Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԹԵՆՔ ԱՌՈՂՋ, ՈՒԺԵՂ, ԳՐԱԳԵՏ ՍԵՐՈՒՆԴ



Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԱՀՐԱՄ ԲԱԶՄԱՍԵՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ նախապես պայմանավորվել էի, որ նա «Հայ զինվորի» էջերում հանդես գա զինվորներին ուղղված տարեմուտի մաղթանքի խոսքով, քանի որ մեր երկրի միակ մարզական բուհի շուրջ 700 ուսանող այսօր պատվով կրում է հայոց բանակի զինվորի համազգեստը, ծառայում ամենատարբեր զորքերում` հիմնականում սահմանամերձ զորամասերում։ Այս բուհի ուսանողներով ու շրջանավարտներով են համալրված նաև հետախուզական և հատուկ նշանակության շատ ստորաբաժանումներ։ Երբ մտա ռեկտորի ընդունարան, անմիջապես ճանաչեցի բազմոցին թիկնած, աթլետիկ կազմվածքով թիկնեղ տղամարդուն, թեպետ նրան տեսել էի մեկ անգամ 1990-ականներին, երբ ինստիտուտի բակում իր իսկ նախաձեռնությամբ բացվեց Արցախյան ազատամարտում զոհված ուսանող-մարզիկների հիշատակը հավերժացնող խաչքար- հուշարձանը։

Վահրամ Առաքելյանի ամանորյա մաղթանքի խոսքը վերածվեց անմիջական, անկաշկանդ զրույցի, որն էլ ներկայացնում ենք։

-Պարոն Առաքելյան, թերեւս մեր զրույցն սկսենք բանակից։ Ի՞նչ եք կարծում, բանակն ի՞նչ դեր է խաղում տղամարդու ձեւավորման, կայացման գործում։

-Բանակը տղային տղամարդ է դարձնում։ Արդեն քառասուն տարի է, ինչ շփվում եմ ուսանողության հետ եւ տեսնում եմ այն ահռելի տարբերությունը, որ կա բանակում ծառայած ու չծառայած ուսանողի միջեւ։ Նրանք, ովքեր չեն ծառայել, դեռեւս մի տեսակ չեն ձերբազատվել երեխայական սեթեւեթանքից, աշակերտական պարզունակությունից, իսկ ովքեր ծառայել են, կայացած տղամարդիկ են` իրենց քայլվածքով, կազմվածքով, դիրքով, կյանքի նկատմամբ վերաբերմունքով։ Ես էլ մինչեւ բանակը թրծված չէի, բանակից հետո` ուրիշ մտածելակերպ ու պահվածք ունեի։ Ասեմ նաեւ, որ բանակից եկածների կարգապահությունն էլ է բարձր։

-Եթե գաղտնիք չէ, Ձեր ղեկավարած բուհից քանի՞ ուսանող է այսօր ծառայում ազգային բանակում։

-719 ուսանող։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր ինստիտուտը ուսանողների թվաքանակով ամենափոքրն է հանրապետությունում, ապա այս թիվը բավականին մեծ է, եւ մենք հպարտ ենք մեր տղաներով։ Նշեմ մի շատ կարեւոր հանգամանք` մեր բուհը կրթական այն եզակի հաստատություններից է, որի սաները բանակին ամենից շատն են անհրաժեշտ, թեկուզ եւ միայն իրենց ֆիզիկական պատրաստվածության ու կոփվածքի շնորհիվ։ Նոյեմբերի 18-ին` Ուսանողների միջազգային օրը, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց մեր բուհ, ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշեց այն մեծ ավանդը, որը ՖԿՀՊԻ-ը ներդրել է նորօրյա բանակաշինության մեջ, չմոռանալով հիշատակել նաեւ նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին այսօրվա խաղաղ արարման համար։

Նորօրյա պատմության գործիչներից մեր ինստիտուտի շրջանավարտներն են` սպարապետ Վազգեն Սարգսյանը, Սամվել Գեւորգյանը, Ալբերտ Բազեյանը, աշնակցի Մերուժան Մարգարյանը։ Քառասուն ֆիզկուլտուրնիկներ էլ չվերադարձան պատերազմի դաշտից, եւ մենք բուհի բակում կանգնեցրինք նրանց հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան, որն այսօր ուխտատեղի է դարձել մեզ՝ ապրողներիս համար։

Մեր ուսանողները հիմնականում դժվարին եւ պատասխանատու տեղերում են ծառայում։ Որ զորամասում ծառայում է մեր ինստիտուտի մի քանի ուսանող կամ շրջանավարտ, հատկապես մենամարտային ձեւերին տիրապետող, այդ զորամասում կարգապահությունը բարձր է։ Այդ են վկայում տասնյակ շնորհակալագրերն ու պատվոգրերը, որոնք ստանում եմ հանրապետության տարբեր զորամասերից։ Մեր հույսն ու հավատը մեր բանակն է, եւ մենք նրա համար չպետք է խնայենք ոչինչ։ Ուստի պետք է կրթենք առողջ, ուժեղ, գրագետ սերունդ։

-Պարոն Առաքելյան, առանց չափազանցության` Դուք մարզաշխարհում հայտնի անուն եք, ունեք հեղինակություն, մարզչական եւ մանկավարժական հարուստ կենսագրություն։ Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը հայկական սպորտի ներկա վիճակի մասին։

– Ե՛վ լավ, ե՛ւ ցավոտ հարց տվեցիք։ Եթե տասը-քսան տարվա հեռավորությունից նայենք, ապա կարելի է ասել՝ այսօր ունենք զգալի տեղաշարժ, առաջընթաց։ Բայց կայուն լավ արդյունքների համար պայմանները դեռեւս իմ սրտով չեն։

Այսօր մենք չունենք անհրաժեշտ պայմաններ մասսայական սպորտի զարգացման համար, չկան պարզեցված մարզական հրապարակներ… մարզերը ուշադրությունից գրեթե դուրս են մնացել։ Պետք է մեծ ուշադրություն դարձնենք նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններին, որտեղ ֆիզկուլտուրայի վիճակը, մեղմ ասած, այնքան էլ բարվոք չէ. սուղ են գույքային պայմանները։

Ունեցել ենք շրջան, երբ ըմբշամարտը, բռնցքամարտն ու ծանրամարտը, կամ էլ թեթեւ աթլետիկան ու սպորտային մարմնամարզությունն են վերելք ապրել։ Հատկապես սպորտի անհատական ձեւերի հաջողությունները ավանդաբար մեր ազգի հզոր ներուժի հաստատումն են։ Իսկ ահա շախմատի մեր ոսկե հավաքականի փայլուն հաղթանակներն ու նվաճումները ցույց տվեցին, թե ինչպես պետք է գործը կազմակերպել եւ աշխատել։ Սպորտը ժողովրդին զարթոնք բերող ոլորտ է եւ նրան հատուկ ուշադրություն է պետք դարձնել։

Իմ ասածը մեր բուհին էլ է վերաբերում։ Մենք էլ տեղերում պետք է լավ աշխատենք, լավ մասնագետներ պատրաստենք։ Արդեն մի քանի տարի է` ես կիրառությունից հանել եմ «ուսանողի անհատական գրաֆիկ» հասկացությունը, որը, իմ խորին համոզմամբ, ոչ թե օգնել, այլ վնասել է մարզիկ ուսանողին` կտրելով նրան ուսումնական գործընթացից։ Մարզիկը պետք է գրագետ ու կիրթ լինի։ Եթե նա այդ անհատական գրաֆիկ կոչվածի շնորհիվ չի մասնակցում ուսումնական գործընթացին, ինչպե՞ս կարող է գիտելիք ունենալ, հետն էլ լինել գրագետ ու կիրթ։ Եթե մարզիկը հավաքականի անդամ է, ապա տվյալ ֆեդերացիան գրություն է ուղարկում մեզ, խնդրելով, որ այս կամ այն մարզիկին թույլ տանք այսքան օրով մասնակցելու հավաքների, եւ մենք էլ թույլ ենք տալիս։ Նախկինում այս կամ այն հայտնի մարզիկին արհեստականորեն բարձր գնահատականներ են նշանակել, ոմանք էլ ընդունվել են ասպիրանտուրա կամ էլ մագիստրատուրա, մեկն էլ, որ պակաս ճանաչված է, բայց գիշեր ու զօր սովորել է, չի կարողացել կրթությունը շարունակել։ Մենք մեր սխալն արդեն երեք- չորս տարի է` ուղղել ենք. ով լավ սովորեց, նրան էլ հնարավորություն կտանք ուսումը շարունակելու, գիտելիքները կատարելագործելու։ Նույնն էլ ասել եմ ինստիտուտում սովորող մեր զոհված ազատամարտիկների երեխաներին, որոնց թիվը տասն է։ Հրավիրել եմ ինձ մոտ ու հորդորել եմ լավ սովորել։ Ասել եմ, որ նրանք բուհի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են, ամեն ինչով մենք նրանց կօգնենք, կաջակցենք, միայն պետք է լավ սովորեն, որ մեր երկրին պիտանի մարդ ու մասնագետ դառնան։ Նրանք ինձ հասկացան եւ իսկապես էլ լավ են սովորում։ Ի դեպ մեր բուհն են ավարտել 100-ից ավելի ազատամարտիկների զավակներ ու թոռներ:

Ուսանողների համար մեր ինստիտուտում ստեղծված են հրաշալի պայմաններ. ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող լսարաններ` հագեցած տեխնիկական բոլոր միջոցներով՝ համակարգչային ժամանակակից կենտրոն, կայք, էլեկտրոնային գրադարան։ Այս հարցերում անչափ մեծ է ինստիտուտի լավագույն բարեկամ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օժանդակությունը։ Երկու տարի առաջ մեր բուհը դարձավ եվրոպական ասոցացիայի անդամ, որն իր կազմում ներառում է 34 երկրների մարզական հաստատություններ։

Հրատարակել ենք բուհում դասավանդվող 23 մասնագիտությունների ձեռնարկներ։ Իմ հեղինակությամբ առաջին անգամ տպագրվել են ֆիզկուլտուրայի դասագրքեր 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանցիների համար, եռահատոր մարզական հանրագիտարան։

Համագործակցում ենք եվրոպական մարզական բուհերի հետ։ Վերջերս համագործակցության համաձայնություն ձեռք բերեցինք Բելգիայի Լյովենի հեղինակավոր մարզական ինստիտուտի հետ։

-Վահրամ Բազմասերի, զրույցի վերջում կխնդրեի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ձեր սրտի խոսքն ասեիք մեր բանակի զինվորներին ու սպաներին։

-Շնորհավորում եմ մեր հաղթական, փառապանծ բանակի մարտիկներին ու սպաներին, նրանց ընտանիքների անդամներին, մաղթում նախեւառաջ խաղաղություն, առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, ծառայողական առաջխաղացում։ Հատուկ շնորհավորում եմ մեր բուհն ավարտած եւ սովորող զինվորներին։ Գրկում եւ համբուրում եմ բոլորիդ։ Ապրե՛ք, տղե՛րք, Ձեր շնորհիվ մենք ապրում ենք խաղաղության մեջ։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/01/2014