ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, զորամիավորումների եւ այլ ստորաբաժանումների հրամանատարներ:
Իր ելույթում գնդապետ Տ. Փարվանյանը ամփոփ ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում զորամիավորման կատարած աշխատանքները, նշեց զորքերի մարտական պատրաստականության, կարգապահության, անցկացված զորավարժությունների, շտաբային մարզումների, հանկարծակի ստուգումների, փաստաթղթերի մշակման, պահակային ծառայության, միջանձնային հարաբերությունների և այլ կարևորագույն հարցերի շուրջ ձեռքբերումները:
Զգալիորեն նվազել է բռնարարքների, ինքնախեղումների, հանցանքների, անցանկալի դեպքերի ու պատահարների թիվը:
Զորամիավորումը իր մարտունակությամբ և կարգապահությամբ ՀՀ ԶՈՒ-ում լինելով առաջիններից՝ միաժամանակ իր մարտավարական կարևոր խնդիրն է համարում զինվորի արժանապատվության ոտնահարման ցանկացած դեպքի բացառումը, վաշտ, մարտկոց օղակներում սպայի դերի բարձրացումը, միջանձնային հարաբերություններում նկատվող բարելավումը, դժվար դաստիարակվող զինծառայողների հետ անհատական զրույցներ ունենալը, ասել է թե՝ առողջ անձնակազմի ձևավորումը:
Խոսելով զորամիավորման նոր ուսումնական փուլի, ընթացիկ միջոցառումների, անձնակազմի տեղաբաշխման, զորացրում-զորակոչ աշխատանքների, կատարված ինժեներական բարելավումների մասին, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանը կարևորեց մարտական խնդիրների կատարման, կարգապահության գծով ձեռքբերումները, միաժամանակ նշեց զինվորի առողջության պահպանման, նրա անվտանգության ապահովման գործընթացում առկա որոշակի թերություններ, որոնց շտկման համար պետք է լուրջ աշխատանքներ տարվեն:
Խորհրդակցությունն ամփոփեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ տալով կարևորագույն ցուցումներ՝ զինվորի մեջ առաջինը մարդուն տեսնելու, անձնակազմի առջև խրախուսանքներ իրականացնելու, մարդկային հարաբերություններում մանրուքները կարևորելու, միջանձնային հարաբերությունները շտկելու, բարելավելու, դժվար դաստիարակվողների հետ անհատական և առանձնազրույցներ վարելու, բանակում ընդհանուր մարտունակությունն ու կարգապահությունն ամրագրելու, սահմանների պաշտպանության ժամանակ հակահարձակման, պաշտպանիչ միջոցների մասին ժամանակին ահազանգելու, ոչ միայն գաղափարական, այլ նաև մասնագիտական պատրաստությամբ զինվելու, ժամանակը կարևորելու և ժամանակի մեջ ինքնուրույն աշխատելու, դաստիարակչական աշխատանքներում իրավապահ մարմինների, իրավաբանի հետ համագործակցելու, ինքնախեղումներն ու ինքնասպանության դեպքերը կանխելու, բացառելու, բռնարարքները նվազագույնի հասցնելու, հանկարծակի ստուգումները հաճախակիացնելու, ամեն կարգի՝ խախտումները հայտնաբերելու և վերադասին ներկայացնելու, հարգանք չվայելող, թույլ սպային անհապաղ այլ ստորաբաժանում տեղափոխելու, ամեն տեսակի ծեծից ու հայհոյանքից զերծ մնալու, զինվորի արժանապատվությունը չվիրավորելու, նրա առողջությունն ու անվտանգությունը պահպանելու, զինվորի առողջական վիճակի թույլատրված սահմանափակումները սպայի կողմից ճշտորեն կիրառելու, անվտանգության կանոնները աչալուրջ պահպանելու, զինծառայողների մեջ խմբավորումներ չթույլատրելու, յուրաքանչյուր ամիս դժվար դաստիարակվող զինծառայողների մասին համապատասխան հաշվառում կատարելու, նրա արարքներն ուշադրության կենտրոնում պահելու, հնարավոր հանցանքները ժամանակին կանխելու, հակաօրինական գործողություններ ծավալող աղանդավորների դեմ անհաշտ պայքարելու, գրական, մայրենի լեզվի մաքրությունը զինվորականության շրջանում ամրագրելու, փողոցային, գողական կոչվող ժարգոնը իսպառ վերացնելու, զինծառայողների շրջանում կրթական մակարդակը բարձրացնելու, սպաների հետ հատուկ դասաժամեր անցկացնելու, ամեն տեսակի դաջվածքներ անելը բանակում չթույլատրելու, ֆիզպատրաստության բաժնով թերացումներն ուղղելու, ֆիզիկական պատրաստության պարապմունքների միջոցով զինվորին ճիշտ շնչել սովորեցնելու, ծխելու դեմ պայքարելու, զինծառայողի արտաքին տեսքի և անձնական հիգիենայի մշտական պահպանմանը ուշադրություն դարձնելու և այլ կարևոր հարցերի մասին:
Սեյրան Օհանյանն իր ցուցումներում միաժամանակ կարևորեց ստորաբաժանումների ներսում որևէ տեղեկատվության համատեղ պարզաբանումն ու քննարկումը՝ իրարամերժությունից խուսափելու համար, զինկոմների հետ միասնական աշխատանքը, խախտումների պարագայում հրամանատարի և իրավապահ մարմնի հավասարաչափ պատժումը, հավասարաչափ խրախուսումը՝ որևէ զանցանքի կամ հանցանքի կանխման կամ հայտնաբերման դեպքում, պարբերաբար կիսամյակային արտագնա դատավարության իրականացումը, անձնակազմի մոտ ցուցադրական-դիտողական կալանավորումն ու հանցանքի դատապարտումը, սպայի արժանապատվության բարձրացումն ու կայացումը, երիտասարդ սպաների հավաքը, նրանց անբասիր՝ չստող, չվախեցող կերպարը, հասարակական ակտիվի կայացումը՝ վաշտում, մարտկոցում, վարվելակերպի էթիկայի պահպանումը, իր իրավունքներին և պարտականություններին զինծառայողի հստակ տիրապետելը, այդ նպատակով հատուկ հուշատետր պահելը, սպային ուժի կիրառումից հետ պահելը, ճանապարհային երթևեկության խախտումներին ուշադրություն դարձնելը, յուրաքանչյուր եռամսյակը մեկ սպաների դատվածության, պատժման կամ արդարացման մասին հաշվառում կատարելը:
Նախարարն իր ցուցումներում նշեց, որ առանց լուրջ պատճառի պետք չէ սպային խստորեն դատել, այլ հնարավորինս կիրառել մեղմ պատիժներ՝ առանց քրեական հետապնդման:
«Հարց լուծող օղակը վաշտն է ու մարտկոցը,- ասաց Սեյրան Օհանյանը,- և մենք մինչև վերջ չենք հասել այն բանին, որ զինվորը վստահաբար իր հարցով դիմի վաշտի և մարտկոցի հրամանատարներին. զինվորը պետք է իրեն հուզող հարցերով անկաշկանդ դիմի նրանց, և նրանք պետք է ի զորու լինեն հարցը խորությամբ ընկալելու և լուծելու»:
Պետք է ստեղծել ազգային գաղափարախոսության դաստիարակության ուսուցման և գործնական սխեմատիկ տեքստ՝ հեշտացնելու հրամանատարների անելիքը: Նույնը հետախուզական ստորաբաժանումների հետ կապված:
«Առանց գաղափարադաստիարակչական անհրաժեշտ մակարդակի զինվորը չի կարող կռվել»,- ընդգծեց նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց նաև տարածաշրջանում առկա գերտերությունների քաղաքական և տնտեսական շահերի, դրանցով պայմանավորված՝ հակառակորդի հնարավոր ոտնձգությունների, պատերազմական գործողությունների, ստորաբաժանումների բախումներից՝ լայնածավալ գործողությունների անցնելու վտանգի մասին, միաժամանակ պարտավորեցրեց՝ հստակեցնել մարտական խնդիրները, գնահատել ժամանակի յուրաքանչյուր ակնթարթը, երբեք չտագնապել հակառակորդի ներկայացրած թվերից և, Աստված մի արասցե, պատերազմի նոր մարտահրավերի դեպքում՝ պատերազմի դաշտը արագորեն տեղափոխել հակառակորդի տարածք:
Նախարարը դրվատանքով արտահայտվեց իրենց մարտական խնդիրները փայլուն կատարած, հակառակորդի խափանարար հարձակումները արժանիորեն հետ մղած ստորաբաժանումների մասին՝ խորհրդակցության առաջնահերթությունը համարելով բանակում կատարվող յուրաքանչյուր բռնարարքի, դեպքի ու պատահարի ժամանակին կանխումը, արդեն կատարված դեպքի, բռնարարքի մանրազնին ուսումնասիրումը, մեղավորների հայտնաբերումն ու արժանի պատժի ենթարկելը, միաժամանակ հրահանգելով նախնական դաստիարակչական միջոցառումների՝ տարվող անհատական, մեթոդապես անցկացվող զրույցների շնորհիվ դրանց թիվը նվազեցնել և բացառել:
Նախարարը հավաստիացրեց, որ իր կողմից ցուցաբերվելու է ծայրահեղ խստապահանջություն՝ առաջադրված խնդիրների կատարմանը հետևելու առումով և չի ներվելու ոչ մի բացթողում՝ տեղում չբացահայտված կամ չպատժված որևէ հանցանք:
«Հասարակությունը մեզ է հանձնում իր զավակին, և մենք պարտավոր ենք նրան ավելի լավը, ավելի կատարյալ ու առողջ վերադարձնելու իրեն»,- ասաց Սեյրան Օհանյանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում