Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԴՈՒ ՎՐԵԺԸ



– Հայկական գյուղն ամայի էր: Ադրբեջանցիները գյուղը գրավելիս թալանել- այրել-ավերել էին այն ամենը, ինչը հնարավոր էր: Տխուր տեսարան էր: Պատուհաններն ու դռները կույր աչքերի նման դիտում էին շուրջբոլորը` ասես պատմում էին անցած ծաղկուն ու փառավոր օրերից,- պատմում է ազատամարտիկը:- Գյուղը ազատագրելիս նաև ադրբեջանցի գերիներ էինք բռնել: Երբ գերիներին տանում էինք հանձնելու հրամանատարությանը, տներից մեկի կողքով անցնելիս նրանցից մեկը մատնացույց արեց այն և ահա թե ինչ պատմեց. «Երբ մտանք այս տունը, մահճակալին գամված էր ութսունն անց մի կին: Հաշմանդամ էր, անշարժ, սակայն սպիտակեղենը մաքուր էր, տունը` խնամված ու կողքի աթոռին բաժակով դրված թեյը դեռ գոլ էր: Պարզ էր, որ խնամող ունի: Ման եկանք և՛ տանը, գոմում, և՛ մարագում, ոչ մի տեղ ոչ մեկի չհայտնաբերեցինք: Երբ դուրս էինք գալիս, մեր ընկերներից մեկը (մենք չորս հոգով էինք) ասաց, որ պիտի սպանի այդ կնոջը:

Մնացածներս առարկեցինք` «Սպանված պրծած է` էլ ինչ սպանես».-ասացինք ու դուրս եկանք: Պատշգամբից նոր էինք դուրս եկել, երբ ներսից մի կրակոց լսվեց: Մեր սրտով չէր` անխոս առաջացանք: Լսեցինք դռան բացվել- փակվելու ձայնը ու էլի մի կրակոց: Շուռ եկանք այն պահին, երբ մեր ընկերը բերանքսիվայր տապալվեց գետնին:

Վազելով մոտեցանք: Արդեն ուշ էր, գնդակն ուղիղ ճակատին էր կպել: Ահով սկսեցինք նայել շուրջբոլորը: Մոլորվել էինք, չգիտեինք մեր անելիքը… Ու մեկ էլ այդ պահին այս թփուտներից մի մարդ դուրս եկավ ու զենքը նետելով` ձեռքերը վեր պարզած մոտեցավ մեզ:

Տղաները զենքերի խզակոթերի հարվածներով նրան գետին տապալեցին, և այն է` ուզում էին կրակել, ես չթողեցի… Պարզվեց, որ երբ գյուղացիները դուրս են եկել գյուղից, որդին, չանսալով մոր հորդորներին, մնացել, հաց ու ջուր է տվել հիվանդ մորը, խնամել: «Ես կարող էի նաև ձեզ սպանել, սակայն երդվել էի` կսպանեմ նրան, ով ձեռք կբարձրացնի հիվանդ մորս վրա»,- ասաց նա:

Մենք զարմացել էինք, նաև` հիացել մոր հանդեպ սիրո այդ վեհ դրսևորումից:

Ես այդ մարդուն հանձնեցի մեր ղեկավարությանն ու հետն էլ պատմեցի այս պատմությունը: Կռիվ էր, պատերազմ: Նրա հետագա ճակատագրի մասին էլ ոչինչ չգիտեմ»,- ցույց տալով դիմացի գեղեցիկ փայտե պատշգամբով տունը` պատմեց ադրբեջանցի գերին:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Հոգևոր-մշակութային


01/08/2013