ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼ
«Ահա քանի տարի Սարդարապատի հերոսամարտի օրը մենք ազգովին նշում ենք և մեր ազգային ու պետական կարևորագույն տոներից մեկը համարում, բայց այդ հաղթանակը կռած զինվորների և հասարակ շինականների աճյունները դեռ սփռված են մինչև Ապարան ձգվող ռազմաճակատի ամբողջ երկայնքով, ասել է թե` անհայտ են նրանց գերեզմանները, նրանց անունները…»,- բարձրաձայնում է զինղեկն ու երեկվա ազատամարտիկը:
Ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությունը ոչ ոք չի վիճարկում: Շատ բան է արվել, և շատ բան էլ դեռ պիտի արվի: Որպես ռազմագիտության ուսուցիչ` զինղեկ, և ազատամարտի վետերան ես կարևորում եմ ուսման հետազոտական, հայրենաճանաչության և մեր մեծերի վարքի իմացության համադրությունը: Այս երեք բաղադրիչները մի կաթսայում «եփելու» դեպքում ստացվում է մյուռոնատիպ մի քաղցրություն, որն ուրիշ կերպ, քան հայրենասիրություն չես կոչի:
Երբ աշակերտների հետ ուսումնասիրում էինք Սարդարապատի հերոսամարտի պատմությունը, մտածեցինք` գնալ, մեր գլուխը խոնարհել, բոլոր այն հերոսների շիրիմների, հիշատակների առջև, ովքեր 20-րդ դարի սկզբին դրեցին մեր անկախության հիմնաքարը` իրենց արյունը շաղախելով մեր հայրենի հողին: Եվ որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ պարզեցինք, որ նրանց շիրիմներն անհայտ են, որ նրանց ոսկերքի տեղը չգիտեն նույնիսկ մեր նորագույն պատմությամբ հետաքրքրվողները, պատմաբանները, գիտնական-հետազոտողները: Հայրենական մեծ պատերազմի ավարտից համարյա յոթ տասնամյակ է անցել, բայց եվրոպաներում` անտառներում և ձորերում, գյուղական գերեզմանատներում դեռ փնտրում-գտնում են խորհրդային անհայտ զինվորների, այդ թվում նաև` հայազգի, աճյունները… Ահա քանի տարի հպարտությամբ նշում ենք Սարդարապատի հերոսամարտի օրը և մեր ազգային ու պետական կարևորագույն տոներից մեկը համարում, բայց այդ հաղթանակը կռած զինվորների և հասարակ շինականների աճյունները դեռ սփռված են մինչև Ապարան ձգվող ռազմաճակատի ամբողջ երկայնքով, ասել է թե` անհայտ են… Անհայտ են, որովհետև երբևէ չենք որոնել, ավելին` չենք էլ մտածել այդ մասին: Մենք պետք է շտապենք, քանի դեռ ապրում են, կան այն հատ ու կենտ մարդիկ, որոնք լսել են, գիտեն հուղարկավորության վայրերի մասին… Մենք հեռավոր վայրերից տուն դարձրինք մեր ազգի մեծ որդիների` Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի աճյունները, ժամանակն է, որ անհայտությունից փրկենք նաև մեր հողում ամփոփված, բայց անհայտ զինվորների շիրիմները… Որովհետև հողը հայրենիք է դառնում միայն այն ժամանակ, երբ այնտեղ ամփոփվում են քո մեծերն ու սրբությունները, երբ անհայտությունից փրկում ենք հայրենիքի համար զոհված բոլոր հերոսների մասունքների տեղերը, անունները…
Երբ մեր նպատակների և ծրագրերի մասի պատմեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն տիար Ա. Բլեյանին, նա ոչ միայն ոգևորվեց, այլև ֆինանսական միջոցներ տրամադրեց` մեր գաղափարները իրականացնելու, Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանները գտնելու համար: Մենք էլ անմիջապես գործի անցանք: Բարձր դասարանցիների հետ մեր հետազոտական-որոնողական աշխատանքները ֆինանսական սուղ պայմանների պատճառով տևեցին մոտ վեց ամիս, սակայն արդյունքը ավելի քան գոհացուցիչ էր: Մենք բավականին աշխատանք կատարեցինք` գտանք, չափագրեցինք, նկարահանեցինք անհիշատակ, անտաշ քարերի տակ ամփոփված հայ անհայտ հերոսների շիրիմների տեղերը և հանրությանը ներկայացրինք «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օգնությամբ: Մեր նպատակներից մեկն էլ այն էր, որ Էջմիածնի շրջանի (նախկին) Արշալույս, Հայի Զեյվա, Եղեգնուտ գյուղերի տարածքներում գտնվող գերեզմանների վրա տապանաքարեր դրվեն, կամ մոտակայքում հերոսներին արժանի հուշակոթողներ կառուցվեն: Միայն դրանից հետո մենք առանց ամաչելու կարող ենք վայելել այն ազատությունը, որն ստացել ենք այդ հերոսների արյան գնով: Հետազոտության ընթացքում նաև շատ հետաքրքիր, մինչ այդ անհայտ փաստեր աշակերտները բացահայտեցին: Օրինակ՝ իմացան, որ երբ մերոնք թուրքին Սարդարապատից քշել են մինչ Աղին կայարան և կտրվել թիկունքից, կապի ոչ մի միջոց չեն ունեցել, որ այդ ուրախալի լուրը կենտրոնին հայտնեն: Այդ պահին ներկայանում է զինվոր Գեդեոն Մեսրոպյանը, որը Ավստրո-Հունգարական ճակատում հռչակավոր գեներալ Բրուսիլովի կապավորն է եղել և իր ծառայությունն է առաջարկում: Նա երկաթգծին ռիթմիկ հարվածելով` Մորզի այբուբենով, տեղ է հասցնում ուրախալի լուրը: Սարդարապատի հերոսամարտի հետ կապված այս գեղեցիկ պատմությունն այսօր շատ շատերին է անհայտ: Այս մասին ոչ մի պատմաբան տեղյակ չէ, և ոչ մի տեղ այս մասին գրված չէ: Իհարկե, նաև հուսախաբություններ ունեցանք, որոնք սակայն ուսանելի դասեր եղան: Օրինակ՝ հայտնի է, որ թեժ մարտեր են տեղի ունեցել Ակնալճի մոտ, և ենթադրվում էր, որ գյուղի գերեզմանատանը կամ գերեզմանատան մոտակա տարածքում պետք է զոհված զինվորներ հուղարկավորված լինեն: Սակայն պարզեցինք, որ թե՛ գյուղն ու թե՛, բնականաբար, գերեզմանատունը, ավելի ուշ են կառուցվել… Նաև տխուր փաստեր արձանագրեցինք. ըստ Եղեգնուտի գյուղապետի, իրենց գյուղի հերոսների գերեզմանները ամբողջությամբ քանդվել, ոչնչացվել են ճահճուտների վերացման աշխատանքների ժամանակ (ջրահեռացման դրենաժորներ կառուցելիս): Սակայն շատ գեղեցիկ բաների էլ հանդիպեցինք, օրինակ՝ տեսանք, թե Արշալույսի բնակիչները ինչպիսի հոգացողություն են ցուցաբերում անհիշատակ հերոսների գերեզմանատանը ամփոփված շիրիմների նկատմամբ, մաքրում, բարեկարգում են տարածքը:
Երբ մեր դպրոցի աշակերտության ուժերով նկարահանված վավերագրական փաստերը ցուցադրվեցին հեռուստատեսությամբ, շատ քաղաքացիներ զանգահարել էին և զարմացած հարցրել` մի՞թե մինչ օրս ոչ ոք չի հետաքրքրվել Սարդարապատի ճակատամարտի անհայտ շիրիմներով…
Ես արդեն բավականին տարիներ է, որ մանկավարժությամբ եմ զբաղվում, շատ ժամեր եմ առանձնացրել մատաղ սերնդին հայրենասիրության դասեր տալու համար, բայց ամենամեծ դասը, որ համոզված եմ՝ անմոռաց է մնալու իմ սաների սրտում ու հոգում, Սարդարապատի հերոսամարտի ընկած հերոսների հետքերով գնալու, նրանց անունը անհայտությունից վեր հանելու դասն էր…
Մենք պարտք ենք մեր նախնիներին և պարտավոր ենք մեր հոգու պարտքը մարել, եթե ուզում ենք հզոր ու անկախ հայրենիք ունենալ, մեր զավակների համար պայծառ ապագա կառուցել: Համոզված եմ նաև, որ Սարդարապատյան դասերը շատ ավելի երկար կապրեն մեր աշակերտության հոգում, քան մեր արած լուսանկաներն ու բոլոր կինոնկարահանումները:
Այդ անմոռաց օրերի անմիջական տպավորության տակ հայրենասիրական մի պոեմ եմ գրել, որ կուզենայի ոչ թե որպես բանաստեղծ, այլ զինվոր, պատերազմի մասնակից ու մանկավարժ ներկացնել հայ զինվորների դատին` հույս փայփայելով, որ իմ տողերով կկարողանամ բավարարել նրանց հայրենասիրական նկրտումները:
ՌԱՖԱՅԵԼ ՄԵՍՐՈՊՅԱՆ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի զինղեկ