ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ
Ձեզ գրում է ՀՊՄՀ ուսանող Դավիթ Խանաղյանը: Եղբայրս՝ Արմեն Խանաղյանը, ավարտելով Երևանի պետական համալսարանը, որոշեց ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Արդեն յոթ ամիս ինստիտուտի կուրսանտ է և ուսումնասիրում է ռազմական գործը:
Խնդրում եմ ՀՀ ՊՆ պաշտոնաթերթում տպագրեք ծնողներիս (նրանք նույնպես պաշտպանության համակարգում են աշխատում) բարեմաղթանքը` եղբորս ծննդյան օրվա (փետրվարի 23) կապակցությամբ:
«Սիրելի՛ Արմեն, շնորհավորում ենք ծննդյանդ 21-րդ տարեդարձը: Մեր հզոր բանակի փոքրիկ ծիլ, եղի՛ր ամուր, անպարտ, հպարտ ու բարի և միշտ հիշիր, որ հայոց բանակի գործն արդար է. Աստծուն էլ է դա հայտնի: Ուշադիր եղիր ընկերներիդ հանդեպ, սիրիր դասախոսներիդ ու հրամանատարներիդ, փութաջան եղիր ուսման մեջ: Կարդա այս բանաստեղծությունը, որ եղբայրդ է գրել և հայրենիքդ վեր դասիր ամեն ինչից»:
Դարերի խանձարուրում
փաթաթված երկիր
Դարերի խանձարուրում փաթաթված երկիր,
Ես պեղում եմ քո հիշողությունը
Եվ գտնում եմ Կարոտը:
Ես լռությանդ հավելված աղմուկն եմ,
Եվ որոտը` Արարատի զսպվածության,
Որ ճաքեր է տալու ամեն վայրկյան:
Վերքերից ապաքինվող երկիր,
Ես փակում եմ բաց մնացած ցավերդ,
Որ խաչվածի վրեժը չունենա խոնարհում,
Եվ քայլում եմ` նայելով ժամանակի աչքերին,
Որ ընդունեց հաղթանակդ
Հավերժամարտում:
Դարերի խանձարուրում փաթաթված երկիր…
Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն