ՍԿՍՎԵԼ Է ՀԱՇՎԵՏՈՒ ՇՐՋԱՆԸ
Յուրաքանչյուր տարի փետրվարի սկզբին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարները բնակչության և շրջվարչակազմի ղեկավարությանն են ներկայացնում հաշվետվություն՝ անցած տարվա կատարված աշխատանքների և բացթողումների վերաբերյալ: Այս տարի առաջինը նման հաշվետվությամբ հանդես եկան շրջանի հյուսիսարևելյան լեռնային Միրիկի, Հակի և Լեռնահովիտի գյուղական համայնքների ղեկավարները: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի, գյուղվարչության և վերաբնակեցման վարչությունների պետեր Լևոն Սիմոնյանի, Ռոբերտ Մաթևոսյանի, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հովհաննես Հակոբյանի և իրավաբան Արթուր Առաքելյանի հետ եղանք նշված համայնքներում:
Միրիկի տարածքը պատմական այն բնակավայրերից է, որտեղ պահպանվել է 17-րդ դարի Սուրբ Աստվածածին բազիլիկ եռանավ եկեղեցին, իսկ մոտակա սարալանջին դարեր առաջ եղել է հզոր մի ամրոց, որի պարիսպներն այսօր էլ զարմացնում են դիտողին: Գյուղն ազատագրվել է 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, վերաբնակեցվել 1995 թվականի փետրվարից: Խաչիկ Թադևոսյանը վերստին համայնքի ղեկավար է ընտրվել անցած տարվա հոկտեմբերի 15-ին: Միրիկում այժմ կա 58 տնտեսություն՝ 172 բնակչով. շրջանի կայացած բնակավայրերից է: Միջնակարգ դպրոցում սովորում է 29 աշակերտ: Նախադպրոցականների թիվը՝ 34: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունը, մեղվաբուծությունը և այգեգործությունն է: Ինչպես շատ այլ բնակավայրերում, Միրիկում նույնպես բնակարանային խնդիրը առաջնային է: Գրեթե բոլոր տներն էլ նորոգման, ամրացման կարիք ունեն: 2012թ. «Հայրենիք» միության կողմից սկսվել է գյուղապետարանի շենքի կառուցումը, որը, սակայն, անորոշ պատճառով դադարեցվել է: Բուժկետ չկա: Համայնքի սպեղանին բուժքույրն է: Գյուղի բոլոր միջոցառումները անցկացվում են դպրոցում: Բնակչությանը հուզող խնդիրներից է մանկապարտեզ և համացանց չունենալը: Մոշաթաղից դեպի գյուղ բարձրացող ճանապարհը հատկապես դժվարանցանելի և վտանգավոր է ձմռանը: Բարեկարգման կարիք ունեն նաև դեպի խոտհարքեր հասնող ճանապարհները: Ցավոտ հարց են էլեկտրաէներգիայի լարման տատանումները: Համայնքի ղեկավարը, բացի նշված հարցերից, կարևորեց նաև երիտասարդության զբաղվածության խնդիրը, հատկապես աշխատատեղերի ստեղծումը, առանց որի շատերը ուզում են մեկնել արտագնա աշխատանքի կամ հեռանալ գյուղից: Գրիշա Մեսրոպյանն ունի 6 երեխա, 5-ը՝ դպրոցահասակ. եւ ընտանիքին հետաքրքրում է, թե երբ պետությունը բնակարան կկառուցի իրենց համար: 6 երեխա էլ ունի Գարիկ Ալոյանը: Դպրոցի տնօրեն Նաիրա Սարգսյանը խնդրեց շինանյութ հատկացնել շինարարական որոշ աշխատանքներ իրականացնելու համար:
Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ 2014 թ.ի ընթացքում կլուծվի համացանցի հարցը, ինչ վերաբերում է էլեկտրական հոսանքի կարգավորմանը՝ արդեն հանձնարարվել է «Արցախէներգո»-ի շրջանային բաժանմունքին՝ վերացնել թերությունները: Գյուղվարչության պետն անդրադարձավ կաթի և մսի իրացման խնդիրներին, առաջարկեց վարձակալել և օգտագործել հողատարածքները:
♦♦♦
Շրջանի հյուսիսարևելյան ամենահեռավոր Լեռնահովիտ (նախկին Եզնագոմեր) համայնքը բաղկացած է Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերից: Համայնքի ղեկավար Մասիս Կարապետյանը նույնպես իր հաշվետվությունը ներկայացրեց դպրոցում: Լեռնահովիտն ունի 30 տնտեսություն՝ մոտ 110 բնակչով: 2013 թ.-ին ծնվել է 2 երեխա: Համայնքի դպրոցն ունի 26 աշակերտ, 14 ուսուցիչ: Լեռնահովիտը հյուսիսային այն համայնքներից է, որտեղ բացի անասնապահությունից, մեղվապահությունից, զբաղվում են նաև հողագործությամբ: Ըստ համայնքի ղեկավար Մ. Կարապետյանի՝ համայնքը պետության կողմից չի սուբսիդավորվում և բյուջեն կատարում է սեփական եկամուտների հաշվին: Սակայն անբարեխիղճ որոշ վարձակալների պատճառով բյուջեն կատարվել է մոտ 75 տոկոսով: Լեռնահովիտի բնակավայրերն առայժմ ապահովված չեն էլեկտրական հոսանքով: Հարցը որոշ չափով լուծվում է Շրվականում գործող 100 կվտ-անոց ՀԷԿ-ի շնորհիվ: Բնակչությանը հուզող ամենակարևոր հարցերից է ընդհանուր ցանցից հոսանք ունենալը: Առաջնային խնդիրներ են խմելու ջրի պակասը, բնակարանների ոչ բարվոք վիճակը, արտադրված կաթի և մսի իրացումը և այլն: Որոշ չափով բարեկարգվել է ճանապարհը: Հաջորդ պահանջը բնակարանների նորոգման համար շինանյութ հատկացնելն է, ինչպես նաև ըստ սահմանված կարգի վարելահող ունենալը:
Հաշվետվությամբ հանդես եկավ նաև Հակ համայնքի ղեկավարը: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառի Հակ գյուղն ունի պատմական անցյալ: Տարածքը եզակի բնակավայրերից է, որտեղ մինչև 1918 թվականը հայեր են բնակվել: Գյուղում կանգուն է Սուրբ Մինաս 17-րդ դարի եկեղեցին: Ազատագրվել է 1993թ. գարնանը, վերաբնակեցվել 1995 թ.-ին: Համայնքի ղեկավար Վոլոդյա Սահակյանն իր հաշվետվությամբ տեղեկացրեց. գյուղում ապրում է 23 ընտանիք՝ 88 բնակչով: Անցած տարի ծնվել է 8 երեխա: Դպրոցում սովորում է 2 աշակերտ: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվապահությունն է: Այստեղ ևս հացահատիկ են մշակում: Վարձակալության է տրվել մոտ 300 հա վարելահող: Հակը հարուստ է նաև խոտհարքերով, այգիներով և արոտավայրերով: Այստեղ դարձյալ առաջնային է բնակարանային խնդիրը: Վերաբնակեցման առաջին տարիներին Հակի համար կառուցվեց փոքր ՀԷԿ, սակայն այն այժմ չի բավարարում բնակչության կարիքները: Համայնքը չունի գյուղապետարան և բուժկետ: Նորոգման կարիք ունի դպրոցի շենքը: Այս տարվա սեպտեմբերին առաջին դասարան կհաճախի 4 աշակերտ:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #05 (1023) 13.02.2014 – 19.02.2014, Բանակ և հասարակություն