Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՐԵՆՔՈՒՄ ԱՊՐԵԼԸ



Դրաստամատ Կանայանի հորեղբոր թոռան` ԲԱԳՐԱՏ ԿԱՆԱՅԱՆԻ հուշերը

Դժվարություններով, մակընթացություններով լիուլի է կյանքը: «Կյանքը Նեւայի պողոտան չէ, որ ամեն ինչ հարթ ու սահուն ընթանա»,- ասում է մեծ գրողը: Ամեն ժամանակաշրջան իրեն հատուկ ու բնորոշ դժվարություններն ունի:

Բագրատ Կանայանի համար այդ դժվարությունները սկսվեցին մանկությունից: Ծնվել է Երեւանում 1945թ.-ին, սակայն մանկության հիշողությունները նրան տանում են Երեւանից շատ-շատ հեռու, հատկապես տպավորվել է անվերջ ձգվող մի ճանապարհ, որ տանում էր նրանց դեպի անհայտություն. 1949թ.-ին իրենց ընտանիքին աքսորեցին Սիբիր: Պատճառը` Դրաստամատ Կանայանի` Դրոյի զարմից լինելն էր:

1956-57թ.թ-ին Կանայանների ընտանիքը վերադառնում է հայրենիք: Բագրատը հայերեն չգիտեր, ընդունվում է Մայակովսկու անվան ռուսական թեքումով դպրոց: Հիշում է` սիրում էր այն ժամանակ հատկապես շեշտել` ես հայ չեմ, ռուս եմ` Սիբիրից:

-Մի օր էլ դասընկերներով գնացել էինք երեւանյան այգիներից մեկում խաղալու,-պատմում է Բագրատը:- Դպրոցականների համար սովորական էր միմյանց ազգանունով դիմելը: Այգու պահակը լսելով իմ ազգանունը` կանչեց, հետաքրքրվեց, թե ով եմ ես, արդյոք ճանաչում եմ Դրաստամատ Կանայանին: Եւ երբ տեղեկացավ, որ ես Դրոյի հորեղբոր թոռն եմ, փաթաթվեց ինձ ու հուզված ինչ-որ խոսքեր էր մրմնջում, իսկ ես մտքումս բողոքում եմ` տեսնես ո՞վ է այս մարդը, ինչու՞ է ինձ փաթաթվել…

Դասարանցիներս ապշած-զարմացած մեզ են նայում ու կարծես կարդալով մտքիս միջի հարցերը, ոգեւորված ասում են. «Լսիր, դու չգիտե՞ս ինքն ով է, Մախլուտոն է, նշանավոր հայդուկը… »:

Չգիտեի… բայց այդ ժամանակից սկսած մեջս տարօրինակ մի զգացողություն արթնացավ: Այդօրինակ մեծ ու փոքր դրվագներն ինձ ստիպում էին, մղում էին ինքնաճանաչման, ինքս իմ մեջ վերլուծելու` ով ենք մենք, պատմության ինչ քառուղիներով ենք անցել, ովքեր են Կանայանները: Սիբիրից եկած «ռուս տղայի» մեջ կամաց-կամաց վերարթնանում էր հայը, հայկականը:

Ու հենց այդ ժամանակ ինքնուրույն որոշում եմ` չէ, ես պետք է ուժեղ լինեմ, լավ կրակել սովորեմ: Գնում եմ ԴՕՍԱԱՖ` կրակելու, լավ էլ արդյունքներ էի ցուցաբերում, հաճախում եմ նաեւ սամբո մարզաձեւի պարապմունքների: Ի դեպ, երկու անգամ Հայաստանի չեմպիոն եմ եղել սամբոյից, հանրապետությունից դուրս մրցումների մասնակցել:

Մի ուշագրավ դրվագ պատմեմ. մրցումների էինք գնացել, կարծեմ Գրոզնիում էինք: Այստեղ անծանոթ մի մարդ, լսելով ազգանունս, մոտեցավ ինձ ու ճշտում է, թե Դրոյի հետ որեւէ առնչություն ունե՞մ, եւ դրական պատասխան ստանալով` փաթաթվում է ինձ, այգու պահակի պատմությունը ասես կրկնվում է: Անծանոթ այդ մարդը մարզչիս խնդրում է, որ ինձ թույլ տա մեկ օրով հյուրընկալվեմ իր տանը… Էստեղ էլ պարզվում է, որ Դրոն այս մարդուն եւ իր նման շատերին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ օգնել է գերմանական գերությունից ազատվել (էսպես տարբեր- տարբեր պատմություններով ինձ համար բացվում էր Դրոյի կերպարը, որին թեեւ ես չէի տեսել, բայց նրա շունչը, նրա ոգին, նրա ներկայությունը անընդհատ զգում էի իմ կյանքի ճանապարհներին):

-…Դպրոցից հետո ընդունվեցի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկում,-շարունակում է իր կյանքի պատմությունը ներկայացնել Բագրատ Կանայանը,- հետո էլ պոլիտեխնիկական ինստիտուտի երեկոյան բաժնում սովորելուն զուգահեռ աշխատանքի անցա Մերգելյանի անվան ինստիտուտում: Մի անգամ, այսօրվա պես թարմ են այդ օրվա հիշողություններս, փոքր եղբայրս եկավ տուն, մի բարակ գիրք մեկնեց ինձ ու ասաց. «Բորիկ (ինձ տանն այդպես են անվանում), անպայման կարդա այս գիրքը»: «ԸՐՎÿվրՍՈÿ ՏոքՌվՈ»` այսպես էր վերնագրված գիրքը եւ ռուսերեն էր: Մանրամասն շարադրված էր, թե խորհրդային բռնապետական ռեժիմը ինչ հանցավոր քայլեր է կատարել Հայաստանի հանդեպ: Հիշում եմ, գիրքն ընթերցելուց հետո մազերս բիզ – բիզ էին կանգնել: Խորհրդային ռեժիմի դառը լուծը մենք մեր ընտանիքի, մեր մաշկի վրա արդեն զգացել էինք հեռու սիբիրներում, իսկ գրքում բերված փաստերն է՛լ ավելի խորացրին բռնապետական այդ ռեժիմի հանդեպ հակակրանքս:

Գիրքը բռնատիրական այդ ժամանակներում տվեցի ինստիտուտում աշխատող մտերիմ ընկերներիս` թաքուն կարդալու: Այն ձեռքից ձեռք էր անցնում, սթափեցնում մեզ, արթնացնում ազգային ինքնագիտակցությունը: Մի ներքին բողոք, զայրույթ էր խմորվում կարդացողների սրտերում, ու մեր շարքերը օր օրի էլ ավելի էին ստվարանում: Վստահորեն կարող եմ պնդել, որ համաժողովրդական զարթոնքի հուժկու ալիքի բարձրացման գործում փոքր չէր նաեւ Մերգելյան ինստիտուտի դերը:

Մի այլ դրվագ էլ եմ ուզում անպայման պատմել` 1987թվականն էր, հայրս մի օր ինձ կանչեց իր մոտ, առողջութունն արդեն այն չէր ու սկսեց խոսել, պատմել Սիբիրում կրած տառապանքների մասին. մի ամբողջ կյանք հայրս լռել էր ու անցյալի ծանր տպավորությունները անթեղել հիշողության ներքնահարկերում: Ու հիմա պատմում էր դրվագ առ դրվագ, ամեն մանրամասն.

«….Ես մի ամբողջ ժամանակ ապրել եմ խորհրդային ռեժիմի տակ, իմ փոքր եղբորը էդ ռեժիմը սպանեց (հորեղբայրս 21 տարեկանում մահացել էր Սիբիրում,մահացել էր հորս ձեռքերի վրա, ու այդ դաժան հարվածը իր խոր հետքն էր թողել հորս հոգեկան աշխարհի վրա): Խորհրդային Միությունը երկար չի ձգի,-ասաց հայրս ու շարունակեց,-դու իմ առաջնեկն ես ու հենց քեզ եմ ասում` իմացիր մի բան` պիտի լինի ազատ, անկախ Հայաստան»: Հայրս այս դեպքից հինգ օր հետո վախճանվեց…

Հորս այդ խոսքերը շուտով իրականություն դարձան, հայ ժողովուրդն արթնանում էր նիրհից, ամենուր հանրահավաքներ էին, բազմահազարանոց ցույցեր, հացադուլներ. Ժողովուրդը արդարություն էր պահանջում: Արցախյան շարժումը լայն թափ էր հավաքում` վերածվելով համազգային պոռթկման եւ ընդվզման:

Ես այդ ընթացքում անդամակցեցի «Ղարաբաղ կոմիտեին» եւ ակտիվ գործունեություն էի ծավալում: Այդ ժամանակ մոռացվել էին բոլոր կուսակցությունների անհամաձայնությունները, պառակտումները, բոլորս համախմբվել էինք մի գաղափարի, մի նպատակի շուրջ` ազատ, անկախ Հայաստան…

Արցախյան ազատագրական շարժման հենց սկզբնական շրջանում էլ ծանոթացա մի ազգանվեր հայի` Լեոնիդ Ազգալդյանի հետ: Մերգելյանում էի աշխատում, աշխատանքային ընկերներս ասացին, որ դրսում ինձ ինչ-որ երիտասարդ է հարցնում: Լեոնիդն էր, մի փոքրիկ աղջնակի հետ, որի ծնողները զոհվել էին Բաքվի խժդժությունների ժամանակ: Ուզում էր, որ աղջնակին կացարան տրամադրեինք մեր հանրակացարանում: Այդ բոլոր հարցերը շտապ կարգավորեցինք: Իսկ մեր ծանոթությունը շուտով վերածվեց ամուր ընկերության: Լեոնիդը մեծ անհատականություն էր, հայրենիքի իսկական նվիրյալ, հրաշալի նկարագրի տեր մի անձնավորություն` ազնիվ հոգի ուներ, կիրթ , բանիմաց: Մինչ օրս էլ հիշում եմ նրա ազդեցիկ խոսքերը, անսպառ հումորը: Մենք դարձանք անբաժան ընկերներ, սակայն անագորույն մահը խլեց իմ լավագույն ընկերոջը…Լեոնիդը զոհվեց Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ, թշնամու դավադիր կրակոցներից:

…Հայաստան աշխարհում պատերազմ էր, սահմաններում անհանգիստ իրավիճակ էր տիրում. կամավորական ինքնապաշտպանական խմբեր էին ստեղծվում, եւ Դրոյի արյունակիցը չէր կարող անտարբեր մնալ, ձեռքերը ծալած նստել: Ինքն էլ Մերգելյանում «Դրո» կամավորական ջոկատն է ստեղծում, ջոկատում նաեւ իր եղբայրներն են ընդգրկվում: Զինվում էին խորհրդային բանակից մնացած զենքերով: Կռվել էին սովորեցնում, մարտավարության հնարքները: Ջոկատի մարտական ուղին ձգվում է Կոռնիձոր, Շուշի…

-Մեր ջոկատի առաջին զոհը Ներսեսն էր, ինչքան կորուստներ ունեցանք: Պատերազմ էր: Ամեն Եռաբլուր այցելելիս մեկիկ- մեկիկ այցելում եմ զոհված ընկերներիս շիրիմներին: Հաղթանակը մեզ շատ թանկ կորուստների գնով տրվեց:

Հայի քանի՜ սերունդ էր երազել ազատ, անկախ Հայաստան ունենալու մասին ու իր երազանքն իր հետ գերեզման տարել: Ես ամեն լույս օր փառք եմ տալիս Աստծուն, որ տեսա Հայաստանը անկախ ու ազատ: Ափսոս հայրս չտեսավ…

Արցախյան պատերազմը եկավ եւս մեկ անգամ հաստատելու, որ հայը ե՛ւ կռվել գիտի, ե՛ւ հաղթել….

…Հրադադար հաստատվեց, կյանքը աստիճանաբար ընկնում էր իր նախկին հունի մեջ: Բագրատ Կանայանն էլ անցավ իր աշխատանքին, ինժեներ էր:

-Թող մեծամտություն չհամարվի, եթե ասեմ (տարիքս ներում է), որ կարող եմ հպարտանալ` Ֆադեյ Սարգսյանն ինձ համարում էր համար առաջին ինժեներ , -ժպիտով նշում է Կանայանը:-1997թ հիմնադրեցի «Կանայան եւ Կո» ընկերությունը, որը զբաղվում էր Հայաստանում ջեռուցման եվրոպական սարքավորումների մատակարարման եւ մոնտաժման աշխատանքներով: Իմ երկրում եմ ապրում, իմ երկրում աշխատում, զավակներս հայրենի հողում են ծնվել, տարագիր չենք, գիտե՞ք ինչ մեծ երջանկություն է հայրենիքում ապրելը:

Ասում են` Դրոյի վերջին խոսքերը մահվանից առաջ եղել են «Ախ, մեգել էրգիրս տեսնեի: Օտար հողում է կյանքի վերջին տարիներն անցկացրել ու ամեն պահ, ամեն վայրկյան ուշքն ու միտքը հայրենիքում է եղել: Նրա մարմինն հողին էր հանձնվել Բոստոնում: Եւ ահա 2000 թ պատվիրակություն ուղարկվեց Բոստոն, որպեսզի Դրաստամատ Կանայանի մասունքները բերվեին Հայաստան: Ես էլ որպես Կանայան զարմի ժառանգորդ, ընդգրկված էի այդ պատվիրակության կազմում: Դրոն հավերժական հանգիստ գտավ հայրենի հողում»…

…Բագրատ Կանայանի հետ դեռ երկար զրուցում ենք, զգացվում է, որ զրուցակիցս հայրենիքի հոգսուցավով ապրող , հայրենիքի ցավն ու դժվարությունները իրենից երբեք չօտարող հայ մարդ է, թեեւ կարծում եմ` այլ կերպ չէր էլ կարող լինել` Դրոյի ժառանգներն հենց այսպիսին էլ պետք է լինեին:

-Այսօր Հայաստանում թեեւ բազում ծառացած խնդիրներ կան, բայց, այնուամենայնիվ, շատ եմ ուզում, որ հայը հայրենիքից չհեռանա, ամեն հեռացողի հետ երկրիդ ուժն է թուլանում, երկրիդ զորությունը, – դառնությամբ ասում է Բագրատ Կանայանն ու հավելում` գիտեք, մեկ-մեկ կարոտում եմ մեր այն օրերի մաքրությանը, ազնվությանն ու միասնականությանը, երբ բոլորիս մեկ նպատակ էր առաջնորդում` ազատ, անկախ Հայաստան: Տեր ու պաշտպան լինենք մեր Հայաստանին:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ճակատագրեր


19/12/2013