ԱՇԽԱՐՀԸ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ
2013 թվականը խորհրդանշական դարձավ աշխարհաքաղաքական նախկին իրավիճակի թարմացմամբ, ինչպես նաև դերակատարների վարքագծի կտրուկ փոփոխությամբ: Լուրջ զարգացումներ թեև տեղի չունեցան, բայց անցած տարվա արձագանքներն իրենց զգացնել կտան արդեն նոր տարվա առաջին ամիսներին: Աշխարհաքաղաքական գործընթացների հիմնական թատերաբեմերը եղան Մերձավոր Արևելքը, Աֆղանստանն ու Կորեական թերակղզին:
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Տարին սկսվեց գերտերությունների ազդեցության ոլորտների հստակեցմամբ: Հունվարին Ֆրանսիան առանց ՄԱԿ-ի հատուկ որևէ թույլտվության բավականաչափ հաջող ռազմական միջամտություն իրականացրեց Մալիում և դրանով ցույց տվեց, որ շարունակում է վերահսկել իրավիճակն իր նախկին գաղութներում: Տարեվերջում էլ Փարիզը կարգավորում էր իրավիճակն իր նախկին գաղութ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում: Իր կայսերապետական էության մասին հիշեցրեց նաև Մեծ Բրիտանիան, երբ արքայական ընտանիքում ծնվեց թագաժառանգ Ջորջը. պաշտոնական Լոնդոնը շտապեց հայտարարել, որ ծնվել է Մեծ Բրիտանիայի թագավորության և 53 երկրներից (դրանց թվում են Հնդկաստանը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավ – Աֆրիկյան Հանրապետությունը) կազմված Համագործակցության ապագա սյուզերենը: Եվրամիությունում ֆինանսական ճգնաժամը կրկին հաստատեց միջազգային այդ կառույցում Գերմանիայի գերիշխող դիրքը:
Տարին ազդարարեց նաև հարաբերությունների վերաբեռնում. բազմաբովանդակ իրավիճակ ստեղծվեց Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, որը մասամբ անդրադարձավ նաև Եվրամիություն – Ռուսաստան հարաբերությունների վրա: Իրապես փոփոխվեց ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում և նախկին ԽՍՀՄ տարածքում, մասնավորապես Ռուսաստանի ջանքերով հնարավոր եղավ կանխել Սիրիա` ՆԱՏՕ-ի հնարավոր ներխուժման բացասական հետևանքները, որոշ փոխզիջումների հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Միաժամանակ ամերիկյան ԿՀՎ հատուկ գործակալ Սնոուդենի հանձնվելը Մոսկվային: Գաղտնալսումների մասին նրա բացահայտումները լարվածություն մտցրին Վաշինգտոնի և վերջինիս մի քանի դաշնակիցների, մասնավորապես` Բեռլինի հարաբերություններում: ԵՄ-ՌԴ հարաբերություններում մեղմացում նկատվեց նաև Խոդորկովսկու և Pussy Riot խմբի անդամների ազատ արձակելուց հետո: Մասամբ այդ համատեքստում Մոսկվայում բավական ըմբռնումով ընդունեցին Մոլդովայի և Վրաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը, իսկ Բրյուսելում` Ուկրաինայի հրաժարումը: Իր հերթին Պուտինի այցը Հայաստան վերահաստատեց, որ Կովկասը մնում է ռուսական քաղաքականության գերակայություններից:
ԱՖՂԱՆՍՏԱՆ
2013 թվականի ընթացքում նախկին դաշնակիցների միջև տարաձայնությունների և լարվածության մեծացում նկատվեց Աֆղանստանի շուրջ: Միացյալ Նահանգներում անհանգստություն առաջացավ մինչև 2017 թվականը Աֆղանստանում իրավիճակի հնարավոր վատթարացման շուրջ, նույնիսկ եթե Արևմուտքը շարունակի օգնել գործող վարչակարգին: Միաժամանակ երկրի նախագահ Համիդ Քարզայը մինչ օրս չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով կհստակեցվի արտասահմանյան զինված ուժերի կարգավիճակը այդ երկրում, թեպետ ֆինանսական մեծ աջակցություն է ստանում արևմտյան գերտերություններից:
Այս իրավիճակում Քաբուլը փորձում է գտնել տարածաշրջանային նոր գործընկերներ` ի դեմս Նյու Դելիի: Դեկտեմբերի կեսերին Աֆղանստանի ղեկավար Համիդ Քարզայը Հնդկաստան կատարած այցի ընթացքում ռազմաքաղաքական համագործակցության կոչ արեց հնդկական իշխանություններին, ինչի շնորհիվ Նյու Դելին ակտիվացրեց ռազմատեխնիկական համագործակցությունը, որը փաստացի ուղղված է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանմանը, այլ նաև` ընդդեմ Հնդկաստանի գլխավոր հակառակորդ և միաժամանակ թալիբների ոչ պաշտոնական հովանավոր Պակիստանի դեմ:
Քաբուլը, փաստորեն, գնում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների խզման ճանապարհով, և դա անում է նույնիսկ ֆինանսական աջակցությունից զրկվելու վտանգի պայմաններում, քանի որ ԱՄՆ-ը չի ցանկանում բացառել հակաահաբեկչական օպերացիայի անվան տակ խաղաղ բնակչության նկատմամբ որևէ զինված գործողություն: Ավելին` հունվարի 9-ին Աֆղանստանում ազատ են արձակվել 72 բանտարկյալներ, որոնց Վաշինգտոնում գրոհային էին համարում: Բացի այդ, Համիդ Քարզայը նախընտրում է որակական նոր հարաբերություններ հաստատել հարևան Իրանի հետ. 2013 թվականի օգոստոսին կողմերն արդեն ստորագրել են տարածաշրջանային անվտանգությանն ուղղված համատեղ քայլերի վերաբերյալ համաձայնագիր, իսկ այս տարվա ընթացքում մտադիր են ստորագրել ռազմաքաղաքական համագործակցության համապարփակ պայմանագիր: Դրանով իսկ Իրանը և Հնդկաստանը աֆղանական հարցում դաշնակիցներ են դառնում, ինչը մեծացնում է Իսլամաբադի անհանգստությունը: Այդ համատեքստում նկատելի է դառնում չին-պակիստանյան մերձեցումը:
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
2013 թվականին Մերձավոր Արևելքում «արաբական գարնան» իրադարձությունները տրամաբանական այլ ընթացք ունեցան, քան սպասվում էր: Ժողովրդավարության հաստատման քողի տակ սկսված շարժումները ոչ միայն չվերացրին ներքաղաքական խնդիրները, այլև հանդես բերեցին ազգամիջյան և միջկրոնական լուրջ բախումներ: Այդպես եղավ Լիբիայում, Եգիպտոսում և Սուդանում:
Օգոստոսին Սիրիայի նախագահ Բ.Ասադի վարչակարգը մեղադրվեց խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենք օգտագործելու մեջ, և միայն Ռուսաստանի ջանքերով հնարավոր եղավ կասեցնել ռազմական ներխուժումը այդ երկիր: Որպես արդյունք` շուրջ 3 տարի ձգվող հակամարտության համատեքստում առաջին անգամ միաձայն ամրագրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118-րդ բանաձևը` Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Բանաձևի իրացման տրամաբանության շրջանակներում է նաև հունվարի 22-ին Ժնևում կայանալիք համաժողովը:
Փոփոխություններ տեղի ունեցան նաև ճգնաժամի հոգեբանության մեջ. եթե սկզբում Արևմուտքի համար քաղաքացիական պատերազմի բոլոր վայրագությունների գլխավոր մեղավորը նախագահ Բաշար Ասադն էր, ապա տարեվերջին հասկանալի դարձավ, որ ընդդիմությունը մտադիր է Սիրիայում ժողովրդավարության փոխարեն շարիաթ (մահմեդական կրոնական օրենսդրություն) հաստատել, և վերաբերմունքը նրա նկատմամբ սկսեց արմատապես փոխվել: Բրյուսելում և Վաշինգտոնում սկսել են ավելի շատ հակվել այն մտքին, թե արմատականների հաղթանակը կարող է շատ վտանգավոր լինել ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, իսկ Ասադի վարչակազմը որևէ կերպ չի սպառնում քրիստոնյա բնակչությանը և ազգային – կրոնական այլ փոքրամասնությունների:
Եվ եթե Եգիպտոսում քրիստոնյաների զանգվածային հալածանքները չափավորվեցին զինվորականների հուլիսին կատարած հեղաշրջումից և «Մահմեդական եղբայրներ» կուսակցության արգելումից հետո, մինչդեռ Սիրիայում արմատականների զսպման միակ մեխանիզմը կարող է լինել գործող վարչակարգի պահպանումը, մանավանդ որ վերջինս նման փորձ ունի դեռ Բ.Ասադի հոր` Հաֆեզ Ասադի կառավարման ժամանակներից: Սպասվելիք «Ժնև-2» համաժողովը, որը Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնությամբ նախատեսվում էր դեռ անցած տարվա ամռանը, կարող է նոր խթան դառնալ ճգնաժամի հանգուցալուծման համար:
Ժամանակավոր հանգուցալուծում ունեցավ նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը: Նորընտիր նախագահ Հասան Ռուհանին դիվանագիտորեն կարողացավ հարթել լարվածությունը Արևմուտքի հետ հարաբերություններում:
ԿՈՐԵԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
2013 թվականի ընթացքում խիստ լարված իրավիճակ հաստատվեց Կորեական թերակղզում, որտեղ Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը տարվա ընթացքում հանդես եկավ իրարամերժ դիրքորոշումներով` կա՛մ սատարելով Կորեայի միավորմանը, կա՛մ սպառնալով միջուկային պատերազմով: Իրավիճակը լարվեց մարտին, երբ Փհենյանը խոստացավ հարվածներ հասցնել Գուամում և Հավայան կղզիներում ամերիկյան ռազմակայաններին և հայտարարեց Սեուլի հետ խաղաղության պայմանագիրը խզելու մասին: Բացի այդ, խոսվեց միջուկային ռեակտորի ապասառեցման և բալիստիկ հրթիռների փորձարկման մասին: Արդեն ապրիլին կոչ արվեց Փհենյանից տարհանել օտարերկրյա դեսպանատները` իբր ռազմական իրավիճակի պատճառով: Միջազգային հանրությունն այս անգամ էլ ԿԺԴՀ ղեկավարության նման պահվածքը համարեց հումանիտար նոր օգնություն կորզելու միջոց: Սակայն Փհենյանը կարողացավ բարկացնել իր հովանավոր Չինաստանին, որտեղ մտահոգվեցին հյուսիսկորեական ղեկավարության նման պահվածքով, քանի որ տարածաշրջանում կմեծանար ԱՄՆ ռազմական ներկայությունը, և կփոխվեր ուժերի հարաբերակցությունը:
Ի տարբերություն Պեկինի և նույնիսկ Սեուլի` պատերազմի վերսկսման բավական լուրջ պատրաստություններ նկատվեցին Տոկիոյում, որտեղ սկսեցին նույնիսկ վերազինել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ճապոնիան 1947 թվականից ի վեր առաջին անգամ սկսեց լրջորեն զբաղվել զինուժի արդիականացմամբ` իր պոտենցիալ հակառակորդը համարելով ոչ միայն Հյուսիսային Կորեային, այլ նաև Չինաստանին, որի հետ տարվա ընթացքում տարածքային վեճեր ունեցավ:
Ապրիլին ճգնաժամային իրավիճակը որոշակիորեն մեղմացավ տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի այցից հետո: Վերջինս այցելեց ոչ միայն Տոկիո և Սեուլ, այլ նաև Պեկին: Նա հավաստեց, որ Միացյալ Նահանգները կպաշտպանեն իրենց դաշնակիցներին ցանկացած հարվածի դեպքում, և կոչ արեց Պեկինին հանդես գալ որպես միջնորդ: Միաժամանակ սկսեց ձևավորվել հակահյուսիսկորեական մի ռազմական դաշինք, որի մեջ, բացի Ճապոնիայից և Հարավային Կորեայից, մտան նաև Թայվանը և Ֆիլիպինները:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ