ԽՈՑՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՆԹԵՐԻ
Գնդապետ Տ. Ասլիկյանը շաբաթներով տուն չի գնում. երբեմն կարճ ժամանակով, եթե իր ներկայությունը խիստ անհրաժեշտ է, մտնում է զորամասի շտաբ, հետո օրն ամբողջությամբ անցկացնում է դիվիզիոններում: Նորակառույցներում միշտ էլ ուղղել-շտկելու բան լինում է: Գնդապետը շատ ուշադիր է հատկապես դիվիզիոնների մարտական պատրաստության և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման հարցերում: Իսկ մարզումները, վարժանքները մշտական են:
-Մարզումների ժամանակ Ձեզ գոհացնո՞ւմ է թիրախների հայտնաբերման ու խոցման արագությունը,-հարցնում եմ նրան դիվիզիոնից դիվիզիոն գնալու ճանապարհին:
Պատասխանում է կարճ.
-Տեղ հասնենք, ինքներդ կտեսնեք, կգնահատեք:
Եվ երբ մտանք դիվիզիոնի տարածք, ու հրամանատար, փոխգնդապետ Ա.Հարությունյանը գնդապետին ներկայացավ համապատասխան զեկույցով, վերջինս միանգամից մարտական առաջադրանքի համար մեկ հրաման արձակեց: Կրկնելով ստացված հրամանը` դիվիզիոնի հրամանատարն իր աշխատասենյակից ազդարարեց ստացած հրամանը և շտապեց ղեկավարման կետ. Քիչ անց, երբ մենք էլ նրան հետևելով արթուն հերթափոխի թույլտվությամբ մտանք «մարտական կիրառման շրջան», ականատես եղանք, թե ինչպես են գործում ստորաբաժանումներն ու ամբողջ տեխնիկան: Դիվիզիոնի հրամանատարի ղեկավարման կետում էին փոխգնդապետ Ա.Հարությունյանը, բաժանմունքի պետ, ավագ լեյտենանտ Ա.Մինասյանը, մարտկոցի հրամանատարի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Ա.Թադևոսյանը, բաժանմունքի պետ, ավագ լեյտենանտ Է.Ալեքյանը, ինչպես նաև օպերատորներ, շարքայիններ Արսեն Ղանդիլյանը և Աշոտ Սիմոնյանը: Քիչ անց հայտնաբերված թիրախը խոցվեց:
ՀՕՊ զորքերի առանձնահատկություններից մեկն էլ այն է՝ եթե թիրախը պայմանական է, կողմնակի մարդու համար տեսանելի քիչ բան կա: Դրա համար էլ խնդրի կատարումից հետո երիտասարդ, բայց արդեն բանիմաց մասնագետները սարքավորումների միջոցով ինձ հանգամանորեն ցույց տվեցին թե՛ թիրախի հետախուզման, հայտնաբերման ու առգրավման և թե խոցման գործընթացը: Փաստորեն, եթե թշնամու թռչող օբյեկտը դիվիզիոնի գործողությունների տիրույթում է և արդեն առգրավված, ապա չի կարող խուսափել խոցումից:
Եղանք նաև դիվիզիոնի հրամանատարական կետում, որտեղ օպերատիվ հերթապահությունն ընթանում էր մայոր Կ.Հայրապետյանի ղեկավարությամբ: Այստեղ էին նաև լեյտենանտ Հայկ Անտոնյանը, կապավորներ, սերժանտ Խաչիկ Առաքելյանը, Սոս Բարաթյանը, գծագրոցավար սերժանտ Արայիկ Մարտիրոսյանը: Ասենք նաեւ, որ նորակառույցի օպերատիվ հերթապահության պայմանները բացառիկ են` ընդարձակ լավ կահավորված ննջարան, հանգստի սենյակ, սանհանգույց, լողասենյակ և այլն:
Մեկնարկային մարտկոցի ստորաբաժանումները նույնպես տեղում էին: Հրամանատար, կապիտան Ա. Մանուկյանն ասաց, որ զինվորների մի մասը ներգրավված է վերգետնյա պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումների մեջ, իսկ շարքայիններ Գրիգոր Ղազարյանը, Արտակ Բուդաղյանը, Մուշեղ Վանեսյանը, Ալեքսանդր Հակոբյանը, Արթուր Ամարյանը և Համլետ Հարությունյանը հրթիռները բերում էին մարտական վիճակի, ստուգում հանգույցների աշխատանքը:
Մարտական առաջադրանքի կատարման ժամանակ էներգաապահովման բաժանմունքի աշխատանքը վերահսկում էր մայոր Կ. Գրիգորյանը: Անհրաժեշտ չափի էլեկտրաէներգիան վարպետորեն էին ապահովել դիզելիստ-էլեկտրամեխանիկներ, ավագ սերժանտ Թովմաս Բադասյանը, շարքայիններ Հրաչ Բաբայանը, Գարիկ Մեսրոպյանը և Էրիկ Դինունցը:
ՀՕՊ զորքերի բազմաթիվ զորավարժություններ եմ լուսաբանել (նաև մի քանի անգամ ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում) ու միշտ տպավորվել եմ մեր մասնագետների, հատկապես երիտասարդ սպաների բանիմաց ու վստահ գործողություններից: Եվ երբ այս անգամ էլ գնդապետ Տ. Ասլիկյանի մոտ գովեստի խոսքեր ասացի նրանց մասին, վերջինս ասաց.
-Ծառայության ժամանակ տարիքը նշանակություն չունի, եթե սպային նշանակում ենք այդ պաշտոնում, ուրեմն նա անպայման ունի համապատասխան տվյալներ` գիտելիք ու փորձ և ուրեմն ի վիճակի է ամբողջությամբ կատարելու իր վրա դրված պարտականությունները, իսկ մենք էլ, անընդհատ պարապելով, ձգտում ենք մշտապես պահպանել առանձին զինծառայողների և ստորաբաժանումների բարձր մարտունակությունը, որպեսզի ամեն վայրկյան պատրաստ լինենք կատարելու հնարավոր մարտական առաջադրանքները, ասել է թե՝ պատրաստվում ենք հավանական պատերազմի: Սա է մեր ամենօրյա խնդիրը, մեր միտքը միայն այս ուղղությամբ է աշխատում: Այո, տղաները լավն են. խելացի, պարտաճանաչ, վստահելի ու հեռանկարային:
♦♦♦
Ավագ լեյտենանտ Արտակ Թադևոսյան: Ծնվել է Մերձավանում, հասակ է առել Մեծամորում: Ավարտել է միջնակարգ դպրոցը և նույն տարում էլ ընդունվել Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներից մեկը: 2009թ. ավարտել է ուսումը, վերադարձել և ծառայության նշանակվել ՀՕՊ զորամասերից մեկում, որպես մարտկոցի հաշվարկի պետ: Երկու տարի անց տեղափոխվել է այստեղ և նշանակվել բաժանմունքի պետ: Նա հրաշալի զինծառայող է և բազմիցս արժանացել է հրամանատարության խրախուսանքին:
Լեյտենանտ Հայկ Անտոնյան: Էջմիածնից է: Ավարտել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Ավարտել է ուսումը և մեկնել բանակ. Ծառայել է ՀՕՊ զորամասերից մեկում: Զորացրվելուց հետո սովորել է մագիստրատուրայում, այնուհետև դիմել է ԶՈՒ ԳՇ ու ծառայության անցել:
-Վերադարձել եմ բանակ, ինչի համար շատ ուրախ եմ: Ամբողջությամբ տիրապետում եմ տեխնիկային և համակարգի բոլոր հնարավորություններին, հաճույքով եմ կատարում մարտական հերթապահությունները:
Ճաշից հետո ստորաբաժանումների և առանձին զինծառայողների միջև տեղի ունեցավ ինքնաձիգի` փակ աչքերով քանդման-հավաքման և ձեռնամարտի ցուցադրական մրցույթ: Հատկապես տպավորիչ էր և լարված պայքարում անցավ առաջինը` ինքնաձիգի քանդում-հավաքումը: Ստորաբաժանումների մեջ հաղթեց մեկնարկային մարտկոցը, իսկ անհատապես լավագույնը՝ շարքային Ժիրայր Մուշեղյանը, ռադիոտեխնիկական մարտկոցից էր:
Նա երևանցի է: Բանակ է եկել պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո, աշնանը զորացրվելու է: Ժիրայրը փակ աչքերով ինքնաձիգը քանդեց և հավաքեց հիսուն վայրկյանում: Նրան, ինչպես նաև երկրորդ և երրորդ տեղերը գրավողներին, գնդապետ Տ. Ասլիկյանը պարգևատրեց անձնական հիգիենայի պարագաների հավաքածուով:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի