Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ԴՈՒՍՏՐԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՆԻՆ



Լևոն Թաշչյանի հետ զրուցելիս Հայաստան աշխարհն իր պատմական ու ներկա բնակավայրերով` ամրոց- բերդերով, շեներով, վանք – եկեղեցիներով, խաչքարերով ու հովիտներով տեսաժապավենի նման անցնում, տպավորվում են իմ մտապատկերում:

Մի տեղ գարուն է, ձնհալ, մի տեղ ձյան ճերմակը պարուրել է ամեն ինչ, մեկ այլ տեղ գարնան ծաղկունք է ու լեզուն բացած ջրերի կարկաչ: Ահա Առաքելոց վանքը, ահա Մշո Սուրբ Կարապետը, սա էլ Կաչաղակաբերդն է, Գանձասարը, Գոհարաբերդը, Հալիձորն ու Տաթևը, Մուշն ու Շուշին…

Այդ ճանապարհներով քեզ տանում է մի անհատ, մի հայորդի, որի ամեն մի քայլը բացահայտում է, կարոտի, իմացության մի նոր բաց դուռ…

-Ես` Լևոն Հովհաննեսի Թաշչյանս, ծնած եմ Այնճար, Լիբանան, 10 հոկտեմբերի 1953 թվին, Մուսալեռցի ծնողներից: Նախակրթությունս ստացած եմ գյուղի վարժարանին մեջ: Սիրած եմ մարզական կյանքը, Լիբանանի 10000 մ վազքի չեմպիոն եմ: Միշտ երազած եմ հայրենիքիս մասին, ուզած եմ տեսնել մեր սիրելի Հայաստանը: 1992 սեպտեմբերի 15-ին կամավորաբար եկա Հայաստան՝ մասնակցելու Արցախյան ազատամարտին: 1992 սեպտեմբերի 15-ին մտա Շուշիի առանձնակի հրաձգային գումարտակին մեջ: Մեր խմբի ջոկատի հրամանատարներն էին Ժիրայր Սեֆիլյանը, Պետրոս Ղևոնդյանը, Արմիկ Հովսեփյանը, Արտաշ Մխիթարյանը, Ռոմիկ Մարգարյանը: Իմ ընկերների հետ մասնակցեցա զանազան մարտերի 1992 սեպտեմբերի 15-են մինչև 1994 թվի փետրվարի 25-ը: Մղեցինք մարտեր Մարտակերտի, Աղդամի, Զանգելանի, Ֆիզուլիի, Քելբաջարի շրջաններում:

Լևոնը խոսում է գեղեցիկ ու քաղցր, զրնգուն արևմտահայերենով: Ես սիրով ընդհատում եմ նրան, որովհետև մինչև Արցախյան ազատամարտը, անպայմանորեն ընթերցողին կհետաքրքրեն մուսալեռցի ծնողներից սերված զավակի կյանքից մանրամասներ, որոնք նախապատրաստել, ստեղծել էին հոգու այն տարածքը, որտեղից պետք է նա բախեր Արցախ աշխարհի, ասել է թե՝ Ավետյաց երկրի դուռը:

Մինչև Ազատամարտը, դեռ խորհրդային տարիներին, քայլ առ քայլ, գյուղ առ գյուղ շրջել է ողջ պատմական Հայաստանով, Կիլիկիայով: Որպես Լիբանանի քաղաքացի՝ լուսանկարչական խցիկով ժամանակներին ի պահ է թողել մեր նախնիների երբեմնի փառքն ու ծաղկուն կյանքը վկայող պատմական հուշարձանները:

Չնայած ավեր ու խոնարհված, սակայն կարոտ ու հպարտություն արթնացնող լուսապատկերներ: Այդ ճանապարհին բազում փորձությունների է ենթարկվել, դժվարություններ հաղթահարել: Անի մայրաքաղաքը լուսանկարելիս չէր թույլատրվում ոչ մի նկարահանող սարք: Աչքի զարնող տեսախցիկը թողնելով՝ Լևոնը շրջում է քաղաքամայրով: Փոքրիկ տեսախցիկը ծոցից հանելով՝ լուսանկարում է Անիի պատմական հուշարձանները, եկեղեցիները և օրվա վերջում ժապավենը փաթաթելով ոտքին՝ ապարատը նետում է Ախուրյանի ջրերը:

Հետո այդ եզակի լուսանկարների ցուցահանդեսները բացվեցին Լիբանանում, Սիրիայում, Կանադայում, Հայաստանում, իսկ Արցախում ցուցահանդեսի բացման ժապավենը կտրեց և խոսք ասաց ազատամարտիկ – դերասանուհի Ժաննա Գալստյանը:

Հաջորդ պատգամը Լևոնի կյանքից այն է, որ նա որոշում է իր նախնիների` Մուսալեռցիների հերոսամարտի հիշատակին կառուցված հուշարձանները (Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Կանադայում) սրբացնել՝ այնտեղ ամփոփելով Մուսալեռի բարձունքին հուղարկավորված 18 նահատակների աճյուններից մասունքներ: Եվ նա, չնայած հորդորներին, որ չգնա` բռնում է Մուսալեռի ճամփան: Հասնում է Վագըֆ գյուղ, որտեղ ապրում էր քեռին, և քեռու որդու հետ, որսի պատրվակով, բարձրանում է Մուսալեռ:

-Գերեզմանները պղծված էին, քանդված: Նահատակների աճյուններից մասունքներ հավաքեցի և չնայած դժվարություններին հասցրի և ամփոփեցի այն վայրերում, որտեղ կառուցված են հուշարձանները:

Հայաստանում Մուսալեռի հերոսամարտում հուշարձան այցելողները բարձրանալիս աջ կողմում կարող են կարդալ «Այստեղ հանգչում են Մուսալեռի հերոսամարտում զոհվածների աճյունները,- վերհիշում է Լևոն Թաշչյանը:

-Լևոն պապս նույնպես մասնակցել է Մուսալեռան հերոսամարտին և ինձ ծնկներին դրած՝ պատմում էր թուրքերի վայրագություններից:

Երբ սկսվել էր Արցախյան հերոսամարտը, մի օր տուն մտա ու Հովհաննես հայրիկիս ասացի.

-Հայրի՛կ, Արցախ պիտի երթամ: Ոսկի մայրս սկսեց լաց լինել, դեմ կանգնել: Հայրս ասաց.

-Մամային մի՛ նայեր, գնա՛, Լևոն պապի կիսատ գործը ավարտին հասցո՛ւր:

Երբ Շուշիում ինձ զենք տվեցին, զինական այլ պարագաներ, և ես իմ ընկերների հետ դուրս եկա կռվի` ինձ այնպես էր թվում, թե ես Մուսալեռում եմ կռվում: Կռվում եմ Լևոն պապիս նման, Լևոն պապիս կողքին: Ես ոչնչի կարիք չունեի, ես երջանիկ մարդ էի, որ կռվում էի իմ հայրենիքի համար: Երբ կազմավորվեց Արցախյան բանակը, ես կամավորաբար արձանագրվեցա Ղարաբաղի բանակին մեջ եւ սկսեցա ծառայել: Այդպես ծառայեցի չորս ամիս, որից հետո ինձ ասացին, որ Հայաստանի քաղաքացիություն չունեցողներին չի թույլատրվում հայկական բանակում ծառայել:

Վերջաբան, որը կարելի է գրել

իբրև սկիզբ

Այս նյութը գուցեեւ չգրվեր, եթե չհանդիպեին պատերազմի բովով անցած տղաները: Եթե նրանք չհանդիպեին Ղարաբաղի վետերանների միությունում…

Լևոն Թաշչյանը 2008 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացավ Թամարա Ինջեյանի հետ: Տիկին Թամարան նույնպես Այնճարից է, արմատներով մուսալեռցի: Հայրենասեր ընտանիքում ծնված: Քույրն է հայրենասեր այն քաջորդու, որը 1976-ին Ֆրանսիայում, երբ պետք է պայթեցնեին թուրքական դեսպանատունը, ու գիշերը նստած պայթուցիկներ էին պատրաստում, զգաց, որ ինքնաշեն ռումբը ուր որ է, պետք է տրաքի` իր մարմնով ծածկելով այն, փրկեց ընկերների կյանքը: Տիկին Թամարայի եղբոր և Լևոնի մանկությունը միասին էր անցել: Ընկերներ էին, գաղափարի նվիրյալներ: Որդու մահից հետո տիկին Թամարայի ծնողները, քույրը վաղ հեռացան կյանքից: Եվ ընկերոջ քրոջը հաճախ էր այցելում Լևոնը, օգնում ինչով կարող էր, որովհետև տիկին Թամարան ծնվել էր վատառողջ և օգտվում էր հաշմասայլակից:

Եվ մի օր էլ Լևոնը նրան ամուսնության առաջարկ արեց: Թամարան կատակի տվեց, սակայն զգալով, որ Լևոնը լուրջ է ասում. ասաց. «Աշխարհը լիքն է առողջ, գեղեցիկ կանանցով, դու էլ աշխարհով մեկ շրջել ես, ինչ պետք է, որ կյանքդ ինձ հետ կապես»: Սակայն Լևոնը անդրդվելի էր: Կամոքն Աստծո՝ ամուսնացան: Հիմա վարձով ապրում են Երևանում:

-Կինս քաջ կին է, հերոս հայուհի: Միասին անցած ենք ողջ Արևմտյան Հայաստանը, հաճախ ենք լինում Արցախում` Գանձասարում, Շուշիում, Ամարասում: Ասացի՝ կինս քաջ է, նաև հերոսուհի՝ հերոս մայր: Այս տարի մայիսի 17-ին ինձ, մեր ազգին պարգևեց երեք զավակ` 2 աղջիկ և մեկ տղա: Տղայիս անունը ի հիշատակ իմ հրամանատարի՝ Պետո անվանակոչեցինք: Ի դեպ, կնոջս եղբոր անունն էլ էր Պետո: Աղջիկների անուններն են` Անի և Արին:

Եվ Լևոնի մարտական ընկերները օր օրի հաշվելով, թե երբ պետք է լրանա նորածինների 40 օրը, որպեսզի այցելեն իրենց մարտական ընկերոջը:

Եվ այդ օրը եկավ: Եվ այդ օրը աննկարագրելի ուրախության, ցնծության պահեր ապրեցին ներկաները: Ղարաբաղյան վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը մարտական ընկերների` Արագած Մկրտչյանի` Բոնդոյի, Գարիկ Եղիազարյանի, Գագիկ Հովհաննիսյանի` Գագասի հետ այցելեցին Թաշչյանների ընտանիք: 20 տարի անց հանդիպում են մարտական ընկերները և այն էլ ինչ ուրախ առիթով:

– Լիբանանցի Վիգենի զոհվելուց հետո տղաները աշխատում էին Լևոնին հեշտ հանձնարարություններ տալ: Հիշու՞մ ես, – ասում է Արագածը` Բոնդոն:

– Ի՞նչպես չեմ հիշում, մի կտոր հացը միասին էին ուտում` Յուրիի, Գարիկի, Գագիկի, Բոնդոյի մեր մյուս տղերքի…

Ղարաբաղյան վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը «Հայրենիքի պաշտպան» մեդալ և պատվոգիր հանձնեց իրենց միության անդամ Լևոն Թաշչյանին:

-Ճիշտ է, պարգևատրվեցիր դու, սիրելի՛ Լևոն, սակայն հերոսը տիկին Թամարան է, – կատակում են մարտական ընկերները: Հետո լուսանկարվեցին փոքրիկների հետ:

-Շնորհակալ ենք, որ մեզ չեք մոռանում, – ասաց տիկին Թամարան,- այս նկարները մենք մեզ հետ Լիբանան, Այնճար կտանենք, Լևոնի 87-ամյա Ոսկի մայրը, մեր նորածինների տատը, անհամբեր սպասում է, թե երբ պետք է գրկի իր թոռնիկներին:

-Մեր զավակները ինչ մասնագետ կդառնան՝ չենք գիտեր, սակայն մի բան հաստատ է, որ նրանք հայրենիքի զինվորներ են, ինչպես իրենց հորեղբայրները` Յուրան, Բոնդոն, Գագասը, Գարիկը… Ինչպես Պետոն, ինչպես Անիի հերոս Այծեմնիկը, ինչպես Արցախի դուստր Ռուզանը, ինչպես Մուսալեռի, Սասունի, Զեյթունի մեր հերոսները,- տիկին Թամարային լրացրեց ամուսինը` Լևոնը:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ճակատագրեր


18/07/2013