ՎԻՊԱՍԱՆ ԶԻՆՎՈՐԸ
Շարքային Արման Բաղումյանը ծառայում է գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում: Գումարտակի հակատանկային դասակի նշանառու-օպերատոր է: Լավ է ծառայում, նույնիսկ շատ լավ, հետն էլ կարգապահ է, նախաձեռնող, մասնագիտությանն էլ տիրապետում է կատարելապես: Նրանից գոհ են թե՛ գումարտակի, թե՛ բարձր հրամանատարական կազմի սպաները:
-Որտեղացի՞ ես,- հարցնում եմ:
-Արմավիրի մարզի Շահումյան գյուղից, ծնվել եմ 1994թ., ավարտել եմ Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 դպրոցը, ընդունվել եմ Եվրոպական համալսարան ու զորակոչվել բանակ:
Ծառայությունը ոգևորել է Արմանին, ու նա սկսել է ստեղծագործել: Գրում է բանաստեղծություններ հարազատ զորամասի ու հայրենիքի մասին: Վերջերս էլ սկսել է վեպի վրա աշխատել.
-Վեպս կոչվում է «Չկրակված փամփուշտ», ամեն օր անպայման գրում եմ, որպեսզի մինչև ծառայությանս ավարտը վերջացնեմ:
-Իսկ ժամանակ լինո՞ւմ է,-հետաքրքրվում եմ,-պարապմունքներից հետո հոգնած չե՞ս լինում:
-Եթե մարդ իր առջև նպատակ է դնում՝ երբեք չի հոգնի…
Դե ինչ, զինվորը ճիշտ է մտածում, մնում է ոչնչից չհիասթափվի ու շարունակի նույն ոգեւորությամբ կյանքի կոչել իր բոլոր մտահղացումները:
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարը`
Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ