Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ



ՀՀ ԶՈՒ ավագ սպայակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն

Սեպտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի համար առաջին անգամ հրամանատարաշտաբային դասընթաց է անցկացվել: Մագիստրոսական աստիճան ստացած զինվորականները ձեռք կբերեն ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ փորձ, հմտություններ եւ պրոֆեսիոնալ մոտեցում:

Հրամանատարաշտաբային դասընթացների բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ՊՆ-ին աջակցություն ցուցաբերած ՆԱՏՕ-ի միջազգային խորհրդատվական խմբի անդամները, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը, ՀՀ գիտության եւ կրթության նախարարության եւ քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նախարար Սեյրան Օհանյանը նախ մասնակցել է նոր ուսումնական տարվան նվիրված հանդիսավոր շքերթին եւ իր ողջույնի խոսքում նշել, որ ամուր եւ ուժեղ բանակի հիմքում կայուն ու հիմնարար գիտելիքներն են, եւ այս առումով Վազգեն Սարգսյանի ինստիտուտը լավ հարթակ է ուսումնառության համար: Այնուհետեւ նախարարն ու հյուրերը հանդիպել են զինված ուժերի ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացի մասնակիցներին եւ իրենց բարեմաղթանքներով ու դասախոսություններով ազդարարել դասընթացների մեկնարկը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ հրամանատարաշտաբային դասընթացները նախատեսված են համազորային, համատեղ, համակողմանի եւ բազմազգ օպերատիվ միջավայրերում ավագ սպայակազմի բանիմացությունը եւ դրան զուգահեռ` ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումն ապահովելու համար. «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ռազմական եւ հետբուհական կրթություն ստացած պրոֆեսիոնալ սպայի դերն այսօր արժեւորվում է պետական ամենաբարձր մակարդակով: Զուր չէ, որ Հանրապետության նախագահը սպայակազմը համարում է պետության ողնաշարը եւ հավաստում` «Երկիրն ամուր է եւ ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմն է», իսկ այդ ամրությունն ուժեղանում է նաեւ ձեր գիտելիքների ավելացմամբ: Այստեղ դուք ձեռք եք բերելու զինված ուժերի ապագա առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, որոնցից թերեւս ամենից կարեւորը կլինեն կառավարման գիտությունը եւ ղեկավարման արվեստը: Մի՛ մոռացեք, որ պրոֆեսիոնալ զինվորական մասնագիտության կրողներն եք: Մի մասնագիտություն, որը ի տարբերություն մյուսների, պետության հետ կնքել է «անսահմանափակ հանձնառության պայմանագիր»` ենթարկվելու ֆիզիկական ու հոգեբանական զրկանքների, վտանգելու առողջությունը, անհրաժեշտության դեպքում խլելու թշնամու կյանքը եւ զոհաբերելու սեփականը: Հրամանատարաշտաբային դասընթացների շրջանակներում դուք պետք է ցուցաբերեք բանիմացության, հանձնառության եւ բնավորության այնպիսի որակներ, որոնք ձեզանից ակնկալում ենք»,-ասաց պաշտպանության նախարար Ս. Օհանյանը:

Հայաստանը յուրահատուկ երկիր է՝ եզակի մարտահրավերներով, իրական սպառնալիքներով, փոքրաթիվ ազգաբնակչությամբ եւ սահմանափակ ռեսուրսներով` կարծում է ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող ՆԱՏՕ-ի միջազգային փորձագիտական խմբի գիտական համանախագահ դոկտոր Ջիմ Բարեթը, բայց. «Հայաստանը ունի նաեւ շատ ուժեղ կողմեր: Դուք ունեք ձեր երկրի նկատմամբ ուժգին սեր եւ հազարամյակներ հարատեւած ձեր ազգը պահպանելու վճռականություն: Եվ այստեղ, այս նոր հրամանատարաշտաբային դասընթացի միջոցով ձեզ բարենպաստ հնարավորություն է ընձեռվել այդ վճռականությունը պահպանելու համար զարգացնել անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիքներ ու հմտություններ»:

Սպայի պատրաստման ամբողջական գործընթացի ապահովումը, ըստ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի ուսումնական գծով տեղակալ գնդապետ Խ. Խաչատրյանի, պաշտպանական քաղաքականության առաջնահերթություններից է. «Դասընթացները կտեւեն 11 ամիս, տեսական պարապմունքների ժամաքանակը կկազմի 60 %, իսկ գործնականը՝ 40%: Դասընթացների համար բարձրագույն ռազմական կրթության ռազմական կառավարման մագիստրոսի որակավորման պետական կրթական չափորոշիչը մշակվել է Բոլոնյան հռչակագրի պահանջների համաձայն: Դասընթացների ուսումնական ծրագիրը մշակելիս հիմք է ընդունվել ռազմական կրթության փիլիսոփայությունը, մասնավորապես՝ ազգային կրթության եւ որակավորման բարձրացման խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությունը: Նախատեսվում է ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների, բանակային զորամիավորումների, ինչպես նաեւ արտերկրի հրահանգիչների ներգրավումը դասավանդման գործընթացում»:

Փոխգնդապետ Մանուկ Բադալյանը մինչ ունկնդիր լինելը ծառայել է որպես գումարտակի հրամանատար: Նա հանձնել է իր պաշտոնն ու գործերը եւ այժմ մասնակցում է դասընթացներին. «Մեր սպաները նման դասընթացների մասնակցում էին արտերկրում, սա, իհարկե, կարեւոր է, բայց այժմ մենք կստանանք այն գիտելիքները, որ պետք են մեր բանակին»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/09/2013