ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԸՆԿԵ՛Ր…
Նահատակ Արշակ Գրիգորյանին
թե դու հանդարտ քնած ես:
Ուզում էի հպվել մարմնիդ.
Վախեցա արթնացնել:
Վախեցա հոգնած զինվորիդ
կարճ հանգստից կտրել:
Մահերթի, ծանոթ-ցավոտ ողբերի,
Վարդերի կարմիր շիկնանքի միջով
Պաչս քեզ, ընկե՛ր,
Ու խոնարհումս քեզ:
Ուզեցի փարվել քուն անուրջիդ.
Վախեցա հավատամ մահվանդ:
Վերքս վերքիդ դարձնեմ,
Սիրտս` անպարտ խաչիդ…
Ինձ ինչու՞ թվաց այն ժամանակ,
թե կյանքից առավել այլ խորհուրդ էլ կա`
անպարտ ճախրանքն հավերժի…
1993թ. Սիսիան
ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻՆ
Գիշերերթն ավարտվում էր:
Ետդարձի ճամփան դանդաղ էր, անձայն:
Տղերքը թշնամու դիրքերից
նոր տվյալներ էին բերում…
…ու իրենցից մեկին, որ
մարեց կեսճամփին:
1992թ. Չլդրան
ԽՐԱՄԱՏԱՅԻՆ ԹԱԽԻԾ
Բաժանումի լուռ հառաչներ,
որ ծնվում են
կարոտների ծարավ սրտում:
Արցունքոտված աչքեր թաքուն,
որ փայլում են կեսգիշերի
ժլատ լույսի հորիզոնում:
Ցնորամիտ երազանքներ,
Որ ծնվում են խրամատի շեղ փոսերում:
1993թ. Զագլիկ
ԱՆՍԵՐ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐ
Ռազմաճակատի առավոտները
լույս են ավետում,
և անունները`
նախորդ գիշերվա
նահատակների:
1992թ.
ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Հոգևոր-մշակութային