ԹՈՒՐՔԵՐԻ ՆԱԽԱՆՁԸ ՇԱՐԺԵՑ…
Միջնադարի հայ ճարտարապետ Նաքամատը, որի ծննդյան եւ մահվան թվերն անհայտ են, նշանավոր բանաստեղծ եւ նկարիչ Մկրտիչ Նաղաշի համագործակցությամբ 1439-43 թվականներին նորոգում է Ամիդի (Դիարբեքիրի) Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որն ունեցել է 18 նիստ եւ նույնքան լուսամուտ։ Ահա այդ հսկա եկեղեցու վրա Նաքամատը կառուցել է նույնպես հսկա մի գմբեթ, որն իր հոյակապությամբ զարմանք ու հիացմունք է պատճառել տեսնողներին։
Հենց դա էլ գրգռել է քաղաքի մահմեդական ամբոխին՝ ինչո՞ւ պետք է քրիստոնյաների եկեղեցին այդքան գեղեցիկ լինի եւ գմբեթն էլ ավելի բարձր, քան մինարեները։
Մոլեռանդների մոլուցքը հետեւանք է ունեցել՝ սուլթանի հրամանով հայոց եկեղեցու գմբեթը քանդել են, որքան էլ Նաքամատն ու Նաղաշը ջանացել են կանխել այդ վայրագությունը։ Նրանք վրդովված հեռացել են քաղաքից, բայց, ինչպես նշում է պատմաբան Ս. Բարխուդարյանն իր «Միջնադարի հայ ճարտարապետներ եւ քանդակագործներ» գրքում, վերադարձել են Ամիդ եւ 1447թ. եկեղեցու վրա նորից գմբեթ դրել։
Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային