Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Բացի վերը թվարկված դաստիարակչական միջոցներից` զինծառայողների հանցագործ վարքի կանխման համար նշանակալի դեր ունեն կազմակերպչա-կառավարման միջոցները: Համառոտ անդրադառնանք նաեւ դրանց:

1. Զորամասերում, ստորաբաժանումներում այդպիսի կարեւորագույն միջոցներից են զինծառայողի կյանքի, կենցաղի եւ գործունեության կազմակերպումը, զինվորական կանոնադրական կարգուկանոնի պահպանումը, այդ թվում` մարտական պատրաստությունը, մարտական հերթապահության, պահակային եւ ներքին ծառայությունների, սպառազինության շահագործման, անձնակազմի հանգստի եւ սպորտմասայական աշխատանքների խելամիտ կազմակերպումը, զինծառայողների ճիշտ փոխհարաբերությունները, օրվա կարգացուցակի, ուսումնական պլանների եւ ծրագրերի ճշգրիտ կատարումը:

Միայն այս պահանջների բավարարման պայմաններում հաջողությամբ կձեւավորվեն կազմակերպվածությունը, կարգապահությունը, միշտ եւ ամեն ինչում օրենքների եւ զինվորական կանոնադրությունների նորմերին հետեւելու սովորությունը:

Զինվորական ստորաբաժանման օրվա կարգացուցակը կառուցվում է կանոնադրությունների եւ պետերի հրամանների պահանջներով, որոնք ունեն օրենքի ուժ: Այդ իսկ պատճառով ցանկացած անհիմն խախտում անձնակազմին մտածելու առիթ է տալիս. կանոնադրությունների եւ հրամանների կատարումը միշտ չէ, որ պարտադիր է: Իսկ այդ կանխակալ կարծիքը իրավախախտի համար ապօրինի արարքի համար «տեսական հիմք» կարող է դառնալ:

2. Զինվորական հանցագործության կանխման անհրաժեշտ միջոցներից է ենթակաների գործունեության խիստ վերահսկողությունը: Անվիճելի է եւ վաղուց հաստատված վերահսկողության բացակայության կապը հանցագործությունների որոշ տեսակների հետ:

Ենթակաների վերահսկողությունը չի կարող կատարվել մեկուսի, առանց զորքերի ծառայության հստակ կազմակերպման, այլ յուրաքանչյուր հրամանատարի եւ օրվա վերակարգի պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների բարեխիղճ կատարմամբ: Այնտեղ, որտեղ կանոնադրական կարգուկանոնը գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա, վերահսկողության կազմակերպումը չափազանց դժվար է: Այդ իրավիճակում կարող են ստեղծվել «գաղտնի վերահսկողության», «պատասխանատու հերթապահների» համակարգ եւ վերահսկողության այլ՝ ոչ կանոնադրական ձեւեր: Այդպիսի միջոցները զինծառայողների միջեւ ձեւավորում են փոխադարձ անվստահություն եւ օրվա վերակարգի անձանց անփութության պատճառ դառնում:

Զինված ուժերի համազորային կանոնադրություններում նախատեսված են վերահսկողության բոլոր անհրաժեշտ ձեւերը: Զորամասերի ներքին վերակարգի՝ պաշտոնատար անձանց կողմից զինծառայողների գործունեության նկատմամբ իրականացվող խիստ վերահսկողությունը կնպաստի զինծառայողների կարգապահության բարձրացմանը, ինչպես նաեւ կարգազանցության մի շարք տեսակների կանխմանը:

Կարգազանցության համար պատժի անխուսափելիությունը զինծառայողների հանցագործությունների կանխման արդյունավետ կազմակերպչակարգապահական միջոցներից է, ինչը կյանքում կիրառելու համար անհրաժեշտ է մշտապես պայքարել կարգապահական ցանկացած շեղման եւ հատկապես անպատժելիության դեմ: Անպատժելիությունը ճանապարհ է բացում դեպի ավելի վտանգավոր եւ քրեորեն պատժելի իրավախախտումներ: Կարգապահական կանոնագիրքը պարտավորեցնում է հրամանատարին (պետին) անհետեւանք չթողնել ենթակայի ոչ մի զանցանք:

Օրենքի խախտման դեպքերում կարգապահական կանոնագիրքը հստակ որոշում է պետի պարտականությունները, նաեւ պատժի սահմանման եւ տույժը ի կատար ածելու կարգը, կարգապահական տույժերի հաշվառման կանոնները եւ այլն: Այսպիսով, ինչպես նախորդ, այնպես էլ այս միջոցը բխում է զինված ուժերի համազորային կանոնադրությունների պահանջներից:

Զորքերում հանցագործությունների կանխման աշխատանքը չի սպառվում վերը նշված դաստիարակչական եւ իրավական միջոցներով: Համալիր միջոցառումների անցկացումը այդ գործում բերում է հաջողության:

Հանցագործությունների կանխման համալիր միջոցառումներն ընդգրկում են հրամանատարների եւ զինվորական արդարադատության մարմինների` համատեղ մշակված պլաններով անցկացված կանխարգելիչ աշխատանքները:

2. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ

Զինվորական հանցագործությունների տեսակներից յուրաքանչյուրը (ոտնձգություններ ենթակայության կարգի և զինվորական պատվի նկատմամբ, խուսափումներ զինվորական ծառայությունից, պահակային և ներքին ծառայությունների կանոնների խախտումներ, զինվորական պաշտոնական հանցագործություններ, քրեորեն պատժելի արարքներ, որոնք կապված են ռազմական տեխնիկայի շահագործման հետ և այլն) իր բնույթով առանձնահատուկ է, և ինչպես այդ մասին խոսվեց վերևում, նպատակահարմար է կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) աշխատանքի բովանդակությունը քննարկել յուրաքանչյուրն առանձին, ըստ տեսակի:

Ենթակայության կարգի և զինվորական պատվի դեմ հանցագործությունների կանխման մեջ անառարկելիորեն կարևոր տեղ ունեն դաստիարակչական բնույթի միջոցառումները: Ընդ որում, առաջին հերթին դրանք դրսևորվում են հրամանատարների և պետերի սեփական դաստիարակության մեջ, այսինքն` անձնական որակների դաստիարակության մեջ:

Ժամանակակից պայմաններում հրամանատարներին և պետերին ներկայացվում են բարձր պահանջներ: Նրանք պետք է ունենան այնպիսի որակներ, ինչպիսիք են.

♦ բարձր կարգապահությունը,

♦ պահանջկոտությունը իր նկատմամբ,

♦ հրամանատարական կամքը և կազմակերպչական ընդունակությունները,

♦ բարձր մասնագիտական (պրոֆեսիոնալ) պատրաստվածությունը,

♦ ընդհանուր կրթվածությունը,

♦ ենթականերին ուսուցանելու (սովորեցնելու) ու դաստիարակելու ունակությունը:

♦ Այս պահանջների իրականացումն ունի մեծ կանխարգելիչ նշանակություն:

Շարունակելի

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ռազմական


27/06/2013