ՊՈԼԻՆԱՆ
Ավագ ենթասպա ՊՈԼԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ պաշտպանության բանակի հրետանային զորամասերից մեկի դեղատան պետն է. ոտքից գլուխ զինվորական, ոտքից գլուխ կին, մայր… Մասնակցել է Արցախյան պատերազմին, ծառայության մեջ է ազգային բանակի ստեղծման առաջին իսկ օրվանից:
– Դուք ինձ հիշեցնում եք հանրահայտ ռուս գրող Բորիս Վասիլևի նույնքան հանրահայտ` «Արշալույսներն այստեղ խաղաղ են» վիպակի հերոսուհիներին` նուրբ, կանացի, հերոսական… Ձեր զինվորական համազգեստը, կեցվածքը, գույները, մանավանդ անունը` Պոլինա, ավելի են խորացնում ընդհանրությունները…
– Պատերազմ տեսած, կռված կանայք բոլորն իրար նման են… որովհետև պատրազմը կնոջ բան չէ…
-Այնուամենայնիվ, դուք զենք վերցրիք…
-Ո՛չ, ես զենք չեմ վերցրել, ես չեմ կրակել… Ես պատերազմ եմ գնացել ոչ թե մարդ սպանելու, այլ մարդկային կյանքեր փրկելու համար… Ես կռվի դաշտ եմ մտել՝ ձեռքումս սպեղանի` վիրավոր զինվորների կյանքը փրկելու, ոչ թե` զենք… Դա եղել է բուժքրոջ և իմ` կնոջ կոչումը: Կինը չպետք է մարդ սպանի… Մարդ արարողը, կյանք ծնողը իրավունք չունի մարդու վրա զենք բարձրացնելու, թեկուզև թշնամու…
-Սակայն ասում են` պատերազմը, հարազատի, ընկերոջ մահը դաժանացնում է անգամ բարի մարդուն…
-Այո՛, պատերազմը դաժանացնում է մարդուն, բայց նա իրավունք չունի դադարել մարդ լինելուց… Պատերազմում, ավելի քան խաղաղ ժամանակ, պետք է գնահատվեն մարդկային հատկանիշները: Պատերազմն ամեն ինչ անում է մարդուն գազան, գիշատիչ դարձնելու համար, բայց մարդ նույնիսկ անմարդկային պայմաններում պետք է իր բարձրության վրա մնա, չկորցնի աստվածային իր էությունը, դեմքը, նկարագիրը… Ես պատերազմում հարազատներ եմ կորցրել, եղբայր, ընկերներ… Այդ թանկ կորուստները կոփել են ինձ, իմ կամքը, ավելի վճռական են դարձրել, բայց ոչ երբեք դաժան… Ես տեսել եմ մարդկային վեհ նկարագրով զինվորների, հրամանատարների, որոնք երբեք չարատավորեցին իրենց մարդկային խիղճն ու հերոսներ դարձան… Ես հիմա ափսոսանքով ու միաժամանակ հպարտությամբ եմ նայում այդ տղաներին, որոնց պատերազմը ժամանակից շուտ ծերացրեց…
-Ուրեմն` պատերազմը կնոջ բան չէ:
-Ո՛չ, բայց եթե հայրենքը պաշտպանվելու կարիք ունի, դու պետք է մոռանաս քո կին լինելը… մանավանդ որ մենք փոքրաթիվ ազգ ենք և պարտավոր ենք տղամարդու կողքին լինել… Մեր ընտանիքից շատ տղամարդիկ են կռվին մասնակցել` եղբայրներս, փեսաներս, և ես թերևս, այսպես ասած, իրավունք ունեի բուն պատերազմից հեռու մնալու, բայց ես իմ փոխարեն էի կռվում… Այո՛, պատերազմը դաժան բան է` մահ, ավերածություն, սարսափ, բայց ոչինչ, ոչինչ համեմատելի չէ հայրենիքի ազատության հետ… Շատ են նաև իմ հոգու վերքերը, ծա՜նր, բայց… հայրենիքի համար, ազատ ապրելու համար, արժե՛…
-Սովորաբար պատերազմ տեսած սերնդին համարում են դժբախտ սերունդ…
-Ո՛չ, ես համաձայն չեմ այդ բնորոշման հետ… Ընդհակառակը, ես ուրախ եմ ու հպարտ, որ հայրենի հողի ու հարազատ տան համար կռված ու հաղթած սերնդի ներկայացուցիչ եմ… Ես ոչ թե պատերազմի, այլ հաղթանակի, ազատության սերունդ եմ. դրանից էլ վեհ կոչո՞ւմ ու դրանից էլ մեծ երջանկությո՞ւն…
-Պոլինան պատերազմից վերադարձավ որպես…
-Ո՛չ, հերոս չասեք, ավելի շուտ` որպես ազատ մարդ: Սա ավելին է, քան հերոսը: Ես այդ պատերազմում գտա ու փրկեցի ոչ միայն հայրենիքս, այլև ինքս ինձ… Ես ինձ չէի ճանաչում, ես իմ կարողություններին ու հնարավորություններին ծանոթ չէի, ես անգամ իմ կանացի հոգու նրբություններին տեղյակ չէի… Պատերազմն ինձ չի կոպտացրել, հղկել է, կոկել, մաքրել… Ես ինձ ճանաչեցի կռվի դաշտում, պատերազմի թոհ ու բոհի մեջ, թեև այն ժամանակ ես արդեն քսանյոթ տարեկան էի… Այդ տարիքս ես չեմ մոռանում, որովհետև երբ մեր հրետանու պետ Սանասար Գյուրջյանն ինձ տեսավ, ասաց. «Էս երեխա՞ն ով է»: Նա նոր էր նշանակվել ու ինձ չէր ճանչում: Ասացի. «Այս երեխան վաղուց երեխա չէ, քսանյոթ տարեկան է»:
-Պոլինա, դատելով ձեր խոսքից, ղարաբաղցի եք:
-Ծնվել եմ Մարտակերտում, Մաղավուզ գյուղում: Մեր ընտանիքի ութ երեխաներից երրորդ աղջիկն եմ` հինգ քույր, երեք եղբայր: Փոքր եղբայրս զոհվեց «Եղնիկներ» կոչված տարծքում: Նա սակրավոր էր և իր մահով փրկեց մի խումբ զինվորների: Հայրս գյուղի տրակտորիստն է եղել, մայրս խաղողագործուհի էր: Պատերազմը երբ սկսվեց, ես սովորում էի Չարենցավանի մշակույթի տան բուժակների խմբում: Աղջիկներից ամեն մեկը մեկ ուղղությամբ գնաց, ես` ճակատ…
-Կպատմե՞ք առաջին օրվա մասին…
-Ականի պայթյուն էր: Հետախուզությունից հաղորդեցին, որ բազմաթիվ վիրավորներ ու զոհեր կան… Ինձ տրակտորով տեղ հասցրին` ձյուն էր, ցեխ… Սարսափելի էր` ձյան հետ խառնված արյուն, տնքոցներ, օգնության աղաղակներ…
-Ի՞նչ էիք մտածում…
-Ճանապարահին Աստված-Աստված էի կանչում, որ հանկարծ չուշաթփվեմ ու նրանց կողքին ընկնեմ… Բայց վիրավորներին հենց տեսա, մոռացա իմ վախերը. զարմանալի կերպով սթափ էի, կենտրոնացած, ասես հազար տարի այդ գործով էի զբաղվել: Մի բանի մասին էի միայն մտածում` օգնեմ, փրկեմ մարդկանց… Ես նրանց դեմքերին չէի նայում, այլ միայն վերքերին…
-Պատերազմի ժամանակ հաճա՞խ եք Աստծուն հիշել…
-Ես ամեն օր Աստծուն խնդրել եմ, որ հանկարծ գերի չընկնեմ… Ես դրանից եմ ամենաշատը վախեցել, ոչ թե մահից… Ես մահը հազար անգամ գերդասել եմ գերությունից… Հիմա էլ եմ ամեն օր Աստծուն հիշում` աղոթում եմ իմ երեխաների համար…
-Թեև պատերազմի բովով եք անցել և քսան տարի էլ բանակում եք ծառայում, սակայն բոլորովին էլ հոգնած տեսք չունեք, տիկին ավագ ենթասպա… Ձեր եռանդն ու կենսասիրությունը մի ամբողջ գնդի կբավարարեն…
-(Նախ ծիծաղում է, հետո մեկեն լրջանում) Ավագ ենթասպան ես չեմ ընդունում որպես կոչում, այլ` որպես պարգեւ, շքանշան` տրված կռվելու, քսան տարի զինված ուժերում ծառայելու համար… Թեև մեդալներ շատ ունեմ… «Մարտական ծառայության համար», «Մայրական երախտագիտություն»: Առաջինը սիրում եմ «մարտական» բառի համար, երկրորդը` որովհետև պատրաստված է պատերազմական արկերի բեկորներից…
-Փաստորեն, Դուք հայոց բանակի հիմնադիր զինվորներից եք` քսա՜ն տարի ազգային բանակում…
– …Ասում են` շուտով զորամասի բուժաշխատողներս անցնելու ենք քաղաքացիական ծառայության…
-Եվ դուք շարունակելու եք ձեր աշխատանքը…
-Աշխատանքը` այո՛: Քսան տարի ամեն օր ես ծառայության եմ ներկայացել… Սակայն ես կնախընտրեի առավոտյան արթնանալ ծառայության գնալու համար, այլ ոչ թե գործի…
Հարցազրույցը՝ Գ. ԱՍԱՏՐՅԱՆԻ
Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Ազգային բանակ