ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ՇՆՈՐՀՎԵՑ
«Որովհետեւ ամոթ չեմ համարում ավետարանելը, քանի որ այն Աստծո զորությունն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալների» (Հռոմ.1; 16)
Աստված Սուրբ Գիրքը պարգեւել է ինչպես բովանդակ մարդկությանը, այդպես էլ յուրաքանչյուր մարդու՝ ինձ ու քեզ: Որովհետեւ Աստված կամենում է, որ «բոլոր մարդիկ» (հետեւաբար եւ դու) «փրկվեն եւ հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ. 2; 4): Այս է Նրա՝ Սուրբ Գիրքը յուրաքանչյուրին շնորհելու պատճառը. որպեսզի կարդալով կամ լսելով այն՝ մարդիկ կարողանան հավիտենական փրկության հասնել:
Հարկ է Սուրբ Գիրքը կարդալ կամ լսել ոչ թե նրբամիտ դառնալու, այս աշխարհում իմաստուն լինելու կամ հաչս մարդկանց իմաստուն երեւալու համար, քանզի սա հակառակ է Աստծո խոսքին: Այն մեզ չի շնորհվել, որ նրանով այս աշխարհում փառավորվենք: Ով աշխարհում փառավորվելու նպատակով է կարդում կամ քարոզում Աստծո խոսքը, կամենում է Աստծո շնորհը, այսինքն՝ Աստծո խոսքը ոչ թե Աստծո, այլ իր ունայն փառքին ծառայեցնել եւ այդպիսով Աստծո շնորհից աստվածային փառք հափշտակել իր համար, որը նույն բանն է, ինչ գողանալը (իսկ դա մեծագույն եւ պղծագույն մեղք է): Այլ Աստծո խոսքը հարկ է կարդալ կամ լսել՝ փրկության մեջ իմաստնանալու, լուսավորված միտք ունենալու, ճշմարտությունը ճանաչելու, դեպի չարը հակված սիրտը բարուն եւ Տիրոջ կամքը կատարելուն ուղղելու, ինչպես նաեւ` ի շինություն մադկանց քարոզելու եւ ոչ թե սեփական իմացությունը ցուցադրելու համար:
Իսկ ով կարդում, լսում կամ քարոզում է Աստծո խոսքն այլ նպատակով, նրա համար այն ոչ միայն օգտակար չէ, այլեւ վնասակար է: Այդ պատճառով է, որ Աստվածաշնչին քաջատեղյակ բազում անձինք ավելի չար են լինում, քան անտեղյակները: Բանն այն է, որ Աստված այդպիսիներից վերցնում է շնորհը՝ Իրեն անտեսելու եւ Իր աստվածային շնորհը չարաշահելու պատճառով. եւ այդպես առանց շնորհի նրանք մի մեղքից մյուսն են ընկնում, քանզի «Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս» (Ա Պետ. 5:5):
Երկու տեսակի ուսյալ եւ իմաստուն մարդիկ կան. ոմանք դպրոցներում կրթվում են գրքերով, սակայն նրանցից շատերն ավելի անմիտ են, քան հասարակ ու անգրագետ մարդիկ, քանզի քրիստոնեական այբուբենն իսկ չգիտեն. մտքով սուր են, բառեր են ուղղում ու պերճախոսում, սակայն սեփական սիրտն ուղղել չեն ցանկանում: Մյուսներն աղոթքով, խոնարհությամբ ու ջանասիրությամբ սովորում եւ լուսավորվում են Սուրբ Հոգուց եւ ավելի իմաստուն են, քան այս աշխարհի իմաստասերները: Նրանք բարեպաշտ են, սուրբ եւ աստվածահաճո: Այդպիսիք թեեւ գրագետ չեն, բայց գիտեն, թե ինչ է բարին, հասարակ ու կոպիտ են խոսում, բայց գեղեցիկ ու պարկեշտ կյանքով են ապրում: Այդպիսիների՛ն հետեւիր, քրիստոնյա՛:
ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ
Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Հոգևոր-մշակութային