ԻՄ ՎԱՂԱՄԵՌ ՔՈՒՅՐԻԿՆԵ՛Ր, ԵՍ ԻՄ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑԻ…
Բոլոր մարզաձևերում կան սահմաններ, որոնց հաղթահարումը ցանկացած մարզիկի համար բաղձալի ցանկություն է։ Այդ տեսակետից բացառություն չէ նաև լեռնագնացությունը։
Հավանաբար շատ քչերը գիտեն, որ լեռնագնացությունը ոչ միայն դժվար ու վտանգավոր մարզաձև է, այլ նաև «հիվանդություն է», և նա, ով մի անգամ «վարակվում է, այլևս չի կարող բուժվել», հրաժարվել դժվարին վերելք կատարելու ձգտումից։
Անշուշտ, յուրաքանչյուր մարդ ունի կյանքում իր նախասիրությունն ու ինքնահաստատման ոճը, դրան հասնելու ուղիները, որոնք երբեմն աննախադեպ ու անհավանական դժվար կարող են թվալ։
Գիտակցելով դրա հետևանքները` մարդ անհատը կամովին գնում է անհայտ ու վտանգավոր, չտրորված ճանապարհով։
Այդպիսի անհատները քիչ են, և նրանցից մեկն էլ խարկովցի հայտնի լեռնագնաց Կիրիլ Ալեքսանդրի Բարովն է, ում ընտանիքի, ինչպես ինքն է ասում, «ողբերգական պատմության» մի մասն է կազմում լեռնագնացությունը, մյուս մասը Հայրենական մեծ պատերազմը։ Բարովների ողբերգությունն սկսվում է կենտրոնական Կովկասի դժվարամատչելի Ուշբա (4710) գագաթի հաղթահարման անհաջող փորձով։
Շատ լեռնագնացներ փափագում են բարձրանալ աշխարհի ամենաբարձր՝ Էվերեստ գագաթը (8850մ)։ Նրանց որոշ մասն էլ երազում է բարձրանալ կենտրոնական Կովկասի Ուշբա գագաթը, որի «փառքը» հայտնի դարձավ անգլիացի ճանապարհորդ Ղուգլաս Ֆրեշֆեշդի Կովկաս (Սվանեթիա) կատարած ճանապարհորդության ժամանակ (1868թ.)։
Ուշբայի «հայտնաբերումը» մեծ հետաքրքրություն առաջացրեց եվրոպական լեռնագնացների շրջանում, և 1888 թվականին անգլիացի լեռնագնաց Դ. Կուկի անհաջող փորձից հետո տասնհինգ տարի պահանջվեց Ա. Շուշցին և նրա խմբի 4 անդամներին` Ուշբայի հարավային գագաթը բարձրանալու համար։
Մյունխենի լեռնագնացներին հաջողվում է 1935թ. հաղթահարել Ուշբայի երկու գագաթները նույն վերելքի ժամանակ (տրավերս)։
Մինչ օրս Ուշբայի վրա կատարած հաջող ու անհաջող վերելքի փորձեր շատ են եղել, մի շարք դժվարին երթուղիներ են հաղթահարվել, և այժմ լեռնագնացության դժվարության «չափանիշ» հանդիսացող այդ լեռան վրա մշակված են 30-ից ավելի բարձրակարգ երթուղիներ, որոնց հաղթահարումը պատվաբեր է ցանկացած մարզիկի համար։ Տարբեր տարիների ընթացքում այդ երթուղիների առաջին հաղթահարողները միշտ էլ մրցանակային տեղեր են գբաղեցրել ԽՍՀՄ առաջնություններում (հայերից՝ Ի. Գալստյան, Ա. Չատինյան):
Ուշբայի պատմության դրվագների մեջ գուցեև փոքր, բայց հիշարժան և ուսանելի մի մաս է կազմում խարկովցի հայտնի լեռնագնաց Կիրիլ Բարովի ընտանիքի, ինչպես ինքն է ասում, «ողբերգության շարանը»։
Մայրը` Վերա Նիկոլաևնան, երիտասարդ տարիներին զբաղվել է լեռնագնացությամբ և իր զավակները՝ Տանյան, Նատաշան (երկվորյակ քույրերը) ու Կիրիլը, բարձրագույն կրթություն ստանալուց հետո (աղջիկները՝ նկարիչներ, Կիրիլը` ճարտարապետ) մոր խորհրդով 1936թ.□ից սկսել են զբաղվել լեռնագնացությամբ։
1938թ. օգոստոսի 23-ին Տանյա Բարովը Ուշբայի հյուսիսային գագաթից իջնելիս (Դ. Սաշովի հետ) եղանակի վատթարացման պատճառով տեղ չի հասնում։
1957թ. Ուշբայի ստորին լանջերում լեռնագնացները հայտնաբերում են աճյուններ։ Նրանք կարծում են, թե դա Տատյանա Բարովի աճյունն է։ Բայց պարզվում է, որ այն Ալյոշա Ջափարիձեինն է, որը դեռևս 1934թ. քրոջ` Ալեքսանդրիայի հետ բարձրացել էր հարավային գագաթ և 1945թ. Ուշբայի տրավերսի ժամանակ անհայտ կորել էր։
«Սիմոնը զոհվեց Տետնուլդը նվաճելիս, դու նրա փոխարեն առաջինը բարձրացար Տետնուլդի գագաթը, ինչո՞ւ գնացիր Ուշբա, չէ՞ որ այնտեղ շատ-շատ ոգիներ են ապրում։ Նրանք կործանեցին քեզ, խորտակեցին իմ կյանքը։ Ինչո՞ւ մենակ թողեցիք ձեր քրոջը, իմ Սիմոն, իմ Ալյոշա»,- սգում էր Ալեքսանդրիան` համբուրելով եղբոր ոսկորները։
Ի դեպ, Ալեքսանդրիան առաջին կինն էր, որը 1923թ. բարձրացել է Կազբեկ լեռը։ Այդ խմբի կազմում վերելք է կատարել նաև Գեորգի Աշիխանյանը, որ հետագայում՝ 1954-ից ղեկավարել է նորաստեղծ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարմնամարզության ամբիոնը։
«Երբ պատրաստվում էինք իրականացնել մեր վաղամեռ քրոջ երազանքը (Ուշբայի տրավերսը), կատարվեց մի նոր դժբախտություն։ Ցեյի շրջանում (Կովկաս) վերելքի ժամանակ քարը ծանր վիրավորեց Նատաշային, և նա շուտով մահացավ»։
Կիրիլ Սլեքսանդրովիչը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մարտնչել Ավստրիայում, Չեխոսլովակիայում, Գերմանիայում, արժանացել կառավարական մի շարք պարգևների և զորացրվել 1945թ. նոյեմբերին։
«Երբ պատերազմի ավարտից հետո վերադարձա, ինձ նոր դժբախտություն էր սպասում` կինս ու զավակներս անհայտ կորել էին պատերազմի տարիներին, իսկ հայրս պատերազմից չվերադարձավ։ Մնացինք ես և մայրիկս»,- թախծոտ աչքերով ավարտեց իր խոսքը Կիրիլ Ալեքսանդրովիչը։
«Տատյանայի և Նատաշայի հիշատակը հարգելու և հավերժացնելու քո ամենամեծ նպատակը պետք է լինի Ուշբայի «խաչի» իրագործումը»,- ասում է որդեկորույս մայրը միակ որդուն՝ Կիրիլին:
Ուշբայի խաչի առաջին անհաջող փորձը կատարել են Մյունխենի լեռնագնացները 1936թ.` Լ. Շմադերի գլխավորությամբ։ Նշենք, որ անհաջող փորձեր շատ են եղել հետագա տարիներին, հատկապես եվրոպական լեռնագնացների կողմից։ Ուշբայի նշանավոր խաչը կատարելու համար լեռնագնացները արևմտյան կողմից բարձրանում են երկու գագաթների միջև ընկած Թամբարդը, մագլցում հյուսիսային ու հարավային գագաթները, այնուհետև Թամբարդից վայրէջք կատարում արևելյան կողմ, որը տևում է 8-10 օր։
Երկրագնդի լավագույն լեռնագնացները երազում են անցնել Ուշբայի խաչը։
Կիրիլ Բարովը մի շարք դժվարին վերելքներ է կատարել Կովկասում, Պամիրում, Տյան Շանում։ Երկար տարիներ պահանջվեցին` իրականացնելու սիրելի մոր պատգամները։ 1953թ. նրա ձեռնարկած առաջին փորձը անհաջող էր։ Երկրորդ փորձը ձեռնարկեց 1956թ., որը նույնպես անհաջող վախճան ունեցավ։
Կիրիլ Ալեքսանդրովիչը չհուսահատվեց և շուտով երկու տարի նախապատրաստական աշխատանքներ կատարելով՝ 1958թ. ձեռնարկեց երրորդ փորձը, որը նախկինների նման անհաջող ավարտ ունեցավ։
Ի դեպ, այս վերելքը կատարող խմբի անդամներից երկուսը՝ Կ.Ալեսինը և Մ.Չերնևը, բուլղարացի հայտնի լեռնագնացներ էին։ Սակայն Բարովը այն լեռնագնացներից է, ովքեր երբեք չեն ընկճվում ու հուսահատվում, միշտ պատրաստ են դիմակայելու ցանկացած արհավիրքի, միայն թե հասնեն իրենց նպատակին։
Չորրորդ փորձը Բարովը ձեռնարկեց 1961թ. հունիսի վերջին, երբ աշխատում էր ալպինիզմի հրահանգիչների պատրաստման դպրոցում, որտեղ 1959թ. դասավանդում էի նաև ես։ Ինչպես հետագայում խոստովանեց նա, այդ ընթացքում համատեղ մի շարք վերելքներ էինք կատարել, և նա միշտ հետևել է ինձ` իր խմբում ընդգրկելու նպատակով։
Այդ կազմը որոշվում է դպրոցի մարզիչների և տնօրեն՝ հայտնի լեռնագնաց Վ. Աբալակովի անմիջական երաշխավորությամբ, որն ինձ գիտեր դեռևս 1958թ. սովետա-չինական արշավախմբից և դպրոցում համատեղ 3 տարվա աշխատանքից։
Խմբի վերջնական կազմում ընդգրկվեցին Կիրիլ Բարովը (ղեկավար, Խարկով), սպորտի վարպետ, Էրիկ Պետրովը (Պետերբուրգ), առաջին կարգային, Վլադիմիր Լեբեդևը (Սվերդլովսկ), առաջին կարգային, Աղվան Չատինյանը (Երևան), սպորտի վարպետ:
Եղանակի անբարենպաստ պայմաններում այդ դժվարին վերելքը տևեց 10 օր, և ամենակարևորն այն էր, որ առաջինն էր և շատ հարցերի պատասխան տվեց։
Բարեհաջող վերելքից հետո Բարովը գրկախառնվեց խմբի անդամների հետ, շնորհավորեց վերելքի հաջող ավարտի համար, ապա մեղմ ձայնով շշնջաց. «Իմ վաղամեռ քույրիկնե՛ր, թող Ուշբայի խաչի գրավումը ձեր հիշատակին լինի, ես իմ վաղեմի խոստումը կատարեցի»։
Կիրիլ Ալեքսանդրովիչը լռեց, նրա կոպերի վրա քարացել էին արցունքի կաթիլները…
Ես անչափ ուրախ էի, որ դժվար պահին սատար կանգնեցի և իմ ուժերի սահմանում օգնեցի նրան՝ վաղամեռ քույրերին տված խոստումը կատարելու համար։
Չնայած Ուշբայի խաչի առաջին վերելքից արդեն անցել է 52 տարի, այնուամենայնիվ, վերելքի հաջող և անհաջող փորձերը (մինչ այժմ Ուշբան խլել է 60-ից ավելի լեռնագնացների կյանքեր) շարունակվում են և հավանաբար կշարունակվեն նաև ապագայում։
Այսպիսին է լեռների էությունը, այսպիսին է լեռնագնացների բնութագիրը։
ԱՂՎԱՆ ՉԱՏԻՆՅԱՆ
Ճգնաժամային կառավարման
ակադեմիայի պրոֆեսոր