Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏՈՒՆԱԿ ԵՎ ԶԳՈՆ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԱՆԱՌԻԿ ԵՆ ՊԱՀՈՒՄ ԱՐՑԱԽԸ

ԹՇՆԱՄԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԿԱՐՈՂ

Ազատագրական կռվի ժամանակ գյուղը երեք անգամ ձեռքից ձեռք է անցել, երեք անգամ մարտերը շարունակվել են գյուղի մատույցներում եւ գյուղի մեջ. «Երբ շենը վերջնականապես ազատագրեցինք, ամենուր շատ վատ վիճակ էր,- հիշում է փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը: Բայց ես, չգիտես ինչու, գյուղի վերքերը չտեսա: Կամ դրանք «բուժվել» էին, կամ էլ տարվել էի բնության գեղեցկությամբ, գետի վրայով ձգվող հին ու նոր կամուրջների համադրությամբ, ջրամբարի ու հիդրոէլեկտրակայանի կարևորության գնահատմամբ: Իրոք, սահմանին «կպած» այս գյուղում ՋԷԿ-ի գոյությունն արդեն իսկ լավ է: Եթե ճանապարհներն էլ ասֆալտապատվեն, ապա գյուղը կբարգավաճի: Եթե հեռացածները անգամ չվերադառնան՝ տեղում մնացածները հաստատ չեն հեռանա: Ո՞ւր գնան, երբ հենց ծննդավայրում հարազատ հողն ու ջուրը ձեռքի թեթև մի հպումով եդեմական այգիներ են արարում»:

ԱՅԺՄ ԳՅՈՒՂԸ ԲԵՐԴ- ԱՄՐՈՑ Է ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ:

Գնդապետ Ջ. Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի սպաների մեծ մասը փորձառու զինվորականներ են, շատերը՝ պատերազմի մասնակիցներ, քիչ չեն նաև երիտասարդները: Ստորաբաժանումներն իրենց ամենօրյա ծանր ու քրտնաջան աշխատանքով կատարելագործում, տիրապետում են զենքին ու ռազմական տեխնիկան գործածելու հմտությունները, չարչարվում են, որպեսզի միշտ պատրաստ լինեն՝ ի չիք դարձնելու հակառակորդի նենգ նկրտումները, պաշտպանելու իրենց խիզախ հայրերի ձեռքբերումները:

♦♦♦

Զորավարժարանի ճանապարհին փոխգնդապետ Ա. Սարգսյանը ցույց է տալիս հեռվում մուժով պատված լեռնաշղթան, որտեղ մեր հենակետերն են, և պարզաբանում, որ լեռներից այն կողմ նրանց բնակավայրերն են` շփման գոտուն մոտ ու տեսանելի: Նա մի առանձին սիրով ու ջերմությամբ է ներկայացնում իրեն քաջ ծանոթ, հարազատ եզերքը, բնակլիմայական պայմանները, հողի բերքատվությունը եւ համոզված ասում է` թշնամին էլ ոչ մի շանս չունի հաջողության հասնելու: Նա նաև ափսոսանք է հայտնում, որ 1994թ. մայիսի տասնչորսը մի քիչ շուտ եկավ… միջնորդները շտապեցին, ինչն էլ, ցավոք, հակառակորդի օգտին եղավ, այլապես հայրենի մի պատմական տարածք նույնպես կազատագրվեր:

ԵՐԵԿ ՀԱՅՐԵՐՆ ԷԻՆ ԽՐԱՄԱՏՈՒՄ, ԱՅՍՕՐ` ՈՐԴԻՆԵՐԸ

Զորավարժարանում կրակային պատրաստության պարապմունք է: Մայոր Մանուկ Մելքոնյանի նախապատրաստական գումարտակի զինվորներն են: Պարապմունքը ղեկավարում է գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Սամվել Սահակյանը, տեղում են վաշտի հրամանատար կապիտան Կամո Ղուկասյանը, դասակների, ջոկերի հրամանատարները:

-Ո՞նց են գործերը,-հարցնում եմ կապիտանին:

-Ես գոհ եմ, երեք-չորս ամսում անփորձ տղերքը կոփվել, ամրակազմ զինվորներ են դարձել, փոխվել է նրանց մտածելակերպը, կենտրոնացել են ծառայողական խնդիրների կատարման վրա: Մի քանի օրից կսկսվեն ամփոփիչ քննությունները, որից հետո կգնան մարտական գումարտակներ ու կհամալրեն ջոկերի ազատվող տեղերը:

Հրաձգությունը շարունակվում է: Օպերատորի մոտ հետևում եմ գրանցվող արդյունքներին: «Գերազանց» գնահատականներ են ապահովում լեյտենանտ Նարեկ Դավթյանը, սերժանտ Աբրահամ Աբրահամյանը, կրտսեր սերժանտներ Սարգիս Մանուկյանը, Ալբերտ Երանոսյանը, շարքայիններ Աշոտ Սարգսյանը, Թաթուլ Աղաբաբյանը, Սերոբ Խաչատրյանը, Րաֆֆի Հակոբյանը…

-Որտեղի՞ց ես,-հարցնում եմ Աշոտ Սարգսյանին:

-Մարտունու շրջանի Պառվաթումբ գյուղից:

Հետո իմացա, որ զինվորն ազատամարտիկի որդի է, այսինքն` հայրենիքի ազատագրման, իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարում են սերնդեսերունդ: Երեկ հայրերն էին խրամուղում, այսօր` որդիները: Այս շղթան կարող է երկար շարունակվել, նման նախադեպեր աշխարհում շատ կան: Տարածքային հարցերի լուծումը հաճախ երկար ժամանակ «չի գտնվում», մանավանդ երբ միևնույն կետում բախվում են տարբեր երկրների շահերը… Ելքը մնում է մեկը` դիմանալ, դիմակայել, պայքարել, խաղաղություն պարտադրել:

Կրակելու հերթը շարքային Սերոբ Խաչատրյանինն էր:

-Հրաձգությունից ո՞նց ես,-հարցրի նրան:

-Սկզբում դժվարանում էի, հիմա միայն «լավ» ու «գերազանց» եմ ստանում:

-Իսկ դո՞ւ,-դիմեցի Մովսես Մովսիսյանին:

-Միայն մի անգամ եմ վատ կրակել, իսկ հիմա առաջին իսկ կրակոցից խոցում եմ թիրախը: Ամեն երկրորդ ստուգողականին վեց-յոթ փամփուշտ տնտեսում եմ:

Հետևելով վարժության կատարման ընթացքին` համոզվեցինք, որ մեր զրուցակիցները, իրոք, կրակային պատրաստությունից բարձր արդյունքներ են ապահովում: Մեր ներկայությամբ «լավ» ստացավ շարքային Էրիկ Սաֆարյանը, «գերազանց» ստացան սերժանտ Արտակ Սարգսյանը և կրտսեր սերժանտ Աշոտ Վարդանյանը:

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՎՐԵԺԸ ՍՐՏՆԵՐՈՒՄ

-Սա այն դիրքն է, որի վրա 2010թ. հունիսի տասնութին հարձակում եղավ, ունեցանք չորս զոհ և նույնքան վիրավոր,-երբ տեղ հասանք, ներկայացրեց փոխգնդապետ Ա. Սարգսյանը:

Բարձունքի հողային շերտը շատ ամուր է, ուղղակի ժայռերը ճեղքելով են անցումներ բացել: Նախ՝ մտնում ենք վաշտի հրամանատարական կետ: Լեյտենանտ Արմեն Դավթյանը զեկուցեց իրավիճակի մասին և առաջնորդեց դեպի վեր: Բարձունքում գտնվող դիտակետը լավ դիրք ունի, իշխում է շրջակա տարածքներին: Կանխելով հակառակորդին՝ մերոնք մարտավարական տեսակետից ևս մեկ կարևոր հենակետ են ստեղծել, որն էլ գրավելու փորձ էր արվել… Այդ պահին արթուն հերթապահը տեղում չի եղել, իսկ հենակետի տարածք /խրամուղի/ ներթափանցած հակառակորդը միանգամից կրակ է բացել դրսում հանգստացողների վրա, մտել է գետնատնակ ու ցանկացել սպանել քնած զինվորներին: Այնտեղ պայքար է ծավալվել: Մերոնք, արթնանալով, դիմադրել են, կռվել, իսկ զուգարանից վերադարձող Արտակ Ղաբուզյանը ճիշտ է կողմնորոշվել՝ չիմանալով նույնիսկ, թե ինչ է կատարվում: Նա, վերցնելով ընկած ընկերոջ ինքնաձիգը, կրակել է վաշտի հրամանատարական կետի ուղղությամբ, իրազակել վերադասին, այնուհետև դիրքավորվելով ոչնչացրել է իր կրակոցի վրա գետնատնակից դուրս եկած ադրբեջանցի գրոհայինին: Նա հավանաբար մենակ չի եղել, մյուսները հեռվից հետևել են և, հավանաբար գնահատելով իրավիճակը, աննկատ նահանջել են: Փոխգնդապետ Ա. Սարգսյանը հաստատում է, որ վաշտի հրամանատարական կետից ժամանակին են արձագանքել, եկել օգնության, ուղղակի ամեն ինչ շատ արագ է կատարվել:

Սերժանտ Մելիք Մանուկյանը ներկայացրեց հենակետի անձնակազմը` շարքայիններ Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Տոնոյան, արթուն հերթափոխ շարքային Մելիք Պապյան, հանգստացողներ շարքայիններ Հարություն Վիրաբյան, Արթուր Մարտիրոսյան, Ռաֆիկ Ավետիսյան եւ ուրիշներ:

-Բոլորն էլ փորձառու զինվորներ են, շատերը պարգևատրվել են «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, երկու անգամ եղել են արձակուրդում: Երեք տարի առաջ տեղի ունեցած ծանր դեպքը որևէ կերպ չի ազդել զինվորների հոգեբանության վրա (հրամանատարը ցույց է տալիս զոհերի հիշատակի խորհրդանիշը), ընդհակառակը՝ նրանք լցված են վրեժով, բայց չեն շեղվում հրամանատարության պահանջներից և անտեղի չեն սրում իրավիճակը:

Իմացանք նաև, որ այս հենակետի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ունի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այստեղ լինելու ոչ մի առիթ բաց չի թողնում:

Անձնական ցանկությամբ այստեղ՝ այս նույն հենակետում են ծառայել Արեգ և Արբակ Մանուկյան եղբայրները՝ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղից: Արբակը ծառայել է տարիներ առաջ, իսկ Արեգը ծառայության մեջ է: Նա տասնինը տարեկան է, 2011թ. ավարտել է գյուղի ավագ դպրոցն ու զորակոչվել բանակ: Ուսումնական գումարտակում ձեռք բերելով անհրաժեշտ մարտունակություն՝ նա համալրել է մարտական հերթապահություն կատարողների շարքերը:

-Արբակը շատ էր պատմել այս հենակետի մասին, ու ես էլ որոշեցի ծառայությունս անցկացնել հենց այստեղ:

-Իսկ տեղյա՞կ էիր դիրքի վրա հակառակորդի հարձակման մասին:

-Իհարկե, գիտեի, բայց ես որոշել էի, և այդ դեպքը չէր կարող ազդել որոշմանս վրա:

-Հեշտությա՞մբ ընդառաջեցին:

-Քանի որ ինքս էի դիմել, զորակոչի պատասխանատուները հետս երկար զրուցեցին, համոզվեցին, որ հաստատակամ եմ… Ընդառաջեցին:

♦♦♦

Շարքային Գրիգոր Հակոբյանի ծառայությանը մնացել են հաշվված օրեր: Նա նռնականետորդ է, վերջին տարվա ընթացքում մարտական հերթապահությունն անցկացրել է միմիայն այս հենակետում: Վերջերս զորամասի հրամանատարությունը Գրիգորի ծնողներին շնորհակալական նամակ է ուղարկել, նշել զինվորի բարեխիղճ ծառայությունը:

-Դու փորձառու զինվոր ես, ինչպիսի՞ն է իրավիճակը:

-Կրակոցներ, իհարկե, լինում են, բայց նրանք լավ գիտեն, որ եթե մենք ցանկանանք՝ իրենց վիճակը շատ ավելի ծանր կլինի:

Զորամաս վերադառնալուն պես ակամա մասնակից եղանք պաշտպանության բանակի «Ասպետ» համույթի շրջիկ համերգին (գեղարվեստական ղեկավար` Ն. Գրիգորյան). տղաների խրոխտ երգերը թնդացնում էր սար ու ձոր…

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/12/2013