Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒ ՄԱՅՐՍ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱՎԵՊ ԷՐ ԿԱՐԴՈՒՄ…



Հրամանատար Արայիկ Մելիքյանի գլխավերևում Զորավար Անդրանիկի մեծադիր լուսանկարն է: Արայի սերը Զորավարի հանդեպ հասնում է պաշտամունքի: Դա փոխանցվել է նախնիներից, ծնողներից` Ելենա մայրիկից և Հովհաննես հայրիկից: Մայրը սերում է Բասենից գաղթած ծնողներից, իսկ հայրը` Մուշից: Նախնիներն այն գաղթականների շարքում էին, որոնց Զորավարը փրկեց ու իր կամավորականների հերոսական մաքառումներով հասցրեց Արաքսի այս ափը:

Արայի հետ զրույցի թեման Զորավարից գալիս-հասնում է ընտանիքին, ծնողներին: Հավաքվածներից բոլորը բարձրաստիճան զինվորականներ են, զգացվում է, որ տարիներով հեռու են եղել ծնողներից ու հիմա կարոտով վերհիշում են ամեն մի մանրուք:

-Վերջերս մեր ընկերներից պահեստի գնդապետ Էդիկ Ստեփանյանի (Ժուֆ) մայրիկի մահվան տարելիցն էր, – հիշում է Արան: – Շիրմաքար էր դրել, երբ գովեցինք ճաշակով ընտրված քարը, թե վարպետը լավ գործ է արել` Էդիկն ասաց. «Տղերք ջան, 300 դոլարի քար է, մի մեծ բան չեմ արել: Թող մորս կողքին լինեի` 3 ռուբլով մի գլխաշոր առնեի, որ սիրտս հանգիստ լիներ: Կարոտով ողջ կյանքն ապրեցինք` ես արտերկրում, Ռուսաստանում, իսկ մայրս այստեղ` Հայաստանում»:

Հետո Արա Մելիքյանը պատմում է իր ծնողներից.

– Մայրս մանկավարժ էր. համեստ, հեզաբարո, իսկ հայրս` արհեստավոր` խիստ ու համառ: Իսկական «կող ունեցող» մշեցի: Խոսքը որ ասեր, էլ հետ վերցնող չէր: Մշեցուն հարիր «համով-հոտով համեմունքներով» էր նախշում մեզ, իսկ մայրս մեղմորեն հանդիմանում էր.

-Դե լավ, էլի, Հովհաննե՛ս, ո՞ր մի երեխան չարություն չի անում:

Հայրս ժպտում էր.

-Ես էլ էդ եմ ասում, տղա երեխան չպետք է խոնարհ ու հեզ լինի` պիտի չար լինի, ուժեղ, որ բիլակները երկու տեղ կշռի` ուսերին խաղաղ օրորվելիս, մեկ էլ բռունցքների մեջ, խոսքի տեր լինի, պիտի ճանաչի իր հերոսներին` Անդրանիկ Զորավարին, մեր գերդաստանը նրա շնորհիվ է փրկվել:

Ու նորից ծայր էին առնում հերոսական պատմությունները Զորավարի կյանքից: Ամեն երեկո աշխատանքից հետո հորս կամքով մայրս պետք է պատմավեպերից հատվածներ կարդար երեխաներիս համար (դա արդեն սովորույթ էր դարձել): Եվ ասեմ, որ հայրս նույնպես կլանված, ուշադիր լսում էր մայրիկիս ընթերցանությունը:

Հիմա, շատ տարիներ անց, հասկանում եմ, որ հայրենասիրությունը, Զորավարի հանդեպ պաշտամունքի հասնող սերը ծնվել են հենց այդ օրերին` իմ մանկության հրաշալի օրերին, երբ երեկոյի հետ լսում էինք հատվածներ հայոց պատմավեպերից…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Հոգևոր-մշակութային


24/10/2013