Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՉԻ ԽԱՄՐԻ



Ռազմագիտության լսարան` ազատամարտիկ Երվանդ Կարապետյանի անունով

Օրերս Նոր Նորքի 6-րդ զանգվածի N 163 դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց Արցախյան ազատամարտի ժամանակ հերոսաբար զոհված, հետմահու «Արիության», «Շուշիի ազատագրման համար» մեդալների արժանացած Երվանդ Կարապետյանի` Ճուտոյի անվամբ: Դասասենյակի բացման պատիվը իհարկե վերապահված էր հերոս ծնող մորը` տիկին Ռոզային, որը թաց աչքերով, սակայն մեծ հպարտությամբ կտրեց ժապավենը եւ ոտք դրեց որդու անունով անվանակոչված դասարան …

Աշակերտները, մարտական ընկերները ներկայացնում, պատմում էին Երվանդի անցած մարտական ուղին: «Ճուտոն միշտ ամենավտանգավոր, ամենաթեժ կետերում էր,- հիշում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Ա.Խուդավերդյանը: – Եթե արգելում էինք, հազար ու մի հնարք էր գտնում ու հայտնվում էր մեր կողքին: Շահումյան գնալիս չթողեցինք, որ մեզ հետ գա: Ուղղաթիռը շարժվեց, ու մեկ էլ ալյուրի պարկերի տակից լսում ենք Ճուտոյի ձայնը` խեղդվեցի… »:

Ճուտոն մասնակցել է Ղարաչինարի ինքնապաշտպանությանը, Մոնթեի ջոկատի կազմում կռվել Թոդանում, Սրխավենդում, Կիչանում…

1992թ. ապրիլին Երվանդը Մարտունիում միացավ Շուշիի ազատագրմանը մասնակցող ջոկատին: Մայիսի 8-ին շարժվեցին Շուշիի ուղղությամբ: Տղաները միմյանց պաշտպանելով, մեկը մյուսի կյանքը գնահատելով, առաջ էին շարժվում: Հակառակորդը մոլեգնած կրակում էր:

«Ես կպահեմ, դուք առաջ գնացեք»,- առարկություն չընդունող տոնով ասաց, հրամայեց, պարտադրեց, ստիպեց ու համոզեց Ճուտոն: Զինընկերները դուրս եկան վտանգավոր գոտուց, սակայն թշնամու դիպուկահարի արձակած գնդակը խոցեց խիզախ երիտասարդին: Ինչքա՜ն երազանքներ ուներ… Ընդամենը 24 տարեկան էր…

Տարիներ են անցել, բայց հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած տղաների հիշատակը չի խամրել ու չի խամրի երբեւէ:

ՀՀ ԵԿՄ փոխնախագահ Ղ.Ուլիխանյանը իր խոսքում կարեւորեց նմանաբնույթ միջոցառումների դերը, ապա ԵԿՄ վարչության հուշամեդալներով պարգեւատրեց հերոս քաջորդու մորն ու եղբորը` Մարգարին, որը նույնպես ազատամարտի մասնակից է: ԵԿՄ վարչության պատվոգիր շնորհվեց N 163 դպրոցի տնօրեն Կարեն Շահնուբարյանին` աշակերտների հայրենասիրական ոգին բարձր պահելու համար:

Երվանդ Կարապետյանի, մեր նորօրյա ազատամարտի մյուս խիզախ տղաների օրինակը կոգեշնչի մեր այսօրվա սերնդին` լինելու է՛լ ավելի հայրենասեր ու հայրենապաշտ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Բանակ և հասարակություն


04/07/2013