Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԵԼԻ ՔԱՆ 1000 ՄՈՆԹԵԱԿԱՆ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ՀՀ ՊՆ ղեկավարությունը մտադիր է Հայաստանի մի քանի մարզերում եւս ստեղծել ռազմամարզական վարժարաններ

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նոյեմբերի 15-ին տոնական տրամադրություն էր տիրում: 20 տարի առաջ այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց պաշտպանության նախարարության առաջարկությունը՝ լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծվեց ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրը:

Քսանամյակի կապակցությամբ վարժարանի անձնակազմին եւ սաներին շնորհավորելու էին եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՊՆ վարչության պետեր, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդներ, զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը ներկայացրեց վարժարանի կազմավորման պատմությունն ու անցած ուղին` նշելով, որ անցած 20 տարիների ընթացքում վարժարանը կրթել եւ հայեցի դաստիարակություն է տվել ավելի քան 1000 սանի, որոնց մի մասը, ստանալով ռազմական կրթություն, այժմ ծառայում է ՀՀ զինված ուժերում` զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ, մյուսներն ուսանում են ՀՀ եւ օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններում եւ մեկ անգամ չէ, որ հաստատել են իրենց խիզախությունն եւ նվիրվածությունը ռազմական գործին, աչքի են ընկել իրենց բարձր կազմակերպվածությամբ: Գնդապետ Ոսկանյանը հավելեց նաև, որ անցած տարիներին վարժարանի սաները մասնակցել են բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների՝ բարձր պահելով կրթօջախի անունն ու հեղինակությունը, նաեւ պատիվ են ունեցել բացելու Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսները:

Շնորհավորական խոսքով սաներին ու նրանց ծնողներին ողջունեց նախարար Սեյրան Օհանյանը եւ նշեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատմությունը սկիզբ է առել դեռ պատերազմական ժամանակահատվածում. փորձությունները հաղթահարելով` վարժարանն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները: Նախարարն ընդգծեց, որ վարժարանը կրում է լեգենդար Մոնթեի անունը, ուստի շրջանավարտները պետք է փորձեն նմանվել Մոնթեին, այսինքն` լինեն նրա նման մարդկային, վսեմ հատկանիշներով, զինվորական հմտություններով և ունակություններով օժտված անձնավորություններ:

Օրը կրկնակի տոնական էր առաջին վաշտի սաների համար: Նրանք ՄՈՆԹԵԱԿԱՆ դառնալու իրենց որոշումը ամրագրեցին երդմամբ` խոստանալով դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան, անմնացորդ նվիրվել ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, լինել օրինակելի քաղաքացի, զինված ուժերի հուսալի հենարան, ստացած գիտելիքներն ու ֆիզիկական ունակությունները օգտագործել միայն ի նպաստ հայրենիքի պաշտպանության ու հզորացման, լինել ակտիվ, խիզախ եւ կարգապահ, բարձր պահել Մոնթեի վեհ անունը: Անողոք լինել ազգի թշնամու եւ ներողամիտ ու բարյացակամ` թույլերի հանդեպ:

«Մտածում ենք ընդլայնել ռազմամարզական վարժարանների աշխարհագրությունը: Մտադիր ենք մի քանի մարզերում էլ ունենալ այսպիսի վարժարաններ: Դրանք յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի ամենակարեւոր բաղադրիչն ու դարբնոցն են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վարժարանի սաները ցուցադրեցին մարտարվեստի մի շարք հնարքներ, հակառակորդին վնասազերծելու հմտություններ:

Սաները պարեցին մեր ժողովրդի հնագույն պարերից մեկը` Բերդը: Հարազատները ոգեւորվել էին այդ ամրոցի ողջ հզորությամբ եւ բացականչում էին «բրավո», իսկ օտարերկրյա ռազմական կցորդները պարը նկարահանում էին իրենց բջջային հեռախոսներով:

Վարժարանի պետ, գնդապետ Ոսկանյանի հրամանով Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անձնական ԱԿՍ-74 ինքնաձիգը կցագրվեց վարժարանի սան Հայկազ Բաշոյանին: Վերջինս նման պատվի է արժանացել օրինակելի վարքի եւ ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության համար: Ավոյի զենքը նրա մոտ կլինի մեկ ուսումնական տարի:

Պաշտպանության նախարարի հրամանով վարժարանի մի խումբ զինծառայողներ եւ սաներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, խրախուսվեցին արժեքավոր նվերներով եւ պատվոգրով:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Ազգային բանակ


21/11/2013