ԱՄՈՒՐ ՕՋԱԽ
Արայիկ Մինասյանի նախնիները գաղթել են Խոյից և բնակություն հաստատել Գետաշենի ենթաշրջանի Ազատ գյուղում: Այնուհետև տեղափոխվել են Չեչնիա, որտեղ էլ Գրոզնի քաղաքում 1980թ. ծնվել է Արայիկը: Սուրեն հայրն ու Նինա մայրը այդպես էլ չհամակերպվեցին օտարությանն ու անսովոր միջավայրին: Նաև տանջում էր կարոտը, կանչում էին ծննդավայրը, Ազատ գյուղում մնացած հարազատների և նախնիների շիրիմները:
Ընտանիքով վերադարձան Ազատ: Նոր էին հաստատվել և սկսել շենացնել հայրենի օջախը, երբ եկան Արցախյան ազատամարտի տարիները, և ադրբեջանցիների առաջին հարձակման թիրախ դարձան Կամո եւ Ազատ գյուղերը: Դժվար էր դիմակայելը. 1989 թվականի մայիսին շատերի հետ Մինասյանների ընտանիքն էլ տեղահանվեց, նորից բռնեց գաղթի ճամփան: Այս անգամ եկան-հաստատվեցին Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղում: Եվ այս ընտանիքին բաժին հասած ճակատագիրն էր, անշուշտ, հիմնական այն ուժը, որը բացեց սուր վերցնելու ճանապարհը. քայլեցին երկու եղբայր` Արայիկն ու Սամվելը: Նրանք երկուսն էլ այսօր զիվորականներ են, բարձրաստիճան սպաներ, հայրենասեր, իրենց գործի կարևորությունն իմացող հայորդիներ:
-Որքան հիշում եմ ծնողներիս` օջախ ու տուն են կառուցում, շենացնում, հետո, երբ ժամանակն էր հանգիստ վայելելու` նորից գաղթ, և չգիտես որտեղ է նորից ոտքդ քարին առնելու, որ վերցնես գետնից` որպես բարու նշան, ու տուն կառուցես… Նինա մայրս կապոցներ է կապում` մեկ, երկու, երեք. ծուռ պարանոցներով դրանք շարվում են տան մեջ: Հավաքում է իրերը, բայց չգիտի, որը վերցնի, ինչը թողնի, ու արցունքոտվում են մորս աչքերը, – հիշում է Արայիկ Մինասյանը: – Վերջին անգամ, երբ պատրաստվում էինք թողնել Ազատ գյուղը, մեր շեն օջախից հազիվ մի «Ժիգուլի» մեքենայի չափով ապրանք վերցրինք. ծնողներս հոգնել էին իրենց վաստակածի մեջ վերցնելիք-թողնելիք տարբերություն փնտրելուց:
Սակայն ի հեճուկս այս բոլոր դժվարությունների, երբ վերջնականապես հաստատվեցինք Հաղթանակ գյուղում, տեսնել էր պետք այն վճռականությունը, այն կենսասիրությունը, որով ծնողներս սկսեցին մեր նոր տան, նոր օջախի կառուցումը, նաև ոգևորությունը, ապագայի նկատմամբ նրանց հավատը, որը սնունդ էր առնում իմ ու եղբորս` զինվորական դառնալու որոշումից: Դա ասես պայման էր մեր ու ճակատագրի միջև. այլևս գաղթ չի լինելու, որովհետև զենքն արդեն մե՛ր ձեռքին է:
Մեր օջախի պատմությունը շատ է նման մեր ժողովրդի անցած ճանապարհին` գաղթ, տեղահանություն, կռիվ, մաքառում: Սակայն մեր ժողովուրդը ապրեց, այդպես էլ մենք կապրենք: Միշտ հիշում եմ մորս խոսքը, երբ ես ու եղբայրս հայտնեցինք մեր որոշման մասին. «Զինվորական գրվեք, գրագետ մասնագետներ դարձեք, մեր օրհնությունը ձեզ»:
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Հոգևոր-մշակութային