Կալինինգրադում, ռուսական բառապաշարում հայհոյանքը շատ մեծ տարածում ուներ, նույնիսկ առօրյա խոսակցության ընթացքում նրանք կարող էին բառեր եւ արտահայտություններ օգտագործել, որոնք հայհոյանք են մեր չափանիշներով, բայց իրենց կողմից այդպես չեն ընկալվում, իրենց համար միջանկյալ բառ է, նախադասության բաղկացուցիչ մաս: Մենք` հայ տղաներս, շատ հիվանդագին էինք այդ ամենն ընդունում, նման արտահայտությունները դառնում էին ծեծկռտուքների պատճառ: Ռուսները զարմանում էին մեր արձագանքից, բայց հասկացան, որ հայ տղայի համար ծնողին ուղղված թեկուզեւ չեզոք հայհոյանքը ծանրագույն վիրավորանք է եւ անպայման հակազդեցություն կստանա:
Կան արտահայտություններ, որ դժվար որպես հայհոյանք ընկալվի, օրինակ` հիմար, դեբիլ, սրանք ականջահաճո արտահայտություններ չեն, բայց խորը վիրավորանք չեն հասցնում, ուստի հարվածը որպեսզի ցավոտ լինի, երիտասարդներն ընտրում են անձնական վիրավորանք հասցնելու ծայրահեղ կետը` դիմացինի հարազատներին հայհոյելը: Սովորական դանակը մենք կարող ենք տարբեր նկատառումներով օգտագործել` մի դեպքում մարդ սպանել, մեկ այլ դեպքում օգտագործել կենցաղային նպատակներով, հայհոյանքն էլ սառը զենքի նման է, նայած երբ եւ ինչ նպատակով ես օգտագործում: Իսկ սպանությունը, անշուշտ, ծայրահեղ միջոց է, չի կարելի մարդուն պատասխանել կրակոցներով, մյուս կողմից էլ բանակային միջավայրում «չի կարելի»- ով հարցերը չեն լուծվում: Հետեւողական աշխատանքի կարիք կա: Չեմ կարծում, որ վերջին շրջանում տեղի ունեցած վիճաբանությունների մեղավորները այնքան լուրջ խնդիրներ ունեին, որ հնարավոր չէր կարգավորել եւ ստիպված դիմեցին զենքի:
Վերջին շրջանում գրքեր տպագրվեցին, որոնցում հայհոյանքը անպակաս է: Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ եմ կրկնում` գրականությունում ամեն ինչ թույլատրելի է, բացի գռեհկաբանությունից, սա արդեն մշակույթ չէ, մշակույթը գեղարվեստն է: Մարդիկ գիտեմ, որ իրենց ստեղծագործություններում թույլ են տալիս այդպիսի արտահայտություններ, բայց ամեն ինչ անում են, որ իրենց ստեղծագործությունը իրենց ընտանիքի անդամների ձեռքը չընկնի: Եթե մի բանը հեռու ես պահում քո ընտանիքից, ինչո՞ւ ես նույնը տանում հասարակություն:
«Մի՛ արա այն, ինչ չես ուզում, որ անեն քեզ հետ կամ քո նկատմամբ»` եթե այս սկզբունքը կիրառենք կյանքում, մեր հասարակությունը հանդուրժող կդառնա»:
ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ
բանաստեղծ,
ծառայել է ՀՀ զինված ուժերում
– Դուք ծառայել եք բանակում, Ձեր հետեւությունը` հայհոյանքը բանակում ստորացմա՞ն, թե՞ լարված զգացմունքներն արտահայտելու միջոց է:
-Հայհոյանքը բանավոր խոսքի ձև է, կարող է այն աստիճան ներմուծվել սովորական լեզվաշերտ, որ օգտագործվի անգամ սովորական առօրյա խոսակցության մեջ` հարկի-անհարկի` առանց զգացմունքների լարման ու վիրավորանքի:
– Ո՞րն է բանակային հայհոյանքի բառային «անատոմիան»:
– Նախ՝ պետք է նշել, որ չկա բանակային հայհոյանք, կա ուղղակի հայհոյանք, ուշունց, քֆուր կոչված արտահայտությունների համախումբ, որոնք տվյալ պահին ակտիվ գործածության մեջ են որոշակի միջավայրերում, ու որոնք հենց այս կամ այն միջավայրից են ներթափանցում բանակ: Հետաքրքիր մի նկատառում` մեր օգտագործած հայհոյանքի մեծ մասը թուրքերեն, ռուսերեն, վերջերս նույնիսկ անգլերեն է, բուն հայերեն հայհոյանք քիչ կա:
– Ձեր «Փիղը» պատմվածքում «Լավ տղու կոդեքս»-ը սահմանելիս, գրում եք` Լավ տղու թվարկելի սրբություններն են` ծնողները (որոշ վերապահումներով) եւ այլն, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել մայրական հայհոյանքը, եթե ժամկետային զինծառայողները ձգտում են «լավ տղու» համբավ ձեռք բերել:
– «Լավ տղու» համար սրբություն են իր և իր նման լավ տղերքի ծնողները, մնացածները արժանի են անգամ սրբությունը վիրավորող հայհոյանքի:
– Արդյոք ազդեցություն սահմանելու համար հայհոյանքի «ակտիվ» բառապաշարը անհրաժեշտությո՞ւն է բանակում:
-Դա ինքնահաստատման համար ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ բավարար պայման է, ուշունցը բնականորեն սերտաճած է սովորական բանավոր հաղորդակցության լեզվաշերտին:
– Ժամանակակից գրողները հայհոյանքը բերում են գրականություն, ռեժիսորները` հեռուստատեսություն, արդյոք դա չի՞ նպաստում, որ հայհոյանքը «օրինականացվի»:
– Արվեստը չի կարող շրջանցել իրականությունը, հավաստիության համար այն պետք է գոյություն ունեցող փաստից սնվի, իսկ փաստն այն է, որ այսօր հայհոյանքն ու ժարգոնային բառապաշարը մեր բանավոր խոսքի մի ահռելի տիրույթ են զբաղեցնում:
ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆ
հոգեբան
«Մարդուն բնորոշ է ագրեսիվությունը, նույնիսկ ամենահեզաբարո մարդն իր մեջ ունի ագրեսիվության որոշակի պաշար, որը այս կամ այն հանգամանքում կարող է ի հայտ գալ: Ագրեսիվությունը տարբեր դրսեւորումներ է ունենում` ֆիզիկական, վերբալ, ինստրումենտալ, թշնամական: Վերբալ ագրեսիան դրսևորվում է հայհոյանքի, անեծքի, կոպիտ բառերի միջոցով, իսկ ֆիզիկականը` ֆիզիկական գործողությունների միջոցով: Ֆիզիկական ագրեսիան ագրեսիայի ամենապարզունակ ձեւն է: Քանի որ մարդը քաղաքակրթության զարգացման ճանապարհին բարոյապես հասունացել է, շատ հաճախ ֆիզիկական ագրեսիայի մղում ունենալու պարագայում կարողանում է ինքն իրեն սաստել: Բայց ինչ-որ աստիճանում կարող է իրեն թույլ տալ վերբալ ագրեսիա` խոսքային ագրեսիա, որը գուցե պակաս վտանգավոր է, քան ֆիզիկականը: Եթե մեր հեռավոր նախնիները զայրանում էին, նրանք վերցնում էին քարը եւ «ջարդում» մեկի գլուխը: Քաղաքակրթություններ պետք է փոխվեին, որ մեկի «գլուխը ջարդելու» փոխարեն, մարդը ուղղակի ասի` «գլուխդ կջարդեմ»: Խոսքային ագրեսիան ստորացման միջոց է, ժամանակակից մարդը մտածում է` ավելի լավ է խփեր, քան հայհոյեր: Վերբալ ագրեսիան պետք է համարենք հոգեկան ակտիվության դրսեւորման ձեւ, որը տղամարդկանց մեջ կարող է արտահայտվել հայհոյելով:
Եթե անդրադառնանք բանակում կատարված վերջին դեպքերին, ապա պետք է նշել, որ գործ ունենք ինքնահաստատման տեսակետից խոցելի տարիքում գտնվող երիտասարդների հետ, որոնք նաեւ զենք ունեն: Երիտասարդի ձեւավորումը` աշխարհայացքի, սկզբունքների, տեղի է ունենում շատ ավելի վաղ, քան նա բանակ է գնում: Բանակ է զորակոչվում արդեն իսկ անձնային զարգացման հիմնական ճանապարհ անցած երիտասարդը, բայց նա դեռ չունի հստակ պատասխան, թե ով է ինքը, այսինքն՝ ինքնության խնդիր ունի, հետեւաբար` զգայուն է: Բանակային երկու տարիները չեն կարող մարդուն խորքից փոխել կամ ձեւավորել, միայն` որոշակի ազդեցություն թողնել:
Ամեն ժամանակաշրջան ունի իր սովորութային բառամտածողությունը, որը արտահայտվում է նաեւ հայհոյանքներում: Հայհոյանքի առատությունը մեր կյանքում վկայում է, որ ինչ-որ բան մեր արժեքային համակարգում խախտվել է: Դաստիարակության, արժեքային կողմնորոշման խնդիր ունենք: Երբ փոքր տարիքում երեխան հայհոյում է, ընտանիքում ծափ ու ծիծաղով են ընդունում, ինչը երեխայի համար հաճելի է: Մեր վարքի հետեւանքները ամրապնդում են մեր ռեակցիան: Եթե հետեւանքը դրական է, մեր ռեակցիան ամրապնդվում է, եթե ոչ, մենք խուսափում ենք այդ ռեակցիայից: Տվյալ դեպքում վարքը դրական ամրապնդում է ստանում, փոքրիկ երեխան, որ նոր է սոցիալականացվում, ծանոթանում աշխարհին, իր մեջ արմատավորում է այն համոզմունքը, որ հայհոյանքը դրական բնութագրվող երեւույթ է: Պետք չէ զարմանալ, եթե երիտասարդ տարիքում էլ շարունակի հայհոյել:
Ագրեսիան ագրեսիա է ծնում: Եթե մեկին հարվածում ես, պետք է սպասես պատասխան հարվածի: Ամեն մարդ չէ, որ հայհոյանքին կարող է կրակոցով պատասխանել: Նախքան մեկին ցավ պատճառելը կամ վնասելը, տեղի է ունենում զոհի վարկաբեկում, այսինքն՝ ներսում մարդը վարկաբեկում է զոհին, արդարացնելով իր արարքը, ապահովագրելով խղճի խայթից, եւ այդ դեպքում հանգիստ վնասում է: Մարդու համար այդ ընթացքը կարող է գիտակցված չլինել. այն մարդը, որի համար դիմացինի կյանքը բացարձակ արժեք է, աֆեկտի նախնական փուլում պատճառահետեւանքային կապը պատկերացնելով իրեն զսպում է: Թող որեւէ մեկին չթվա, թե ագրեսիվ մարդը ավելի ուժեղ է, քան նա, ով կարող է զսպել իր ագրեսիան»:
Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #24 (991) 20.06.2013 – 26.06.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում