ԱՆՈՒՇ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
-1993 թվականի դեկտեմբեր ամիսն էր։ Մոտենում էր Ամանորը,- պատմում է Արագած Մկրտչյանը՝ Բոնդոն։ -Թալինի վաշտի տղաներով, Սարգիս Կարապետյանի հրամանատարությամբ, ավտոբուսով, դեռ լույսը չբացված` շարժվեցինք։ Վաղ շարժվեցինք, որպեսզի շատ չլինեն ճանապարհողները՝ մայրեր, քույրեր, կանայք, հարազատներ։ Խուսափում էինք տխուր, հուզական հայացքներից, խոսքերից։ Գնում էինք Ֆիզուլի։ Ճանապարհը դժվարին էր, ձյունառատ։ Ավտոբուսի շարժիչի միալար ձայնի տակ մինչ լուսաբաց անքուն տղաները մեկը մյուսին հենված` հանդարտ քնել էին։ Լռություն էր. միայն շարժիչի ձայնն էր լսվում։ Գորիսի Տեղ գյուղն անցնելիս տեսանք ճանապարհով մի զինվոր է գնում՝ ուսապարկը շալակին։ Ձեռքով նշան արեց, որ կանգնենք։ Ավտոբուսը կանգնեց, ու զինվորը ձյունակոլոլ, ժպիտը դեմքին բարձրացավ։ Այն տարիներին ազատամարտիկները, երբ հանդիպում էին հայոց բանակ զորակոչված առաջին զինվորներին, ուրախության հետ հպարտություն էին ապրում։ Եվ ահա մի զինվոր, որն արձակուրդից վերադառնում է զորամաս։ Տղաներից մի քանիսն արթնացան ու տեսնելով զինվորին` աշխույժ զրույցի բռնվեցին՝ հարցեր, հարցեր, հարցեր, որոնց էլ սիրով պատասխանում էր զինվորը։ Պարզվեց՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանող է, և ուսապարկը բացելով` ձեռքը վերցրեց իր նվագարանը՝ շվին։
-Կարո՞ղ ես մի բան նվագել,- հարցրեց տղաներից մեկը։
Առանց խոսքի, ժպիտը դեմքին նա սկսեց նվագել Խաչատուր Ավետիսյանի «Հովվի երգը»։
-Ես հովիվ եմ սեգ սարերի,
Դու դաշտի ծաղիկ…
Երաժշտության կախարդական հնչյունները տարածվեցին ողջ ավտոբուսով մեկ։ Քնած տղաները մեկիկ-մեկիկ բացեցին աչքերն ու համակ ուշադրությամբ լսում էին։ Դրսում ձյուն էր. համատարած ճերմակություն, երազային անուրջներ և… պատերազմ էր, ու մենք գնում էինք պատերազմի դաշտ… Գնում էինք Ֆիզուլի…
Եվ այդ ճանապարհին շվիահարը՝ հայոց բանակի Գևորգ անունով զինվորը, շվիի կախարդական հնչյուններով ավելի էր քաղցրացնում կյանքը։ Նվագն ավարտվեց, տիրեց քար լռություն։ Լսվում էր միայն շարժիչի համաչափ ձայնը։
Որոշ ժամանակ անց հրամանատար Սաքոն ասաց.
-Ապրե՛ս, տղա՛ս, հրաշալի էր։ Հիշիր, դու էսպես անուշ էլ երբեք չես նվագի կամ էլ, ով գիտի, տա Աստված, միշտ էսպես նվագես…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Հոգևոր-մշակութային