Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՄՈՒՏՔԸ» ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ



Տ.ՄԵՅՍԱՆԻ ՎԱՐԿԱԾԸ

Վ.ՊՈՒՏԻՆԻ «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Շատերի մեջ տարակուսանք հարուցեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` հունիսի 8-ին արված առաջարկը` Գոլանի բարձունքներում (վիճելի տարածք Իսրայելի և Սիրիայի միջև) ՄԱԿ-ի ուժերի միջազգային զորախմբի կազմում ընդգրկված ավստրիացի խաղաղապահների փոխարեն (որոնք հեռանում են` իրենց կյանքի դեմ «անընդունելի» սպառնալիքի պատճառով) ռուս խաղաղապահներ ընդգրկելու վերաբերյալ:

Իսկապես, Սիրիայի և Իսրայելի միջև 1974թ. կնքված պայմանագրի համաձայն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամները չեն կարող մասնակցել այդ խաղաղապահ առաքելությանը: Ռուսաստանը, լինելով ԱԽ մշտական անդամ, առաջարկում է իր օգնությունը (վերապահումով` «եթե Իսրայելն ու Սիրիան համաձայն լինեն, եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրի Ռուսաստանի նախագահին») և մերժում ստանում, քանի որ Իսրայելը դեմ է (ի վերջո՝ որոշվեց, որ Գոլանի բարձունքներ զինվորներ կուղարկի Ֆիջին): Հարց է ծագում` մի՞թե Ռուսաստանի ղեկավարությունը չգիտեր, որ անհնարին բան է առաջարկում, և որ, բացի դիվանագիտական «շնորհակալություններից», ուրիշ ոչինչ չի կարող ակնկալել:

Բայց արդյոք չի՞ կարող: «Մենք կարծում ենք, որ ժամանակները փոխվել են, Իսրայելի և Սիրիայի միջև պայմանագիրը կնքվել է 39 տարի առաջ` սառը պատերազմի ժամանակ, և այսօր ենթատեքստը բոլորովին այլ է»,- Ռուսաստանի առաջարկությունը պարզաբանել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Փաստորեն, Գոլանի բարձունքներ խաղաղապահներ ուղարկելու Ռուսաստանի առաջարկությունը մի քայլ էր` Մերձավոր Արևելքում իր ազդեցությունը մեծացնելուն ուղղված:

Հետաքրքիր է, որ մոտ կես տարի առաջ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցության մեծացման մասին կանխատեսումով հանդես էր եկել ֆրանսիացի հայտնի լրագրող և քաղաքագետ Տիերի Մեյսանը: Նա առաջարկել էր հետևյալ վարկածը:

ԳՈՐԾԱՐՔ ԱՄՆ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

«ԱՄՆ-ը էներգետիկ անկախություն ստանալու նախաշեմին է` թերթաքարային գազ և հանքաձյութային (բիտումային) ավազից նավթ արդյունահանելու ծավալների սրընթաց աճի շնորհիվ: Հետևաբար, անիմաստ է դառնում Քարտերի դոկտրինը (1980թ.), որի համաձայն՝ ԱՄՆ անվտանգությունը պահանջում է երաշխավորված «հասանելիություն» Պարսից ծոցի նավթին: Անիմաստ է դառնում նաև Քուինսիի արձանագրությունը (1945թ.), որի համաձայն՝ Վաշինգտոնը պարտավորվում է Արաբական թերակղզու նավթն օգտագործելու դիմաց ցանկացած արտաքին ագրեսիայից պաշտպանել Սաուդյանների արքայատոհմը: Այլ կերպ ասած` եկել է տարածաշրջանից ամբողջովին հեռանալու պահը, ինչը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերը տեղափոխել դեպի Հեռավոր Արևելք, որտեղ պետք է կասեցնել Չինաստանի ազդեցությունը: Դրա հետ մեկտեղ պետք է թույլ չտալ Չինաստանի և Ռուսաստանի ռազմական դաշինքը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանին պետք է զիջումներ անել` Հեռավոր Արևելքից նրան շեղելու նպատակով:

Վերջապես, Վաշինգտոնը «շնչահեղձ է լինում» Իսրայելի գրկում. երկու երկրների կապերը ամերիկացիների վրա չափից ավելի թանկ են նստում ինչպես ֆինանսապես, այնպես էլ հեղինակության առումով՝ ԱՄՆ-ի դեմ լարելով մահմեդական ժողովուրդներին: Բացի դրանից, պետք է պատժել Իսրայելին` ԱՄՆ նախագահական քարոզարշավին աննախադեպ չափով միջամտելու և հաղթած թեկնածուի դեմ աշխատելու համար:

Այս բոլոր փաստարկները հանգեցրել են այն բանին, որ Օբաման և նրա խորհրդականները Վլադիմիր Պուտինին գործարք են առաջարկել. Վաշինգտոնը անուղղակիորեն ընդունում է, որ Սիրիայում տանուլ է տվել, և Ռուսաստանին թույլ է տալիս «մտնել» Մերձավոր Արևելք` տարածաշրջանը միասին վերահսկելու: 1916թ. Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ութ ամիս տևած բանակցությունների արդյունքում (Սայքս-Պիկոյի պայմանագիր) միմյանց միջև բաժանեցին Մերձավոր Արևելքը: Այդ համաձայնագիրը գործեց համարյա հարյուր տարի: Եվ այժմ նախագահ Օբամայի վարչակարգը մտադիր է 21-րդ դարի համար վերաձևել այդ տարածաշրջանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հովանու ներքո»:

ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱՁԵՎՎԵԼՈՒ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ

«Երբ իրավիճակը Սիրիայում կայունանա,- շարունակում է ֆրանսիացի քաղաքագետը,- Մոսկվայում տեղի կունենա միջազգային կոնֆերանս` նվիրված Իսրայելի և Սիրիայի հետ առանձին խաղաղ պայմանագրերի կնքման հարցերին, քանի որ սիրիացիներն ուզում են, որ նախևառաջ լուծվի Պաղեստինի հարցը: Խաղաղության մասին Պաղեստինի հետ ուղղակի բանակցություն վարելն անիմաստ է, քանի որ պաղեստինցիները չափից ավելի պառակտված են, դրա փոխարեն Սիրիան կարող է իր վրա վերցնել նրա դերը, ով պաղեստինցիներին կստիպի ընդունել մեծամասնության ընդունած որոշումները:

Այսպիսով, պայմանավորվածություններն ունենալու են համապարփակ բնույթ` 1991թ. Մադրիդի կոնֆերանսի սկզբունքների համաձայն, ըստ որի՝ Իսրայելը պետք է վերադառնա 1967թ. սահմանները: Պաղեստինի տարածքներն ու Հորդանանը կմիավորվեն Պաղեստին պետության մեջ: Դրա ղեկը կհանձնվի «Եղբայր-մուսուլմաններին», ինչը ներկայիս արաբական պետությունների ղեկավարների սրտով է: Գոլանի բարձունքները Տիբերիական ծովակի փոխարեն կտրվեն Սիրիային` ըստ այն ծրագրի, որը քննարկվել է 1999թ. Շեֆերդսթաունում (Արևմտյան Վիրջինիա), եւ որի արդյունքում Սիրիան կդառնա հորդանանա-պաղեստինյան պայմանագրի երաշխավորը:

Ըստ այս՝ դոմինոյի սկզբունքի, հերթը կհասնի նաև քրդական հարցի լուծմանը: Իրաքը կտրոհվի և կդառնա Անկախ Քրդստանի հիմքը, իսկ Թուրքիան կվերածվի դաշնային պետության, որը ինքնավարություն կտա իր քրդական տարածքներին:

ԱՄՆ-ը մտադիր է Մերձավոր Արևելքը վերաձևել ընդհուպ մինչև Սաուդյան Արաբիայի վերացումը, որը դարձել է անպետք: Այդ երկիրը ենթադրաբար կբաժանվի երեք մարզերի, որոնց տարածքի մի մասը կմիացվի կամ Հորդանանա-Պաղեստինյան պետությանը, կամ շիական Իրաքին` Պենտագոնի հին ծրագրի համաձայն («Սաուդյանների դուրսբերումը Արաբիայից», 10 հուլիսի 2002թ.): Այս ամենը Վաշինգտոնին հնարավորություն կընձեռի ազդեցության զգալիորեն մեծ գոտի տրամադրել Մոսկվային` չզոհաբերելով սեփական ազդեցությունը:

Ռազմաքաղաքական դաշինքը (ռուս-սիրիական) կամրապնդվի տնտեսա-ռազմավարական համաձայնագրով, չէ՞ որ Սիրիայում պատերազմի իրական «խաղագումարը» (խաղացողների մեծ մասի համար) սիրիական գազի հանքավայրերն են (վերջերս գազի վիթխարի պաշարներ են հայտնաբերվել Միջերկրական ծովի հարավում և Սիրիայում): Այսպիսով, Սիրիայում տեղաբաշխելով իր զորքերը, Մոսկվան կապահովի տեղի գազի շուկայի երկարաժամկետ վերահսկումը»:

ՇԱՀՈՂՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏՎՈՂՆԵՐԸ

«Նախագահ Օբամայի վարչակարգի այս «նվերը» Վլադիմիր Պուտինին ոչ միայն Ռուսաստանի ուշադրությունը կշեղի Հեռավոր Արևելքից,- եզրակացնում է Տ.Մեյսանը,- այլև Վաշինգտոնին հնարավորություն կտա չեզոքացնելու Իսրայելի ազդեցությունը (մեկ միլիոն իսրայելցի ամերիկյան քաղաքացիություն ունի, իսկ մյուս միլիոնը ռուսալեզու է): Տեղաբաշխվելով Սիրիայում` ռուսական զորքերը հետ կպահեն Իսրայելը արաբների, արաբներին Իսրայելի դեմ գրոհներից: Հետևաբար` ամերիկացիները կազատվեն հրեական գաղութի անվտանգությունն ապահովելու համար վիթխարի միջոցներ ծախսելուց:

Առաջարկվող սցենարը նախատեսում է նաև պարտվողներ. նախևառաջ՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք կկորցնեն իրենց ազդեցությունը: Նաև Իսրայելը, որը, զրկվելով ԱՄՆ-ի աջակցությունից, կվերածվի փոքր սովորական երկրի: Իրաքը կդադարի միասնական պետություն լինելուց: Քարտեզի վրայից միգուցե անհետանա Սաուդյան Արաբիան:

Արդյունքում՝ կշահի Բաշար ալ Ասադը, որին դեռ երեկ Արևմուտքն անվանում էր մարդկայնության դեմ բռնացող հանցագործ, սակայն վաղն արդեն իսկ կարող է հռչակվել իսլամիստներին հաղթող: Ինչ խոսք, կշահի նաև Վլադիմիր Պուտինը, որն իր հետևողական ջանքերի շնորհիվ Ռուսաստանը դուրս կբերի «նեղ» վիճակից և հնարավորություն կստանա վերադառնալու Միջերկրածովյան տարածաշրջան ու Մերձավոր Արևելք»:

Ինչպես տեսնում ենք, Գոլանի բարձունքներ ռուս խաղապահներ ուղարկելու` Ռուսաստանի առաջարկությունը միանգամայն համահունչ է Տիերի Մեյսանի առաջ քաշած տեսությանը: Բայցեւ չի նշանակում, թե ֆրանսիացի քաղաքագետի բոլոր կանխատեսումներն իրականանալու են: Մասնավորապես, խիստ անհավանական է թվում Իսրայելի` Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու հեռանկարը: Վերջինիս պատճառահետեւանքային կապի մասին՝ մեր հաջորդ հոդվածում:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ռազմաքաղաքական


27/06/2013