Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԶՈՐՔԻՆ ԱՐԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼՈՒՄ



Սկիզբը` նախորդ համարում

Հոգ տանելով երիտասարդ սպաների մասնագիտական պատրաստության մասին, չպետք է մոռանալ, որ նրանց կայացումը զբաղեցրած պաշտոնում չի ավարտվել և նրանց նույն հաջողությամբ կարելի է սովորեցնել կա՛մ կուրորեն ենթարկվել, կա՛մ ստեղծագործական որոնումների ուղիով գնալ: Նախընտրելի է երկրորդը:

Ավագ հրամանատարի որոշումը յուրաքանչյուր մարտի կազմակերպչական և ուղղորդող հիմքն է, սակայն դա չի բացառում, այլ հակառակը, ենթադրում է ենթակաների կողմից ակտիվության, հնարամտության, ինքնուրույնության դրսևորում, որը հիմնված է մարտում իրենց ստորաբաժանումների տեղի և դերի հստակ գիտակցման վրա: Այդ պատճառով յուրաքանչյուր պարապմունք, զորավարժություն պետք է առանձնանա կազմակերպչական նորույթով, բազմազանությամբ, մարտական իրավիճակի, խնդրի, թեմայի նորությամբ, դրա անընդհատ բարդացումով, շատ խիստ պահանջկոտությամբ և բարյացակամ վերլուծությամբ:

Հաճախ չհավատալով երիտասարդ հրամանատարի ունակություններին՝ ավագ պետերը ավելորդ խնամակալություն, հովանավորչություն են անում, հաճախ էլ անտեսում են նրանց գիտելիքները, փորձը և հնարավորությունները, ի վերջո զրկելով նրանց ինքնուրույնությունից, ստեղծագործաբար մտածելու, ինքնուրույն որոշում ընդունելու ունակություններից: Սա վերաբերում է հատկապես զորավարժությունների ժամանակ նրանց մարզումներին: Կարծում եմ՝ ժամանակն է սահմանագիծ մտցնել զորքերը զորավարժություններին նախապատրաստելու և մարզելու միջև:

Ինչպես վերը նշվեց, մարտական պատրաստությունում հիմնական շեշտը պետք է դրվի դասակների, վաշտերի, գումարտակների պատրաստության վրա, քանի որ ժամանակակից պատերազմում հենց գումարտակն է դառնում հիմնական մարտավարական միավորը, և եթե պատրաստ են վաշտերը, գումարտակները, ապա պատրաստ են գնդերն ու բրիգադները: Մնում է միայն անհրաժեշտ պարապմունքներ և ներդաշնակում անցկացնել ղեկավարման մարմինների հետ:

Եվս մեկ կարևոր հարց. այսօր մեր հիմնական անելիքը հոգեբանական և տեղեկատվական պատերազմների դաշտում է, քարոզչության և հակաքարոզչության ոլորտում: Մենք պետք է ձախողենք հակառակորդի յուրաքանչյուր սադրանք:

Տեղեկանքի համար. Պենտագոնը տարեկան մեծ գումարներ է ծախսում ամերիկյան բանակի վերաբերյալ գովազդային գեղարվեստական ֆիլմեր նկարահանելու համար, կարծում եմ՝ կարելի է նույնպիսի ֆիլմեր նկարահանել հատկապես Արցախյան պատերազմի դրվագներով, պետք է ստեղծել հայկական «ռեմբոներ», դելտա ստորաբաժանումներ, փրկել հայկական «զինվոր Ռայնին»:

Ներկայումս շատ սուր է դրված զորքը դասակի հրամանատարներով համալրելու հարցը, ավագի կոչումով դասակի հրամանատարների ինստիտուտը իրեն ըստ երևույթին սպառեց, նորը դեռևս չկա, կարծում եմ՝ այդ բացը լրացնելու համար կարելի է վարվել հետևյալ կերպ` վերականգնել պետական կարգավիճակ ունեցող բուհերի ռազմական ամբիոնները, որտեղ շաբաթական մեկ օր ռազմական պատրաստության դասեր կանցկացվեն: Մեկ տարում դա կկազմի 36 օր, 5 տարում՝ 180 օր կամ 6 ամիս: Այդ պարապմունքների ընթացքում կուսուցանվեն տեսական և գործնական գիտելիքներ մարտավարությունից, կանոնադրություններից, կրակային պատրաստությունից, հետախուզությունից, ՌՔԿՊ-ից, ռազմական տեղագրությունից, ռազմական մանկավարժություն առարկաներից, իսկ ուսումն ավարտելուց հետո երկամսյա հավաքներ կկազմակերպվեն զորամասերից մեկում կամ ուսումնական զորամասերում, որտեղ գործնականում կսովորեն օրվա վերակարգի, պահակային-կայազորային ծառայության անձնակազմի պարտականությունները, մարտական հերթապահության, մարտական պատրաստության կազմակերպման ձևերը և մեթոդները: Միաժամանակ ռազմական ամբիոնների շրջանավարտների զորացրմամբ կլրացվեն սպայական կազմի զորահավաքային պաշարները, որոնց այսօրվա միջին տարիքը բավականին մեծ է` հատկապես դասակի հրամանատար օղակում: Ռազմական պատրաստությունից ստուգարք կամ քննություն չհանձնած ուսանողը չի հանձնի մյուս ստուգարքներն ու քննությունները, հետևաբար դուրս կմնա բուհից: Սա կնպաստի ուսման բարձր առաջադիմության ապահովմանը:

Որոշակի պրոբլեմներ կան սահմանամերձ շրջանների զորամասերում պայմանագրային ստորաբաժանումների համալրման գործում: Կարծում եմ՝ կարելի է սահմանամերձ շրջաններից, ինչու ոչ՝ նաև այլ շրջաններից զորակոչվող զինակոչիկներին միանգամից առաջարկել երեք կամ չորս տարով անցնել պայմանագրային ծառայության, որից առաջին վեց ամիսը նրանք կծառայեն ԲԿ ուսումնական գումարտակներում ըստ մասնագիտությունների` հրաձիգ, դիպուկահար, գնդացրորդ, նռնականետորդ և այլն: ԲԿ հրամանատարն այդ ընթացքում կունենա համազորային ռեզերվ` մեկ գումարտակի կազմով:

Լուրջ խնդիր է նաև զորամասերը սպա -հոգեբաններով համալրելու հարցը: Երբեմն այդ պաշտոններին նշանակվում են զինվորական հոգեբանությունից բավականին հեռու սպաներ: Կարծում եմ՝ կարելի է այդ պաշտոններին նշանակել նաև համապատասխան կրթություն ունեցող կանանց:

Զորամասերում համապատասխան կրթությամբ և պատրաստվածությամբ հրամանատարների տեղակալներ ունենալու նպատակով կարելի է Վ. Սարգսյանի անվան և Ա. Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտներում տարբեր զորատեսակների ֆակուլտետներում առանձնացնել մեկական դասակ, որտեղ համապատասխան ընտրությունից հետո կուրսանտները խորացված կերպով կուսումնասիրեն ռազմական հոգեբանություն, ռազմական մանկավարժություն, անձնակազմի հետ տարվող բարոյահոգեբանական ապահովման աշխատանքների հիմունքները: Հետագայում այդ դասակների կուրսանտներով կարելի է համալրել ուսումնական ստորաբաժանումների հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների հաստիքները: Ընդ որում, նրանք պետք է պարտադիր կերպով անցած լինեն մինչև այդ հաստիքները նախատեսված դասակի, վաշտի հրամանատարների պաշտոնները:

Սխալ չի լինի ռեզերվային համազորային զորամասերը պարբերաբար ընդգրկել մարտական հերթապահությունում, որտեղ զինծառայողներին կվարժեցնեն մարտական խնդիրներ կատարելուն` մարտական հերթապահությանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հանկարծակիի չգան:

Արամ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ
գնդապետ

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


17/10/2013