«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ»` ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահության անդամները` հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ փետրվարի 5-ին հյուրընկալվել էին պաշտպանության նախարարությունում: Հանդիպման առիթը կազմակերպության քառամյա գործունեության ամփոփումն էր:
Հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացրեց արվածի հաշվետվությունը, ըստ այդմ` 4 տարիների ընթացքում «Հայոց արծիվներ» կազմակերպությունը եղել է 500-ից ավելի համայնքներում, իրականացրել 550 միջոցառում, հիմնադրել 300 մասնաճյուղ, կազմակերպությանը կամավոր սկզբունքով չորս տարիների ընթացքում անդամագրվել է 32 հազարից ավելի մարդ: «2013թ հայտարարեցինք ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի: Շփվել ենք սահմանամերձ տարածքների կրթօջախների տնօրենների ու համայնքապետերի հետ, նրանք խնդրել են մարզագույք և օդաճնշիչ հրացան: Անցած տարվա ընթացքում 100 դպրոցների նվիրել ենք գերմանական օդաճնշիչ հրացաններ: Շուտով Արցախի 350 դպրոցների ևս կտրվեն նման հրացաններ»,- ասաց Խաչիկ Ասրյանը:
Կազմակերպության համար 2014-ը նույնպես լինելու է ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, միջոցառումներն արդեն մեկնարկել են. «Հայկական բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում, մարտական հենակետերում իրականացնելու ենք 22 ռազմահայրենասիրական, մարզական, մշակութային եւ այլ բնույթի միջոցառումներ»: Եզրափակելով ելույթը՝ Խաչիկ Ասրյանը նշեց, որ այս տարիների ընթացքում յուրաքանչյուր մասնաճյուղում ստեղծել են օպերատիվ խմբեր, բաղկացած 10-15 անդամից. «Այսպիսով, 3000-անոց զորագունդն պատրաստ է հարկ եղած դեպքում կանգնելու բանակի կողքին ու պաշտպանելու սահմանները ոխերիմ թշնամուց»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց «Հայոց արծիվներ» կազմակերպության կատարած աշխատանքը եւ նշեց` մենք ուսումնասիրել ենք մեր անվտանգության միջավայրը եւ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը նշել որպես սպառնալիք մեր պետության համար, ուստի պետք է համակարգված աշխատել այս ուղղությամբ: Նախարարը կազմակերպության ղեկավարությանը առաջարկեց ակտիվ գործունեություն ծավալել հատկապես սահմանամերձ բնակավայրերում. «Ես սահմանին կանգնած զինվորին և սահմանամերձ գյուղի բնակչին նույն հարթությունում եմ դիտարկում: Նրանք են մեր սահմանների անվտանգության երաշխավորները եւ պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Նաեւ առաջարկում եմ աջակցել մեզ սպայի դերի բարձրացման և սերունդը լավագույն հրամանատարների օրինակով դաստիարակելու, կրտսեր սպայական կազմը համալրելու, պայմանագրային ծառայողների թիվը մեծացնելու, փողոցային բարքերից ձերբազատվելու աշխատանքներում»:
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պարգևատրեց կազմակերպության բարձրագույն` «Հայոց արծիվներ» ոսկյա հուշամեդալով, հանձնեց կազմակերպության «Արծիվ» խորհրդանիշը եւ նվիրեց գերմանական արտադրության օդաճնշիչ հրացան: Պաշտպանության նախարարն իր հերթին Խաչիկ Ասրյանին նվիրեց գերատեսչության խորհրդանիշ «Հայոց բանակի զինվոր» արձանիկը:
Այնուհետեւ նախարարը պատասխանեց հանդիպման մասնակիցների հարցերին: Մեղրիի տարածաշրջանի պատասխանատու Սարգիս Հակոբյանը հետաքրքրվեց` հիմնավո՞ր են արդյոք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համատեքստում տարածքների փոխանակման, (մասնավորապես` Մեղրիի) շուրջ, պարբերաբար շրջանառվող խոսակցությունները: «Ես էլ, ինչպես դուք, նման խոսակցություններ ժամանակ առ ժամանակ լսում եմ: Նման ծրագիր երբեք չի եղել ու չի կարող լինել: Երկրի զինված ուժերը պայքարում եւ պայքարելու են յուրաքանչյուր թիզ հողի համար: Իսկ ագրեսիայի դեպքում առաջնորդվելու ենք պատերազմի դաժանությունները հակառակորդի դաշտ տեղափոխելու սկզբունքով»:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում թուրքական կողմի աջակցությանը ադրբեջանական զինուժին, նախարարը նշեց, որ թուրքական կողմն այսօր էլ աջակցում է իր ադրբեջանցի դաշնակիցներին, հատկապես Նախիջևանում: Որպես հակակշիռ` հայ-ռուսական ռազմական համագործակցությունը թույլ է տալիս զսպել սպառնալիքները եւ ստեղծել անվտանգության միջավայր:
«Արդյոք հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում ՀԱՊԿ անդամ թյուրքալեզու պետությունները կաջակցե՞ն, կկատարե՞ն իրենց պարտավորությունները» հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ միջինասիական երկրները պարտավոր են աջակցել, թե ի՞նչ դերակատարություն կունենան, ցույց կտա ժամանակը:
«Հայոց արծիվներ» կազմակերպության անդամ Արման Արշակյանին էլ հետաքրքրում էր, թե պաշտոնյաների երեխաների քանի՞ տոկոսն է ծառայում բանակում՝ «Թե նրանք, ինչպես ասում են, բոլորը գիտնական են ծնվում»:
«Ես այդպիսի վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, քանի որ նման վերլուծություն չենք կատարել, բայց կարող եմ ասել` բոլոր այն քաղաքացիները, ովքեր տարկետում չեն ստանում ասպիրանտուրա ընդունվելու կամ գիտական թեզ պաշտպանելու համար եւ 18 տարեկանից պետք է զորակոչվեն, ծառայում են բանակում: Նշեմ, որ վերջին տարիներին մեր համապատասխան կառույցների հետևողական աշխատանքի շնորհիվ արդարության սկզբունքը ավելի ամուր հիմքերի վրա է դրվել, կրթության և գիտության նախարարության հետ իրականացրած համապատասխան աշխատանքների արդյունքում էլ տարեցտարի կրճատում ենք տարեկետման ենթակա տեղերի թիվը, ինչը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը»,- եզրափակեց պաշտպանության նախարարը:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ