Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՂԱՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ



Մի քանի շաբաթ առաջ բանակում ծառայելու հերթը հասավ նաև իմ առաջնեկ որդուն` ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի շրջանավարտ Արբակ Զաքարյանին: Արարատի զինկոմիսարիատում հավաքվածներս ծափողջույնների ներքո ճանապարհեցինք նորակոչիկներին: Այնպիսի տպավորություն էր, թե նրանք դարձել են չեմպիոնության հավակնորդներ, ու հավաքվածներիցս ամեն մեկն այդ պահին հաղթանակի քաջալերանքով հարթակ է ուղարկում իր որդուն: Թեև կնոջս աչքերում զուսպ թախիծ կար, բայց ես ակնհայտորեն հպարտ էի, որովհետև շատ լավ էի հիշում, թե ինչ էի մտածում որդուս ծննդյան նախօրեին՝ 1992 թվականի աշնանը, մեր նորօրյա ազատամարտի թեժ օրերին. «Թող Աստված ինձ որդի տա, որդիս էլ լինի բանակացու»:

Եվ ահա օրերս զորամասից ստացանք նամակ, որով իրազեկում էին, որ մեր տղան ծառայում է իրենց մոտ և շնորհակալություն էին հայտնում որդի դաստիարակելու և բանակ ուղարկելու համար: Նամակը կարող էին և չգրել, ու մենք չէինք նեղանա, որովհետև տարիներ առաջ մեր գերդաստանից բանակ մեկնած տղաների ծառայության վայրի մասին մի քանի շաբաթ անց միայն իմացանք: Բայց, հավատացե՛ք, նամակը ջերմացրեց մեր հոգին, հարգանք ձևավորեց հրամանատարների նկատմամբ, ու բանակը դարձրեց ավելի հարազատ: Համոզված եմ, որ մյուս նորակոչիկների ծնողներին էլ են նույնատիպ նամակներ ուղարկել և շատ լավ են արել, որովհետև առաջին հայացքից փոքրիկ թվացող այս քայլը, նախ և առաջ, պարզ, մարդկային վերաբերմունք է հայ ընտանիքի նկատմամբ` տարրական ուշադրություն, որի կարիքը բոլորս ունենք, և որը որքան շոյում է ծնողի ինքնասիրությունը, նույնքան էլ բարձրացնում է նրա պատասխանատվությունն իր զինվոր զավակով համալրված բանակի հանդեպ:

Նամակն ստանալուց հետո սկսեցի մտորել` արդյոք ամեն ի՞նչ եմ արել, որ տղաս լավ զինվոր դառնա: Ու հիմա մտորումներս բարձրաձայնում եմ. թող որդիս էլ կարդա ու կիսատ մնացածը լրացնի: Ուստի, գրածիս պայմանականորեն դնում եմ ենթավերնագիր`

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒՍ

Սիրելի՛ Արբակ, իմ նորաթուխ զինվոր որդի: Ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ մեր նախկին զրույցներին, թարմացնել քո հիշողությունը: Մեր զրույցներից մեկը եղել է պարտքի զգացման մասին. պարտք հայրենիքի ու հարազատների հանդեպ: Այս մի կտոր հողը, որ ժառանգել ենք մեր պապերից, միակ տեղն է աշխարհում, որտեղ ապրողներիս ոչ ոք չի մեղադրում հայ լինելու համար: Մինչդեռ հողագնդի այլ անկյուններում հիմնական բնակչությունն արտաքուստ հարգանքով, բայց հոգու խորքում կարծում է, որ իր միջավայրում հարմարված օտարերկրացին, թեկուզ մի ոտնաչափ, նեղացրել է իր տեղը իր իսկ երկրում:

Մեծ ժողովուրդներն օվկիանոսի պես են: Թվում է` խաղաղ են, հանդարտ, բայց, մեկ էլ տեսար, կատաղում, փրփրում ու իրենց միջից դուրս են նետում եղած-չեղածը` «ինքնամաքրվում»: Այդ պարագայում հային երկու ելք է մնում. կամ ուծացվել, ձուլվել` դառնալ օվկիանոսի մի մասնիկը կամ դուրս նետվել իբրև օտար տարր, ապա եւ շրջվել, հայացքը կրկին հառել Հայաստանին ու բռնել հետդարձի ճամփան: Հետո, գուցե, էլի գնալ, էլի գալ… Ա՛յ, այսպես Հայրենիքը նմանվում է թոքերի, դեպի ուր վերադարձող արյունը մաքրվում, նոր որակ է ձեռք բերում: Ուրեմն, տղա՛ս, այս հողը պաշտպանելով, դու պաշտպանում ես այն հույսն ու հավատի նշխարը, որը երբևէ տուն է բերելու մեր հայրենակիցներին, աշխարհի տարբեր ծագերում սփռված հենց քո արյունակիցներին: Դու պաշտպանում ես այն հողը, որտեղ իրենց ծերությունն են անցկացնելու քո ծնողներն, ու ծնունդ են առնելու քո զավակները: Մի խոսքով, դու պաշտպանում ես հայի համար ամենաանվտանգ ու դրանով իսկ ամենաթանկ հողակտորը մոլորակի վրա, ինչի համար էլ այն կոչվում է ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ: Հենց նրա համար է մեր ազգի ողջախոհ հատվածը հաճախ կռվի դուրս եկել ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ և ոչ ստիպողաբար: Ես քեզ բանակ եմ ճանապարհել վստահաբար կարծելով, որ դու ծառայելու ես սրտանց, ասել է թե՝ նվիրվածությամբ: Այդպես դու կհաղթահարես ցանկացած դժվարություն: Միայն թե, տա՛ Աստված, խաղաղություն լինի, եթե ոչ` կռվին էլ պետք է պատրաստ լինել:

Մենք զրուցել ենք նաեւ արդարության ու անարդարության, բարու և չարի, լավի ու վատի մասին: Բանակն այն միջավայրն է, որտեղ ևս մարդկային խառնվածքին, հարաբերություններին բնորոշ այդ որակներն ու հատկանիշները գտնում են իրենց դրսևորումները: Եթե դու ծանոթ լինեիր աշխարհի մյուս ժողովուրդների բանակներին, կհասկանայիր, որ մոլորակի վրա չկա մի վայր, ուր մարդկային հարաբերությունները գրեթե նույնը չլինեն. եթե զինվորական տեղամասում կա հարյուր զինվոր, նշանակում է, որ մեկտեղվել են հարյուրավոր ընտանիքների բարքեր, հարյուր անհատականություն, հարյուր տարբեր հոգեբանություններ, հարյուր կարծիք: Ինչպե՞ս է հրամանատարական կազմը կառավարելու այդ խայտաբղետ «հանրույթը»: Գոնե դու անտրտունջ կատարիր տրված հանձնարարությունները` դրանով իսկ հեշտացնելով նրանց գործը: Եթե անգամ որևէ հանձնարարություն հոգուդ խորքում կհամարես անարդարացի, դարձյալ անտրտունջ կատարիր, որովհետև դու զինվոր ես, եւ ես քեզ հրամանատարներիդ եմ վստահել: Համարիր, որ քո հայրն է հրաման տվողը, և հիշիր, որ առաջներում իսկապես էլ հոր իրավունքով քո առջև շատ եմ նման խնդիրներ դրել, որոնք քո սրտով չեն եղել, բայց դու կատարել ես դրանք, եւ հետո միայն հասկացել, որ ես ճիշտ եմ, կամ, եթե կարծիքդ չես փոխել, հաշտվել ու ներել ես ինձ:

Բանակի լավ ու վատ լինելը կախված է ոչ միայն հմուտ հրամանատարներից, այլև մարդկային այն «հումքից», որը համալրում է այն: Մեր զրույցներից մեկում պատմել եմ իմ ջահել օրերի կարճատև ծառայության մասին: Բոլոր ժամանակներում էլ լինում են ծույլ, աշխատանքից խուսափող, հանձնարարություն կատարելն իրենց արժանապատվությունից ցածր համարող մարդիկ: Հավատա՛, այդպիսիների ոտքը մի օր քարին է առնում: Այդպիսի օրինակներ շատ կարող եմ բերել, ու մտքերս էլ, որ արտահայտում եմ, ոչ թե գրքային են, այլ խորապես ապրված: Ես ճանաչում եմ իմ սերնդակիցներից շատերին, որոնք հոգեբանորեն պատրաստ չէին դժվարություններին, և նրանց այսօրվա կարգավիճակն ուղղակի ամոթալի է իրենց բանակային օրերի ֆոնին: Ես չէի կամենա, որ դու նմանվես նրանց: Կուզեի, որ խոհանոցում կարտոֆիլ մաքրելուց մինչև զինվորական դասեր սերտելը գործդ անեիր սիրով ու ջանադրությամբ: Այն իրավիճակները, որոնցում կհայտնվես, կհարստացնեն քո կենսափորձը: Դու ավելի լավ կճանաչես կյանքն ու մարդկանց: Զորամասում քեզանից առաջ ծառայողներ կան: Բանակը նրանց համար դարձել է տուն, իսկ դու առայժմ նորեկ ես: Ժամանակ է պետք, որ դու ևս դառնաս այդ ընտանիքի լիիրավ անդամ: Հնարավոր է՝ իրար չհասկանաք, բայց խուճապի մատնվել պետք չէ: Փորձիր ամեն մեկի մեջ նկատել ինքդ քեզ, և ամեն ինչ կհարթվի: Մի՛ կասկածիր, որ ուրիշներն էլ, թեկուզ մի քիչ ուշացումով, քո՛ մեջ իրենց են փնտրելու: Եվ դրա վարձքը լինելու է անխառն հարգանքը: Պարզապես պետք է համբերություն, կամք դրսևորել. առաջի՛նը` սեփական հոգում զսպել վատը, չար ու անարդար մղումները, հետո նույնը ակնկալել ուրիշներից: Փորձիր դժվարությունները հաղթահարել համբերությամբ ու ճկունությամբ: Տարիներ հետո շատ բաներ քեզ համար կդառնան զավեշտական հիշողություններ, իսկ ում մեջ տեսնում էիր միայն չարը, հաճախ հենց նա է վերածվում իսկական ընկերոջ ու բարեկամի: Ասածս հետո կհասկանաս, երբ մի օր քո առ այսօր իմացած դպրոցական ու ուսանողական ընկերությունից բացի` կըմբռնես նաև բանակային ընկերության էությունն ու առանձնահատկությունը. ընկերություն, որին վիճակված է թրծվել պարտքի ու պատասխանատվության, զինվորական շարքի ու զենքի, հրամանի ու կատարման քուրայում:

Մի բան կա, որի մասին այդպես էլ կարգին չզրուցեցինք: Ոչ՛ այն պատճառով, որ ես զրույցի համար նպաստավոր մթնոլորտ չստեղծեցի. պարզապես համոզված էի, որ անհրաժեշտության դեպքում ինքդ խոսակցություն կբացես…: Քո տարիքում անհնար է չլինել սիրահարված: Եթե հոգուդ խորքում ունես մեկին, պահի՛ր, պահպանի՛ր ու վեհացրո՛ւ նրան, որովհետև իսկական սերը մարդուն դարձնում է բարի, արդարամիտ ու նպատակասլաց: Եվ շնորհակալ եղիր նրան, որ քո կյանքում կա, որ քեզ պարգևել է այդ հրաշք զգացումը: Իսկական սերը ոչ թե ընկճում, թուլացնում, այլ թևեր է տալիս մարդուն, եթե անգամ անպատասխան է: Միշտ չէ, որ սերը փոխադարձ է, բայց դրանից չպետք է չարանալ կամ գլուխը կորցնել: Ընդհակառակը, պարզապես պետք է հասկանալ, որ ճակատագիրը քեզ համար սահմանել է մեկ այլ ճանապարհ, որի վերջը պակաս լուսավոր չէ: Եթե կա մեկը, որ քեզ սպասում է, արժանի եղիր այդ սպասմանը: Եվ եթե անգամ սպասողը հոգնի կես ճանապարհին, հոգ չէ, ուրեմն նա քո «հալալ» կեսը չէր, որովհետև սպասել, այն էլ Հայրենիքի զինվորին, կարողանում են միայն արժանավորները:

Եթե անկեղծացել ենք, ուրեմն մինչեւ վերջ: Երիտասարդությունը թյուրիմացաբար կարծում է, թե շատ փող ունենալու դեպքում հաստատ ուսերին թևեր կբուսնեն: Իհարկե, փողը միշտ, բոլոր ժամանակներում խաղացել է կարևոր դեր: Ծիծաղելի է, երբ երիտասարդն սկսում է տառապել թերարժեքության զգացումից` մտածելով, որ ինքը հարուստի ընտանիքում չի ծնվել: Նման մտորումները կարող են հասցնել միայն անհեթեթության. չէ՞ որ հարուստից հարուստն էլ կա: Ինչպես տեսնում ես, ցանկություններն ու «ափսոսանքը» սահման չունեն: Իրականում, Աստված յուրաքանչյուրին ստեղծել է իր տեղում՝ իր բաժին երջանկությամբ: Հավատա՝ կյանքում պակաս դեր չեն խաղում աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համառությունն ու վճռականությունը: Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն հացիվ, այլև բանիվ»: Այսինքն` մարդն ապրում է ոչ միայն հացով, այլև խոսքով, հոգևորով: Գեղեցիկ ապրելու ամբողջ իմաստը հացի (փողի) և հոգևորի ճիշտ հարաբերակցության ըմբռնումն է: Նույն կրակով կարելի է օջախ կպցնել, տաքանալ ու ապրել, իսկ չարակամության դեպքում` հրդեհել ուրիշի տունն ու ունեցվածքը: Այդպես էլ փողն է. այն թե՛ տուն է շինում, թե՛ տուն քանդում…

Իհարկե, այս տողերը կարդացողներից ոմանք կհիշեն նաեւ ընտանիքների, որոնք փողի շնորհիվ փորձել են անել ամեն ինչ, որ իրենց որդիները խուսափեն ծառայությունից: Շատ կուզեի, որ այդպիսիք չափանիշ չդառնան ո՛չ քեզ, ո՛չ քո ծառայակից ընկերների համար: Կարգապահ ու նվիրված ծառայությամբ դուք ձեռք եք բերելու մի բան, որ չծառայողները երբեք չեն ունենա: Դա հպարտության զգացումն է. զգացում, որն ամբողջ կյանքում ուղեկցելու է քեզ եւ քեզ նմաններին` դարձնելով ձեզ այս երկրի իրական տերերը:

Եկանք հասանք գլխավորին:

Տղա՛ս, ոչ ոք հայտնագործություն արած չի լինի, եթե ասի, որ մեր երկիրը կատարյալ չէ: Բայցեւ շատախոսելու փոխարեն արա քեզնից կախվածը, թեկուզեւ շատերի աչքին չնչին աննշմար թվացող, այն ավելի արդար ու օրինակելի դարձնելու համար: Այս պահին դու դա կարող ես անել քո լավ ծառայությամբ: Պատմական իրադարձությունների արդյունքում մեր սերունդն այսքանն է կարողացել անել: Հերթը հիմա քո՛ սերնդինն է: Կանցնեն տարիներ. դու և քո բանակային ընկերները, սերունդների հերթափոխության օրինաչափությամբ, լուրջ դերակատարություն կունենաք մեր երկրի կյանքում: Ես հավատում եմ, որ դուք ավելի լավը կդարձնեք այն: Մնում է, որ ինքներդ հավատաք ձեր ուժերին ու առաքելությանը: Եվ այսօր Բանակի խնդիրն է ոչ միայն ձեզ պատրաստել որպես հայրենիքի պաշտպաններ, այլև ձեր հոգիներում սերմանել երկրի հանդեպ քաղաքացիական պատասխանատվության բարձր զգացում: Ես հենց դրա համար էի ուզում, որ իմ որդին ծառայի բանակում:

Ամեն պատանու համար մի օր գալիս է լրջանալու պահը: Այդպես ուսին են առնում ոչ միայն սեփական ընտանիքի, այլև երկրի հոգսը:

Այդպես տղամարդ են դառնում:

ՖԻՐԴՈՒՍ ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀ սփյուռքի նախարարության
աշխատակազմի ղեկավար

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ իմացանք, որ օգոստոսի 11-ին Արբակը և իր զինծառայակից ընկերները ընդունել են զինվորական երդում: Մենք ևս շնորհավորում ենք զինվորական երդում ընդունած բոլոր նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հրամանատարներին:
Ցանկանում ենք, որ մեր երիտասարդները դառնան հմուտ մասնագետներ, միաժամանակ լինեն խաղաղ օրերի զինծառայողներ:

«Հայ զինվոր»

Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Բանակ և հասարակություն


22/08/2013