Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ



Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպեց նաեւ մեր համայնքի հասարակության եւ ղեկավարության հետ: Այդ հանդիպման ժամանակ ես որպես համայնքի ղեկավար մի շարք հարցեր բարձրացրի, որոնք գյուղի համար ունեին եւ՛ կենսական նշանակություն, եւ՛ նպատակամղված էին երիտասարդներին գյուղում պահելու, ամրացնելու խնդիրներին:

Մեր գյուղը՝ Վահանը, սահմանամերձ եւ սահմանապահ գյուղ է եւ հերոսական կենսագրություն ունի: Վահանը հերոսական դիմադրություն է ցույց տվել, եւ գյուղի բնակիչներն ու երիտասարդությունը հերոսաբար կռվել, պաշտպանել են իրենց տունն ու հայրենիքը: Այսօր էլ մեր գյուղից, թեեւ սոցիալապես դժվար է բոլորիս համար, քչերն են հեռանում, հեռացողներն էլ՝ հիմնականում ժամանակավոր արտագնա աշխատանքի մեկնողներ են, որոնք անշուշտ ետ են վերադառնալու:

Սակայն, միեւնույն է, մեր հիմնական խնդիրը մեր երիտասարդներին գյուղում պահելն է, ասել է թե՝ մեր հայրենիքի արեւելյան սահմանները երիտասարդ բազուկներից, ուժից չզրկելն է: Քանզի պարզ է, որ սահմանամերձ գյուղերում բնակչության մնալը, ապրելն ու արարելը երկրի անվտանգության, սահմանների պաշտպանության ամրացում է, յուրովի կազմակերպում: Ավելի քան ճիշտ է ասված՝ եթե ամուր է թիկունքը, սահմանին կանգնած զինվորն ու զինվորականը ավելի ինքնավստահ են լինում, իրենց անհաղթ են զգում: Այս ամենի մասին, բնական է, ավելի քան հրաշալի գիտեր ՀՀ պաշտպանության նախարարը, որ ոչ միայն համբերատարությամբ լսեց մեր դիտարկումները, այլեւ գործնական եւ որոշակի քայլեր ձեռնարկեց դրանք իրականացնելու գործում: Նախ՝ լուծվեց ամբողջ գյուղի փողոցային լուսավորության խնդիրը, որը խափանվել էր երկու տասնամյակից էլ ավելի տարի առաջ: Հետո գյուղում կառուցվեց բարեկարգ ու հարմարավետ մարզահրապարակ-խաղահրապարակ, որտեղ խաղում են երեխաներն ու իրենց ազատ ժամանակն ու հանգիստն են անցկացնում երիտասարդները: Ի դեպ, գյուղի երիտասարդներն իրենց երեկոյան ազատ ժամերն էլ հիմա արդեն կարողանում են անցկացնել բիլիարդի սեղանի շուրջ…

Ամբողջ գյուղի եւ անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել մեծարգո նախարարին՝ մեր համայնքի կարիքներին արագ արձագանքելու համար:

Թող մեր զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում, եւ թող գնալով բազմապատկվի մեր բանակի ուժն ու հզորությունը:

ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼՅԱՆ
Վահան համայնքի ղեկավար

Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Բանակ և հասարակություն


24/10/2013