ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ GPOI ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Երևանում գտնվող Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 18-ին հանդիպել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, իսկ դեկտեմբերի 19-ին ընդհանուր ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել հայ-ամերիկյան խորհրդակցություններ:
Ամփոփելով խորհրդակցությունների արդյունքները` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս մակարդակը բարձր են գնահատում և՛ հայկական, և՛ ամերիկյան կողմերը. «Դրա վկայությունն են անցկացված հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունները: Պաշտպանության բնագավառում ԱՄՆ-ի` որպես Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադիր անդամի հետ համագործակցության ներկայիս մակարդակը, ԱՄՆ դերը ՀՀ-ՆԱՏՕ եւ ՀՀ-ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկկողմ համագործակցության գործում, ԱՄՆ մոտեցումները ԼՂՀ խնդրի հանգուցալուծման գործում մեզ թույլ են տալիս երկկողմ պաշտպանական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ գնահատել որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր գործիքներից մեկը»:
Արձանագրվեց, որ Հայաստանը դարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող (GPOI – Global Peace Operations Initiative) ծրագրի գործընկեր պետություն: Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգները 2 տարվա ընթացքում Հայաստանին կտրամադրի 1.5 միլիոն ԱՄՆ դոլար: Նախաձեռնությունը միտված է ամրապնդելու ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների կարողությունները:
«Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող այս ծրագիրը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագիր է անվտանգության ոլորտում, որը նպատակաուղղված է ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողությունների արդյունավետ անցկացմանը, միջազգային կարողությունների մեծացմանը` գործընկեր պետությունների խաղաղապահ կարողություններն ուսուցումների միջոցով զարգացնելու ու պահպանելու, տեղակայումների համար պատրաստ զինվորական եւ ոստիկանական միավորումների թիվն ավելացնելու, զինվորական եւ ոստիկանական միավորումները տեղակայումներին նախապատրաստելու, նյութատեխնիկական ապահովումը դյուրացնելու ճանապարհով»,-ասաց ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը եւ ավելացրեց, որ կոալիցիոն եւ խաղաղապահ գործողություններում Հայաստանի ցուցաբերած օգնությունն արժանի է հատուկ գնահատականի, քանի որ ՀՀ զինված ուժերն անվտանգություն են արտահանում ավելի խնդրահարույց տարածաշրջաններ: Նա նաեւ ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերի արհեստավարժ եւ արդյունավետ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին շատ ավելին է, քան կարելի էր ակնկալել այդ առաքելություններում ներգրավված տվյալ չափի ստորաբաժանումներից: Ըստ էվելին Ֆարկասի՝ նոր գործընկերությունը Հայաստան- ԱՄՆ սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարեւորվում է Հայաստանի պատրաստակամությունը` մասնակցելու միջազգային խաղաղապահ գործողություններին Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում եւ Իրաքում. «Հայաստանը ԱՄՆ-ի համար կարեւոր գործընկեր է մի քանի ուղղություններում` ե՛ւ որպես գործընկեր Կովկասում, ե՛ւ որպես ՆԱՏՕ-ի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, Կանզասի Ազգային գվարդիայի, ինչպես նաեւ՝ գործընկեր Կոսովոյում եւ Աֆղանստանում»:
Դավիթ Տոնոյանն էլ նշեց, որ GPOI ծրագրի աջակցությունը հնարավորություն է տալիս ստեղծելու զորավարժանքների անցկանցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, հրավիրելու ռազմական փորձագետներ եւ ընդլայնելու ՀՀ ներգրավվածությունը խաղաղապահ գործողություններում. «Մեր խաղաղապահ կարողությունների զարգացմանը միտված GPOI ծրագրի շրջանակներում մեկնարկել է Հայաստանում խաղաղապահ ուսումնավարժական հնարավորությունների զարգացման ծրագիր, որը կաջակցի հայ խաղաղապահների մասնակցությանը միջազգային գործողություններին, մասնավորապես Լիբանանում` ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելը չի վնասի հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը: ՀՀ պաշտպանության փոխնախարարը որևէ խոչընդոտ չի տեսնում, քանի որ «տնտեսական այս կամ այն դաշինքի մեջ մտնելը ռազմական եւ անվտանգության հարցերում որևէ սահմանափակում չի ենթադրում»: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալն էլ հավելեց, որ Ռուսաստանը նույնպես պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագիր է իրականացնում ԱՄՆ-ի հետ։
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ Ազգային բանակ, Ռազմաքաղաքական