Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿԳՆԱՄ ՀՈՐՍ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»



Երբ փոխգնդապետ Ա.Ադամյանին խնդրեցի ներկայացնել մարտական հերթապահության մեջ իրենց լավագույն կողմերով դրսևորած այս կամ այն զինվորին, նա առանց վարանելու տվեց առաջին մոտոհրաձգային գումարտակի ջոկի գնդացրորդ, շարքային Սանասար Հակոբյանի անունը։

-Խելացի, խոհեմ, պարտականությունների կատարման առումով երբևէ չթերացող, ընկերասեր զինվոր է շարքային Հակոբյանը։ Վստահաբար կարող եմ ասել, որ նա վայելում է մեր զինվորական մեծ ընտանիքի սերն ու հարգանքը,- ահա այսպես բնութագրեց իր ենթակային զորամասի ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալը։

Բավականին մարդամոտ, շփվող և հումորով տղա դուրս եկավ Սանասարը, որի ծառայության տեւողությունը, ինչպես ինքն ասաց, արդեն հատել է «հասարակածը»։

-Կենտրոնական հավաքակայանից մեզ միանգամից բերեցին այս զորամաս։ Աչքերս բացեցի թե չէ, չորս կողմը լեռներ տեսա։ Հետո իմացա, որ մեր զորամասը կատարում է պետական ու ռազմական կարևորագույն առաջադրանք` նրա ուսերին է ծանրացած մեր Հայրենիքի հարավային սահմանի բավականին բարդ ու վտանգավոր մի հատվածի պահպանությունը։ Այստեղ անցա ծառայությանս նախապատրաստական փուլը` կարանտինը, և նշանակվեցի ծառայության փոխգնդապետ Ռ. Հայրապետյանի հրամանատարությամբ գործող գումարտակում։

-Պարտականությունների գերազանց իմացություն, ճշտապահություն, զգոն և բարեխիղճ ծառայություն, ազնիվ մարդկային նկարագիր ունեցող զինվոր է շարքային Հակոբյանը, որը ամեն ինչում մշտապես ցուցաբերում է գիտակից, կշռադատված մոտեցում,- իր ենթակային բնութագրեց գումարտակի փորձառու հրամանատարը։

Զորամասի հրամանատարը մայիս ամսվա արդյունքները ամփոփելիս Սանասարին խրախուսել է յոթօրյա լրացուցիչ արձակուրդով, շնորհակալագրով, վերադասին էլ միջնորդել է շնորհակալական նամակ ուղարկել օրինակելի զինվորի ծնողներին։

-Օրենք, պետություն, զինվորական ուժ, այսինքն՝ բանակ, սրանք պետք է յուրաքանչյուրիս համար լինեն անվիճելի արժեքներ. այսպես է ինձ դաստիարակել հայրս` Հովսեփ Հակոբյանը, որը ի դեպ, Արցախյան հերոսամարտի մասնակից է, եղել է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և Մավո Օհանյանի զինակիցը, մասնակցել է Շուշիի ազատագրմանը, վիրավորվել է… Ավագ եղբայրս` Արթուրը, ծառայել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում, ծառայել է պատվով, ինչպես հայրս էր մեկ-մեկ հպարտ- հպարտ ասում` տղամարդավայել։

Շարքային Սանասար Հակոբյանը սովորում է Եվրոպական ակադեմիայի «Մուլտի-մեդիա և ծրագրավորում» ֆակուլտետի երկրորդ կուրսում։

-Զորացրվելուց հետո կշարունակեմ ուսումս, կփորձեմ հմտանալ իրավաբանության, իրավագիտության ասպարեզում։ Մի խոսքով, կգնամ հայրիկիս ճանապարհով, ինձ համար նա է արժանապատիվ մարդու՝ տղամարդու իմ իդեալը,- հստակ շեշտադրումով ասաց շարքային Հակոբյանը։

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ազգային բանակ


18/07/2013