Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Պահակային ավանում ստորաբաժանման հրամանատարը պահակային անձնակազմի հետ անցկացնում է զենքով կատարվող գործողություններ, այդ թվում նաև այն լիցքավորելիս և լիցքաթափելիս անվտանգության պահանջների կատարում, հրդեհի մարման, օրինախախտին ձերբակալելու, պահակակետն ընդունելու և հանձնելու ժամանակ ժամապահների գործողությունների, ինչպես նաև ձեռնամարտի վարժաձևերի գործնական պարապմունքներ` զորամասի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետի (հրահանգչի) ղեկավարությամբ: Որպես պարապմունքների ղեկավարներ, ուսումնական տեղերում ստորաբաժանման հրամանատարն ընդգրկում է ստորաբաժանման սպաներին և պահակապետին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում (զորամասի հրամանատարի որոշմամբ) զորատեսակների և ծառայությունների պետերին:

Պահակախումբն իր ենթակայությամբ ընդունելուց հետո պահակապետը վաշտի (գումարտակի) հրամանատարին զեկուցում է պահակախմբի պատրաստականության մասին. պահակախումբը զորամասից նշանակվելու դեպքում ստորաբաժանման հրամանատարի` պահակախմբի (պահակության) կազմակերպման ու նախապատրաստման պարտականություններն ստանձնում է զորամասի հրամանատարի տեղակալներից մեկը: Պահակախմբի ծառայության կազմակերպման և տեսական ու գործնական նախապատրաստությունը վերահսկում է զորամասի վարչության սպան, օրվա վերակարգի փոխարինման ժամանակ պահակային անձնակազմին հիշեցնում են ժամապահի անձեռնմխելիության, զենքի կիրառման կարգի և ծառայության անվտանգության պահանջների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ԿուՊԾ կանոնագրքի դրույթները:

Պահակախմբի հերթափոխից հետո ստորաբաժանում գալուն պես պահակապետը շարում է անձնակազմը և ստորաբաժանման հրամանատարին զեկուցում մարտական խնդրի կատարման մասին. «Պարո՛ն կապիտան, պահակախումբը լրիվ կազմով ներկայացել է, ծառայության ընթացքում պատահարներ չեն եղել (պատահել է այս-այս): Պահակապետ` լեյտենանտ Մկրտչյան»:

Ընդունելով պահակապետի զեկույցը` վաշտի (մարտկոցի) հրամանատարը ծանոթանում է պահակակետերի տեղեկագրում գրանցված բոլոր դիտողություններին: Հաջորդ օրն այն վաշտի (մարտկոցի), որից նշանակված էր պահակախումբը, ամբողջ անձնակազմի հետ անցկացվող պարապմունքի (վարժանքների, տեղեկատվության) ժամերին վերլուծում է կատարված ծառայությունը և պահակակետերի տեղեկագիրը մարտական հաշվարկի հետ ուղարկում գումարտակի (դիվիզիոնի) շտաբ` նշելով դիտողությունների վերաբերյալ ձեռնարկված միջոցները: Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը (շտաբի պետը) ուսումնասիրում է պահակախմբի ծառայության արդյունքները, գրառում է կատարում պահակակետերի տեղեկագրում ձեռնարկված միջոցների վերաբերյալ և հանձնում այն զորամասի շտաբ: Զորամասի շտաբի պետը երեք օրվա ընթացքում ծանոթանում է պահակակետերի տեղեկագրին և թերությունների առկայության դեպքում պատրաստում առաջարկություններ դրանք վերացնելու համար, զորամասի հրամանատարին է ներկայացնում պահակակետի տեղեկագիրը և իր առաջարկությունները` ծանոթանալու և որոշում ընդունելու համար:

Պահակապետերի և նրանց օգնականների նախապատրաստումը կատարվում է 2-3-օրյա հավաքների ընթացքում, ուսումնական փուլից առաջ` ստուգարքների ընդունմամբ և ծառայության թույլատրելու հրամանի արձակմամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս` մարտական խնդրի կատարման առանձնահատկությունների, պարտականությունների ուսուցմանը նվիրված պարապմունքների ընթացքում:

Հրամանատարները և շտաբներն ամիսը մեկ անցկացնում են հերթապահ ուժերի և միջոցների` պահպանվող օբյեկտների վրա հնարավոր հարձակումների ետմղման պարապմունքներ ու վարժանքներ` պահակախմբերի համագործակցությամբ: Պահակախմբի և հերթապահ ստորաբաժանման հետ պարապմունքի համար պատրաստվում է պլան-համառոտագիր: Պահակախմբում նշանակված յուրաքանչյուր զինծառայողի պարբերաբար հայտնվում է զգոնության կորստի հետևանքով կատարված խախտումների, ժամապահի պարտականությունների նկատմամբ քմահաճ վերաբերմունքի պատճառով քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ժամապահների վրա հարձակման և մահվան փաստերի մասին:

Իսկ ի՞նչ ենք հասկանում «Ներքին կարգուկանոնը պահակախմբերում» ասելով:

Պահակախումբը պահակատնից դուրս բերելու բոլոր դեպքերում (բացառությամբ հրդեհի և տարերային աղետների) պահակապետի օգնականը կամ պահակադիրներից որևէ մեկը պահակատանն է մնում, իսկ պահակախմբերում պահակայիններից մեկը: Պահակատնից դուրս գալու դեպքում պահակապետին փոխարինում է օգնականը (պահակադիրը):

Պահակատան առջև կառուցվում են հրապարակներ`(նշելով պահակախմբերի շարվելու տեղերը) պահակային անձնակազմի հերթափոխման և զենքի լիցքավորման-լիցքաթափման ժամանակ շարվելու համար, ինչպես նաև հրշեջ վահանակ: Օրվա մութ ժամերին հրապարակները պետք է լավ լուսավորված լինեն: Զենքի լիցքավորման-լիցքաթափման տեղում տեղադրվում է լուսավորված ցուցանակ` «Զենքի լիցքավորման կարգը», «Զենքի լիցքաթափման կարգը», լրացուցիչ` «Փամփուշտը փամփշտանոց չմտցնել», իսկ անհրաժեշտության դեպքում առանձին վահանակի վրա` «Զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները»:

Շարունակելի

Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ռազմական


01/08/2013