Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻՆՉԸ ԵՎ … «ԽՄԲԱՊԵՏ ՇԱՎԱՐՇԸ»



Անվանի գրող Խաչիկ Դաշտենցը մի փոքրիկ հուշ ունի՝ կապված Եղիշե Չարենցի, նրա «Խմբապետ Շավարշը» պոեմի եւ Լինչի հետ։ Արժե վերապատմել այն՝ ուսանելի է մի քանի առումներով։

1935-ին Չարենցը կարճ ժամանակով Մոսկվայում էր, եւ Խաչիկ Դաշտենցը, որ ուսանում էր օտար լեզուների ինստիտուտում, շտապում է հանդիպել նրան։ Զրուցում են ամեն ինչից, իսկ հրաժեշտին Չարենցը Խաչիկին հանձնարարում է մտնել «Օկտյաբր» ամսագրի խմբագրություն եւ ստանալ «Խմբապետ Շավարշը» պոեմի հոնորարը։ «Կստանամ, կուղարկեմ Երեւան»,- ասում է Դաշտենցը, իսկ Չարենցը՝ «Կպահես քեզ, ուսանող ես»։

Դաշտենցն ստանում է հոնորարը եւ, անցնելով Գորկու փողոցով, ուրախությունից ցնցվում է՝ բուկինիստական խանութի ցուցափեղկում Լինչի «Հայաստան» գրքի երկու հատորն էր անգլերենով։ Վաղուց էր որոնում եւ գտավ այնքան անսպասելիորեն։ Անմիջապես գնում է երկու շքեղակազմ հատորն էլ։

Ահա թե որտեղ պետք եկավ «Խմբապետ Շավարշի» հոնորարը։ Աղքատ ուսանողի համար Լինչն ու նրա «Հայաստանը» մեծ հարստություն էին, եւ նա ուրախ ու հպարտ էր դրանով։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

2005թ., թիվ 30

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Հոգևոր-մշակութային


23/01/2014