ԳԻՐ ԱՊՐՈՂԱՑ
Նախշուն Ներսիսյանի հետ զրուցելիս արդեն որոշ չափով ծանոթ էի Ներսիսյանների պատմությանը, սակայն ծանոթությունը այս ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ մի նոր պատմություն է, մի նոր բացահայտում` կապված մեր երկրին ու բնօրրանին, մեր դարավոր պատմության ներկային ու անցյալին: Եվ նորից ու նոր հասկանում ես, որ երկրի, ժողովրդի պատմությունը բաղկացած է այնտեղ ապրող մարդկանց, ընտանիքների մաքուր, ճշմարիտ ապրած կյանքերից…
-Եղբայրս շուտով դիրքերից կիջնի, կգա ինձ տեսության, զրուցեք, գրեք եղբորս մասին: Տեսեք` ինչ եղբայր ունեմ: Երբ եղբայրս դիրք է բարձրանում, թշնամին վախից սուս է անում, պապանձվում:
Երկու եղբայր են ու իրենց Նախշուն քույրը: Նվեր եղբայրը արդեն գումարտակի շտաբի պետ է, մայոր, կրտսերը` Նորիկը, ուսանող է, սովորում է Մոսկվայի տնտեսագիտական համալսարանում: Այս ընտանիքում կյանքն ընթանում է այնպես, ինչպես առաջ, երբ ծնողները, տատիկներն ու պապիկներն իրենց գեղեցիկ, հետաքրքիր պատմություններն էին անում, որոնք մնացել են երեխաների մանկական հիշողություններում: Այդ հիշողությունները գալիս, խտանում, լրացնում են ընտանիքի հոր` Արկադյայի կերպարը, որը երբեք չի խամրելու:
Մարտակերտի շրջանի Հարությունագոմերի դպրոցում էին սովորում Սուսաննա Մխիթարյանն ու Արկադյա Ներսիսյանը: Երկուսի հայրերն էլ Մեծ հայրենականի մասնակիցներ էին. Սուսաննայի Վահան հայրը կռվել էր Թամանյան դիվիզիայում: Պատերազմից հետո Արցախում հայտնի ճանապարհաշինարար էր: Արկադյայի Սարգիս հայրը, վերադառնալով Հայրենական պատերազմից, ուսուցչությամբ էր զբաղվում ինչպես ծննդավայրի, այնպես էլ հարևան գյուղերում: Կատակասեր էր, հումորով: Մատներից մեկի ծայրը արկի բեկորից թռել էր: Երբ հարցնում էին, թե ինչ է եղել, ասում էր` Հիտլերը կծեց,- վերհիշում է Նվերը:
Արկադյան մի երկու տարով մեծ էր Սուսաննայից: Դպրոցն ավարտելուց հետո Հայաստան եկավ ուսումը շարունակելու: Սակայն դեռ դպրոցական տարիներին լսում էր ուսուցիչ հոր խոսքերը.
-Դպրոցից տղայիս լավ հարսնացու եմ ընտրել…
Երկու տարի հետո դպրոցն ավարտելով` Երևան եկավ նաև Սուսաննան: Արկադյան տնտեսագետի, իսկ Սուսաննան բուժաշխատողի մասնագիտություն ձեռք բերեցին: Ու մի օր Արկադյան Սուսաննային հիշեցրեց իր հայրիկի խոսքերը ու առաջարկեց ամուսնանալ: Արցախի դուստրը շիկնեց, ու ինքն էլ այսպես ասաց.
-Համաձայն եմ, գնանք մեր ծննդավայր, ամեն մեկս մեր օջախ: Ու մեր օջախից էլ ինձ հարս տարեք ձեր օջախ: Էսպես կարգով, որ մեր մեծերը մեզնից չնեղանան, որ մեր երեխաները ապրեն արժանապատիվ ու հարգանքով…
Այդպես էլ լինում է: Արկադյան ու Սուսաննան գնում են ծննդավայր, ամուսնանում, հաստատվում գյուղում: Կինը` Սուսաննան, գյուղի մանկապարտեզի վարիչն էր, իսկ ամուսինը` Արկադյան, գյուղի ֆինանսիստը: Ծնվեցին Նվերը, Նախշունը, Նորիկը: Երբ սկսվեցին Արցախյան հերոսամարտի օրերը, Նվերը յոթ տարեկան էր, Նախշունը` վեց, իսկ Նորիկը` երկու:
-Ամուսինս Արցախի ամենասիրուն տղամարդն էր, երեք մարդ կարող էին թաքնվել նրա թիկունքում: Լրջախոհ էր, ծանրակշիռ, թե պատահեր` խնջույքի ժամանակ կամ մի որևէ տեղ բարկանար, բաժակը սեղմում, բռունցքի մեջ փշուր-փշուր էր անում: Արդեն իմանում էին, որ մի բան էն չի: Չնայած իր հաղթանդամ հասակին, իր հզոր բազկի ուժին` անչափ բարի էր, զուսպ: Մարդիկ ինձ հաճախ էին հարցնում, թե, տեսնես, Արկադյայի դեմքին ժպիտ լինո՞ւմ է: Անդամագրվել էր մեր գյուղի ջոկատին: Գյուղի դիրքերն էր բարձրանում ու հասակով մեկ կանգնում թշնամու դեմ: Թուրքը տեսնելով Արկադյային` սուս էր կենում, լռում: Ինչպես հատուկ է արդարամիտ մարդկանց, ասում էր.
-Թե կռիվ ունեք, եկեք դեմ դիմաց կռիվ անենք, թիկունքից զարկողը տմարդ է:
-Երբ մեր գյուղն անցավ թշնամու ձեռքը, հայրս մի քանի անգամ որոշեց մեզ Հայաստան ուղարկել, սակայն ամեն անգամ հետաձգում էր… Մի քիչ էլ դիմացեք, ոչինչ, շուտով կազատագրենք ու նորից կապրենք մեր գյուղում,- ասում էր:
1992թ. հունիսի վերջն էր: Հայրս գյուղի ջոկատի հետ պետք է գնար մասնակցելու Մարտակերտի կռիվներին: Որոշեց մեզ Հայաստան ուղարկել, նոր գնալ: Իր մեքենայով հասավ Ստեփանակերտ ու ղեկը տալով եղբորը` վերադարձավ Մարտակերտ:
-Ես վեց տարեկան էի,- հիշում է Նախշուն աղջիկը,- հայրս ճանապարհելով ինձ` ասաց… Հիշի՛ր, դու ում աղջիկն ես, ում քույրը, էնպես չապրես, որ եղբայրներդ քեզ համար ամաչեն:
-Բաժանումին ինձ հանձնեց մեր ամուսնական մատանին ու ասաց. «Թե նեղն ընկնես, մատանին էլ, մեքենան էլ կծախես, էրեխեքին կպահես, չթողես նեղություն կրեն»:
Ամբողջ ճանապարհին ես մտածում էի, թե ինչու այդպես ասաց ամուսինս: Հուլիսի մեկին մեզ ճանապարհեց, հուլիսի ութին` զոհվեց: Երևի սիրտը ինչ-որ բան էր կանխազգացել:
Ամուսնու` Արկադյայի զոհվելուց հետո ընտանիքի մայրը` Սուսաննան, աշխատում է օրնիբուն, որպեսզի երեխաները քաղցած չմնան, խեղճ չլինեն և, ամենակարևորը, ուսում ստանան: Արկադյայի կենդանության ժամանակ նրան ճանաչում էին որպես համեստ, ամաչկոտ, քչախոս մի հայուհու: Տիկին Սուսաննան փոխվել էր. նրան ճանաչողները զարմանքով էին նկատում:
-Դուք պետք է սովորեք, ավարտեք, գրագետ մարդիկ պետք է դառնաք: Էնպես չլինի, որ ասեն` խեղճ են, անհեր մեծացած: Ամեն քայլի մտածեք, թե ում երեխեքն եք,- այսպես էր ասում մայրն ու աշխատանքից հետո տանը ժինգյալով հաց էր թխում, հանձնում, որ տանը տաք լինի, երեխանց ուսումի փողը չպակասի… Թե հարկ էր լինում` կացինը ձեռքն էր վերցնում ու անտառից չորացած ցախ էր տուն հասցնում:
-Մեծ տղաս` Նվերը, զինվորականի գործը չէր սիրում: Ե՛ս այդպես ուզեցի: Ամուսինս ծառայել էր Գերմանիայում, ծառայությունից հետո առաջարկել էին շարունակել, բայց Բորա մայրը` սկեսուրս, չէր համաձայնել:
Ամուսինս միշտ ափսոսանքով էր հիշում: Ու որդիս, երբ դպրոցն ավարտեց, ես արդեն որդուս նախապատրաստել էի զինվորական դառնալու համար:
-Որդիս դպրոցն ավարտեց մեր գյուղում: Սարգիս պապի մահից հետո Բորա տատը մենակ էր գյուղում, ու Նվերը տատի հետ էր: Մեր գյուղի դպրոցը կոչվում է Արցախյան ազատամարտի հերոս` մեր գյուղացի Զարմիկ Ավետիսյանի անունով, դպրոցի զինղեկ, պատերազմի մասնակից Ռուբիկ Միքայելյանը նույնպես ամեն ինչ արեց, որպեսզի Նվերը սիրի զինվորականի գործը.- հիշում է տիկին Սուսաննան,- միասին գործերը հանձնեցինք Վ.Սարգսյանի անվան ՌԻ: Հետը գալիս էի քննություններին: Երբ ընդունվեց, ամեն օր գալիս էի, ոգևորում: Եվ չեք պատկերացնում, թե ոնց ոգևորվեց, հիմա ինչպես է կապված իր գործին:
Ու Սուսաննա մայրը հպարտությամբ թվարկում է որդու պարգևները` գերատեսչական մեդալներ, պատվոգրեր, ՀԿ-ների կողմից հուշամեդալներ:
Ավարտելով Վ. Սարգսյանի անվան ՌԻ` Նվերն իր ցանկությամբ ծառայության է անցնում Քարվաճառում: Ոտքերը ցրտահարվում են, և նրան տեղափոխում են մայրաքաղաքային զորամաս` որպես վաշտի հրամանատար: Նվերի հրամանատարությամբ վաշտը երեք անգամ ճանաչվում է որպես լավագույն վաշտ: Թվում է` ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ինքը, մայրը կցանկանար, սակայն Նվերի ուշքն ու միտքը նորից սահմաններում էր, հայրենի Արցախում: Ես ասֆալտին ծառայողը չեմ… վերջնական իր որոշումից հետո ծառայության է անցնում Մարտակերտի շրջանում:
-Մեր սպաները փորձառու են, հմուտ: Նրանք պատրաստ են կատարելու ամեն մի առաջադրանք: Մեր դիմացը պատմական Մարաղան է: Ասում են` հայրենագիտությունը ծնվում է հայրենասիրությունից: Այդպես է, որովհետև մեր զինվորներին մենք պատմում ենք տեղանքի պատմական անցյալի, Մարաղայի հին ու նոր օրերի մասին: Եվ զինվորները հասկանում են, թե ինչու ենք պաշտպանում մեր հողը, և զինվորները լցվում են վրեժով: Ինչպես մեր սպան, այնպես էլ մեր զինվորը, պետք է առյուծի նման լինի: Ոգևորության համար տարբեր խրախուսանքներ ենք տալիս զինվորին, սակայն իմ փորձով զգացել եմ, որ զինվորը ամենաշատը ոգևորվում, լիցքավորվում է, երբ ներկայացնում ես արձակուրդի: Հաճախ այսպիսի հարցեր են տալիս մեզ` հրամանատարներիս.
-Ի՞նչ անենք, որ հերոսանանք,- իսկ մենք ասում ենք.
-Ծառայությունը զգոն տարեք, աչալուրջ: Եթե նրանք գան, դուք կհերոսանաք:
Այսպես հասկանում ենք իրար:
Տիկին Սուսաննան պատմում է ամուսնուց, պատմում է իր ամուսնու ծնողներից, պատմում է իր որդիներից: Դեմքի ժպիտի հետ աչքերից արցունքի կաթիլներ են թափվում:
-Ես ասել եմ, Նվե՛ր ջան, դու գեներալ պիտի դառնաս, որ գնալուց Արկադյային այդ լուրը տանեմ: Նախշո՛ւն ջան, նույնը դու, պիտի լավ մայր, լավ հայուհի լինես, նույնը` Նորիկիս, կիրթ, հայրենասեր քաղաքացի, որ գնալիս ամուսնուս` Արկադյային պատմեմ, թե ի՜նչ երեխաներ ունի…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր