Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՌԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐ



Ամռանը, որպես կանոն, ակտիվանում են աղիքային վարակները` դիզենտերիան, որովայնային տիֆը, խոլերան, ստաֆիլոկոկային վարակները եւ այլն: Աղիքային վարակների աղբյուր են վարակակիրները, տարածվում է կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով: Աղիքային վարակի պատճառ կարող են դառնալ նաեւ մի շարք այլ մանրէներ եւ վիրուսներ:

ՍՏԱՖԻԼՈԿՈԿԱՅԻՆ ՎԱՐԱԿ

Այս հիվանդություններն առաջանում են պայմանապաթոգեն մանրէների ակտիվացման պատճառով: Հիվանդությունը առաջանում է ստաֆիլոկոկային վարակով պայմանավորված հիվանդությունների առկայության դեպքում` մաշկի և ենթամաշկային շերտի թարախային հիվանդությամբ, ստաֆիլոկոկային սեպսիս, պնևմոնիա, անգինաներ, ստաֆիլոկոկային էնտերոտոքսինով թունավորումների դեպքում:

Վարակի աղբյուրն է մարդը: Որոշ դեպքերում հիվանդությունը առաջանում է էնդոգեն վարակի առկայության դեպքում` մակրոօրգանիզմի պաշտպանական մեխանիզմների թուլացման, լայն սպեկտրի հակաբիոտիկների երկարատև օգտագործման դեպքում: Նշանակություն ունի նաև էկզոգեն վարակի առկայությունը` վիրաբուժական միջամտությունները: Վարակի փոխանցումը կատարվում է օդակաթիլային ճանապարհով, փոշու, վիրաբուժական գործիքների, վիրակապական պարագաների, խնամքի առարկաների, սննդամթերքի միջոցով: Ստաֆիլոկոկները արտադրում են տարբեր թունավոր նյութեր` կոագուլազա, հեմոլիզին, լեյկոցիդին, էնտերոտոքսին: Արտաքին միջավայրում կայուն են, հատկապես չորացման պայմաններում: Շատ արագ ձեռք են բերում կայունություն տարբեր հակաբիոտիկների նկատմամբ: Վարակի թափանցման մուտքը` մաշկը, վերին շնչուղիների լորձաթաղանթը և ստամոքսաաղիքային համակարգի օրգանները: Նրա արտադրած տոքսինները քայքայում են էրիթրոցիտները, լեյկոցիտները, առաջացնում են հյուսվածքների նեկրոզ, սրտանոթային համակարգի ախտահարում և կոլապս (լեթալ տոքսին և էնտերոտոքսին): Մուտքի տեղում առաջանում է բորբոքային օջախ, որը տարածվում է ամբողջ օրգանիզմով հեմատոգեն և լիմֆոգեն ճանապարհով:

Կլինիկա: Ինկուբացիոն շրջանը տևում է մի քանի օր: Կլինիկական արտահայտությունը տարբեր է: Արտահայտվում է մի քանի ձևով:

1. Մաշկի և ենթամաշկի ճարպաշերտի հիվանդությունով (ֆուրունկուլ, պիոդերմիա, աբսցես, ֆլեգմոնա):

2. Ոսկրերի և հոդերի (արթրիտ, օստիոմիելիտ):

3. Ստաֆիլոկոկային անգինա:

4. Պնևմոնիա և պլևրիտներ:

5. Ստաֆիլոկոկային սեպսիս, մենինգիտ:

6. Սուր ստաֆիլոկոկային էնտերիտ (բարակ աղիներ), էնտերոկոլիտ (բարակ եւ հաստ աղիները միաժամանակ):

Ստաֆիլոկոկային էնտերիտները (խոլերանման) զարգանում են այն հիվանդների մեջ, որոնք երկարատև ստացել են լայն սպեկտրի հակաբիոտիկներ: Սկսվում է հանկարծակի, 5-6-րդ օրը, բնորոշվում է ջերմության բարձրացումով, ընդհանուր թունավորման և աղիքային դիսպեպտիկ երևույթներով: Կղանքը առատ է, ջրային: Մեծ քանակությամբ ջրի կորուստը բերում է ջրազրկման:

Ախտորոշում – Պաթոգեն ստաֆիլոկոկի հայտնաբերման համար կատարվում է արյան, խորխի, կղանքի, մեզի, ողնուղեղային հեղուկի բակտերիոլոգիական քննություն:

Կանխարգելում և միջոցառումներ օջախում.

1. Վարակի աղբյուրի հայտնաբերում:

2. Հիվանդների մեկուսացում և բուժում:

3. Ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնների պահպանում:

4. Պարբերաբար կատարվում են միջավայրի, խնամքի առարկաների, սպիտակեղենի ախտահարում:

5. Հսկողություն մթերքի և պատրաստի սննդամթերքի պահպանման վրա:

6. Հատուկ կանխարգելում անատոքսինով:

ԱՂԱՎՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Բ /ծ մայոր
Կենտրոնական պոլիկլինիկայի պետի
բժշկական գծով տեղակալ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ռազմական


05/09/2013