Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՂՆ ԱՄՈՒՐ Է ԶԻՆՎՈՐՈՎ



Հայոց հողում զորակոչ է: Հայ երիտասարդը գնում է ծառայության, ու բանակը համալրող ամեն զինվորով հողդ է՛լ ավելի է ամրանում, երկիրդ դառնում անառիկ:

Ալբերտ Մելքոնյանը Երեւանից է, սովորում է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում, մոտ օրերս կզորակոչվի:

-Ալբե՛րտ, ի՞նչ ես մտածում զինվորական ծառայության մասին:

-Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի,- ասում է առարկություն չընդունող տոնով,- երկրիդ տերը լինելուց առաջ պիտի լինես երկրիդ զինվորը:

Ես, որ մինչ այդ մտմտում էի հարցնել Ալբերտին, թե երբեւէ մտածե՞լ է ծառայությունից խուսափելու մասին, հարցս համարում եմ այլեւս անիմաստ: Իսկ Ալբերտը, կարծես կարդալով մտքերս, շարունակում է.

– Հայրենիքին ծառայելը սրբազան պարտք է, ոչ թե պարտավորվածություն: Մեր երկիրը դժվարությամբ է անկախություն ձեռք բերել, հայի քանի՜ սերունդ է երազել անկախ, ազատ հայրենիք ունենալու մասին: Ու վերջապես՝ դա իրողություն է: Մի կողմ թողնենք մեծ ու փոքր բոլոր դժվարությունները, հիասթափությունները, դառնությունները. սա մեր երկիրն է, մեր հողն ու ջուրն է: Մեր հայրերը մեզ անկախ հայրենիք են ժառանգել, ու մենք էլ պարտավոր ենք մեր զավակներին այն կտակել:

Կիրթ ու գրագետ է խոսում Ալբերտը: Անկեղծ լինենք, մեր այսօրվա երիտասարդության հասցեին ավելի շատ բողոքներ ենք լսում, քան գովեստի խոսքեր, ու Ալբերտի կշռադատված խոսքն ինձ հաճելիորեն զարմացնում է, բայց, այնուամենայնիվ, տալիս եմ հաջորդ «ստուգող» հարցս.

-Երիտասարդները չեն սիրում, երբ իրենց հրամայում են, իսկ բանակում միայն հրամաններ պետք է կատարես:

-Երբ հայրենիքիդ համար է հնչում հրամանը, պետք է անվերապահորեն ենթարկվել,- պատասխանում է Ալբերտը:

Հոգու խորքում ուրախանում եմ, որ այսպիսի գիտակից զինվորով է համալրվելու մեր բանակը:

– Ինչպե՞ս ես պատկերացնում բանակային կյանքդ, չե՞ս դժվարանա: Բանակում տարբեր բնավորության, տարբեր դաստիարակություն ստացած տղաների հետ պետք է շփվես:

Ալբերտի ընկերը` Արարատը, որ մինչ այդ լուռ ունկնդրում էր մեր խոսակցությունը, խառնվում է զրույցին.

-Ալբերտը հավասարակշռված տղա է, մարդամոտ ու ընկերասեր, խնդիրներ չի ունենա:

Ալբերտն էլ շարունակում է.

-Բանակ եմ գնում քիչ թե շատ պատրաստված: Դպրոցում ռազմագիտությունը լավ հիմքերի վրա էր, ես էլ այդ առարկան շատ էի սիրում, այնպես որ ` բանակ կգնամ նախնական զինվորական պատրաստության որոշակի պաշարով: Կարծում եմ՝ դժվարություններ չեն լինի:

-Ծառայած ընկերներ ունե՞ս, ի՞նչ են պատմում բանակից:

-Ծառայած եւ ծառայող շատ ընկերներ ունեմ: Բայց եւ ոչ մեկը նրանցից որեւէ խորհուրդ չի տվել: Դու ինքդ պետք է զգաս, ապրես այդ ամենը:

– Ինչպիսի՞ն պետք է լինի քո կարծիքով հրամանատարը:

– Ե՛վ խիստ, ե՛ւ ընկերական:

– Ինչո՞վ կլցնես զինվորական առօրյայի ազատ ժամանակը:

– Ե՛վ կմարզվեմ, ե՛ւ գիրք կկարդամ, կաշխատեմ արդյունավետ օգտագործել ժամանակս:

– Լարված չե՞ս, ի վերջո` անծանոթ միջավայր ես մտնելու:

– Չէ, ոչ մի լարվածություն: Բայց մի տարօրինակ զգացողություն ունեմ. այս քանի օրը, երբ տանն եմ, ուզում եմ ընկերներիս մոտ գնալ, երբ ընկերներիս հետ եմ՝ մերոնց եմ ուզում տեսնել: Դեռ չգնացած` բոլորին կարոտում եմ: Ծնողներիս, քրոջս, հարազատներիս: Տատս կատակում է` ո՞նց եմ դիմանալու երկու տարի, գալու եմ հետդ ծառայեմ…

-Երկու տարի հետո կվերադառնաս ու…

– Ու կշարունակեմ ուսումս, իսկ հետո` որոշել եմ զինվորական դառնալ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հ.Գ.- Երբ թերթում տպագրվի մեր այս զրուցը, Ալբերտ Մելքոնյանը արդեն ծառայավայրում կլինի: Բարի ծառայություն քեզ, Ալբերտ, եւ մեր բոլոր զինվորներին: Ձեր բարեխիղճ ծառայությամբ հողն ավելի կամրանա, ու դուք ձեր զավակներին կժառանգեք անկախ ու անառիկ հայրենիք:

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Բանակ և հասարակություն


27/06/2013